Loading...

Articles

Անդրադարձ ղարաբաղցի խիզախ հայերից երեքի մասին ավանդապատումներին

22:16, Wednesday, 14 February, 2018
Անդրադարձ ղարաբաղցի խիզախ հայերից երեքի մասին ավանդապատումներին

Երբ 18-րդ դարի 80-ական թվականներին կայսերական Ռուսաստանը Ղարաբաղի հայերին օգնելու վերաբերյալ խոստումը չի կատարում և հետաձգում է դեպի Այսրկովկաս արշավանքը` հայերին մենակ թողնելով գազազած թշնամիների հանդիման, երկիրը փորձում է սեփական ուժերով իր ազատության ու փրկության համար պայքարել:

Ղարաբաղի Իբրահիմ խանի կողմից ավելի վաղ գերված մելիք Մեժլումն ու մելիք Աբովը փախչում են Շուշու բանտից` պայքարը գլխավորելու համար: Ըստ ժողովրդական ավանդապատման` մելիքներին ազատել են նրանց խիզախ խմբապետներ Թյուլի Արզումանը, Դալի Մահրասան և Զաքար Մելքումը: Նրանք ներթափանցում են Շուշու բերդ, տապալում են բանտի դռները և փախցնում են երկու մելիքներին:


     Գրող Րաֆֆին գրի է առել նրանց քաջագործություններն ու նրանցից մեկի հոր խիզախ պահվածքը գովերգող հետևյալ առասպելախառն զրույցները, իր կողմից էլ, հավանաբար, հավելումներ է կատարել, որպեսզի հայ երիտասարդներին հայրենասիրությամբ բոցավառի, ինչպես դա արել է հորն ու մորն սպանած Սամվելի դեպքում, որի հայրենասիրության մասին պատմիչ Փավստոս Բուզանդը մեկ բառ անգամ չի ասել:


     «Թուրքաց լեզվով, գրում է Րաֆֆին, «Դալի Մահրասա» նշանակում է «գիժ աբեղա»: Եվ, իրավ, այդ մարդն աբեղա էր, Ջրաբերդի Եղիշե Առաքելո վանքի միաբան…Նրա իսկական անունն Ավագ վարդապետ էր, բայց ժողովուրդը նրան «դալի (գիժ) տիտղոսը տվեց: Այդպիսի տիտղոս էին կրում 16-րդ դարի Արևելքի հերոսը` Քյոր Օղլին և նրա խմբի քաջերը (ղաչաղները` քաջե՞ր) . դրանք կոչվում էին Քյոր Օղլու «դալիներ»: Դալի Մահրասան Ղարաբաղի հայոց Քյոր Օղլին էր (ինչպիսի~ անհաջող համեմատություն, Քյոր Օղլին նաև հայակեր ավազակ է եղել) …Երբ հեծնում էր իր նշանավոր մոխրագույն (բ ոզ) նժուգը և կայծակի նման նետվում էր պատերազմի դաշտ, նրա ահարկու, որոտալից ձայնը բավական էր թշնամուն սարսափեցնելու համար: Սիմեոն կաթողիկոսի ժամանակ նրան տարան Էջմիածին և բանտարկեցին սառցատան մեջ, որ ապաշխարե (եթե թուրքերի դեմ է կռվել, ապա ինչո՞ւ են Էջմիածնում բանտարկել, միգուցե նա նաև հայերի՞ն է վնասել): Մի օր բանտի մեջ նա լսեց, որ ինչ-որ աղմուկ է տիրում: Նրա հարցին պատասխանեցին, թե ջալալի քրդերը եկան վանքի անասունները թալանեցին, և հիմա վտանգ կա, որ վանքն էլ կկողոպտեն: - Կարո՞ղ եք ինձ մի ձի ու մի քանի զենք տալ, - հարցնում է ապաշխարողը: Երբ խնդիրքը բավարարվում է, նա հեծնում է ձին ու ընկնում է ջալալիների հետևից: Մի քանի ժամ անց վերադառնում է` բերելով քրդերի տարած ավարը…Նրան արձակում են` խոստմունք առնելով, որ այլևս մարդասպանություն չի կատարի: Բայց նա չի կատարում իր խոստումը: Հայրենիքի թշնամիներին սպանելը նա մեղք չէր համարում և շարունակում էր մասնակցել մելիքների մղած բոլոր կռիվներին»:

«Հիմա Թյուլի Արզումանի մասին: «Թյուլի» թուրքաց լեզվով «ավազակ» է նշանակում, բայց ոչ այն տեսակ ավազակ, որը գիշերը ծածուկ մտնում է քնած մարդկանց տունն ու կողոպտում: Թյուլին բացահայտ է գործել, օր-ցերեկով քարավաններ, գյուղեր ու քաղաքներ է կողոպտել: Այսպես էր նաև Արզումանը (մի՞թե կողոպուտով ու ավազակությամբ են պայքարում թշնամու դեմ): Նա մելիք Աթամի հոր` մելիք Իսրայելի հովվի որդին էր, մանկության օրերին ոչխարներ է արածեցրել, իսկ հետո մելիք Աթամի ընտիր զորապետներից մեկն է դարձել: Փանահ խանն այն աստիճան էր նեղված Թյուլի Արզումանից, որ մի հնարքով նրա հորը` Սարգսին, բռնել է տալիս ու նետում է Շուշու բերդ` իբրև պատանդ:

Մի օր խանը Սարգսին ասում է. «Խրատի'ր քո որդուն, որ դադարե չարագործություներից. նա Ղարաբաղի երկիրն ավերակ դարձրեց Մազե կամուրջը կարոտ դարձրեց մարդկանց անցուդարձին»:

«Ես Արզուման որդի չունեմ, - պատասխանում է ծերունի հայրը»: «Ինչպե՞ս չունես», - հարցնում է խանը բարկությամբ, - մի՞թե այդ արյունարբու Արզումանը, որ կողոպտում է իմ երկիրը, հրդեհում է իմ գյուղացիների տները, որ ամեն օր ինձ հանգստություն չի տալիս, մի՞թե այդ ավազակը քո որդին չէ»:

«Այո', իմ որդին չէ, - պատասխանում է դառնացած ծերունին, - եթե նա իմ որդին լիներ, քեզ մինչև այսօր կենդանի չպիտի թողներ և քո բերդի ավերակները քո գերեզմանը պիտի դարձներ»:

Խանը հրամայում է հանդուգն ծերունուն իսկույն գլխատել:

Մի անգամ Արզումանը հանդիպում է մի բարձրաստիճան թուրք մոլլայի, որն իր ծառաների հետ դեպի Շուշու բերդ էր գնում: Նա սուրը մոլլայի պարանոցին է դնում ու ասում է.

«Եթե կխոստովանես, որ Քրիստոսն Աստված է, չեմ սպանի»: Մոլլան խոստովանում է: Արզումանն այդ խոստովանությունը երեք անգամ կրկնել է տալիս, ապա բաց է թողնում սարսափահար մոլլային: Այս դեպքի մասին տեղեկացնում են Իբրահիմ խանին: Խանն իր մոտ է կանչում մոլլային ու բարկությամբ հարցնում է.

«Մի՞թե դու խոստովանել ես, որ Քրիստոսն Աստված է»:

«Այո' - - պատասխանել է մոլլան, - իսկ դուք, վեհափառ խան, եթե Արզումանի ձեռքն ընկնեիք, ոչ միայն կասեք, որ Քրիստոսն Աստված է, այլև կհավելեիք` Արզուման, դու աստվածների աստվածն ես»:

Ջրաբերդը մեկ այլ խիզախ որդի էլ է ունեցել: Դա Չալաղան յուզբաշին է եղել: Րաֆֆին նրա մասին հետևյալն է պատմում.

«Չալաղան յուզբաշու պատմությունը կարճ է. այն բովանդակվում է հենց իր մականվան մեջ, որ ժողովուրդը տվել է նրան: Դա բառացի թարգմանությամբ նշանակում է հափշտակող կամ ասպատակող հարյուրապետ: Եվ, իրավ, նա ավելի շատ մի ավազակապետ էր, քան զորապետ: Մինչև այսօր Ջրաբերդի գավառում, Երից Մանկանց վանքի հանդեպ, մի նեղ ձորի մեջ, որի երկու կողմից բարձրանում են ահագին անտառապատ լեռներ, Թըրղի գետի ափի մոտ ցույց են տալիս մի հին ամրոցի ավերակներ: Այստեղ էր բնակվում «հափշտակող և ասպատակող հարյուրապետ» -ը: Նրա իսկական անունը հայտնի չէ, ժողովուրդն իր սիրելի հերոսին իր արհեստի անունով է կոչում: Նաև հայտնի չէ, թե նա՞ էր արդյոք այն պատգամավորներից մեկը, որոնք անդադար դիմում էին ռուսաց արքունիքին և իրենց հայրենիքի համար փրկություն էին խնդրում: Երբ տեսավ դիպլոմատիան չօգնեց, սկսեց գործել սրով»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6112 | 0 | 0
Facebook