Loading...

Articles

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ԿԱՅԱՑԱՎ «ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՓԱՌԱՏՈՆԸ.

12:42, Wednesday, 15 November, 2017
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ԿԱՅԱՑԱՎ «ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՓԱՌԱՏՈՆԸ.

Երկարատև նախապատրաստական աշխատաքներից հետո Երևանում առաջին անգամ անցկացվեց «Ազգային Տարազ» համահայկական մրցույթ փառատոնը:


    

Ինչպես «Նոյյան Տապան» -ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց փառատոնի հեղինակ և կազմակերպիչ, հասարակական գործիչ Էմիլ Մարկոսյանը, հուլիսից մեկնարկած փառատոնը բաղկացած է եղել մի քանի փուլերից, որոնց ընթացքում փառատոնի համակարգող խմբում ներգրավված մասնագետներն աշխատել են մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անհատների հետ:


    

Ըստ նրա՝ փառատոնի մրցութային մասը բաց է եղել հասարակության բոլոր ներկայացուցիչների համար՝ անկախ տարիքից և սեռից, ինչը հանգեցրել է հասարակական մեծ հետաքրքրության:


    

Է. Մարկոսյանի խոսքերով՝ ստացված 183 հայտից բուն մրցույթին մասնակցելու համար ընտրվել է 80-ը: «Ազգային Տարազ» -ին մասնակցելու գլխավոր պայմանն է եղել ներկայանալ սեփական տարազով, միաժամանակ պատմել տարազի պատմությունը, զարդանախշերի խորհուրդը, նաև ըստ ցանկության՝ երգել, պարել կամ ասմունքել:


    

«Երկարատև ու քրտնաջան աշխատանքից հետո հաջողվեց կազմակերպել մի գեղեցիկ, շքեղ ու հաճելի միջոցառում, որը միմիայն ազգային մշակույթը պահպանելու, վերարտադրելու և հանրությանը հիշեցնելու նպատակ է հետապնդում», - ասաց նա՝ հավելելով, որ փառատոնն արդեն իսկ բազմաթիվ հրավերներ է ստացել Հայաստանի մարզերից:


    

«Ազգային Տարազ» մրցույթ-փառատոնի կազմակերպիչն ուրախությամբ արձանագրեց, որ իրենց առջև ի սկզբանե դրված նպատակին հասել են, քանի որ կարողացել են երիտասարդ սերնդի մոտ սեր առաջացնել դեպի ազգային տարազը, դեպի գեղեցիկն ու հայկական մշակույթը:


    

Նշենք, որ մրցույթ-փառատոնին իրենց մասնակցությամբ աջակցելու էին եկել արդեն կայացած դիզայներներ և նորաձևության կենտրոններ՝ Ժոզեֆինա Մուսախանյան, Արտյոմ Սյունեցի, «Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան» իր սաների հետ, «Տարազ. Էյեմ» -ը (taraz.am):

Վերջիններս տարազների իրենց հավաքածուների ցուցադրությունը համադրեցին ազգային երգ ու պարով:


    

taraz.am-ի գործադիր տնօրեն Արմինե Հայրապետյանի խոսքերով՝ նմանատիպ փառատոնների անցկացումը ողջունելի է, քանի որ ազգային տարազի նորովի ներկայացումը հետաքրքրում է ժամանակակից երիտասարդությանը:


    

«Հիմնադրման օրվանից taraz.am-ի նպատակն է եղել ստեղծել գեղեցիկը և իմաստավորել այն հայկական զարդանախշերի միջոցով: Առաջին հավաքածուն կոչվում էր «Պատմությունից նորաձևություն» », - ասաց նա՝ հավելելով, որ իրենք հիմնականում օգտագոծում են հայկական զարդանախշերը, որոնք ամբողջությամբ ձեռքի աշխատանք են հագուստի վրա:

taraz.am-ը փառատոնին ներկայացել էր «Ճախրանք» հավաքածույով:


    

Փառատոնի ավարտին թե մասնակիցները, թե աջակիցներն արժանացել են պարգևների ու պատվոգրերի:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
8833 | 0 | 0
Facebook