Մինաս Պետրոսյան. Մտորումներ Շան տարվա կապակցությամբ կամ՝ Բլյուզ իմ շան մասին
12:35, Friday, 06 April, 2018
Ըստ արևելյան (չինական) օրացույցի՝ 2018 թվականի փետրվարի 16-ին Կարմիր Կրակե Աքաղաղը իր գահը հանձնում է Դեղին Հողե Շանը: Այլ խոսքով՝ այս տարվա (չինական 4715 թվականի) հովանավոր և խորհրդանիշ կենդանին Դեղին հողե շունն է: Տարվա բնութագրի և Նոր տարուց սպասվող ակնկալիքների մասին, հուսով եմ, արդեն տեղեկացել եք տարբեր լրատվամիջոցներից: Չգիտեմ, թե աստղագուշակները ձեզ ինչ են խոստացել, բայց, կուզեք՝ լուրջ ընդունեք, կուզեք՝ կատակ, այնուհանդերձ, թեկուզ տարին Շան տարի է, սակայն «Մի՛ շնանա» պատվիրանը այս տարի ևս մնում է ուժի մեջ: Որքան էլ որ շան լեզու ունենանք, եկեք հին շանը նոր անուն չտանք: Եկեք չմոռանանք, որ ինչպես շունը կարող է դառնալ մեզ ընկեր, այնպես էլ, ցավոք սրտի, լինում են դեպքեր, երբ մեր ընկերն է դառնում շուն: Հետևաբար՝ շան հետ ընկերություն անենք, բայց փայտը մեր ձեռքից բաց չթողնենք: Երբեք մի երդվեք, իսկ եթե երդվում եք, ապա՝ մի ասեք. «Շնից ծնված լինեմ» կամ՝ «Շուն դառնամ»: Միգուցե Շան տարին շունը գլխին լափ ուտելիս լինի և ձեր երդումը լուրջ ընդունի: Եվ չկարծեք, թե միշտ է շնից մազ պոկելը օգուտ, քանզի, բոլոր դեպքերում, այդ մազը շան մազ է: Տոնական սեղանին շամպայնով լեցուն գավաթներով միմյանց կենացը խմելիս, հիշենք, որ, հնարավոր է, հենց այդ պահին մեր ընկերը, բարեկամը կամ դրացին շան քթից ջուր է խմում: Չմոռանանք նաև, որ ինչի տարի էլ լինի՝ Շան, Վիշապի, Ձիու, Առնետի կամ Խոզի, փորձենք միշտ Մարդ լինել: Բայց, քանի որ տարին Շան տարի է, ուստի բոլորիդ մաղթում եմ՝ շան բախտ ունենալ: Մյուս կողմից էլ, թեկուզ տարին Շան տարի է, նորից ու նորից՝ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Իսկ հիմա՝ «Բլյուզ իմ շան մասին»: Դուք գիտեք, որ շան մասին հրաշալի բանաստեղծություններ են գրել Եսենինը, Չարենցը, Մահարին, Շիրազը և այլք: Այդ բանաստեղծություններից, թերևս, ամենահետաքրքիրը և ամենազարմանալին Խուլիո Սեզար Սիլվայնի (Արգետինա) բլյուզն է: Մարկ Սամաևի թարգմանությամբ այն առաջին անգամ հրատարակվել է 1961 թ.-ին «Иностранная литература» հանդեսի 9-րդ համարում: Թեև հեղինակը ծնվել է Կապիկի տարում (1932), սակայն շան և նրա անունը կրող տարվա էությունը ամենից ցայտուն հենց նա է արտահայտել: Ներկայացնում եմ այդ բանաստեղծությունը Գևորգ Էմինի թարգմանությամբ: Եվ այսպես՝ Խուլիո Սեզար Սիլվայն՝ «Բլյուզ իմ շան մասին» Ես մի շուն ունեմ, Կամ, ավելի ճիշտ, Ոչ թե շուն՝ Այլ... իմ հոգու մի մա՜սը Սիրում եմ նրա Ամեն մի մազը. Բայց և խղճու՜մ եմ Այդ անասունին.- Ախր, խեղճ շունըս Ինքը շուն չունի՜... Եվ ահա´, երբ ես տխուր եմ լինում (Իսկ դու գիտե՞ս, թե Ի՜նչ ասել է շու՜ն - Երբ որ մենակ ու տխուր ես լինում...) Մի՛ խոսքով, Երբ որ տխու՜ր եմ լինում, Քիչ է մնում, որ Գլուխըս իմ շան մռութին դնեմ Եվ նրան ասե՛մ.- - Շուն, Ուզու՞մ ես Ես քո... շո՛ւնը լինեմ... Մինաս Պետրոսյան |
Like
0
Dislike
0
3573 | 0 | 0 | 0