Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Կարապի լճի հարակից տարածքում անցկացվեց Գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը: Միջոցառման ընթացքում եռալեզու ներկայացվեց հայկական գարեջրագործության շուրջ երեքհազարամյա պատմությունն ու ավանդույթները:
Երևանի քաղաքապետի օգնական, զբոսաշրջության ոլորտը համակարգող, փառատոնի տնօրեն Մարիա Բարաղամյանը, անդրադառնալով փառատոնի արդյունքներին, ընդգծել է, որ «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով կյանքի կոչվող նախագիծը, վիճակագրության համաձայն, Երևան այցելողների, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչների ամենասպասված փառատոնն է, որն այս տարի գրանցեց ավելի քան 10000 այցելու:
Մարիա Բարաղամյանի ուղեկցությամբ փառատոնի ընթացքին ծանոթացել և տաղավարներով շրջել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալները:
Նշենք, որ այս տարի փառատոնին մասնակցել են հայկական գարեջրի արտադրությամբ զբաղվող առաջատար 10 ընկերություն՝ «Երևանի գարեջրի» գործարանն այս տարի փառատոնին մասնակցել է «Կիլիկիա» մուգ, «Կիլիկիա» բաց և «Երևան» արտադրատեսակներով, «Գյումրի» գործարանը՝ համանուն գարեջրով, «Կոտայք» գարեջրի գործարանը՝ «Կոտայք», «Կոտայք գոլդ» և «Էրեբունի» արտադրատեսակներով։ Գարեջրի ակադեմիան փառատոնին ներկայացել է «Կլասիկ», «Բաց ցորեն» և «Մուգ» գարեջրերով, «Դիլիջան» գարեջրի գործարանն էլ՝ «Դիլիջան» և «Դիլիջան 1» արտադրանքով։ Այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցել է «Թովմաս» հայկական գարեջրի արտադրամասը՝ ներկայացնելով հայկական չզտված (բաց դասական) գարեջուրը։ «Ալավերդի» գարեջրի գործարանն էլ իր հերթին փառատոնի այցելուներին առաջարկել է Ալավերդու չանի գարեջուրը։
Գարեջրի 5-րդ փառատոնին, ավանդույթի համաձայն, մասնակցել են նաև գարեջրատները՝ գարեջրի և խորտիկների իրենց լայն տեսականիներով: Այս տարի «Վայլդ Վեսթ» փաբը ներկայացրել է գարեջրի իր համանուն արտադրանքը, «Կարլոֆֆ» ռեստորանը՝ տեղական արտադրության չեխական «Կարլոֆֆ» գարեջուրը։ «Բիերմանիա» գարեջրատուն-սրճարանն էլ ներկայացել է կրկին հայկական արտադրության՝ Սևանի գարեջրի գործարանի «Կելլեր» գարեջրով։ Ընկերությունների պատասխանատուներն ուրախությամբ նշել են, որ այս տարի փառատոնն աչքի է ընկել այցելուների իր աննախադեպ քանակով՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին ներկայացնելու իրենց արտադրանքը հանրության լայն շրջանակին և մասնավորապես մեծաթիվ զբոսաշրջիկների, որոնք էլ բարձր են գնահատել հայկական գարեջրի համը:
Այցելուների համար փառատոնի 5 ժամանոց ծրագրի ընթացքում կազմակերպվել են 50-ից ավելի մրցույթներ, որոնց մասնակցում էին ինչպես համաքաղաքացիներն, այնպես էլ զբոսաշրջիկները («Գարեջրային արագություն», «Որքան կարող ես», «Գարեջրային նրբություն», «Հաղթահարիր 30 վայրկյանում», «Արագ և քիչ», «Գարեջրային զույգ», «Համադրիր ճիշտ», «Գուշակիր գարեջրի համը», «Գարեջրային փրփուրներ», «Խմիր գարեջուրը գդալով», «Չխոռտակես բաժակդ», «Գարեջրային պինգ-պոնգ», «Դիպուկ գարեջրասերը», «1 լիտր գարեջուր», «Լցրու բաժակդ», «Խմիր ու կեր պանրիկը», «Ասա հակառակը», «4 ձողի ուժը», «Գարեջրի ուժը», «Գարեջրի ծով», «Թիմային գարեջուր» և «Գարեջուր առանց ձեռքերի»): Հաղթողներն արժանացել են Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնի մրցույթի մասնակցության հավաստագրերի և մասնակից ընկերությունների կողմից խորհրդանշական նվերների:
Հինգժամյա ծրագրով փառատոնի ընթացքն ուղեկցվել է հայկական էստրադայի սիրված երգիչներ Աննա Խաչատրյանի, Անահիտ Շահբազյանի, Նարե Գրիգորյանի, Ռիփիի ելույթներով, «Միլեն շոու-բալետ» պարային համույթի կատարումներով, ինչպես նաև «Ալեքսանդրապոլ» նվագախմբի երաժշտական հետաքրքիր ծրագրով։ Փառատոնի հատուկ հյուրն էր Արամ MP3-ին, ում ռիթմիկ կատարումները փառատոնի հարթակը վերածեցին պարահրապարակի։ Երեկոն ամփոփվեց Վրաստանից ժամանած մեր հայրենակից Դի-Ջեյ Սոկոյի ուրախ ռիթմերով:
Գարեջրային տոնի անմիջական մասնակից դարձած համաքաղաքացիներն ու զբոսաշրջիկները հիացմունքով նշել են, որ կայացած և փառատոների շարքում իր ուրույն տեղը զբաղեցրած այս նախագիծը դեռևս մեծ ասելիք ունի: Այցելուներից ոմանք էլ խոստովանել են, որ այս օրերին Երևանում են հենց փառատոնին ներկա գտնվելու համար:
Միջոցառման ավարտին Երևանի գարեջրի 5-րդ փառատոնի բոլոր մասնակիցներին տրվել են շնորհակալագրեր փառատոնի տնօրեն Մարիա Բարաղամյանի կողմից: Մինչ ուշ երեկո շարունակված փառատոնի փակումն ազդարարվել է խորհրդանշական հետ հաշվարկով և հաջորդ տարի կրկին հանդիպելու ակնկալիքով: