Loading...

Articles

ter-hambardzum.net. Ինչպե՞ս կարդալ Աստվածաշունչը

22:05, Sunday, 14 January, 2018
ter-hambardzum.net. Ինչպե՞ս կարդալ Աստվածաշունչը

Երբ դուք որևէ տեղ հյուր եք, և ձեզ ընտանեկան լուսանկարներ են ցույց տալիս, անհրաժեշտ է որոշ լրացուցիչ մեկնաբանություններ լսել, որոնք օգնում են ճիշտ կողմնորոշվել, թե ովքե՜ր են պատկերված անձինք: Չէ՞ որ ընտանեկան արխիվը տվյալ ընտանիքի հարստությունն է. այնպես որ կողմնակի մարդն այդ ամենի մեջ ինքնուրույն կողմնորոշվել չի կարող:

Աստվածաշունչը գրվել էր ընտրյալ ժողովրդի համար, որի ժառանգորդը Տիրոջ և Փրկչի աշխարհ գալուց հետո դարձավ Աստծո ժողովուրդը, այսինքն` Քրիստոսի Եկեղեցին: Աստվածաշունչը Եկեղեցու գիրքն է: Ուստի այն հարկավոր է հասկանալ այնպես, ինչպես հասկանում է այն ընտանիքը, որին պատկանում է գիրքը, այսինքն` Եկեղեցին:

Սակայն սկզբում ահա թե ինչի մասին խորհրդածենք: Այսօր ցանկացած մարդ կարող է Աստվածաշունչ ձեռք բերել, բացել այն և սկսել ընթերցել: Սակայն ի՞նչ է հարկավոր, որպեսզի այդ ընթերցանությունը դրական արդյունք բերի, փրկարար դառնա: Եվ կարելի՞ է արդյոք Աստվածաշունչը կարդալ այնպես, ինչպես սովորական գիրքն են կարդում:

Աստվածաշունչն Աստվածային գիրք է, Աստծո` մեզ ուղղված Խոսքը: Բայց այդ, Խոսքը ճիշտ հասկանալու համար մարդն ինքն իրեն պետք է դրան նախապատրաստի: Եթե մենք սրբազան էջերը բաց ենք անում ինչ-որ մի վայրում` մետրոյում կամ ավտոբուսում, եթե փորձում ենք դրանց իմաստի մեջ ներթափանցել հապճեպորեն կամ առանց ջանքի, ապա կարելի է ասել, որ ոչ մի բան չենք հասկանա: Այստեղ ներքին պատրաստություն, որոշակի հոգևոր տրամադրվածություն է պահանջվում:

Սուրբ հայրերն ուսուցանում են, որ Աստվածաշնչի ընթերցանությանը պետք է աղոթքն ու մտավոր ուժերի կենտրոնացումը նախորդեն, որպեսզի մարդու մեջ ամենօրյա կյանքի տապը «սառչի», և նա ապրումներից, կրքերից, հուզմունքներից ազատվի: «Թող քո ընթերցանությունը լինի անխռով խաղաղության մեջ», -հորդորում է Իսահակ Ասորին: Հին վանականները Սուրբ Գիրքը կարդում էին քիչ-քիչ, բարձրաձայն` ջանալով առավելագույնս կենտրոնանալ աստվածաշնչային շարադրանքի իմաստի վրա: IV դարի եգիպտական մենաստաններում վանականներն աստվածաշնչային տեքստերն անգիր էին սերտում` ամբողջ օրվա ընթացքում դրանք անընդհատ կրկնելով: Իսկ XIX դարի Ռուս Եկեղեցու սուրբ Սերաֆիմ Սարովսկին ասում էր, որ քրիստոնյայի միտքը պետք է «լողա» Սուրբ Գրքի խոսքերի մեջ:

Աստվածաշունչն ընթերցելիս հարկավոր է այն ընկալել ոչ միայն բանականությամբ, այլև սրտով: Աստվածաշունչը հարկավոր է առանց շտապողականության ընթերցել: Պետք չէ կլանել գլուխ գլխի ետևից` առանց դադարի մի քանի էջ միանգամից կարդալով: «Երբ կարդում ես Աստվածային գիրքը, մտքիդ մի՜ դիր լոկ կարդալ թերթ թերթի ետևից, - ասում է սուրբ Նիկոդիմ Սվյատոգորեցը: - Այլ խորհրդածությամբ խորամո՜ւխ եղիր ամեն մի խոսքի մեջ»: Ամենաճիշտն օրեկան մեկ գլխից ավելի չկարդալն է` խորհրդածելով կարդացածի մասին: Սուրբ Գրքի մեջ շատ կարևոր է նկատել անհասկանալի բառերը, մեզ համար գրառել նոր արտահայտությունները, որպեսզի հետագայում, դիմելով մեկնությանը կամ լուսավորյալ մարդու օգնությանը, գտնվի Աստծու Խոսքի ընթերցանության ժամանակ ծագած հարցի պատասխանը:

Երբ կարդում ենք Աստվածաշունչը, մենք հաղորդակցության մեջ ենք մտնում Աստծո հետ, ճանաչում ենք Նրան, անձնական կապ ենք հաստատում Արարչի հետ: Ուստի Աստվածաշնչի ընթերցանությունը ոչ միայն օգտաշահ, այլև խորապես հոգևոր գործ է:

Կախված գիտելիքների, կրթության, կենսափորձի մակարդակից` մարդու մեջ աստվածաշնչային տեքստի իր սեփական ընկալումն ու ըմբռնումն է ձևավորվում: Դրանում որոշ վտանգ է թաքնված: Աստծո Խոսքի հետ անհատական աշխատանքը մի կողմից մեր մեջ կրոնական զգացումն է ջերմացնում, մեր հավատն ամրապնդում: Սակայն մյուս կողմից՝ մենք սխալներից ապահովագրված չենք, երբ Աստվածաշունչը կարդալիս չիմացության, փորձի բացակայության և համապատասխան կրթություն չունենալու պատճառով կարող ենք սխալ եզրակացությունների հանգել:

Այս կապակցությամբ հարց է ծագում, իսկ Սուրբ Գրքի ճիշտ ըմբռնման համար կա՞ արդյոք անսխալական մի չափանիշ: Եկեղեցին հաստատում է` քանի որ Աստվածաշունչն Աստծո ժողովրդի` Եկեղեցու գիրքն է, ուստի հենց համաեկեղեցական ըմբռնումն էլ բովանդակում է այն չափանիշը, որն էլ հիմք ընդունելով` կարելի է սխալներից խուսափել:

Ինչո՞ւ է Աստվածաշնչի համաեկեղեցական ընբռնումն անսխալական, իսկ անհատականը մոլորության կարող է հանգեցնել:

Աստվածաշունչն Աստծո շնչով, Աստվածային ներշնչմամբ գրված գիրք է, և Աստծո` աշխարհին ու մարդուն հղած ուղերձի էության մեջ ներթափանցելու համար հարկավոր է սրտում ունենալ Սուրբ Հոգին:

Մարդիկ տարբեր չափով են հեռու Աստծուց: Մեկը Նրան մոտ է, մյուսը` հեռու: Մեկն ունի Սուրբ Հոգու մեծ շնորհները, իսկ մյուսն այդ շնորհները չունի: Սակայն հայտնի է` Եկեղեցում` որպես հավատի համայնքում, ապրում է այն նույն Աստվածային Շունչը, որ աստվածաշնչային հին հեղինակներին ներշնչեց Աստվածաշունչ տեսքտերը: Դրա համար էլ Եկեղեցին, այդ Շունչն իր մեջ ունենալով, ի զորու է Աստծո Խոսքն անսխալ ըմբռնել: Սուրբ Գրքի այդ կատարյալ մեկնությունը, իհարկե, բովանդակվում է ոչ այս կամ այն եկեղեցական գործիչների, թեկուզ անգամ ամենալուսավորյալների ու հեղինակավորների անհատական մեկնություններում: Աստծո Խոսքի ճշմարիտ ըմբռնումը պահպանվում է եկեղեցական ուսմունքի մեջ, որը ձևավորվում է Սուրբ Գրքի հիման վրա, պատկանում է եկեղեցուն և նրա գրկում էլ փոխանցվում է սերնդեսերունդ: Այսպիսով` Աստծո Խոսքի վրա հիմնված եկեղեցական ուսմունքն իր էությամբ այդ Խոսքի ընդարձակ մեկնությունն է` ներշնչված Սուրբ Հոգու զորությամբ:

Ինչպիսի՛ հանդիսավորությամբ, ինչպիսի՛ փառահեղությամբ է կատարվում Սուրբ Գրքի ընթերցանությունը եկեղեցում: Ժամերգության ամենակարևոր պահերից մեկի ժամանակ Աստծո Խոսքը հանդիսավորապես բերվում է տաճարի կենտրոն: Աստվածային պատարագի ժամանակ` նախքան տեքստի ընթերցումը, քահանան հատուկ աղոթք է անում, որով Տիրոջը խնդրում է օգնել, որ բոլոր ներկաները ընթերցվածի իմաստը հասկանան: Սարկավագն ազդարարում է` «Երկիւղածութեա՜մբ լուարուք, պռօսխումէ: Այսինքն` իմաստություն ստանալու համար նախ երկյուղ պետք է ունենալ` համաձայն Սուրբգրային այն վկայության, թե` «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Առակ. Ա 7): Աստծո Խոսքն անհրաժեշտ է երկյուղածությամբ լսել, քանի որ Ավետարանն ընթերցելու ժամանակ Տերն է, որ խոսում է մեզ հետ, ինչպես որ սարկավագն է հայտարարում` «Ասէ Աստուած» (Ծան. խմբ): » , - դրանով ընդգծելով, որ Աստծո Խոսքը մարդկանց առանձնահատուկ իմաստություն է տալիս, և այն հարկավոր է առանձնահատուկ ուշադրությամբ էլ ընկալել: Պատարագի վերջում, ընթերցվող Աստվածաշնչային տեքստերին հետևում է Աստվածային ճշմարտությունների եկեղեցական ճիշտ ըմբռնմանն օգնող քարոզը:

Լսելով Սուրբ Գրքի խոսքերը` մենք կանգնում ենք խոնարհված գլխով, պատրաստ` Աստծո Խոսքն ընդունելու: Լսելով Աստվածային Հայտնության հավիտենական խոսքերը՝ մենք ժամանակավորապես հեռանում ենք աշխարհից և ներամփոփվում ենք ինքներս մեր մեջ, քանի որ Աստծո Խոսքը, ըստ առաքյալի վկայության, իր գործողությամբ նման է «Հոգևոր սուսերի» (Եփ. Զ 17), որն ի զորու է հատել մարդկային բնությունը, զատել ճիշտը ստից, լույսը` խավարից, բարին` չարից: Աստծո Խոսքը վիթխարի զորություն ունի՝ մարդու վրա հոգևոր ներազդեցություն գործելու: Եվ շատ կարևոր է, որ մենք, այդ Խոսքին անսալով, մեր մեջ ընդունենք այն ճշմարտությունը, որ Սուրբ Հոգին տվեց հին հեղինակներին և որ մինչև օրս էլ տալիս է Քրիստոսի եկեղեցուն՝ հավատքի համայնքին:

Կիրիլ Պատրիարք Մոսկվայի և Համայն Ռուսիո «Հովվի խոսքը»


    
    
     http://ter-hambardzum.net
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7855 | 0 | 0
Facebook