ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ ___________________________ ԱՌԱՋԻՆ ՍՈՒՐԱՀ Եվ քարավանը Աբու – Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով` Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով: Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր, Եվ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր: Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով, Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ` սիրո արցունքով: Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն, Բույր ու համբույր էր խնկարկվում չորս կողմ խալիֆների քյոշքից լուսեղեն: Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով, Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով: Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա, Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա: Եվ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում. Անհայտ ուղին էր Աբու – Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում: - Գնա, միշտ գնա, իմ քարավանս, և քայլիր մինչև օրերիս վերջը, - Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին Մահարին, մեծ բանաստեղծը: Գնա մենավոր վայրերը թափուր, ազատ, կույս և սուրբ զմրուխտյա հեռուն, Դեպի արևը սլացիր անդուլ, և սիրտս այրիր արևի սրտում: Ախ, մնաք բարև չեմ ասում ես ձեզ, իմ հոր գերեզման, օրոցք մայրական, Իմ հոգին հավերժ խռով է ձեզ հետ, հայրենական հարկ, հուշեր մանկական: Ես շատ սիրեցի իմ ընկերներին, և բոլոր մարդկանց մոտիկ ու հեռու, Իժ դարձավ խայթող իմ սերը հիմա, թույն - ատելությամբ սրիտս է եռում: Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում, Մարդկային հոգում` զազիր ու նանիր` համրել եմ հազար գարշանք ու նողկում: Բայց ամենից շատ ատում եմ հազար ու մեկերորդը – կեղծիքը հոգու, Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու: Մարդկային լեզու, դու որ երկնային բույրով ու թույրով, շղարշով պայծառ Ծածկում ես մարդու դժոխքը հոգու, ոգե՞լ ես արդյոք ճշմարիտ մի բառ: Իմ սեգ քարավան, գնա, մխրճվիր անապատի մեջ` վայրի ու բոցոտ, Եվ իջևանիր այն պղնձացած, շեկ ժայռերի տակ, գազանների մոտ: Խփեմ վրանըս, օձ – կարիճների բըների գլխին վրանըս խփեմ, Այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ, քան թե մարդկանց մոտ, կեղծ ու ժպտադեմ: Քան ընկերի մոտ, ախ, որի կրծքին դնում էի ես գլուխըս սիրով, Կուրծքը ընկերի, որ շղարշում է անդարձ կորստի անդունդը ստով: Այնքան ժամանակ, որքան արևը կայրե Սինայի սնարները վես Եվ անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես, - Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի, Գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմ բորենիների: Եվ գազանները թող ինձ հոշոտեն, վայրագ հողմերը շաչեն ինձ վրա, Եվ այսպես, մինչև օրերիս վերջը, քարավանս անդարձ, գնա ու գնա… - Եվ վերջին անգամ Աբու Մահարին ետ դարձավ նայեց նիրհած Բաղդադին, Գարշանքով շրջեց ճակատը կնճռոտ և փարվեց ուղտի թավ պարանոցին: Սիրով գուրգուրեց, ջերմ շրթունքներով համբուրեց ուղտի աչքերը վճիտ, Եվ թարթիչներից նրա կախվեցին անզուսպ արցունքի երկու այրող շիթ: Անուշ մրմունջով, նիրհած դաշտերով մեղմ օրորվում էր ձիգ քարավանը, Գնում էր առաջ, դեպի անապատ, անհայտ ափերը, կույս – հեռաստանը: ԵՐԿՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ Եվ ոլորվում էր այն քարավանը սեգ արմավների շարքերի միջով, Փոշի էր հանում, - փոշու քարավան, որ վարում էր լուռ` խորշակն հուր շնչով: - Քայլիր, քարավան, ի՞նչ ենք թողել մենք, որ կարոտանքով ցանկանք մեր դարձը, - Այսպես էր խոսում իրեն սրտի հետ Աբու Մահարին, մեծ բանաստեղծը: Թողել ենք այնտեղ կի՞ն - աստվածային, սե՞ր - երջանկություն, անհուն երազա՞նք.- Քայլիր, կանգ մի առ, թողել ենք միայն շղթա ու կապանք, կեղծիք ու պատրանք: Եվ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ, Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին: Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին, Նա կավատ, վարար, մի չքնաղ դժոխք, նրա բերանով Իբլիսն է խոսում: Դու երազել ես աստղը հեռավոր, հրեշտակաթև շուշանն ըսպիտակ, Որ քո վերքերին բալասան լինի, ոսկեշող երազ կյանքի ցավի տակ: Դու տենչացել ես լույս - ափերի մեջ քեզ իրեն կանչող աղբյուրի երգին, Եվ անմահության ցողն ես երազել և անուշ լացել երկնային կրծքին, - Բայց սերը կնոջ` տոչորված հոգուդ, աղ – ջուր է տալիս, որ միշտ ծարավնաս, Հուր տարփանքի մեջ հաղթական կնոջ մարմինը լիզես և չըհագենաս: Ոհ, կնոջ մարմին, պագշոտ, օձեղեն, դիվական անոթ ոճիրների չար, Դու, որ մսեղեն դառն հաճույքով արևը հոգու դարձնում ես խավար: Ատում եմ սերը` մահու պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար, Այդ քաղցր թույնը, որով արբողը ստրուկ է դառնում և կամ բռնակալ: Ով սեր, բնության դու խոշտանգիչ կամք, նենգ ու դավադիր ոգի աննահանջ, Դու թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ: Ատում եմ կնոջ` տարերքը կրքի, միշտ բեղմնավորող եղեռնը անսանձ, Աղբյուրն անսպառ, որ կուտակում է աշխարհի վրա տիղմը չարության: Ատում եմ նորից սերն ու կնոջը, իր համբույրները շողոմ ու դժնյա, - Փախչում եմ նրա ճահիճ - մահիճից, և անիծում եմ երկունքը նրա: Երկունքը դաժան և հավերժական, որ հեղեղում է վտառն իժերի, Որոնք խայթում են, հոշոտում իրար, աստղերն են պղծում տռփանքով ժահրի: Սրիկա է նա ով հայր է լինում, ով երանավետ ծոցից ոչնչի` Գոյության կոչում թշվառ հյուլեին և գլխին վառում գեհենն այս կյանքի: - Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն` չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ, - Այս իմ կտակը թող գրվի շիրմիս, եթե լուսնի տակ մի խորշ պիտ գտնեմ: Այնքան ժամանակ, որ ծովը պիտի փարե Հեջազի ափերն զմրուխտյա, Ես ետ չեմ դառնա կնոջ մոտ երբեք, ես չեմ կարոտնա թովչանքին նըրա: Կըգգվեմ վայրի տատասկը դժնի և կըհամբուրեմ փշերը նրա, Գլուխս կդնեմ այրվող ժայռերին և կըլամ նրանց ջերմ կրծքի վրա: - Եվ քարավանը մեղմիկ կարկաչով չափում էր ուղին ոլոր ու մոլոր, Դեպի երազուն և կապույտ հեռուն հոսում էր առաջ հանգիստ ու անդորր: Զանգակներն, ասես, հեկեկում էին և ծորում հատ – հատ հնչուն արցունքներ, Քարավանն, ասես, լալիս էր անուշ, ինչ որ Մահարին սիրել, լքել էր: Եվ զեփյուռների սրինգները մեղմ գեղգեղում էին շարքիներն անուշ Սիրո վերքերի, վշտոտ կարոտի և երազական թախծանքի քնքուշ: Եվ Աբու – Լալան խորհում էր մռայլ, և նրա վիշտը անհունի նման, Ինչպես իր ուղին, որ գալարվում է, ձգվում է անծայր ու չունի վախճան: Հյուսվելով անծիր ճանապարհի հետ` լուռ թախծում էր նա ցերեկ ու գիշեր, Հայացքը հառած անհայտ աստղերին, հոգու մեջ դառըն ու ցավոտ հուշեր: Եվ ետ չէր նայում անցած ճամփեքին, և չէր ափսոսումափսոսում թողած – լքածին, Ողջույն չէր վերցնում, ողջույն չէր տալիս անցնող ու դարձող քարավաններին: | | | | | | | | ԵՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ Եվ քարավանը Աբու – Լալայի աղբյուրի նման մեղմ կարկաչելով, Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ հեզ լուսնկայի շողերի միջով: Եվ լուսինն, ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը` չքնաղ, լուսավառ` Մերթ ամաչելով պահվում էր ամպում և մերթ թրթռուն փայլում էր պայծառ: Նիրհ էին մտել ծաղկունքը բուրյան` ադամանդներով, շքեղ գինդերով, Ծիածանաթև հավքերը իրար գուրգուրում էին քնքուշ մրմունջով: Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա, Արմավն ու նոճին անուշ քնի մեջ` օրորվում էին ճամփեքի վրա: Հովի զրույցին ունկն դնելով Աբու Մահարին խոսում էր անձայն, - - Աշխարհն էլ, ասես, մի հեքիաթ լինի` անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական: Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր հրաշքներով, Եվ ո՞վ է պատմում բյուր - բյուր ձևերով` անդուլ ու անխոնջ` այսպես թովչանքով: Ազգեր են եկել, ազգեր գնացել, և չեն ըմբռնել իմաստը նըրա, Բանաստեղծներն են հասկացել դույզն ինչ և թոթովում են հնչյուններն անմահ: Ոչ ոք չի լսել սկիզբը նըրա, և չի լսելու վախճանը նըրա, Ամեն հնչյունը դարեր է ապրում, ամեն հնչյունին վերջ, սկիզբ չկա: Բայց ամեն մի նոր ծնվածի համար նորից է պատմվում հեքիաթն այս շքեղ, Նորից սկսվում և վերջանում է ամեն մի մարդու կյանքի հետ մեկտեղ: Կյանքը երազ է, աշխարհը` հեքիաթ, ազգեր, սերունդներ - անցնող քարավան, Որ հեքիաթի մեջ, վառ երազի հետ, չվում է անտես դեպի գերեզման: Կույր ու գուլ մարդիկ, առանց երազի, առանց լսելու հեքիաթն այս վսեմ, Իրար կոկորդից պատառ եք հանում և դարձնում աշխարհն` ահավոր ջեհնեմ: Ձեր օրենքները – լուծ ու խարազան, և անելք մի ցանց խոլական սարդի, Եվ որոնց ժահրով թունավորում եք երգը բլբուլի, անուրջը վարդի: Եղկելի մարդիկ, փոշի կըդառնան ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար, Եվ ժամանակի ձեռքը անտարբեր կըսրբե - կավլե պիղծ հետքերը ձեր: Եվ ունայնաշունչ հողմը կըշաչե ձեր ոսկորների քարերի վըրա, Իսկ վայելելու դուք միշտ ապիկար` երազն այս չքնաղ, հեքիաթն այս ոսկյա: – Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով, Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի պայծառ, անշեջ զընգոցով: Եվ արար - աշխարհ լցված էր, դյութված բյուր նվագներով հավերժ երկնային, Եվ անուրջներում նա վերասլաց լսում էր հոգով վսեմ երգերին: - Գնա, քարավան, մեղմ հնչյուններդ հյուսելով երկնի լույս – ղողանջի հետ, Վիշտս տուր հովին, քայլիր բնության ծոցը մայրական, և մի նայիր ետ: Տար ինձ լուսազգեստ, օտար մի եզերք, հեռու, հեռավոր, մենավոր ափեր, Սուրբ մենակություն, դու, իմ օազիս, դու, երազների աղբյուր զովաբեր: Լռության երկինք, խոսիր դու ինձ հետ աստղերիդ լեզվով և ամոքիր ինձ, Գուրգուրիր հոգիս` աշխարհից խոցված, մարդուց խայթըված վիրավոր հոգիս: Իմ մեջ այրվում է մի անհագ կարոտ, կարեկից մի սիրտ` լացող հավիտյան, Եվ իմ հոգում կա մի չքնաղ երազ, և սուրբ արտասուք, և սեր անսահման: Ոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում իմ վրա իշխող ոչ մի զորության, Ոչ օրենք, սահման, ոչ ճակատագիր, ոչ չար ու բարի և ոչ դատաստան: Իմ գլխի վերև չպետք է լինի ոչ մի հովանի, ոչ մի իրավունք, Եվ իմ կամքից դուրս ամեն ինչ բանտ է, և ստրկացում, և բռնադատում: Ես կուզեմ լինել անսահման ազատ, անպարտք, անիշխան, այլև անաստված, Հոգիս տենչում է միայն, միմիայն` մեծ ազատության` անհուն, անտարած: - Եվ քարավանը հյուսվում էր առաջ, և նըրա վերև շողում էին վառ Մանկան ժպիտով աստղերը ազատ, այն հավերժափայլ աչքերը գոհար: Եվ կանչում էին նրան կաթոգին լույս թարթումները ոսկի աստղերի, Եվ հոգին լցնում վսեմ ղողանջով երկնքի հազար բյուրեղ զանգերի: Վճիտ գիշերին դյութական ցոլքով փայլում էր ուղին փիրուզյա հեռվում, Եվ քարավանը` օրոր ու շորոր քայլում է անդորր փիրուզյա հեռուն… ՉՈՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ Գիշերն ահարկու` և սև, և հսկա մի չղջիկի պես թևերը փռեց, Անծիր թևերը իջան, ծածկեցին քարավանն, ուղին և դաշտերն անափ: Եվ հորիզոնից մինչև հորիզոն երկինքը լցվեց մռայլ ամպերով, Չէին շողշողում լուսինն ու աստղեր, խավարն` ասես թե` պատած խավարով: Եվ հողմերն ահեղ` նժույգների պես` սանձարձակ, վայրի արշավում էին, Հորձանքներ տալով, և հողն ու փոշին այրված դաշտերից խառնում ամպերին: Եվ մահասարսուռ շառաչում էին, և աղաղակում հազար ձայներով, Ասես, վիրավոր գազաններ էին, մռնչում – ոռնում հողմի բերանով: Նեղ ձորերի մեջ գալարվում էին և արմավենու անտառներում կույս Հեծեծում էին հողմերը տխուր, որպես թե` մի սիրտ լաց լիներ անհույս: - Գնա, քարավան, հողմերի դիմաց աննկուն քայլիր աշխարհի եզրը. – Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու - Մահարին, մեծ բանաստեղծը: Շաչեցեք գլխիս, ամեհի հողմեր, դուք, մրրիկներ, պայթեցեք գլխիս, Ես բաց ճակատով ձեր դեմ եմ կանգնած, ես վախեցող չեմ, զարկեցեք ճակտիս: Ես ետ չեմ դառնա ժանտ քաղաքները, ուր բազմաժխոր կրքերն են եռում, Ոստաններն արյան, ուր մարդը դաժան իմ նմաններին է միշտ պատառում: Իմ անտուն գլուխ, տուն չես դառնա դու, ինքդ մարեցիր երդըդ հայրենի, Վայ նրան, ով որ տուն ու տեղ ունի, կապված է շան պես իրեն տան շեմին: Արշավեք հողմեր, իմ հոր տան վերա, քանդեք, ավերեք հիմերը նրա, Եվ փոշին ցրեք մեծ աշխարհով մեկ, - անծայր ճամփան է իմ տունը հիմա: Մանկությունն է իմ սերը հիմա, երկինքն աստղաբիբ - վրանս հայրական, Եվ քարավանն է ընկերս հիմա, և իմ հանգիստը` ուղիս անկայան: Դու, կախարդ ուղի, հավիտյան անհայտ, հավիտյան դյութող իմ նոր հայրենիք, Տար ինձ, իմ սիրտը` հավիտյան լացող` այնտեղ, ուր բնավ չեն եղել մարդիկ: Մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրա և սուրը` ձեռիդ, Որ քեզ չլլկեն, քեզ չհոշոտեն թե բարեկամըդ և թե թշնամիդ: Բարեկամներից հեռու տար դու ինձ, որոնք անկշտում մժղուկների պես Հետևում են քեզ, երբ արյուն ունես, իսկ երբ ցամաքես` կմոռանան քեզ: Իմ խոր վերքերը ո՞վ կնյութեր ինձ, թե չլինեին ընկեր, բարեկամ, Որոնք համբույրով սիրտս բացեցին, որոնք համբույրով խայթեցին նրան: Բյուր կեղծիք ունի իր ակունքի մեջ համբույրը մարդկանց, համբույրն ընկերի, Որով որսում է գաղտնիքը սրտիդ և դարձնում է քեզ հավիտյան գերի: Ի՞նչ է ընկերը և բարեկամը` նենգ ու դրուժան, չարակամ ու վատ: Իմ հոգում մեռավ սիրո մի երկինք, մի վառ արեգակ, և սեր, և հավատ: Բարեկամն ի՞նչ է - լավիդ նախանձող, քայլիդ խուզարկու, բամբասող, ագահ, Ծանոթ շները չեն հաչում վրադ, ծանոթ մարդիկ են հաչում քո վրա: - Հողմերն անհեթեթ ջինների նման` Աբու – Լալայի խոժոռուն դեմքին Քրքջում էին, ծափ տալիս, ծաղրում և ապարոշից քաշքշում ուժգին: Եվ քղանցքներից կախ էին ընկնում, և աչքերի մեջ Աբու – Լալայի Շաղ էին տալիս բուռերով փոշի և կտրում թելը նրա խոհերի: | |
|