Loading...

Articles

TVTRAD կայքը խաբում է մարդկանց

16:55, Tuesday, 06 February, 2018
TVTRAD կայքը խաբում է մարդկանց

Այսօր ամենուրեք եւ համատարած խաբեություն է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դիմացինին խաբելը մեր հասարակության ԴՆԹ-ի մի մասնիկն է դարձել, որից էլ պրծում, փրկություն չկա: Հա բայց ինչո՞ւ եւ մինչեւ ե՞րբ... Մենք, այո՛, հենց մենք ենք մեղավորը, մենք ենք թույլ տվել եւ թույլ ենք տալիս, որ մեզ, մեր կողքինին, դիմացինին աջ ու ձախ խաբեն: Մեղավոր ենք, քանի որ լռում ենք, մեղավոր ենք, քանի որ ամեն մեկս միայն մեր մասին ենք մտածում, ու երբ մեզ խաբում են՝ ԼՌՈՒՄ ԵՆՔ... Բայց ես չեմ լռելու, ու դրա համար հիմնավոր պատճառներ ունեմ...

Սույն թվականի հունվարի 31-ին, ֆեյսբուքում, TVTRADE կոչվող կայքի գովազդներից մեկում գովազդվող օղակը պատվիրեցի: Ըստ գովազդի, ներկայացվող ապրանքը բարձրորակ պլաստմասայից է, բաղկացած 7 մասից, որի վրա ռետինե 35 մերսող գնդիկներ են: Ի դեպ, գովազդում նշվում է նաեւ, որ օղակը երեխաների կամ մարզման ընթացքում ծանրաբեռնվածությունն ավելացնելու համար կարելի է հավաքել 6 կտորով: Նախապես, մինչեւ ապրանքը պատվիրելը առցանց նամակագրության միջոցով դիմեցի TVTRADE էջի համապատասխան աշխատակցին եւ խնդրեցի պատասխանել հետեւյալ հարցին՝ ապրանքը համապատասխանու՞մ է գովազդում ներկայացվածին, թե խաբեություն է: Պատասխանեցին, որ իրենք վաճառում են բարձրորակ ապրանքներ եւ եթե ապրանքը չհավանենք, կարող ենք չվերցնել:

Պատվիրելուց հետո, առաքիչը մտնելով տուն առանց ինձ հարցնելու սկսեց ապրանքը հավաքել: Երբ սկսեցի ապրանքը ուսումնասիրել, ասացի, որ գովազդում սա չէր, պատասխանեց, որ իրենց մոտ լրիվ սրանից է ու որ շատ են պատվիրում: Խնդրեցի 6 կտորով հավաքել՝ չստացվեց, դա անհնարին էր, քանի որ անորակ եւ ոչ ճկուն նյութից չոր ու կոպիտ օղակ է: Վախենալով, որ կկոտրի, 7 կտորով հավաքեց: Ռետինե գնդիկների փոխարեն շատ կոպիտ ու սուր ծայրերով գոգավորություններ էին՝ որոնց վրա ինքնակպչուն սպունգներ ամրացվեցին:

Հիշում էի, որ չհավանելու դեպքում կարող եմ չվերցնել, բայց հասկանալով, որ TVTRADE կայքը խաբում է մարդկանց, որոշեցի այն հետ չուղարկել ու փորձարկել: Արդյունքում, առաջին իսկ օրը մոտ 30 րոպե մարզումներից հետո ես այսօր գոտկատեղիս կապտուկներ ունեմ, քանի որ օղակի վրա ռետինե մերսող գնդիկների փոխարեն պլաստմասե վնասիչներ էին՝ ինքնակպչուն սպունգները մի քանի վայրկյանում օղակի վրայից ընկան կամ կտրվեցին... Ըստ TVTRADE կայքի պատասխանատուների՝ հնարավոր չէ օղակից կապտուկներ ստանալ, այո՛, համամիտ եմ, բայց այդ կապտուկները չէին լինի, եթե օղակի վրա ռետինե գնդակներ լինեին, ոչ թե սրածայր պլաստմասե գոգավորություններ, որոնց պաշտպանիչ սպունգները մի քանի ակնթարթում գետնին թափվեցին՝ օղակի պտտվելու ընթացքում...

Եթե հավատամ առաքիչին, ապա այս օղակից շատ են պատվիրում, եթե հավատամ TVTRADE կայքում համապատասխան ապրանքի տակ եղած մեկնաբանություններին ու օղակ պատվիրել ցանկացողների թվին, ապա պետք է որ ես այսօր փաստի առաջ չկանգնեի: Բայց լրիվ հակառակ պատկերն է, որովհետեւ մարդիկ ԼՌՈՒՄ են: Լռում են տարբեր պատճառներով: Մեկը լռում է, որ վատամարդ չդառնա, մյուսը լռում է, որ չիմանան իրեն ինչ-որ մեկը կարողացել է խաբել, երրորդն էլ լռում է՝ մտածելով, որ եթե իրեն խաբեցին, ինքը գումար կորցրեց, թող մյուսներն էլ խաբվեն ու գումար կորցնեն: Հա բա հետո՞, բա մինչեւ ե՞րբ... ՄԻ՛ ԼՌԵՔ, ՄԻ՛ ԼՌԵՔ, որ չխաբեն, ՄԻ՛ ԼՌԵՔ, որ վախենան: Մի՛ վախեցեք Ձեր ձայնն ու կարծիքը լսելի դարձնել, այդ ժամանակ կվախենան Ձեզ, Ձեր բարեկամին, հարեւանին, ծանոթին կամ անծանոթին խաբել...

Հ.Գ.-1. Արդեն պարզ է, որ TVTRADE կայքը զբաղվում է խաբեությամբ՝ գովազդում է մի բան, վաճառում՝ լրիվ այլ բան: Բազմաթիվ խաբված մարդկանց լռությունը նպաստում է, որ այս ու նման կազմակերպությունները ավելացնեն իրենց խաբեության ձեւերը, քանակն ու աշխարհագրությունը… ՄԻ ԼՌԵՔ, որ ՉԽԱԲՎԵՔ…

Հ.Գ.-2. Նշեմ նաեւ, որ գովազդի մեջ նշվում է, որ օղակն արժե 7 990 դրամ, երբ արդեն պատվիրում ես, ասում են, որ 990 դրամ էլ պետք է վճարես առաքման համար:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
5552 | 0 | 0
Facebook