Հայաստան ներկրվող խաղալիքներում գերակշռում են ֆտալատները (քիմիական նյութեր), որոնք կարող են ախտահարել լյարդը, ենթաստամոքսային գեղձը, ազդել երեխայի սեռական զարգացման և գլխուղեղի վրա: Այս մասին հայտնել են ոլորտի մասնագետները Նոյեմբերի 22-ին տեղի ունեցած «Քիմիակաան նյութերը Հայաստան ներկրվող խաղալիքներում» թեմայով քննարկման ընթացքում ։
Այս ոլորտում կատարվել են մի շարք հետազոտություններ, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ 2012 թվականին ներկրվող խաղալիքներում գտնվել են 4 տեսակի ծանր մետաղներ, իսկ արդեն այս տարի մասնագետները բացահայտել են պլաստիկ նյութերի մեջ ֆտալատների առկայությունը: Հետազոտությանը մասնակցել են 5 երկրներ, հետազոտվել են 16 խաղալիքներ, որոնցից 9-ը չինական արտադրության են, 3-ը` ռուսական, 1-ական` վիետնամական և բելառուսական, ևս երկուսը` անհայտ ծագման:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի գիտաշխատող Քնարիկ Գրիգորյանի խոսքով մյուս երկրներում ֆտալատներ թույլատրվում է օգտագործել ամբողջ զանգվածի 0.1%-ը:
«Մեզ մոտ 19% է կազմում, այսինքն 190 անգամ գերազանցում է տվյալ նորմերը» , - նշում է Ք. Գրիգորյանը:
2017թ. 17 տնտեսվարող սուբյեկտների մոտ կատարվել են տեսչական ստուգումներ: 12-ի մոտ հայտնաբերվել են խախտումներ ինչպես սերտիֆիկատի, այնպես էլ հայերեն մակնշման հետ կապված:
Մասնագետները խորհուրդ են տալիս խաղալիք գնելիս ուշադիր լինել, պահանջել սերտիֆիկատ, նախապատվությունը տալ թանկարժեք խաղալիքներն, որոնք ավելի որակով են և քիչ քանակությամբ քիմիական նյութեր են պարունակում, ինչպես նաև ուշադրություն դարձնել հոտին, եթե շատ հոտավետ է, ուրեմն ֆտալատների քանակը շատ բարձր է:
Ֆտալատների արգելման մասին որոշումը շուտով կմտնի ԵԱՏՄ կանոնակարգի մեջ: Մասնագետները հույս հայտնեցին, որ այս դաշտը շուտով կկարգաավորվի: