Loading...

Articles

ԽԱՇ /պատմվածք/

09:22, Friday, 23 February, 2018
ԽԱՇ /պատմվածք/

Երվանդի հայացքն անտարբեր սահեց լոլիկի մածուկի և թթու վարունգի ուռածփոր տարողությունների, ձկան պահածոների, գարեջրի կարճվիզ շշերի վրայով, հասավ մսի բաժնին, թափ ընկած մի քիչ էլ գնաց, հետո, ուղեղից վայրկենաբար ստացած հրահանգի համաձայն, կանգ առավ: Կանգ չառավ՝ գամվեց: Ճռնչացին արգելակները, ակնաբիբերը լայնացան, լարվեցին, արյունը միանգամից սրտից հոսեց գլուխը, գլխից՝ սիրտը:

Քայլ արեց՝ մեկ-երկու և հայտնվեց խանութում: Խա՛շ: Հարկավոր է անմիջապես հերթ պահել:

-Վերջն ո՞վ է:

Ժամանա՞կ կար արձագանքելու:

-Դու՞ք եք վերջինը, -հարցրեց քառասունին մոտ մի կնոջ, ով մյուսներից առանձին՝ հուսակտուր դիտում էր թիկունքով կանգնած մարդկային պատը:

Կինը զարմացած նայելով Երվանդին՝ անխոս մատնացույց արեց հետույքների շարանը. այսինքն՝ չե՞ս տեսնում, ինչ է, լուսնի՞ց ես իջել:

Ինչ հերթ, ինչ բան, հո ապխտած երշի՞կ չէին վաճառում: Հլա ասա՝ խաշ: Խա՜շ…

Չափեց իր ու վճառասեղանի արանքը բռնած պատվարի լայնքը: Քսանհինգ-երեսուն մարդ կլիներ: Մի պահ ուղեց թողնել հեռանալ, սակայն երկմտանքը կարճ տևեց. վճռական շարժումով զարկվելով պատին՝ դարձավ մսաքարերից մեկը:

Խաշ: Տավարի ճերմակ, մաքրած ոտքեր էին՝ գայթակղիչ փայլով: Առանձնակի խաշ չէր սիրում: Ուտելու արարողությանն այդչափ կարևորություն տալը դիտում էր տուրք որկորին, բայց նման հնարավորությունը ձեռքից բաց թողնել… Առաջին անգամ էր տեսնում, որ խանութում ազատ խաշ վաճառեն: Խոզի տոտիկներ՝ երբեմն, սակայն իսկական խաշացու՝ չէ: Նման հաջողություն կյանքում մեկ անգամ է տրվում: Մեկ անգամ: Նոր են սկսել վաճառքը: Կհասնի: Չհուսահատվել: Միայն առաջ: Աշխատել ինչպես մյուսները՝ արմունկներով, ծնկներով, մարմնի բոլոր մասերով: Քայլ առ քայլ, մինչև բախտորոշ պահը: Փողոցում, կարծես, առել են հոտը: Թիկունքից գրոհում են, վրա տալիս: Վարվելակերպի կանոնները՝ մի կողմ, կանայք՝ հերթից դուրս: Խաշը նուրբ սեռի գործ չէ: Դու՛րս, դու՛րս: Կճխլեն, ճժից կգցեն: Առաջ: Ահա՛, ահա՛: Տոպրակների մեջ է, յուրաքանչյուրում՝ չորս ոտք, նույնն է, թե՝ մի ամբողջ կով:

Բռնել են անասունին, կացնի բութ կողմով մի բութ հարված հասցնելով ճակատին՝ շշմեցրել, տապալել գետին, հետո մարմինը մասնատել՝ սա մի կտոր, սա՝ երկու, սա էլ հարյուր: Կերեք, վայելեք, որպեսզի հետո սիրուց, բարությունից, գայլի ու շնաձկան դաժանությունից, բնությունից ու արվեստից խոսեք: Երկիր մոլորակի տնօրենը դուք եք, ձեզ ամեն բան կարելի է: Մնացել են ոտքերը՝ ուժատ, չարչրկված, հազար ճամփա կտրած: Ոչ մի գրամ մթերքի կորուստ, ոչ մի: Մսի կոմբինատում մեքենան մի հարվածով պոկել է կենդանու կճղակները, մազերը, ու հիմա սպիտակ, շողշողուն խաշացուն խանութում է: Թե կարող ես, Երվանդ, առ, երկու քայլ այն կողմ է, ասել է թե՝ քթիդ տակ:

Էհ, հերիք եղավ, հազար անգամ ենք ասել՝ վերջ տուր տխմար սովորությանը: Պետք չէ ուշադրությունը շեղել՝ կողմնակի խոհերին տրվելով: Ներկա պահի համար մնացյալ ամեն ինչ անկարևոր է: Զգացմունք, ինքնասիրություն չկա, ծալիր, դիր թևիդ տակ: Ոչ մի ամոթ, խղճմտանք: Կարևորը խաշն է:

Փողը, փողը պատրաստ պահիր: Ինչքա՞ն ես առնելու: Մե՞կ տոպրակ, երկու՞: Նախ հաշվիր, թե քանի մարդ ես հրավիրելու: Չեղավ, դարձյալ շեղվում ես: Գլխավորը, գլխավորը չմոռանաս: Բոլոր այդ հարցերը պարապ պահերի համար են: Պահածոյացրու մտքերդ, հետո, երբ ժամանակ կունենաս, գլխումդ եղածը շարիր տեր-ողորմեայի թելին ու քաշիր, որքան քեֆդ կտանի՝ բարի՞ն, փորձա՞նքը, թե՞ Աստված: Իսկ հիմա՝ դու քեզ օգնական: Չհուսալքվես, էլի եմ կրկնում՝ խաշն անկարևոր բան չէ: Ոչինչ, դու չե՞ս սիրում, ուրիշները, հո, միայն հոտից, տեսքից խենթանում են: Հանուն այլոց ախորժակի այս անգամ ևս քեզ նեղություն պատճառիր: Տրամադրությունդ չգցես: Ասինք՝ զգացմունքները մի կողմ: Առաջնությունը վեհերոտ սրտիդ պատճառով ամեն տեղ զիջել ես, իսկ այժմ՝ ոչ մի պայմանով, ոչ մի պարագայում: Հիշիր՝ կողմնակի շեղումները վտանգավոր են ինչպես գրականության մեջ, այնպես էլ հերթում: Մսաղացով աղա բոլոր մտքերը, թող ոսկոր չմնա, թե չէ մեկ էլ տեսար կոկորդդ խրվեց: Պայմանավորվեցի՞նք՝ ոչ մի կոշտ, չյուղած խոհ:

Ուրեմն՝ վերցնում ես, որքան կտան: Նման հնարավորություն այլևս բացառվում է: Հիշիր Ռոմեն Ռոլանին՝ պատահականությունը միշտ գտնում է նրանց, ովքեր կարողանում են դրանից օգտվել: Բացարձակ ճշմարտություն է, ոչ մի վերապահում:

Ի՞նչ, որքա՞ն, երեսունքանի՞: Դա, հո, գտած բան է: Ասում են, շուկայում ոտք ու գլուխը փորով քառասուն-հիսուն ռուբլի է, այն էլ՝ չմաքրած: Իսկ սա ընդամենը երեսունվեց կոպեկ:

Չեղավ, հարգելիս, իսկականից համը հանում ես: Ասացինք՝ ընդհուր գծից ոչ մի շեղում: Մտածումներիդ ազատություն մի տուր: Ցուցումներ տվողը, վերադասը ես եմ: Հասկացա՞ր, այլապես ոչ մի սոցպարտավորություն չենք կատարի: Համ էլ, թույլ տուր ստեղծագործել: Պատմվածք է: Կարգ կա, դրական ու բացասական հերոս հասկացություն: Վայրիվերո մտքերը շարադրանքն ու՞ր կտանեն… Դումբաձեի հերոսը ևս խղճում էր սպանդանոց քշված կենդանիներին, այնպես որ՝ զգույշ ազդեցություններից, հետո թիրախ կշինեն: Հիմա ել ոտքերիդ ծայրերին, ձգվի՛ր, ձգվի՛ր: Այ այդպես, դե փողը տուր:

-Ինձ, ի՛նձ տվեք:

Բարձր, ավելի բարձր: Կարող ես բղավել, մի ամաչիր: Մեկ անգամ ևս, քեզ տեսնեմ:

-Իմ հերթն է, ինձ տվեք:

Վաճառողն իր գործին էր. ստանում էր դրամը, տոպրակով խաշը զարկում կշեռքին, իբր, կշռեցի, դեմ անում գնորդին:

-Հաջորդը…

Ձեռքերի անտառը ձգվում էր և, ով առավել ճարպիկ էր, թղթադրամը խցկում էր նրա բուռը: Վաճառասեղանից այն կողմ կիտած խաշի կապուկները հալվում էին: Մնացել էր տասնհինգ-քսան տոպրակ: Եթե այսպես գնաց, չի հասնի: Երվանդի գլխում միտք փայլատակեց: Սա է, այլ ելք չկա: Նա տասանոցը նետեց վաճառասեղանին.

-Ի՛մ հերթն է:

Թղթադրամը նոր էր, գույնը տեղը, տեսքը՝ գրավիչ, տաքուկ: Նման չէր հինգնոցին, քսանհինգնոցին՝ գունատ, սփրթնած: Վաճառողը վերցնելով փողը՝ պատահական մի կապուկ նետեց կշեռքին: Սլաքը, կոպիտ վերաբերմունքից վրդով, հերսոտ վերուվարեց, զրոյից հասավ հազարին, պատրաստվում էր ի նշան բողոքի կորագիծը կրկնել, բայց վաճառողի համար աչքաչափն էլ հերիք էր: Նա խաշացուն մեկնեց գնորդին.

-Հինգ ռուբլի:

-Մեկն էլ կշռեք, խնդրում եմ:

Խմբվածներն ալիքվեցին:

-Չտա՛ք, այլևս մեկից ավելի չտաք:

-Որոշողը դուք եք, -իշխանավայել հանդարտությամբ արձագանքելով՝ խանութպանը դարձավ Մեսրոպին.

-Ի՞նչ տվիր:

-Տասանոց:

Նա ճլորած մի հինգնոց պարզեց գնորդին:

-Հաջորդը, - բարբառեց, իսկ մնացածը՝ մտքում: Կամքը ձերն է, օգուտը՝ իմը: Կուզե՞ք, տոպրակը բացեմ ու մի-մի հատով ծախեմ: Ինչքան շատ կշռեմ, այնքան շատ կմնա: Մենակ թե գնորդ լինի, ապրանք լինի, խաշ լինի: Խա՛շ: Կեսը պահեստում է, սառնարանում ապահով սպասում է ընտրյալներին: Ովքեր ե՞ն - ես ու իմ շրջապատը: Ուրիշ էլ ո՞վ: Իրիկվա կողմ կգան ու՝ ինչքա՞ն տամ: Կհանեն փողը: Կուզե՞ս տասանոց վերցրու, կուզես՝ քսանհինգնոց: Չէ ձեզ պես՝ կշռել, աչքերը չռել սլաքին: Կարծես խաբելու եղանակ չկա: Երկու հազար, հավատացեք, երկու հազար միջոց կա: Ուզեմ՝ կշեռքը տակից կխարտեմ՝ հինգ գրամ, տասը: Հերիք չէ՞: Ծով է, ծով: Կեր, որ պրծնի: Իսկ դու ինչքան ուզում ես աչքդ կշեռքին պահիր, դողդողա կոպեկիդ վրա: Կոպեկ… Կոպեկով առևտրի ժամանակները վաղուց են անցել: Հիմա դարն ուրիշ է, ուրի՛շ: Յոթ հարյուր կիլո խաշ եմ ստացել: Ապրանքագրով է այդպես: Հարյուր հիսունը առձեռն տվին. ճամփին էին ծախել, թե միսկոմբինատում, կարևոր չէ: Ի՞նչ պետքս է, քիթս խոթեմ ուրիշի գործերի մեջ: Կիլոյին տասը կոպեկ էլ վարորդ-առաքիչը վերցրեց: Չտայի, կողքի խանութը կքշեր: Հինգ հարյուր հիսունն էլ ինձ բավական է, օրվա հացի փող կբերի: Ով կտա՞: Դուք, դու՛ք կտաք: Չուզելով կտաք, ձեր կամքով: Ես էլ եմ տուն պահում, չէ՞, իմ զավակներն էլ են ուտել կամենում, հաց ուզում: Էդքան հացն ինչ եմ անու՞մ: Տառակեր, դու էլ հավատացիր, թե բոլորը հացի՞ եմ տալիս: Խոսք է, ասում եմ: Ես տեղն եկած ժամանակ վիզս կծռեմ, խեղճ կձևանամ, հացի ու երեխայի անուն կտամ, իսկ դու սև խավիար հասկացիր, ադամանդից մատանի, ճապոնական սառնարարն, հեռուստացույց, ֆրանսիական օծանելիք, ամառանոց ու արտասահմանի ուղեգիր, կուստոմս… Դրանք էլ հաց են: Կարգին մարդիկ հաց ասելով դա են հասկանում: Չէ, ձեզ պես:

Դուք ու՜ր, խաշն ուր: Մի մարդ, որ հերթ կանգնելով ապրանք առնի, նրա խաշը կուտվի՞: Գին որոշողներն էլ, երևում է, արժեք ասածից գաղափար չունեն: Հաստատ բան եմ ասում: Կամ խաշ չեն կերել, կամ… Երեսունվեց կոպեկ: Ուղեղիս չի պառկում: Խաշը թողած՝ սուրճի հետևից են ընկել: Սուրճ: Եղածն ի՞նչ է, մի բուռ հատիկ: Դա էլ տանը վառում են, սևացնում, հետո մատնոցների մեջ հրամցնում՝ խնդրեմ, անուշ արեք: Սրճարաններում լավ էլ ձևը գտել են. Կեսին կես բոված գարի, խոզի կաղին են խառնում ու էլի՝ խնդրեմ: Միայն թե փողը, փողը չմոռանաս: Տասնչորս կոպեկի փոխարեն՝ քսանհինգ, երեսուն, եթե կարգին մարդ ես՝ հիսուն, որքան կամենաս, քեֆդ ուզի: Բա ո՞նց, հետը գարի կա, կեսին՝ կես: Համն էլ է ուրիշ, երեսի սերն էլ: Ազգային երանգ է տրված, տեղայնացված է: Որտեղից գիտե՞մ: Տղաս է պատմել. սրճարանում է աշխատում: Բա չէ՝ ձեզ նման, գիրք կարդացողներ: Կարծում եք հե՞շտ էր դասավորելը:

Խաշ էի դրել. ամեն ինչ՝ տեղը տեղին: Իսկական խաշ դնողներն ուրի՜շ են: Ուտողները՝ նմանապես: Մարդիկ կան, հատուկ խաշի կոստյում ունեն: Հագել էին ու եկել: Գրպանու՞մ - չէ մի: Միայն ձեզպեսներն են գրպանն օղի դնում: Նրանք միանգամից արկղով են բերում: Գցել էին ավտոն ու եկել: Դուք միայն ուտելը տեսնեիք: Թևքերը քշտեցին: Հացը վաղօրոք էին բրդել: հետո խաշը եկավ: Աղեցին, սխտորեցին, միսը՝ մի կողմ, ջուրը՝ մի: Ուտում էին միայն ձեռքով: Մարդ կար սրբիչ էր գցել գլխին, որ չսառի: Բա՜… Գիտեմ, հիմա վարվելակերպից ու այլ դատարկ բաներից կխոսեք: Գդալով միայն ձեզպեսներն են խաշ վայելում:

Ուրեմն՝ բրդում ես ու ուտում: Ուտում ես ու խմում: Խմում ես ու էլի խմում: Վերջում գոտիդ թուլացնում ես, և մեջտեղ է գալիս նարդին: Ձերը գիտեմ՝ շախմատն է: Շախմա՜տ: Առաջին քայլը չարած՝ մատ կանեմ: Ինչպես միշտ: Ինչես հիմա: Մերը նարդին է: Խաղում ենք, ջան ասում, ջան լսում: Բա չէ՜: Հիմա բոլոր կարևոր հարցերը նարդու տախտակի ու խաշի սեղանի շուրջ են որոշվում: Հետո… խորովածն է գալիս: Բա ո՜նց: Վերջում պարտադիր՝ խորոված: Խոզի թարմ մսով: Մի՜ս… Խաշ դնողներիս տեսեք: Ասենք՝ խաշացուն ճարեցիք, բա խորովա՞ծ: Ո՞նց կտաք: Մե՞նք: Մեզ համար ամեն ինչ կա, ամեն բան ստանում ենք: Հեչ որ չէ, ձեր տված փողով շուկայից կառնեմ՝ տաք-տաք, նոր մորթածը: Բա ի՞նչ էիր կարծում:

Ասել են ստուգողներ են գալու, թե չէ սա էլ չէիք տեսնի: Ոչինչ, նրանց հետ լեզու կգտնենք ու էլի վատամարդը դուք դուրս կգաք, կյաուզնիկներ… Մեկնումեկդ զանգած կլինեք, ձեզ չգիտե՞մ. շենքի լուսամուտից տեսել եք դատարկվող ապրանքն ու ձեռքը գցել հեռախոսին: Ես ամաչե՞մ: Չէ մի: Հիմա ոչ թե խաբողն է ամաչում, այլ խաբվողը: Մեր դրած կարգն է:

Էս մեկը ոնց որ թե նրանցից չէ: Տեսա՞ր փողն ինչ վստահ, աղայավարի շպրտեց: Նոր էլ տասնոց է: Երևում է, վրան շատ չի դողդողացել, բռի մեջ պահել /աման, հանկարծ չկորցնե՞մ/: Առանձին եմ դրել, որ տուն տանեմ: Չէ մի՝ ճմռթած փող: Ճմռթվածներ: Տասանոցներն առանձին եմ պահում, հարյուրանոցները՝ առանձին: Իսկ դուք ինչքան ուզում եք, սվսվացեք: Չէ, ինչ ուզում ես ասա, սա էլ /աչքերից է երևում/ լենուբոլ ապրող չէ: Մազ էր մնում սխալվեի: Կա չկա՝ չոր ռոճիկի է: Փող շպրտելն էլ հուսահատ փորձ էր: Չէ մի՝ լիությունից: Ամոթից կշեռքին անգամ չէր նայում: Վերջում էլ թե՝ շնորհակալություն: Շնորհակալ կլինես, իհարկե, կարող էի էդ էլ չտալ: Ճռճռան տասնոցով ինձ չես մոլորեցնի: Կարծես գլխի չեմ՝ աշխատավարձդ նոր ես ստացել: Ամսվա վերջին, որ խաշն ազատ դրած լինի, առնելու փող չես ունենա: Հլա դրանց տես, դրանց համարձակությա՜նը… Ինձպեսների հետ են ուզում ոտք մեկնել: Վերմակիդ չափը ճանաչիր, այ ընկեր, վերմակիդ չափը: Ես իմն ասացի:

-Հաջորդը…

Գնորդները հուսահատ մղվեցին դեպի վաճառասեղանը՝ խլխլելու վերջին տոպրակները: Երվանդը խցանումից դուրս գալու փորձ արեց: Խնդրանքները զարնվում էին գոց ականջներին, թափվում ոտքի տակ: Աջից ճնշումն ավելի զորեղ էր: Մարդկային մսեղիքը ճոճվեց, հետո, փուչիկի պես մի կողմի վրա փքվելով, շպրտեց նրան՝ հետն էլ ալիքին դեմ հանդիման եկող մի մի քանի անհաջողակների: Ափ ընկածները բացուխուփ արին բերանները՝ ատելությամբ նայելով ներողություն հայցող Երվանդին:

Արդեն դրսում խաշը դրեց մայթին, թափ տվեց իրեն: Ոչ, Մսրա Մելիքի պես երկու կես չեղավ. սիրտը, փայծաղը, կոճակները, փողկապը տեղն էին: Տեսնես քանի՞ կիլոգրամ է: Հինգ ռուբլի տվեց: Տասը կիլոն՝ երեք ռուբլի վաթսուն կոպեկ, մնաց… Կանի մոտ տասնհինգ կիլո: Չորս ոտքը տասնհինգ կիլոգրա՞մ: Անհար է, երևի քառասուն կոպեկով է հաշվել: Ընդունենք մեկուկես-երկու կիլոն սառույցը, թող լինի՝ երեք: Մաքրելուց հետո կմնա…

Երվանդը հիմա ժամանակ շատ ուներ: Ուղեղը ծրագրավորված՝ գալարների տակ առել, ծամում էր մեկ անհայտով խնդիրը: Գլխուղեղը ևս, ինչպես էլոկտրոնային հաշվիչ մեքենան, ճիշտ հրահանգավորում է պահանջում: Սակայն փերեզակը խառնել էր նրա հաշվարկները, և թվաբանական պարզագույն գործողություններն ամեն անգամ պատին էին առնում: Հանրահաշվական ևս մեկ անլուծելի խնդիր գրանցում ստանալու օրինական հայտ էր ներկայացնում:

Չարչրկած հարցը լնդերի տակ անօգուտ ծամծմելուց հետո մի անկյուն հրելով՝ այլ ծաղկաբույրը վրան խնդիր առավ բերանը՝ ու՞մ կանչել - բարեկամների՞ն, հարևանների՞ն, գործընկերների՞ն, թե բոլորին՝ ընտրողաբար:

Երկու տարի է նոր շենք են տեղափոխվել՝ քսանչորս ամիս, իսկ շատերի հետ ծանոթությունը բարի լույսից այն կողմ չի անցել: Մի քանիսը, հայացքներից նկատում է, արդեն որոշակի կարծիք են իր մասին կազմել՝ ինքնամփոփ է, լուռ, անմարդամոտ: Իսկ լռակյացին ո՞վ է սիրում: Ժողովրդական խոսքը ևս դա է ասում՝ վախեցիր հանդարտ ջրից: Բայց սիրտը, հո, սուփրա չէ՞, որ բացես ու՝ համեցեք, դանակ-պատառաքղն առած վրա տվեք: Լավ կլինի նման երկու-երեք հարևան հրավիրի: Թող գան, տեսնեն, ճանաչեն, հետո փոխած կարծիքը գրպանները դրած՝ վերելակով վերուվարեն /եթե աշխատի/, ցփնեն շենքով մեկ: Ասեն, որ ժողովրդական խոսքը Երվանդի, նրա նմանների հետ կապ չունի, որ ներամփոփությունը, հակառակ, բարեկրթության նշան է, որ նույն ժողովուրդը մեկ այլ ասույթ նույնպես ունի՝ դատարկ կարասն է ձայն տալիս: Այդպե՛ս: Որ շատ խոսողը խորհելու ժամանակ չունի: Խորք չունի: Այդպե՛ս:

Կանչելը, ճիշտն ասած, կկանչի, միայն թե վախենում է, հրավերքն ուրիշ կերպ ըմբռնեն, մտածեն՝ քծնում է, շողոքորթում: Ավելի լավ է, հետները գործ չունենա: Թե՞ սխալն ինքն է: Իսկ երբ նույն մարդկանց մոտիկից ես ճանաչու՞մ: Մի՞թե բոլորն էլ մեղք չեն ու կյանքից դաժանագույն հալածված, պատժված: Կանխակալ կարծիքն էլ ճիշտ չէ: Ցավի, կորստի ժամանակ տեսնու՞մ ես ի՜նչ պատրաստակամ են, զիջող: Բոլորը: Ուրիշ են, ուրի՜շ: Եվ՝ միասնական: Ու՜ր էր, միշտ այդպես լինեին. որքան զորեղ կլինեինք, ինչե՜ր չէինք կորցնի: Թե՞ դա նույնպես պատմության թելադրանքով է՝ միայն մահ ենք տեսել, կորուստ, ուստի հասկանում ենք մեկմեկու, մտնում միմյանց դրության մեջ…

Երվա՜նդ, ու՞ր… Մտքիդ երիվարը կանգնեցրու բանականության երասանով, -կասեր Նարեկացին: Խելքի արի, խաշից, հարևաններից անցար լուրջ-լուրջ հարցերի: Մարդու երկակի էությու՞նն է քեզ զարմացնում: Ծեծված, հազար քարմաղով անցած թեմա է, տրորած արահետ, ոտատակի հող: Մտքի քե՞զ նման հսկաներ են ճլորթի կապել այդ լարին: Ժամանակակաից հերոսին վայել խոհերից, խոկանքից թող կնճռոտվի ճակատդ: Տուրք ես տալիս կենցաղային մանրամասներին, մանրաթեմայնություն կա, -կասեն, կխարանեն, հետո եկ ու այդ տեսքով քաղաքամեջ ել: Միջին, միջին դիրք գրավիր և, հավատա, հաջողությունն ապահովված է:

-Խանութի՞ց ես առել:

Անթրաշ, հիսունին մոտ տղամարդ էր: Թեթևակի թրջած մազերը սանրելուց հետո այդպես էլ կպել էին գլխին: Կոշիկներին տեղ-տեղ մնում էր գաջը: Շինարար է, -մտածեց Երվանդը: Բանթողից հետո շտապ-շտապ երկու-երեք չոփ է զարկել դեմքին, թաց ձեռքերով մի կերպ մաքրել տաբատի փողքերը: Ոտնամանների քուղերն էլ, տես, տարագույն են:

-Հա, -գլխով արեց:

-Ո՞ր խանութից, -մարդը պատրաստվեց մեկնարկի:

Երվանդն ասաց խանութի տեղը, ապա՝ մեղավոր հավելեց.

-Չկա, պրծավ:

Մարդու հայացքում թերահավատություն գծագրվեց: Չհավատաց: Տակից առնողի տեղ դրեց: Պատճառը խաշն է: Նկատու՞մ ես, կանգառում սպասողներն ինչ զարմանքով են նայում տոպրակին: Ընդամենը չորս ոտք է, բայց ի՜նչ զորություն ունի: Դե, մի փոքր ժպտա, քեզ սովորական պահիր, որպեսզի չանջրպետվես մյուսներից: Սխալվում եք, այդչափ կասկածամտորեն մի վերաբերվեք: Չէ՞ որ այդպիսիք ավտոբուս չեն նստում: Ամենաքիչը՝ տաքսի: Խրվում-թաղվում են նստատեղում ու քշել տալիս, ուր քեֆներն ուզի: Մենք նմանապես, ճիշտ է, տարին մեկ-երկու օգտվում ենք, սակայն քթներիցս է դուրս գալիս: Ողջ ճամփին տանջվում-տառապում էինք՝ որքա՞ն կգրի, ի՞նչ տամ: Մեկ դու ես գողունի հայացք գցում հաշվիչին, մեկ՝ վարորդը: Շատ ես տալիս, վատ ես զգում, քիչ՝ արժանանում ես բացահայտ հիշոցներին, արհամարհանքին, ատելությանը: Սա էլ տաքսին: Իսկ նրա՞նց ինչ կա. փողը՝ ծով, տրամադրությունը՝ տեղը: Իհարկե, առատաձեռն էլ կլինեն, ասպետ ու ջենտլմեն էլ:

Երվանդի ոգևորությունն անցել էր: Հակառակի պես շինարարը նույն ավտոբուսը բարձրացավ: Վերջում ազատ տեղ կար, նստեց ու երկու-երեք կանգառ չգնացած՝ քնեց: Պարանոցի պեպենոտ մաշկի տակ մկաններն անհարմար դիրքից պրկվել էին: Ձախ ձեռքին գրիչով խաչ էր նկարած. չմոռանալու համար էր: Տեսնես ում ինչ պիտի տանի, ինչ հաղորդի: Խղճահարության պես բան էր զգում: Պատրաստ էր խաշը դնել նրա գոգը, իջնել: Միայն թե գիտեր՝ մարդը չէր ընդունի, կնեղանար, գուցեև շշպռեր՝ ողորմելի, ապրանքդ առ ու ցնդիր:

Մինչև կիրակի վեց օր կար: Վեց օրն էլ կինն ու Երվանդը խաշի հետ կռիվ տվին: Հալեցրին սառույցը, լվացին, արտասահմանյան ածելիներով քերթեցին-սափրեցին, տասն անգամ սառը ջուրը դրին-հանին: Հետո Երվանդը մետաղ կտրելու մանրատամ սղոցով, որպեսզի ոսկորը չփշրվի, հավասար մասերի բաժանեց: Դարձյալ լվաց, այնուհետ հաշվեց կտորները՝ տասներկու:

Մի կարևոր վրիպում հյուրերի ընտրության հարցում թույլ տվեց: Որոշել էր իր բարեկամներին կանչել և հարկի հարևաններին: Կնոջ կողմից ոչ ոք չկար: Մտքով չանցավ, կուզես՝ կախիր: Կինը թթվեց, տարավ-բերց ու թե՝ ես էլ գործ չունեմ, ինչ ուզում ես, արա: Երվանդն հարկադրված՝ սրնքամասի խոշոր կտորները կիսեց: Տասնհինգ մարդու կարող էր հրավիրել: Վախենալով չբականացնի՝ շուկայից կիլոգրամը երկու ռուբլով փոր գնեց՝ գարշանք: Զզվելով դա էլ մաքրեց: Անիծում էր այն օրը, որ խանութի կողքով անցավ: Նյարդերը լարվել էին: Կնոջ պահվածքը մի կողմից, խայտառակվելու ահը՝ մյուս: Մարդկանց տեղյակ էր պահել, այլապես ամանով կնետեր աղբամուղը: Գիշերներն էլ մղձավանջները հանգիստ չէին տալիս՝ խա՛շ, խա՛շ, խա՛շ…

Ընթացքում աներձագին ևս զանգեց, ձեռքի հետ վեց շիշ օղի գնեց, հանքային ջուր, լիմոնադ: Մնում էին լավաշը, բողկը, կանաչին ու ծիծակը, որ թողել էր վերջին օրվան:

Նախնական ծրագրով միայն տղամարդիկ էին լինելու՝ ամենամոտիկները: Գիտեր՝ մյուսները կնեղսրտեն, բայց ի՞նչ կարող էր անել: Հետո քեռին ու աներձագը լուր տվին, թե՝ կանանց հետ ենք գալու: Հապա ինչպե՜ս. կանայք նույնպես սկսել են խաշից հասկանալ, համ էլ այնքան էին դողդողում ամուսինների վրա, որ չէին կարող մինչևիսկ մեկ ժամ ազատ թողնել: Այնուհետ եղբայրը զանգեց: Նրա կինը ևս հոգացել էր, որ ամուսինը մենակ չլինի, միայն թե լծակցի ձեռուոտը շղթայելու առավել ժամանակակից, խորամանկ տարբերակ էր ընտրել՝ կգնաս, բայց… երեխաներով: Միմիայն այդ պայմանով, -նետել էր:

Երվանդը ոչ մեկին չմերժեց, չասաց, որ եղած-չեղածը չորս ոտք է, տանսհինգ կտոր: Ստիպված շամպայն առավ, թնդեցրած գինի /տիկնանց համար/, հավեր, կոնֆետ, վերջին պահին ռեսորանային գնով՝ ձիթապտուղ, ապխտած միս, երշիկ: Կինն էլ, տեղեկանալով, որ հարսը ևս գալու է, քարը փեշից թափելով, անցավ խմորեղենի գործին: Լավաշին, կանաչուն, բողկին գումարվեցին տանձն ու խնձորը, մանդարինը:

Աշխատավարձը ծախսել էր: Հոգեպահուստ յոթանասուն ռուբլի ուներ, դա ել հանեց:

Շաբաթ երեկոյան, երբ ցուցակում նշված բոլոր մթերքները պատրաստ էին, խաշը դրեց գազօջախին: Եռից, առաջին ջուրը թափելուց հետո կրակը թուլացրեց, որպեսզի դանդաղ եփվի: Ձեռքի հետ սխտորը կլպեց, հետո, որպեսզի ժամանակ սպանի, գիրք առավ ձեռքը: Կինն ու երեխաները քնել էին, աղմուկը դադարել: Միայն խաշն էր լսելի քլթքլթում. առնվազն չորս-հինգ ժամ դեռ պիտի եփվեր: Կարդալ չէր լինում: Մեկ վաճառողին էր մտաբերում, մեկ գլուխը քարշ ննջող շինարարին: Մարդ հասցեն իմանար, հրավիրեր. այդ դեպքում չէր մերժի: Կնոջ հետ էր կռվում, ապա անցնում կանանց գերին դարձած եղբորը, քեռուն, աներձագին: Խաշ հորինողին էր անիծում, ով փորձանքի մեջ գցեց, կանաչի ծախողներին ու բոլոր նրանց, ովքեր հանձնվել էին նյութին, աղքատացել հոգով: Մտքով ետ գալով՝ սանդուղքներով ելնում էր վերին հարկը, ուր տաքսու վարորդ հարևանն ու նորոգման գրասենյակի գլխավոր ինժեներն էին: Նրանց հաշվով, ով ամառները բակ չի իջնում, մինչև տասներկուսը նարդի չի գցում, լավ մարդ չէ: Բա եղա՞վ: Նման հարևանության վերջն էլ է հայտնի: Տան պատերի ներսում բամբասում են բոլորից, հազար ու մի չեղած ստորություններ վերագրում իրար, սակայն հանդիպելիս՝ բարև, ախպե՜րս… Փորձիր մեկնումեկի հավին քշա ասել, դիմակները շպրտելով՝ կբզկտեն: Նկուղում մեկ սանտիմետր ավել տարածքի համար պատրաստ են պոզահարել դիմացինին /եթե տեսնեն, խեղճ է/, բայց քծնել, շողոքորթել գիտեն նրան, ով եկամտաբեր պաշտոնի է, ումից օգուտ են ակնկալում: Ինքը դեմ է նման հարևանությանը, մարդկային հարաբերություններին: Ամեն բան՝ կշեռքի նժարին: Հավասարաչափ, ազնվորեն, առանց հետին մտքի: Մնացյալը թող ինձ, իմ սրտին: Կամեցա, լավություն կանեմ, չցանկացա՝ չեմ անի: Մի պարտադրեք, մի՛: Եվ տեսեք, թե սիրտն ինչպես կձգտի բարության, զոհողության, ազնիվ արարքի, այլապես գրգռում եք, թշնամացնում, ու սիրտը թելադրում է՝ պետք չէ, քեզ օգտագործում են, ազնվությունը մղվել է հետնախորշ, պաշտպանվիր, կեղևվիր…

Խառնիփնթոր, առօրյա հոգսերով ծանրաբեռ ուղեղը գիշերային լռության մեջ մանրալրկիտ որոճում էր մտքի հերթական պատառը, կուլ տալիս: Նյարդային լարված վիճակը, խաշին առնչվող ապրումները մնացել էին հեռվում: Խաշը պակաս կլինի, ոչինչ, փոխարենը, խնդրեմ, տեղ-տեղ հավի միս, սեղանի ավազանում՝ սառը խորտիկներ, խմիչքը՝ չափավորից թունդ, միջավայրային ճնշումը՝ տանելի:

Խաշը քլթքլթում էր, յուրահատուկ հոտը բռնել էր տունը: Երվանդը ժամանակ առ ժամանակ բարձրացնում էր կափարիչը, զգույշ, որպեսզի ջուրը ձեռքին չցայթի, խառնում: Մսի կտորները կծկվել, պնդացել էին: Երկյուղած, որ մինչև լույս չի եփվի, մի փոքր ուժգնացրեց կրակը: Քունը տանում էր, իսկ անելիք չկար: Անցավ ննջասենյակ, մեկնվեց կնոջ կողքին: Որոշեց մի ժամի չափ քնել, հետո կարթնանա ու տեր կկանգնի: Թող իր համար եռ գա:

Արթնացավ լուսաբացին, դարձյալ կքներ, եթե ականջին չհասներ կողակցի ձայնը.

-Ի՞նչ հոտ է:

Աղմուկով վեր թռավ, վազեց խոհանոց: Տունը ծխով էր լցվել: Թափով վերցրեց կափարիչը:

Խաշն էր վառվում:


    

«Միայնակ զինվոր» շարքից:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
15499 | 0 | 0
Facebook