Տարոն Մարգարյան. «Պահանջս է աշխատակազմից լինել նախաձեռնող ու առաջարկել այնպիսի ծրագրեր, որոնք առավել գրավիչ ու հարմարավետ կդարձնեն Էրեբունի վարչական շրջանի միջավայրը»
Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների ներկայացման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը նախ ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, այնուհետ նաև 2018թ. նախատեսված ծրագրերը: Խոսելով նախորդ տարի կատարած աշխատանքների մասին՝ Դավիթ Գրիգորյանը զեկուցել է, որ հետևողական աշխատանքներ են տարվել բնակելի ֆոնդի պահպանման, կրթամշակութային օջախների նորոգման, սոցիալական աջակցության, բակերի ու այգիների բարեկարգման, կանաչապատման ուղղությամբ: Ամբողջովին լուծվել է վարչական շրջանի ևս 12 փողոցների արտաքին լուսավորության խնդիրը: Զեկուցվել է նաև, որ 2017թ. ակտիվ համագործակցություն է ծավալվել Արցախի շրջանների, ՀՀ մարզերի և արտերկրի գործընկեր քաղաքների հետ: Ներկայացնելով 2018թ. նախատեսված անելիքները՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը, նշել է, որ տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներից բացի, ակտիվ քայլեր են ձեռնարկվում մասնավոր հատվածի հետ համագործակցության զարգացման և ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ: «Պարոն քաղաքապետ, տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներից բացի, մենք այս տարի ևս կշարունակենք նպատակային քայլեր ձեռնարկել մասնավոր հատվածի հետ համագործակցությունն աշխուժացնելու ուղղությամբ: 2018թ. մեր վարչական շրջանում մասնավորի կողմից շահագործման կհանձնվի երկու նոր արտադրամաս, որոնք, վստահ եմ, կարևոր դերակատարում կունենան ինչպես աշխատատեղերի ստեղծման, այնպես էլ տնտեսական աշխուժության ապահովման հարցում: Նշեմ նաև, որ այս տարի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ շահագործման կհանձնվի շուրջ 6000 քմ տարածքով հանգստի գոտի, որը յուրօրինակ նվեր կլինի Երևանի հիմնադրման 2800-ամյակին», - նշել է Դավիթ Գրիգորյանը: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով կատարած աշխատանքը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է վարչական շրջանի արտադրական ներուժի արդյունավետ զարգացմանը: |