Loading...

Articles

Արդյունավետ երկիր կառուցելու գլխավոր երաշխիքը և դրանում ՀՀ Հատուկ Քննչական ծառայության ներդրումը /ՀՔԾ/

16:11, Thursday, 30 November, 2017
Արդյունավետ երկիր կառուցելու գլխավոր երաշխիքը և դրանում ՀՀ Հատուկ Քննչական ծառայության ներդրումը /ՀՔԾ/

Ցանկացած պետության կայացման հիմքում ընկած ամենակարևոր գործոններից մեկն էլ իրավապահ համակարգի կայացվածությունն է. այն թույլ է տալիս պետական միավորն ամրապնդել ներսից, ունենալ արդար հասարակություն: 21-րդ դարում հավակնոտ պլաններ կարող են ունենալ միայն այն երկրները, որոնք հասկացել են այս ճշմարտությունն ու անում են ամեն ինչ այն նյութականացնելու համար:

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 28-ին նշվում է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տարեդարձը. ուղիղ 10 տարի առաջ երկրում իրականացված դատաիրավական բարեփոխումների արդյունքում ստեղծվեց նախաքննություն կատարելու լիազորություններով օժտված, ինքնուրույն ու անկախ գործող պետական մի մարմին, որի գործունեությունը միտված էր լինելու մեկ բանի` Հայաստանում օրենքի, արդարության գերակայության հաստատմանը:

Արդարև, պետք է նկատել, որ այն արմատական փոփոխություններն ու բարեփոխումները, որոնք այս տարիների ընթացքում իրականացվել են համակարգի ներսում ու որոնք իրենց պիկին հասան հատկապես հատուկ քննչական ծառայության ներկայիս ղեկավար Վահրամ Շահինյանի օրոք, տվել ու շարունակում են տալ իրենց դրական արդյունքները. շնորհիվ 2013-ի մայիսից ներդրված հակակոռուպցիոն ռազմավարության երկրում արմատներ գցած կոռուպցիայի դեմ տարվող պայքարի գործում Հատուկ քննչական ծառայության դերն այսօր ուղղակի անփոխարինելի է դարձել, ինչն առաջին հերթին արդյունք է այն սկզբունքայնության, որն ամեն օր դրսևորվում է նախևառաջ ծառայության ղեկավարության աշխատանքային գործունեությունում. այստեղ հստակորեն գիտակցում են սեփական առաքելության կարևորությունն ու այն պատասխանատվության աստիճանը, որն ընկած է համակարգի ուսերին:

Համակարգի առաջ դրված հիմնական գերխնդիրն, ըստ էության, մեկն է` համապատասխան գործիքակազմերի կիրառման շնորհիվ բարձրացնել պետական կառավարման էֆեկտիվությունը, պայքարել դրա արդյունավետությանը խոչընդոտող ներքին ծագում ունեցող հակաօրինական երևույթների դեմ: Համակարգի աշխատակիցների թիրախում պետական համակարգում արմատներ գցած «կոռուպցիա» կոչվող ախտն է, որի կանխարգելմանն ու դրանում ներքաշվածներին կարգի հրավիրելուն է ուղղված ծառայության քննիչների ամենօրյա գործունեությունը: Հայաստանի իրավապահ համակարգի այս կարևորագույն օղակը, որն իրականացնում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններում աշխատող պաշտոնյաների, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կամ նրանց հանցակցությամբ կատարված հանցագործությունների, ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննությունները, այսօր ամենաակտիվ կերպով է ներգրավված Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության կայացման կարևորագույն գործում:

Հատուկ քննչական ծառայության ղեկավարության կողմից վարվող ճիշտ կադրային քաղաքականությունը, քննչական աշխատանքի կազմակերպման ու քննության նկատմամբ գերատեսչական վերահսկողության կատարելագործումը, քննչական աշխատանքի կազմակերպման ու քննության նկատմամբ վերահսկողության ձևերի ու մեթոդների վերանայումն ու արդիականացումը, օրենսդրական մի շարք ակտերի (քրեական, քրեադատավարական և այլն) բարեփոխմանն ուղղված Ծառայության գործադրած ջանքերը, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության աշխատանքներում միջազգային դրական փորձի կիրառումը բերել են նախաքննության որակի և արդյունավետության բարձրացմանը, որն էլ իր հերթին հանգեցրել է հասարակության շրջանում այս իրավապահ մարմնի հեղինակության աննախադեպ մեծացմանը. ՀՀ քաղաքացիներն այսօր անվերապահորեն վստահում են Հատուկ քննչական ծառայությանը, որ վաղուց դարձել է արդարության հոմանիշը իրավապահ համակարգում:

Հայաստանի Հանրապետությունը, որն այսօր կանգնած է բազմաթիվ ներքին ու արտաքին մարտահրավերների առաջ, ունի լուծելիք կարևորագույն խնդիր` բարձրցնել հասարակության վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, փաստել, որ Սահմանադրությամբ ամրագրված հանրահայտ նորմերը ոչ թե պարզապես հնչեղ պոստուլատներ են` իրականության հետ ոչ մի կապ չունեցող, այլ` միս ու արյուն ստացած իրողություններ, որոնց հիմնական նպատակը 21-րդ դարի բարձր չափանիշներին համապատասխան պետության կառուցումն է, կառուցելու երկիր, որտեղ օրենքի ուժով պաշտպանված կլինի յուրաքանչյուրն` անկախ ամեն ինչից. Հատուկ քննչական ծառայության բուն գործառույթն այս ամենը կյանքի կոչելն է, որը նա իսկապես իրականացնում է արժամապատվորեն:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4659 | 0 | 0
Facebook