Loading...

Articles

«Ներողամիտ եղջյուրակիրներին» պետք է ոսկեձույլ հուշարձան կանգնեցնել…

18:34, Wednesday, 26 September, 2018
«Ներողամիտ եղջյուրակիրներին» պետք է ոսկեձույլ հուշարձան կանգնեցնել…

…որովհետև նրանց ներողամտության շնորհիվ իրենց կանայք երջանկացել են: Նրանք խելացի են ու խորթափանց, նրանք կարողանում են իրենց խանդը կողմնակի անձանցից խնամքով թաքցնել: Եթե նրանց կինն ուրիշ տղամարդկանց գրկում տրվում է սիրո վայելքներին, նրանք փիլիսոփայական հանդարտությամբ ասում են. «Այդպես է պետք»: Բայց ո՞ւմ է այդպես պետք: Հաճախ պետք է պետությանը, որին նրանք ծառայում են, հաճախ միապետին, որի հպատակն են իրենք: Կինը տրվում է միապետին, ու նրա ամուսնու կյանքը «դասավորվում է»: Ապրել կարելի է, եթե չես ուզում այդ կյանքում խնդիրներ ստեղծել: «Ներողամիտ կամ հանդուրժող եղջյուրակիրը» արտաքուստ գրեթե ոչնչով չի տարբերվում «կամավոր եղջյուրակրից», ու կարելի է հեշտությամբ նրա կարծրատիպը կերտել: Սովորաբար, դրանք տարիքն առած կամ միջին տարիքի տղամարդիկ են: Նրանք հավասարակշռված են, հանդարտաբարո ու հաճախ բավականին մեծ են իրենց կնոջից: Նրանք խելացի են ու բարեհոգի: Նրանք հանգիստ են քնում, ուտում են ախորժակով, գրեթե երբեք արտաամուսնական կապի մեջ չեն մտնում ու ապօրինածին երեխա չեն ունենում:

Հիանալի «ներողամիտ եղջյուրակիր» են եղել հայր և որդի Վալևսկիները: Այս ազգանունները պատմությանը լավ հայտնի են` հիմնականում Մարիա Վալևսկայայի ու նրա որդու` Ալեքսանդրի շնորհիվ:

Մարիան բավականին երկար ժամանակ եղել է Նապոլեոն Բոնապարտի սիրուհին, իսկ նրա սիրասուն որդին շատ նման է եղել իր հռչակավոր հորը` Նապոլեոնին, նույնիսկ ավելի շատ, քան Ավստրիայի կայսեր դուստր Մարիա Լուիզայի հետ ամուսնությունից ծնված նրա օրինական որդին: Նապոլեոնն իր ապօրինածին որդուն շատ է սիրել, ու մայրը նրան հաճախ է տարել հորն այցելության: Մարիա Վալևսկայան, ի տարբերություն Նապոլեոնի օրինական կնոջ, կայսրին դժբախտության մեջ չի թողել ու որդու հետ նույնիսկ Էլբա կղզի է գնացել, որպեսզի աքսորված սիրեկանի կողքին լինի: Եվ չնայած այն հանգամանքին, որ որդին դեռ չորս տարեկան է եղել, հոր մասին վառ հիշողություններ է պահպանել: Կայսր հայրը ջանացել է որդուն լավ կրթության տալ, որպեսզի նա կարողանա ապագայում հաջողությունների հասնել: Եվ դա տեղի է ունենում. նա հետագայում Նապոլեոնի եղբորորդու` կայսր Նապոլեոն 3-րդի արտաքին գործերի նախարարն է դառնում:

Բայց որդին մոր օրինական ամուսնու ազգանունն է վերցնում, որը սիրահոժար համաձայնում է դրան, որպեսզի իր խորթ որդու կյանքը չհարամի: Մարիա Վալևվսկայան իրենից չորս անգամ մեծ ամուսնուն դրա համար շատ երախտապարտ էր:

Իսկ հիմա այս ամենի մասին առավել մանրամասն:

Բազում նվաճողական արշավանքներից ու փառահեղ հաղթանակներից հետո Նապոլեոնը մի որոշ ժամանակ հանգրվանում է Վարշավայում: Չնայած թագավորական պալատում շարունակ դիմակահանդեսներ էին կազմակերպվում, բայց կայսրը դրանցից ձանձրանում էր` այն պարզ պատճառով, որ լեհուհիներն իրեն այնքան էլ դուր չէին գալիս, որովհետև չափից ավելի խելացի, մեծամիտ ու սրամիտ էին: Իսկ Նապոլեոնը խելացի կանանց ոչ միայն չի սիրել, այլև ատել է: Պատահական չէ, որ նա նշանավոր գրող մադամ դը Ստալից շարունակ փորձել է «գլուխն ազատել»: Չափազանց լայն բացվածքով դեկոլտե հագած այդ տիկինը, որի զգեստի տակից ստինքները քիչ էր մնում դուրս ընկնեին, հովհարը տարուբերելով եռանդագին փորձել է գայթակղել կայսրին, իսկ վերջինս հաճոյախոսություններին ոչ միայն անտարբեր է մնացել, այլև հարցրել է. «Դուք ինքնե՞րդ եք կերակրում ձեր արտաամուսնական երեխաներին»: Մի անգամ կայսրը մոտեցել է շատ թափանցիկ զգեստ հագած կանանցից մեկին ու ասել. «Ինչպե՞ս չեք ամաչում մանկամարդ աղջկա նման հագնվել: Չէ՞ որ դուք արդեն պառավ եք»: Տիկնայք Նապոլեոնին որոշակի նպատակի են ծառայել. նրանք քաղաքականությունից չպիտի խոսեին, իսկ եթե նրանց պալատ էին տանում, ապա պետք է արագ հանվեին և անկողնում սպասեին, մինչև կայսրը գործերն ավարտեր: Երբեմն նա այդ կանանց բարևի անգամ չի արժանացրել, գլխի շարժումով ցույց է տվել ննջարանը, այսինքն` գնա, հանվիր ու սպասիր, իսկ ինքը խորասուզվել է փաստաթղթերի մեջ: Տիկինը սարսափել է կայսեր պահվածքից, իսկ սենեկասպասավոր Կոնստանը տինոջը մխիթարել է, թե կայսրը շատ զբաղված մարդ է, և պետք է այդ հանգամանքը նկատի առնել: Նապոլեոն Բոնապարտի` մեզ հասած բազում ասույթներից մեկը հետևյալն է. «Կնոջ համար ամոթխածությունը նույնն է, ինչ քաջությունը տղամարդու համար»: 1806 թվականին նա իր առաջին կնոջը` Ժոզեֆինային, գրել է. «Ես ատում եմ խարդավանող կանանց: Ես սովոր եմ բարի ու խոնարհ կանանց և միայն այդպիսիներին եմ սիրում»:

Եվ, ահա, մի այդպիսի կնոջ նա հանդիպում է Վարշավայում կազմակերպվող պարահանդեսներից մեկի ժամանակ: Դա Մարիա Վալևսկայան էր: Այս կնոջ անձնական կյանքը երջանիկ չի եղել: Տասնվեց տարեկանում նրան ամուսնացնում են երկու անգամ ամուրիացած, բազում երեխաների ու թոռների տեր յոթանասունամյա Վալևսկու հետ: Նա այնքան ծեր է եղել, որ հազիվ է քայլել: Նա տառապել է պոդագրայից ու երիկամների ցավերից: Հենց որ գեղեցկուհի Մարիան տեսնում է իր ապագա ամուսնուն, ուշագնաց է լինում: Բայց ամուսինը փիլիսոփայական հանդարտությամբ է վերաբերվում կնոջ հակակրանքին: Նա որոշում է ներողամիտ լինել, եթե անհրաժեշտ է, լինել նաև «եղջյուրակիր»:

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5031 | 0 | 0
Facebook