Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Աստծո Իրական Եկեղեցին

13:47, Monday, 26 February, 2018
Աստծո Իրական Եկեղեցին
     Վեջին օրերին, նկատեցինք, թե ինչպես մի զանգված դարձան աստվածաբանության դոկտորներ, ինչպես նաև եկեղեցու նոր ուսմունքի կրողներ։ Կարծիքներ լսեցինք, որ եկեղեցին բոլորին է, և որևէ կարևորություն չկա մկրտված ես, թե ոչ, իրապես քրիստոնյա ես, թե պարզապես աթեիստ։
     Սիրելիներս Եկեղեցին կաթողիկե (ընդհանրական) եկեղեցի է, քանզի նա բարեշնորհության հովանու տակ է դնում բովանդակ մարդկային ցեղը, նա այդպիսին է նաև այն պատճառով, որ նրանում անմնացորդ կերպով զետեղված են երկնային և երկրային բոլոր դոգմաները, հոգու և մարմնի լիակատար բժշկությունը, բոլոր առաքինությունները։ Նրանում բացվում են հավիտենական կյանքի դռները Ս․Մկրտության և այլ խորհուրդների միջոցով։ Մկրտությունը Հին Կտակարանի վախճանն է և Նորի սկիզբը։ Չկա փրկություն առանց մկրտության։ Երկակի մարդը, երկակի է նաև մկրտությունը․անմարմին է անմարմին մարդու համար և մարմնավոր մարմնավոր համար։ Մկրտությունը կատարվում է ջրով և Հոգով։ Բայց բովանդակ մարդը մաքրվում է, քանզի ոչ մի ապականություն չկա մարդկային գոյի բաղադրության մեջ, եթե այն չապականենք սրբապղծությամբ, անօգտակար բաներով։ Եվ մարմինը մի օտար բան չէ Աստծո համար, և հոգին չի բնակվում իր համար օտար մի անոթի մեջ։ Մեղքի պատճառը հոգին չէ․ «հոգին մեղք է գործում մարմնի պատճառով» ։ Մարմինը սպասում է հավիտենության, հարության ժամանակ «մենք բոլորս ստանալու ենք հավիտենական մարմին, բայց բոլորը՝ ոչ միատեսակ» ։
     Մկրտության մեջ խորհրդաբանորեն պատկերվում և կրկնվում է Քրիստոսի կյանքը և գործը։ Հանդերձանքից մերկանալը խորհրդանշում է հին մարդուց ձերբազատվելը և միաժամանակ՝ Խաչի վրա մերկացած Քրիստոսին, որն Իր մերկությամբ հաղթեց խավարի իշխանությանը։ Դրան հետևող առաջնորդումն դեպ մկրտության ավազան խորհրդաբանորեն կրկնում է Քրիստոսին Խաչից իջեցնելը և գերեզման տանելը, երեք անգամ սուզումը՝ Տիրոջ երեք օր գերեզմանում գտնվելը։ Այդ ընթացքում դուք միաժամանակ մեռնում և ծնվում եք։ Եվ փրկագործող ջուրն այդ ձեզ համար և՛ գերեզման է և՛ մայր։ Հենց սրանում է կայանում խորհրդի կամ խորհրդակատարության իրականությունը կամ իրական լինելը։ Սրա հետ միասին այն բոլորին միավորում է մեկ մարմնի մեջ՝ դարձնելով մեր մոր որդիներ և դուստրեր։ Սա դրոշմումն է խորհրդական կնիքով, որպեսզի դյուրահաղորդ լինենք Տիրոջը․․․։ Մարդ կատարելապես ազատ է, և Աստված յուրաքանչյուրից սպասում է անկեղծ հոժարություն, քանզի մենք ճշմարտագործում ենք ոչ թե բնությամբ, այլ՝ հոժարությամբ և մեղք ենք գործում նույնպես հորժարությամբ։ Այդ պատճառով էլ անհրաժեշտ է և՛ զղջում, և՛ գործ։
     Մկրտության նախաշեմին պահանջվում է հրաժարում սատանայից և նրա գործերից, այսինքն՝ ամեն տեսակ մեղքից՝ դժոխքի հետ մեր ունեցած դաշինքի դրժումով։ Շնորհը տրվում է սրանից հետո միայն։ Այդուհանդերձ մարդ պետք է պահպանի այն․ «Աստծո գործը շնորհը տալն է, քոնը՝ այն պահելն ու պահպանելը (Ս․Կյուրեղ Երուսաղեմացի)» ։
    
     Ախթալայի Ս․Աստվածածին վանքի վանահայր՝
     Տ․Հեթում քահանա Թարվերդյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7855 | 0 | 0
Facebook