Loading...

Articles

Ֆեյսբուքյան գրառո՞ւմ, բանադրա՞նք, թե՞ խեղկատակություն

Ազատ Խոսք
Spokesperson:
Ազատ Խոսք
00:56, Monday, 09 July, 2018
Ֆեյսբուքյան գրառո՞ւմ, բանադրա՞նք, թե՞ խեղկատակություն

«Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Զգո՛ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի. որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն» (Մատթ. 24: 4-5)


    

Ցավով, վրդովմունքով և խորը հիասթափությամբ ծանոթացանք Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հուլիսի 8-ի ֆեյսբուքյան մերկապարանոց գրառմանը՝ «Մայր Աթոռի Վեհարանը (Դիվանատունը) բռնազավթված է…» վերտառությամբ, որը տեղ գտավ նաև մամուլում՝ «ի Տօնի Պայծառակերպութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»:

Չգիտես ինչու՝ Բագրատ եպիսկոպոսը հանկարծ հիշել է, որ ինքը «ձեռնադրությամբ և օծմամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցու եպիսկոպոս» է, ով օժտված է «Տիրոջ կողմից փոխանցված Առաքելական շնորհով», ուստի տարիներ շարունակ «կանոնական դաշտում» լռելուց ու աչքակապությունից հետո որոշել է ի գործ դնել իր եպիսկոպոսական իշխանությունը: Եպիսկոպոսական ձեռնադրությամբ և օծմամբ իրենից ավագ շատ եպիսկոպոսներ կան Հայ եկեղեցում. ի՞նչ արժե այս աճապարանոք մրցավազքը: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ այն բանում, ինչի մեջ հանիրավի կերպով մեղադրում է Բագրատ Սրբազանը նախաձեռնության մասնակիցներին (հայհոյանքներ, սուտ, կեղծիք, զրպարտություններ), նա արդեն իսկ տուրք է տալիս ստին, կեղծիքին և զրպարտություններին՝ հայտարարելով, թե Մայր Աթոռի Վեհարանը (Դիվանատունը) բռնազավթված է «Կորյուն աբեղայի և իր չար աղանդի անդամների» կողմից:

Մայր Աթոռի Ապատեղեկատվական համակարգը մշտապես և շարունակաբար քարոզել ու սփռել է սուտ, կեղծիք ու զրպարտություններ: Բագրա՛տ Սրբազան, ինչո՞ւ մի անգամ չխոսեցիք այս մասին: Չասեք, որ տեղյակ չեք այդպիսի դեպքերի մասին: Դուք կրկին սուտ կխոսեք: Սուտը, կեղծիքը և զրպարտությունները դարձել են մի շարք հայ եկեղեցականների առօրյան, մտածելակերպը, ողնաշարը: Կաթողիկոսից սկսած մինչև ճեմարանի ուսանող բոլորը խաբում են բոլորին, ոչ ոք չի վստահում իր կողքինին, քանի որ դիմացի եկեղեցականին կասկածում են Գարեգին Բ կաթողիկոսի համար «խոսք տանող» և «գործ տվող» լինելու մեջ: Դուք հո լուսնից չե՞ք իջել, չե՞ք ամաչում Ձեր երկերեսանի և լարախաղաց պահվածքից, Դուք այդպե՞ս եք Ձեզ եպիսկոպոս զգում: Ինչո՞ւ Ձեր եպիսկոպոսական իշխանությամբ չեք սաստում և կարգի հրավիրում Ձեր մեծարյալ հայրապետին, ով բոլոր կանոնական և աստվածաբանական սահմանները հատել է:

Հաջորդ մեր հրապարակումներում փաստերով մեկ առ մեկ կանդրադառնանք Գարեգին Բ կաթողիկոսի աստվածաբանական, կանոնական և ծիսական շեղումներին, որպեսզի դրանք Ձեր և Մայր Աթոռի շահագրգիռ կողմերի համար չորակվեն «սուտ, կեղծիք և զրպարտություններ»: Հիմա գանք Ձեր ստերին, կեղծիքին և զրպարտություններին: Դուք անամոթաբար նշում եք, որ հայտնի նախաձեռնության անդամները բռնազավթել են Մայր Աթոռի Վեհարանը կամ Դիվանատունը: Ե՞րբ և ո՞րտեղ տեսաք բռնություն և զավթողականություն: Կարո՞ղ եք հիմնավորել Ձեր հերյուրանքները: Դուք հավանաբար ներշնչված եք Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպս. Խաչատրյանի նյութած դավադրությունից, ով լրագրողների և ժողովրդի առաջ ինքն իրեն խայտառակեց՝ հրապարակելով նույն բովանդակազուրկ հայտարարությունը, ինչը որ կրկնեցին որոշ տգետ և ստախոս եկեղեցականներ: Նրանցից մեկն էլ Տավուշի թեմի մանկամիտ հոգևորական Աբել քահանա Քարտաշյանն էր, ով իր ֆեյսբուքյան ծիծաղելի գրառումներով պախարակում է նախ և առաջ քահանայի կոչումը:

Աբել քահանայի ֆեյսբուքյան գրառումը, բացի կեղծ տեղեկատվություն տրամադրելուց, ի ցույց է դնում նաև իր լեզվական և ծիսական գիտելիքների սնանկությունը. «Ինչի գիտեք չենք տեսնում չարի ձեռագիրը հիմա տեսնում ենք, որ նոր Հայաստան նոր Հայրապետ շարժումը սկսվեց չորեքշաբթի օրը Հիսուսի մատնության օրը և հարձակվեց Էջմիածնի վրա ուրբաթ օրը՝ խաչելության օրը։ Անվրդով մնացեք խաչելությանը հաջորդում է հարությունը»: Այստեղ չենք անդրադառնա այն կետադրական սխալներին, որոնք նվազագույն չափով քահանան պետք է որ տիրապետի: Չենք անդրադառնա նրա այն աստվածաշնչական սխալին, որ Հիսուսի մատնությունը ոչ թե Ավագ չորեքշաբթի օրն է տեղի ունեցել, այլ Ավագ ուրբաթ գիշերը (առանձին հոդվածով կպարզաբանենք այս հարցը): Իսկ Մայր Աթոռի Թանգարանների և ձեռագրատան տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը, ով փոխանակ գնա և միանա իր լքած սեփական կնոջն ու երեխաներին, ընկնելով ցնորամտության և պատրանքների գիրկը, նախաձեռնության անդամների մուտքը դիվանատուն որակեց «ավազակային ներխուժում Վեհարանի տարածք»: Եվ այսպես է արտահայտվում մի եկեղեցական, ով դեռևս Սևանի Վազգենյան դպրանոցում ուսանելու տարիներից հայտնի էր իր քծնելաոճով և երեսպաշտությամբ, որոնց շնորհիվ ինքն էլ մաս կազմեց Գարեգին Բ-ի ավազակախմբին և յուղոտ պաշտոններ ձեռք բերեց Մայր Աթոռում: Հատուկ Տեր Ասողիկի համար մեջբերում ենք Երկրորդ առաքելական 5-րդ կանոնը. «Երեցը (քահանան) կամ սարկավագը չհեռացնեն իրենց կնոջը երկյուղածության պատճառով. եթե կհեռացնեն, թող մերժվեն (եկեղեցուց), իսկ եթե համառեն, թող կարգալույծ լինեն»: Մինչդեռ Ասողիկ քահանան ոչ միայն «պատճառանօք երկիւղածութեան» լքել է իր կնոջը՝ Սիրանուշ Գասպարյանին, այլև տառապում է վեղարավոր լինելու մոլուցքով, որի համար դիմել է Գարեգին Բ կաթողիկոսին՝ անդամագրվելու Էջմիածնի միաբանությանը: Պատմաբան Գևորգ Յազըչյանի փոխանցմամբ՝ կաթողիկոսը պահանջել է, որ Տեր Ասողիկը միաբաններից ստորագրություններ հավաքի՝ իրենց շարքերը համալրելու համար: Սակայն Էջմիածնի միաբաններից եղել են առարկություններ այն մասին, որ Ասողիկ քահանան ո՛չ աշխարհիկ և ո՛չ էլ եկեղեցական դատարանով ամուսնալուծված չէ, ուստի առայժմ չի կարող «կուսակրոն եկեղեցականների» դասն անցնել: Իհարկե, կնաթող քահանան հեռահար նպատակ ունի եպիսկոպոս ձեռնադրվել, որպեսզի ավելիո՛վ հայտնի իր անմնացորդ նվիրվածությունը Գարեգին Բ կաթողիկոսին:

Հետաքրքիր է` Բագրատ Սրբազանը, Տեր Աբելը, Տեր Ասողիկը և մյուս փարիսեցիները այդ որտե՞ղ տեսան հարձակում Էջմիածնի վրա: Կարո՞ղ է նաև տղաները զինված են եղել ատրճանակներով, մատյան գնդով և զրահամեքենաներով, որոնցից տեղյակ չէ հանրությունը: Այստեղ տեղադրում ենք այն տեսանյութը, որը փաստում է, որ Մայր Աթոռի վրա ոչ ոք չի հարձակվել: Շարժման մասնակիցները խաղաղ կերպով մուտք են գործել ոչ թե մասնավոր գրասենյակ, ինչպես հոխորտում էր Դիվանատան վարչական աշխատող Պարույր քհն. Ավետիսյանը, այլ ազգի սեփականությունը համարվող Էջմիածնի կաթողիկոսարանի դիվանատուն: Դա տեղի ունեցավ 2018 թ. հուլիսի 6-ին` ուրբաթ, առավոտյան ժամը 10: 35-ին, որը Տիրոջ խաչելության ժամը չէ, ինչպես պնդում էր Սմբատ քահանա Սարգսյանը, քանի որ Քրիստոս խաչվեց ժամը 12-ին, երբ կեսօր էր: Մի՛ նենգափոխեք իրականությունը, հարգելի՛ հոգևորականներ: Մայր Աթոռը բոլորիս Սրբություն Սրբոցն է և այն պատկանում է «ամենայն հայոց» զավակներին: Իսկ Գարեգին Բ կաթողիկոսը լքեց Վեհարանի շենքը և լարված մթնոլորտում մենակ թողնելով իր «զավակներին» ՝ շքախմբով հեռացավ: Բացի դրանից` դիվանատուն այցը նախապես ծրագրված չի եղել, այլ պայմանավորված էր այդ օրը Կարգապահական հանձնախմբի գաղտագողի ժողովով, որի ընթացքում անհիմն կերպով կարգալույծ պիտի հռչակեին շարժման մասնակից Կորյուն աբեղա Առաքելյանին:

Գարեգին Բ-ն տեսավ, որ Կարգապահական նիստը տեղի չունեցավ, որը նախատեսված էր ծածուկ գումարել հուլիսի 6-ին, որի հետևանքով իր վաղեմի երազանքն ի կատար չածվեց՝ կարգալույծ հռչակելու իր բռնապետության դեմ ըմբոստացող և իր բուրգը սասանող «անհնազանդ» եկեղեցականին: Կաթողիկոսին մնում էր սկսել թատերաշրջանի հաջորդ արարը. եթե չեղավ կարգալուծություն, կլինի բանադրանք: Բայց քանի որ ինքն իսպառ հեղինակազրկված է, ինչպես միշտ, իրեն գործիք է դարձնում հասարակության մեջ քիչ թե շատ հարգանք ու պատիվ վայելող եկեղեցականներին՝ առանց գիտակցելու, որ վարկաբեկված կաթողիկոսի պաշտպանն ու մանկլավիկը դառնալով՝ այդ հատուկենտ հարգարժան եկեղեցականները կորցնում են նաև սեփական վարկանիշը հավատացյալների աչքում:

Եվ այսպես, Բագրատ եպս. Գալստանյանն իր եպիսկոպոսական «երկանաքար» ուսերի վրա վերցրեց այդ տաժանակիր և անշնորհակալ բեռը: Բովանդակ «Կանոնագիրք հայոց» -ից զտեց առաքելական 23-րդ կանոնը, որի վրա հենվելով՝ հայտնվեց մի անհարմար իրավիճակում, որը դեռ շատ պիտի խմորվի, մինչև կերակուր դառնա: Մեջբերենք այդ կանոնն ամբողջությամբ՝ աշխարհաբարի վերածված. «Կարգեցին առաքյալները և դրեցին հաստատությամբ, թե ինչպես Տերը հրաման տվեց և պատվիրեց մեզ, թե՝ «Ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում, և ինչ որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում» (Մատթ. ԺԶ 18), նույնպես և հրաման տվեց քահանայության և երեցների կարգ ունեցողներին՝ օրհնության արժանիներին միաբան օրհնել, իսկ անարժաններին միաբան կապել և լռեցնել: Եվ ովքեր կկապվեն, կապված մնան մինչև հնազանդվեն առաջնորդին: Իսկ եթե զուր տեղը և անարժանաբար որևէ մեկին կապեն, պատժի պատուհաս թող ընդունեն արժանի կերպով, քանի որ զուր տեղը կապեցին: Բայց նա, ով կապվեց, թող ախորժելով ընդունի իր կապանքները, որպես թե արժանի է կապանքներին» (Կանոնք առաքելականք ԻԳ (23) ):

Այժմ կանոնականորեն վերլուծենք Բագրատ Սրբազանի տխրահռչակ «կապանքները», որոնցով խանդավառված հայտարարում է. «...Ինձ տրված «կապելու և արձակելու» իրավունքով և իշխանությամբ, կապում եմ Կորյուն աբեղային և իր չար աղանդի անդամներին՝ որպես հերձվածողներ և դուրս Հայ Եկեղեցու կյանքից մինչև իրենց կատարյալ զղջումն ու ապաշխարությունը և վերադարձը Հայ Եկեղեցու սրբազան գիրկը»: Մենք էլ կարծում էինք, թե Հայ եկեղեցու կարկառուն աստվածաբաններից Միքայել եպս. Աջապահյանից հետո Բագրատ Սրբազանն իր ուսուցչից ժառանգել է աստվածաբանական ուսմանց շտեմարանը: Բայց արի ու տես, որ իր այս անհեռատես, անարդար և անընդունելի ֆեյսբուքյան գրառմամբ Բագրատ եպիսկոպոսը որդեգրել է հակականոնական կեցվածք, որի «կապանքները» կամ բանադրանքը ամբողջովին հիմնազուրկ են, հետևաբար և՝ անվավեր: Ընթերցողներին պարզաբանենք, որ բանադրանքը եկեղեցական կյանքում այն գործողությունն է, որով բանադրվող կամ կապվող անձը եկեղեցական իշխանավորի կողմից զրկվում է մյուս հավատացյալների հետ հաղորդակցությունից, ինչպես նաև՝ եկեղեցական խորհուրդներին մասնակցելու իրավունքից:

Լավ է, որ Հայ եկեղեցու եպիսկոպոսները՝ ի դեմս Բագրատ Սրբազանի, սկսել են հիշել առաքելական կանոնների գոյության մասին, բայց լավ չէ, որ ընտրողաբար են մեջբերում դրանք, այն էլ՝ առանց հասկանալու: Ասվածը հիմնավորելու համար մեկ առ մեկ պատճառաբանենք: Բագրատ Սրբազանը իր բանադրանքը որոշեց հռչակել ֆեյսբուքի միջոցով (ի՞նչ պիտի աներ, եթե ֆեյսբուքում գրանցված չլիներ): Արդյո՞ք ֆեյսբուքը կամ համացանցը Բագրատ Սրբազանի պատկերացրած այն կանոնական դաշտն է, որի համար եպիսկոպոսը պայքարում է՝ «...հակառակ մեր անձնական կամ հրապարակային բոլոր հորդորներին, խնդրանքներին, ծով համբերությանն ու հանդուրժողականությանը և հրավերին վերադառնալու կանոնական դաշտ և հարցերն ու խնդիրները լուծել Հայ Եկեղեցու կյանքին հարազատ սկզբունքներին և էությանն համապատասխան...»: Հիմա հարցնում ենք Բագրատ Սրբազանին՝ մի՞թե ֆեյսբուքյան Ձեր էջը համապատասխան է «Հայ Եկեղեցու կյանքին հարազատ սկզբունքներին և էությանն»: Կանոնական դաշտից խոսում է մի եպիսկոպոս, ով հրճվանքով «կապում» է կանոնական դաշտից, այն է՝ Եպիսկոպոսաց ժողովից դուրս: Իսկ ինչո՞վ է ֆեյսբուքը տարբերվում Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակի հարթակից, որը Բագրատ Սրբազանը համարում է «կանոնական դաշտից դուրս»: Մի տարբերությամբ. այնտեղ իրական հարթակ է, այստեղ՝ վիրտուալ: Ա՛յ քեզ կանոնական դաշտ: Եվ ուրեմն, նկատի ունենալով, որ Բագրատ եպիսկոպոսը «Տիրոջ կողմից փոխանցված Առաքելական շնորհով» «Կորյուն աբեղային և իր չար աղանդի անդամներին» կապել է կանոնական դաշտից դուրս, այդ կապանքը համարվում է ԱՆՎԱՎԵՐ:

Տարիներ առաջ Գարեգին Բ կաթողիկոսը կանոնական դաշտից դուրս՝ հեռախոսազանգով «կարգալույծ» հռչակեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Առաջնորդ Տիրան արք. Կյուրեղյանին, որին ի պատասխան՝ Տիրան Սրբազանը պատասխանել է. «Վեհափա՛ռ, հեռախոսով ամենաշատը պիցցա կարող եք պատվիրել»: Իսկ բոլորովին վերջերս Արցախի թեմի Առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի սարկավագներից մեկի հեռախոսային զանգով Քաշաթաղի և Կովսականի շրջանների հանգստյան կոչված 81-ամյա հոգևոր հովիվ Աթանաս վրդ. Մովսիսյանին, ով ի դեպ, 2012 թվին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանգրով` հայրենիքին, եկեղեցուն և ժողովրդին մատուցած ծառայությունների ու վաստակի համար և ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել էր «Երախտագիտություն» մեդալով, փոխանցվել էր Հայր Աթանասին երեք ամսով փիլոնազուրկ անելու Առաջնորդի հրահանգը: Եվ դեռ Պարգև Սրբազանը «մեծահոգի» է գտնվել, քանի որ կաթողիկոսը ցանկացել է տարեց հոգևորականին կարգալույծ անել, իսկ Պարգև Սրբազանը մի կերպ համոզել է, որ գոնե փիլոնազուրկ արվի: Եվ այս բոլորը՝ դարձյա՜լ հեռախոսով: Ա՛յ քեզ կանոնական դաշտ: Բա էլ ինչի՞ համար է Կարգապահական հանձնախումբը: Թե՞ Մայր Աթոռում մոռացել են, որ Աթանաս վարդապետը Սուրբ Էջմիածնի միաբան է...

Շարունակենք առաքելական 23-րդ կանոնի վերլուծումը. «...Նոյնպես և հրաման տվեց քահանայության և երեցների կարգ ունեցողներին՝ օրհնության արժանիներին միաբան օրհնել, իսկ անարժաններին միաբան կապել և լռեցնել»: Բագրատ Սրբազանը միտումնավոր կերպով թե անուշադրությամբ առաքելական կանոնից զանց է առնում «միաբան կապել» արտահայտությունը: Տեսնենք, թե ինչպես է այս հատվածը մեկնում Ներսես արք. Մելիք-Թանգյանը իր «Հայ եկեղեցու իրավունքը» գրքում. « «Մէկին բանադրելիս, եթէ պատժի արժանի է, թող քահանաները միասին բանադրեն, օրհնանքի արժանին միասին օրհնութիւն ստանայ. բանադրուածը պատժուած կը մնայ մինչև առաջնորդին հնազանդուելը: Զուր տեղից պատժողը դատի և պատժի կ՚ենթարկուի, իսկ բանադրուողը կ՚արձակուի»: Այս կարգը սահմանուած է այն նպատակով, որ մեղաւորներին դատելու և պատժելու միջոցին որևէ մէկի քմահաճոյքից կախուած չլինի արդարադատութիւնը, հապա ժողովով քննեն, արդար ու մեղաւորը ջոկեն: Մանաւանդ որ թոյլ է տալիս բանադրուածին բողոքելու աւելի մեծին (իմա՛ Եպիսկոպոսական ժողովը) և արդարութիւն պահանջելու. միայն թէ նա պարտաւոր է մինչև գործի վերջանալը պատիժը խոնարհութեամբ կրելու» (Թեհրան, 2004, էջ 73): Եվ ուրեմն, նկատի ունենալով, որ Բագրատ եպիսկոպոսը «Տիրոջ կողմից փոխանցված Առաքելական շնորհով» «Կորյուն աբեղային և իր չար աղանդի անդամներին» կապել է անմիաբան կերպով, այսինքն՝ առանց եպիսկոպոսների հետ միասին, այդ կապանքը համարվում է ԱՆՎԱՎԵՐ:

Առաքելական 23-րդ կանոնի հաջորդ հատվածն ասում է. «Եվ ովքեր կկապվեն, կապված մնան մինչև հնազանդվեն առաջնորդին»: Այդ երբվանի՞ց Բագրատ եպիսկոպոսը դարձավ Կորյուն աբեղայի առաջնորդը: Մի քիչ շատ չե՞ն Բագրատ Սրբազանի իրավասությունները: Նա առնվազն իրավունք ուներ իր թեմի տարածքում սպասավորող և իր իշխանության ներքո գտնվող կարգազանց եկեղեցանին կամ աշխարհականին կապել: Բայց որքան տեղյակ ենք, Հայր Կորյունը չի սպասավորում «Տավուշ աշխարհի՝ Հայոց Հյուսիս-Արևելյան կողմանց դարպասներից» ներս: Հետևաբար Կորյուն աբեղային և խմբի անդամներին ուղղված Բագրատ Սրբազանի կոչը, թե՝ «եթե ընդունում եք Հայ Եկեղեցու եպիսկոպոսի կանոնական «կապելու և արձակելու» իրավունքն ու իշխանությունը, ապա կհետևեք մեր հորդորին և զղջումով ու ապաշխարությամբ կարժանանաք թողության և արձակման, իսկ եթե ոչ՝ ապա արդեն իսկ դուք ձեզ դուրս եք դրել մեր Սուրբ Եկեղեցուց, չընդունելով առաքելական պատգամն ու եպիսկոպոսական իշխանության վավերականությունը», ամբողջությամբ խեղաթյուրված է, շինծու և հակականոնական, քանի որ «Հայ Եկեղեցու եպիսկոպոսի կանոնական «կապելու և արձակելու» իրավունքն ու իշխանությունը» տարածվում է միմիայն իր թեմի սահմաններում: Եվ ուրեմն, նկատի ունենալով, որ Բագրատ եպիսկոպոսը «Տիրոջ կողմից փոխանցված Առաքելական շնորհով» կապել է «Կորյուն աբեղային և իր չար աղանդի անդամներին», որոնք Տավուշի թեմի կանոնական սահմանների ներքո չեն, այսինքն՝ Տավուշի թեմի տարածքից դուրս են գտնվում, այդ կապանքը համարվում է ԱՆՎԱՎԵՐ:

«...Իսկ եթե ոչ՝ ապա արդեն իսկ դուք ձեզ դուրս եք դրել մեր Սուրբ Եկեղեցուց, չընդունելով առաքելական պատգամն ու եպիսկոպոսական իշխանության վավերականությունը», - եզրակացնում է Բագրատ Սրբազանը: Հարկ է նկատել, որ Բագրատ եպիսկոպոսը այնքան էլ լավ չի պատկերացնում իր եպիսկոպոսական իշխանության վավերականությունը, որ լինելով Տավուշի թեմի առաջնորդ՝ մինչ օրս իր թեմի տարածքում չի կատարել քահանայական կամ գեթ սարկավագական ձեռնադրություններ, ինչը թեմակալ Առաջնորդի լիարժեք իրավասության ներքո է՝ համաձայն առաքելական կանոնների: Բագրատ Սրբազանին տեղին է հիշեցնել Պողոս առաքյալի խոսքերը, որ եպիսկոպոսը «պետք է ունենա բարի վկայություն նաև՛ դրսեցիներից, որպեսզի չլինի թե ընկնի նախատինքի տակ և սատանայի որոգայթների մեջ» (Ա. Տիմ. 7): Նախքան առաքելական կանոններից զատելը իրեն նպատակահարմար կանոնը, Բագրատ եպիսկոպոսին արժեր վերընթերցել առաքելական այս պատգամը, որ եպիսկոպոսը (իմա՛ եպիսկոպոսապետը) պետք է ունենա բարի վկայություն նաև դրսեցիներից... Հիմա հարցնում ենք Բագրատ եպիսկոպոսին՝ այդ ե՞րբ Գարեգին Բ կաթողիկոսը ունեցավ բարի վկայություն դրսեցիներից, որ «Կորյուն աբեղան և իր չար աղանդի անդամները» վերահասու չեղան ու պահանջեցին կաթողիկոսի հրաժարականը: Մինչդեռ բազմաթիվ են այն վկայությունները դրսեցիներից, որ Գարեգին Բ-ն խիստ անհամապատասխան և անարժան է իր պաշտոնին, դիրքին և հանգամանքին: Նա ոչ միայն չարաշահել է այդ բոլորը, ստեղծելով կլանային բռնապետական համակարգ, այլև խաթարել է եկեղեցու հոգևոր դիմագիծը՝ բազմաթիվ կանոնախախտումներով, ուխտադրժություններով, վարդապետական շեղումներով և ի վերջո՝ Քրիստոսին ուրանալով:

Եվ վերջում անդրադառնանք Բագրատ եպիսկոպոսի օգտագործած «չար աղանդ» արտահայտությանը, ով անմտաբար կրկնում է իրենից առաջ այդ աստվածաբանական եզրույթը չարաչար օգտագործած եկեղեցականներին: Ի գիտություն Բագրատ և Միքայել Սրբազանների, Տեր Ասողիկ կոչեցյալ քահանայի և իրենց լծակից մյուս խռովարար եկեղեցականների՝ պարզաբանենք աղանդ բառի հանրագիտարանային իմաստը. «Աղանդն ընդդիմադիր հոսանք, ուսմունք կամ դավանանք է համաշխարհային այս կամ այն կրոնում, որը շեղում է հիմնական կամ պաշտոնական դավանանքից և հաճախ հակադրվում է դրան: Աղանդի հետևորդները կոչվում են աղանդավորներ, ովքեր մարդկանց (հավատացյալների) խմբեր են, որոնք անջատվել են ավանդական եկեղեցուց և, չընդունելով նրա դավանանքի որոշ կետեր կամ դավանանքն ամբողջությամբ, քարոզում են իրենց առաջնորդի կողմից առաջ քաշած գաղափարները: Վերջիններս մեծ մասամբ հիմնված են Ավետարանի այս կամ այն հատվածի կողմնակալ մեկնաբանության վրա՝ ըստ աղանդի շահերի և համոզմունքների»: Եվ ուրեմն, նկատի ունենալով, որ Բագրատ եպիսկոպոսի բնորոշմամբ «Կորյուն աբեղան և իր չար աղանդի անդամները» չեն հակադրվում Հայ Առաքելական եկեղեցու պաշտոնական դավանանքին և իրենց շարժման ողջ ընթացքում չեն բարձրաձայնել որևէ աստվածաբանական հարց, որը կհակադրվեր Հայ եկեղեցու վարդապետական ուսուցումներին, «չար աղանդ» կամ «աղանդավոր» բնորոշումները համարվում են անհիմն, ստահոդ և տգիտության արդյունք:

Բագրատ եպիսկոպոսը պետք է պատժվի Եպիսկոպոսաց դասի կողմից՝ համաձայն առաքելական 23-րդ կանոնի. «...Իսկ եթե զուր տեղը և անարժանաբար որևէ մեկին կապեն, պատժի պատուհաս թող ընդունեն արժանի կերպով, քանի որ զուր տեղը կապեցին»: Եվ «որպես Մխիթար Գոշ մեծ վարդապետի, Վանական վարդապետի ժառանգության հսկողն ու շարունակողը» ՝ Տավուշի թեմի Առաջնորդին թող սթափեցնեն Մխիթար Գոշ հռչակավոր վարդապետի հետևյալ խոսքերը. «Եվ եթե պատահի, որ վարդապետը (իմա՛ եպիսկոպոսը) Աստծո խոսքերով կապել է աշխարհականներին կամ վանականներին կամ եկեղեցականներին, մեկ այլ վարդապետ (իմա՛ եպիսկոպոս) նրա դրած կապը չլուծարի, իսկ թե ախտավորությամբ կամ տգիտությամբ է այդ կապն արվել, ապա միջնորդ լինել, որ ուղղվի, հաստատելով իրավացին, առանց հակառակելու: Եվ եթե չանսա, կապելու փոխարեն՝ ինքը կապվի, մինչև որ զղջա: Ապա եթե իրավացի լինի և այլ մեկի միջնորդությունը չանսա, այդժամ դատաստան լինի և նա կապվելու արժանիին, որ տգիտությամբ էր վարվել կամ ամբարտավանությամբ՝ կապի, մինչև նրա զղջալը, և վկաների առջև կապելու պատճառները ցույց տա և նրան պատասխան տալու պարտապանության մեջ թողնելով՝ ինքն անպարսավանք մնա (Մխիթար Գոշ, Դատաստանագիրք, գլուխ Դ, Երևան, 2001, էջ 44): Իսկ սա նշանակում է, որ Հայր Կորյունը և շարժման անդամները ոչ միայն մեր Սուրբ եկեղեցու անդաստանում են, այլև ամենայն գիտակցությամբ իրենց կյանքը (Հայր Սուրբի պարագային՝ նաև իր կարգը) դրել են զոհասեղանին՝ հանուն Հայ եկեղեցու շենացման, բարգավաճման ու կանոնական դաշտի ուղղության:

Այսու հորդորում ենք Հայ եկեղեցու եպիսկոպոսներին, որ «Տիրոջ կողմից փոխանցված Առաքելական շնորհով» լավ սերտեն, արժևորեն և ի վերջո՝ գործադրեն առաքելական կանոնները՝ ոչ թե խտրական և քմահաճ ձևով, այլ ամբողջական և օրինական կերպով՝ ի հաստատություն և ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցու:


     «Հայ եկեղեցու բարեկարգում» նախաձեռնություն
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5606 | 0 | 0
Facebook