Loading...

Articles

Պարոն Փաշինյան, «X» պահն արդեն վրա է հասել. orer.eu

00:27, Sunday, 29 July, 2018
Պարոն Փաշինյան, «X» պահն արդեն վրա է հասել. orer.eu

Հայ Առաքելական եկեղեցու շուրջ շաբաթներ երկարող խժդժություններին ի վերջո իր ֆեյսբուքյան հարց ու պատասխանի ընթացքում անդրանդարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ճշմարտացիորեն նշելով, որ խնդիրը ներեկեղեցական է, հավելեց, որ «Անթույլատրելի է, որ էսպես տարբեր անկյուններից, թաքնված ինչ-որ գործողություններով փորձ արվի իրավիճակ հրահրել ու մեզ բոլորիս դնել այդ իրավիճակի առաջ։ Եթե այսպես շարունակվի, մենք արդեն ստիպված կլինենք ավելի մանրամասն ուսումնասիրելու իրավիճակը… և մենք մի «X» պահի պիտի ստիպված լինենք այդ հարցերին շատ կոնկրետ պատասխան տալ՝ շատ կոնկրետ լուծումներով» ։

Այդ «X պահը» եկել է արդեն, քանի որ հեղափոխության «դուխը» ոմանք շփոթել են անարխիայի հետ։ Բավ է։ Ազատամտությունն ամբարտավանություն չէ, ազատ խոսքի իրավունքը զրպարտելը չէ, նսեմացնելը չէ, դիմացինին պիտակավորելը չէ, պախարակելը չէ, տաճարի տարածքն անարգելու լկտիությունը չէ։ Բավ է։ Ձեր ազատություններն ավարտվում են ՃԻՇՏ այնտեղ, որտեղ սկսվում են ուրիշները։

Այդ «X պահը» եկել է արդեն, քանի որ խնդիրը ցավոք ներեկեղեցական չէ այլևս։ Եկեղեցու ներսում դժգոհողներին տեսանելիորեն միացել են նախկինում կարգալույծ արվածները, իսկ ետնաբեմում՝ որոշակի ուժեր են։ (Այն, որ ուղիղ եթերում ինչ-որ տեղից իրադարձություններին հետևողները դիվանատունը զավթելուց հետո, հեռախոսային ռուսերեն հաղորդագրություն ուղարկեցին խռովարարներին ու պնդեցին, որ դա կարդացվի, արդեն ցուցանում է ևս մի նախկին կարգալույծ եպիսկոպոսի, բայց արդյոք նա ում է ծառայում և ինչի է ուզում հասնել) ։ Մի կողմից՝ ով տարիներ շարունակ ինչ մաղձ ունի կուտակած թափում է մամուլի ու սոցցանցերի էջերում՝ սուտ ու ճիշտ, զրպարտություն ու մեղադրանք, վիրավորանք ու ատելություն խառնած իրար, անունը դնելով ազատ խոսք ու արդար պայքար, իսկ մյուս կողմից այս շղարշի տակ լուրջ դավ է՝ Հայոց կաթողիկոսությունը վերացնելու և Հայ Առաքելական Եկեղեցում դավանաբանական փոփոխություններ մտցնելու հեռահար ծրագիր, ինչի համար ուղղակի խամաճիկային գործիքներ են բղավողներն ու միտինգավորները։

Այժմ՝ պատճառաբանված ու հերթով։

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կարգախոսը վտանգավոր անհեթեթություն է

Այն, որ Վեհափառ Հայրապետն, ավաղ, ժողովրդի մեծ սերը չի վայելում, թաքցնելիք չէ։ Բայց այն, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կարգախոսով սկսված գործողություններից հետո անգամ Գարեգին Երկրորդին չհամակրող մարդիկ սկսեցին ի պաշտպանություն նրա հանդես գալ, սա էլ է ակներև։ Սթափ մտածողներից շատերի համար պարզ է, որ ձևավորվել է բանսարկու սադրիչների մի խումբ, որն իբրև թե բողոքելու և ազատ արտահայտվելու իր սահմանադարական իրավունքն է կիրառում, բայց անցնում է օրինականության, բարոյականության, մարդկայնության, կարգ ու կանոնի ամեն չափ ու սահման, փշրելով ազգային ամեն ավանդույթ ու խորհրդանիշ։

Խմբի անդամները չեն հասկանում, կամ ձևացնում են, թե չեն հասկանում, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ԻՐ կանոնակարգն ունի և կարենների ու արմենների քմահաճույքին չէ, որ պիտի ենթարկվի։ Ուրեմն, գործողությունների հիմքը անգիտությո՞ւնն է։ Լավագույն դեպքում՝ անգիտությունը։

Բացատրենք ուրեմն. Նիկոլ Փաշինյանն ունենալով Հայաստանի և սփյուռքի գրեթե ողջ հայության աներկբա աջակցությունը, միևնույն է՝ անցավ ՀՀ սահմանադրությամբ պահանջված կարգով և խորհրդարանում քվեարկությամբ անհրաժեշտ քանակի ձայներ ստանալուց հետո միայն դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եկեղեցու «խորհրդարանը» Ազգային եկեղեցական ժողովն է, որ Հայաստանյայց Առաքելական սբ. Եկեղեցու Գերագույն մարմինն է։ Ազգային եկեղեցական ժողովն է, որ իրավասու է կաթողիկոս ընտրել։ Վերջակետ։

Խմբի անդամներն այս ու այն առիթով ասում են՝ Կորյուն աբեղան (արդեն՝ կարգալույծ աշխարհական) շատ լավ կաթողիկոս կլինի։ Աբեղան՝ կաթողիկոս… Այս տրամաբանությամբ, ցանկացած պահի 5-10 մարդ կարող է աղմուկ-աղաղակ բարձրացնել, հետո մեկին հրապարակներում ու փողոցներում կաթողիկոսության թեկնածու հայտարարել։ Մի երկու տարի հետո էլ մեկ այլ խումբ կհայտնվի ու նոր թեկնածու կառաջադրի, այս անգամ աշխարհիկ մեկին, ու նման մեյմունության անունը կրկին կդնի Լուսավորչի գահին արժանի մեկին տեսնելու սահմանադրական իրավունք կամ ժողովրդավարություն։ Ի՞նչ կա որ։ Անգլիկան եկեղեցու գլխին թագուհին է։

Հաջորդ մոլագար խումբն էլ կարող է կարգախոս հռչակել «Նոր Հայաստան, նոր հավատ» ։ Հետո՞…

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաղաքական առաջնորդ չէ, ուստի քաղաքական պայքարի միջոցներով նրա հրաժարական պահանջելը շարիկովի սինդրոմով աբսուրդի թատրոնից է։ Ոչ մի բանական մարդու մտքով չի անցնի բարձրաձայն խոսել, ուր մնաց թե միկրոֆոններով ցույցեր ու միտինգներ անել որևէ եկեղեցամերձ տարածքում, դարերի ծիսակատարություններով սրբագործված պաշտանմունքային վայրում, հատկապես մի տեղ, ուր մեր հավատալիքի համաձայն Միածինն Ինքը՝ Հիսուս Քրիստոս իջևանեց։

Source: orer.eu
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5228 | 0 | 0
Facebook