Loading...

Articles

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԻՇԽԱՆԻ ՊԵՍ ՄՏԱԾՈՂ ՆՎԻՐՅԱԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

01:20, Tuesday, 21 August, 2018
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԻՇԽԱՆԻ ՊԵՍ ՄՏԱԾՈՂ ՆՎԻՐՅԱԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Նոր Հայաստանն է կանչում...


    

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԻՇԽԱՆԻ ՊԵՍ ՄՏԱԾՈՂ ՆՎԻՐՅԱԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՕԳՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ՝ ՇԱՏ ԵՆ
    
    
Սփյուռքի բազմաթիվ երիտասարդներ իրենց մեջ ունենալով հայկական ոգին, ուժն ու կորովը՝ միևնույն ժամանակ ինտեգրվելով իրենց երկրների հասարակական քաղաքական կյանքին՝ ձեռք են բերել բարձրագույն ուսումնական կրթություն ու հիմնարար գիտելիքներ: Այսօր նրանք մեծ կամք են դրսևորում՝ կանգնել մեր նորացվող ու անկախ երկրի կողքին: Ավելին, շատերը պատրաստ են ուղիղ կերպով իրենց գիտելիքներն ամբողջովին ներդնել Մայր Հայրենիքին՝ մեկնել այնտեղ ու իրենց նպաստը բերել: Նրանցից մեկը՝ ֆրանսիայում բնակվող, բայց սրտով ու ոգով իրեն հայ համարող Իշխան Թովմասյանն է, որին արդեն «Նիդերլանդական օրագիրը» առիթ ունեցել է անդրադառնալու:

    
Այս անգամ ՝ մեր աչքին զարնեց, թե ինչպես նա՝ օգոստոսի 8-ին, շտապել էր ներկա գտնվել ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Պատահական չէր նրա հարցը՝ ինչպե՞ս մասնակցել հայրենիքի վերակառուցմանը, իր հետ տասնյակ երիտասարդներ կան, որ ուզում են գիտելիքներով օգտակար լինել մեր երկրին, առաջին տիկնոջից խնդրեց մատնացույց անել ծրագրեր, որոնց կիրարկմամբ՝ բացառելով բարեգործական ուղվածությունը, հնարավոր լինի իրատեսորեն մասնակցել Հայաստանի քաղաքականության ու տնտեսության վերակազմավորմանը: Աննա Հակոբյանը դրական համարեց երիտասարդ մասնագետների ցանկությունը, նշեց, որ այս ուղղվածության շատ ծրագրեր դեռևս սաղմնային վիճակում են: Նա մատնանշեց «Լույս» կրթական հիմնադրամի գործունեությունը, որով հնարավոր է օտար երկրների առաջավոր բուհերում սովորող Հայաստանի քաղաքացիներին խրախուսել Հայաստանին ծառայելու:

    
     Իհարկե, խրախուսելի է և անհրաժեշտ է, որ «Լույս» կրթական հիմնադրամի միջոցներով սովորող Հայաստանի քաղաքացիներն արտասահմանում ուսանելուց հետո իրենց գիտելիքներն օգտագործեն Մայր Հայրենիքի բարօրությանը, բայց և պակաս կարևոր չէ, անմիջապե´ս արձագանքել ու ընդառաջ գնալ այն երիտասարդներին, որոնք իրենց կամքով ու ցանկությամբ մանակիցն են ուզում լինել իրենց երկրի կառուցման: Վերջերս նմանատիպ ցանկություն հայտնեցին նաև Նիդերլանդներում աշխատող հայազգի բժիշկները: Այս գործին ամբողջ թափով պետք է լծվի ու ընթաք տա սփյուռքի նախարարությունը, որպեսզի օպերատիվ աշխատանքով ուղեցույց, փարոս լինի երիտասարդության ձգտումներին: Նման կերպ մտածող երիտասարդների ներուժն օգտագործելը անտարակույս արագ առաջընթաց ապահովելու գրավական է մեր երկրի համար: Սփյուռքի նախարարությունը «ներՈւԺ» անվամբ ծրագիր ունի, բայց սա այլ հարթության վրա է ու նրանց համար է, ովքեր զրոյից բիզնես ծրագիր են սկսելու: Միանգամից ասենք, որ Եվրոպայում երիտասարդների համար բիզնես սկսելը ամենադժվար գործն է: ԵՎրոպայում Երիտասարդները կարող են աշխատել իրենց վրա, ինքնակրթվել ու բարձրագույն կրթություն ստանալ, սակայն բիզնես սկսելու գլխավոր նախապայմանը գումար և հմտություն ունենալն է: Իհարկե բիզնես սկսող երիտասարդների համար հայաստանյան ծրագիրը գրավիչ է և այս ասպարեզում կարող են իրենց ուժերը փորձել:
     Մեր կարծիքով, պակաս կարևոր չէ, որ Հայաստանում առավել մեծ ուշադրություն դարձվի Իշխանի պես մտածող ու Եվրոպայի առաջավոր բուհերում ուսում ու աշխատանք ստացած անձնազոհ ու հայրենասեր տասնյակ երիտասարդներին, ովքեր իրենց միջոցներով ու համառությամբ արդեն լավ կրթություն ու մասնագիտություն են ստացել, ոմանք էլ, ինչպես ասենք Իշխանը, նույնիսկ աշխատում են ու լավ մասնագետներ են:
    
     Որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի՝ թե որքան շնորհալի են ԵՎրոպաբնակ հայ երիտասարդները, ներկայացնենք Իշխանի օրինակով:
     Իշխան Թովմասյանը 25 տարեկան է, բնակվում է Փարիզում: Քոլեջը գերազանց ավարտելուց հետո, ընդունվել է ֆրանսիայում և Եվրոպայում հայտնի բարձրագույն հաստատություններից մեկը՝ Քաղաքական հետազոտությունների Փարիզի ինստիտուտը (Sciences Po): Բակալավրն ավարտել է «Հասարակական գիտություններ եւ Քաղաքագիտություն», իսկ մագիստրատուրան՝ «Մարդկային ռեսուրսների կազմակերպում եւ կառավարում» մասնագիտությունները:
     Ընթացքում, փոխանակման կարգով սովորել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանն առնթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների (МГИМО) ինստիտուտում:
     ՈՒսման ավարտից անմիջապես հետո աշխատանքի է նշանակվել հանրահռչակ «Հերմես» ընկերության գլխամասային գրասենյակում՝ կադրերի ընտրության ու նրանց հետ տարվող աշխատանքների բաժնում:
     Նորաձևության այս ընկերության աշխատողների քանակը գերազանցում է 13.000-ը:
     Իշխանին ավելի հոգեհարազատ է միջազգային բիզնեսը, հետո նոր քաղաքականությունն ու դիվանագիտությունը: Տիրապետում է 5 լեզուների՝ հայերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն:
    
     Այս տարի բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմը վերցնելուց հետո Իշխան Թովմասյանը ընտանիքի անդամների հետ ժպտադեմ մի լուսանկար է տեղադրել Ֆեյսբուքյան էջում ու ֆրանսերենով մակագրել.
     -Ես գեղեցիկ ժպտում եմ, բայց կարծում եմ՝ հեռու եմ այն լիակատար երջանկության զգացողությունից, որ ինձանից ավելի շատ զգում են իմ ծնողները: 16 տարի առաջ՝ առանց ոչնչի նրանք հաստատվեցին Ֆրանսիայում, և այդ օրվանից ամեն ինչ դրեցին իրենց տեղը` ապահովելու իրենց երկու զավակների ֆրանսիական որակյալ կրթություն ստանալը: Այս դիպլոմը մի քիչ էլ նրանցն է...
    
     Երբ կապվեցի Իշխանին՝ իմանալու նրա ծրագրերի մասին, տպավորված էր Հայաստանի այսօրվա փոփոխություններից՝ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ունեցած հանդիպումից, խոսեց շատ կարճ.
     -Արդեն որոշել եմ, մեկնելու եմ Հայաստան, այնտեղ անելու շատ-շատ գործ կա:
     Այս կերպ ձգտող երիտասարդների մտահաղացումները պետք է նյութականացնել, թև ու թիկունք լինել նրանց ազնիվ մղումներին:
     Իշխանի պես մտածողներն այսօր շատ են: Եվ լավ է, որ այդպես է:
     Նոր հավատ ու մտածողություն է ձևավորվում: Հույսի ծառը պտղաբերում է: Նոր Հայաստան ենք կառուցում...
    
    
Hay AZIAN
«Նիդերլանդական օրագիր»
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4385 | 0 | 0
Facebook