Loading...

Articles

Նրան երբեմն այսպես են կոչում՝ «ԷԼԻՏԱՐ ՀԱՎԱՔԱՐԱՐ»

15:41, Monday, 09 April, 2018
Նրան երբեմն այսպես են կոչում՝ «ԷԼԻՏԱՐ ՀԱՎԱՔԱՐԱՐ»
     Ամեն օր աշխատանքի գալուց չեմ կարողանում անտարբեր անցնել այս տիկնոջ կողքով, ով արդեն 11 տարի փողոցներ է մաքրում: Նա առանց տրտունջի, նուրբ ժպիտը դեմքին ամեն օր իր գործն է անում: Հայկուշ Ղավալյանը 1974թ-ին Մարտունի քաղաքից հարս է եկել և ամբողջովին ինտեգրվել է Բյուրեղավանի կյանքին: Գրադարանավարի մասնագիտությունն օգնել է, աշխատել է գիշերօթիկ դպրոցում՝ որպես մանկավարժ: Երիտասարդ տարիներին զբաղվել է սպորտով ու պարով: Կյանքի դժվարություները նրան չեն չարացրել, այլ դարձրել են ավելի խոհեմ և ուժեղ: Նրան հարցնում եմ, թե ոնց սկսեց զբաղվել փողոցները մաքրելով, պատասխանում է. «Ամուսինս մահացավ 1991թ-ին: Մութ ու ցուրտ տարիներն էին, 3 երեխաների հոգսը մնաց իմ վրա, աշխատանք չկար, դժվարությունները շատ էին: Ընդունվեցի «Բարեկարգում և կանաչապատում» հիմնարկ, որպես տեխնիկական աշխատող: Իմ աշխատանքով երեխաներիս պահեցի, մեծացրեցի, ամուսնացրեցի: Գոհ եմ իմ աշխատանքից, ղեկավարներս էլ են գոհ: Ինչ ասեմ, աղջիկ ջան, առաջին հերթին ես կին եմ ու մայր, ով կարողանում է ամեն ինչ հասցնել: Օրը 3 անգամ դուրս եմ գալիս մաքրելու: Մաքրության առումով շատ ուշադիր եմ: Աշխատում եմ տնավարի, այսինքն ոնց իմ տունն եմ մաքրում, տենց էլ քաղաքն եմ մաքրում: Ամոթ բան չկա: Գործս սիրում եմ: Եթե կինը ավել չբռնի, բա ով պիտի բռնի, հը՞, ասա բալա: 5 տարի առաջ ղեկավարներիս կողմից «за трудовую» պարգև եմ ստացել, բա դա գնահատե՞լ չի… Լինումա, որ տեսնում եմ անշնորքի պես աղբը գետնին են թափում, ներքուստ շատ եմ զայրանում, բայց ինչ անեմ, նորից մաքրում եմ: Գիտես բալա ջան, ինձ կատակով ասում են «ԷԼԻՏԱՐ ՀԱՎԱՔԱՐԱՐ» էտ նրանիցա, որ մաքուր գործ եմ անում, աշխատանքով ա, որ ինձ գեղեցիկ կին եմ զգում: Իմ ընտանիքում ես իսկական տան կին եմ, չնայած, որ դժվարություններ շատ կան» - իր մասին պատմելով, մի պահ ուրախանալով ու նեղսրտելով կիսվում է 64 ամյա տիկինը: Նրա մասին Բյուրեղավանում լավ խոսքեր են ասում՝ բարեկիրթ է, լավ աշխատող, սրտացավ: Հայկուշ Ղավալյանն իմ մի քանի հարցերին պատասխանելուց հետո սկսում է ավլել փողոցը այնպես, կարծես ավելը հավաքում-տանում է իր բոլոր խնդիրներն ու խոհերը…
    
    
    

Բյուրեղավան համայնք

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4279 | 0 | 0
Facebook