Loading...

Articles

ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՆԻԿՈԼԱ ՅՈՐԳԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

15:20, Saturday, 11 November, 2017
ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՆԻԿՈԼԱ ՅՈՐԳԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ռումինացի նշանավոր մտածող Նիկոլա Յորգան ծնվել է 1871 թ. հունիսի 18-ին, Ռումինիայի Բոտոշան քաղաքում, մտավորականի ընտանիքում: Տաղանդավոր երիտասարդը տասներեք տարեկանում սկսում է գրել իր առաջին հոդվածները եւ հրապարակում «Ռոմընուլ» թերթում: ԸՆդունվելով Յաշի համալսարանը, ի զարմանս բոլորի, այն ավարտում է մեկ տարում: Այդ ժամանակ նա արդեն տիրապետում էր դասական եւ եվրոպական մի շարք լեզուների: Նա գիտահետազոտական ճանապարհորդություններ է կատարում Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Անգլիայում: Ն. Յորգան Ֆրանսիայում 1891-1893 թթ. անվանի ղեկավար դասախոսների ձեռքի տակ հիմնավորապես թրծվում է իբրեւ համաշխարհային պատմության մասնագետ: Նա արտասովոր կարողությամբ զուգընթացաբար տիրապետում էր 17-ից ավելի հին ու նոր լեզուների: Գերմանիայում եւս խորանում է գիտության մեջ: Ն. Յորգան Փարիզի եւ Լայպցիգի համբավաշատ եւ խստապահանջ երկու ուսումնական բարձրագույն հաստատություններին է ներկայացնում եւ փայլուն կերպով պաշտպանում իր ավարտաճառը, որոնք էլ երկու համարժեք դիպլոմների են արժանացնում նրան: Հազիվ 22 տարեկան էր նա, երբ ստանում է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: Այդ շրջանում էլ Ն. Յորգան հրավիրվում է աշխատակցելու ֆրանսիական մեծ հանրագիտարանին, ինչպես նաեւ ֆրանսիական մի շարք պարբերականների:

Գերմանական համալսարանի նշանավոր գիտնական պրոֆեսորները Լամբրեխտի գլխավորությամբ Յորգային են վստահում գրելու գերմաներեն լեզվով «Ռումինացիների պատմությունը» (երկու հատոր) եւ «Օսմանյան կայսրության պատմությունը» (5 հատոր), իսկ Լոնդոնում հրատարակվում է նրա «Բյուզանդական կայսրության պատմությունը» (անգլերեն) ուսումնասիրությունը: Այս բոլորը՝ նրա «Ֆիլիպ դ՛ Մեզիեր» եւ «Թոմաս III» ֆրանսերենով եւ գերմաներենով գրված ավարտաճառների հրատարակությամբ, կարեւոր անձնագիր հանդիսացան հեղինակի համար գործելու աշխարհի մեծագույն պատմաբանների շարքը:
     Նախ եւ առաջ նշենք, որ Ն. Յորգան հանդիսանում է համաշխարհային աղբյուրագիտության մեծագույն ներկայացուցիչներից է: Նա պրպտելով եվրոպական մի քանի տասնյակ քաղաքների ու մշակութային կենտրոնների արխիվները, հասավ այն ճիշտ եզրակացության, որ առանց հայտնաբերելու, վերծանելու եւ հրատարակելու սփռված հազարավոր վավերագրերը՝ անկարելի է գրել որեւէ ժողովրդի ամբողջական գիտական պատմությունը: Երկար տարիների վիթխարի աշխատանքի շնորհվ նա կարողանում է հայտնաբերել, վերծանել, թարգմանել (հունարենից եւ լատիներենից) եւ տպագրության հանձնել այնքան վավերաթուղթ, որը գիտնականների մի քանի սերնդի գործ կարելի է համարել: Նշենք, որ Ն. Յորգան հրատարակել է շուրջ երեսուն հազար փաստաթուղթ՝ ամփոփված 16.291 էջերում, չհաշված դրանց առնչվող ծավալուն ուսումնասիրությունները: Այդ վավերագրերը տարբեր ժողովածուների շարքերում են. դրանցից նշենք միայն երկուսը. «Ուսումնասիրություններ եւ փաստաթղթեր» (31 հատոր), «Նոթեր եւ քաղվածքներ խաչակիրների պատմության վերաբերյալ» (6 հատոր): Հիշյալ շարքերից բացի Յորգան հրատարակել է նաեւ մեծ թվով ձեռագրական նյութեր, անհատական արխիվներ, վիմական արձանագրություններ եւ այլն:
     Հիշատակվածներից բացի՝ համաշխարհային պատմությանն են վերաբերում հարյուրավոր այլ հատորներ, որոնցից հիշենք միայն «Համադրական փորձ մարդկության պատմության» (4 հատոր), Բյուզանդիայի պատմության նվիրված նրա մենագրությունները, Բալկանյան պետությունների, ինչպես նաեւ Բալկանյան պատերազմին վերաբերող հատորները, եվրոպական մի շարք ժողովուրդների պատմությանը նվիրված գործերը եւ այլն: Նա միաժամանակ ռումին ժողովրդի պատմության եւ գրականության պատմության մեծանուն հետազոտողն է: Այս բնագավառում ուշագրավ է նրա «Ռումեն ժողովրդի պատմություն» (11 հատոր), «Ռումեն ժողովրդի պատմությունը ըստ ուղեւորների տվյալների» (4 հատոր), «Ռումեն գրականության պատմություն» (10 հատոր), «Ռումինական առեւտրի պատմություն» (2 հատոր), «Ռումինական բանակի պատմություն», «Ռումինական դպրոցի պատմություն», «Ռումինական մամուլի պատմություն», «Բուխարեստի պատմություն», «Ռումինիայի անկախության պատերազմը» եւ այլ հետազոտությունները[6]: Ն. Յորգայի գրչին են պատկանում ռումինական հին, մանր եւ ժողովրդական արվեստներին, նշանավոր դեմքերին նվիրված ուսումնասիրություններ, որոնք տիտանական աշխատանքի արդյունք են: Նրա ուսուցիչ Ա. Դ. Քսենոփոլը նկատի ունենալով Ն. Յորգայի միայն երիտասարդական հասակում գրած աշխատությունները գրել է. «Ինչպես կարողացավ մի ուղեղ մտածել այդ բոլորը եւ մի ձեռք գրել դրանք»: Ն. Յորգան հազիվ 26 տարեկան էր, երբ ընտրվեց ռումինական ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 30 տարեկանում՝ լիիրավ անդամ:
     Ն. Յորգան հանդիսանում է նաեւ ռումեն ժողովրդի հանրագիտարանային բնույթի գիտական բազմաթիվ հանդեսների հիմնադիրը եւ խմբագիր-հրատարակիչը: Դրանցից են «Պատմական հանդես» ամսագիրը (ռումիներեն եւ ֆրանսերեն 1915-1940 թթ.), «Հարավ-արեւելյան Եվրոպայի պատմական հանդես» (եռամսյա, ֆրանսերեն 1924-1940 թթ.), «Ռումինիայի պատմական հուշարձանների հանդեսը» (ռումիներեն) եւ այլն:
     Ն. Յորգան 23 տարեկանից սկսեալ մոտ կես դար դասավանդել է Բուխարեստի պետական համալսարանում եւ խոշոր ծառայություններ մատուցել Ռումինիայում պատմաբան-մասնագետներ պատրաստելու գործում: Եղել է Բուխարեստի համալսարանի ռեկտորը, միաժամանակ վարելով նաեւ մի շարք գիտական հաստատությունների տնօրենի պաշտոնները: Յորգան Ռումինիայի պատմական հուշարձանների հանձնաժողովի նախագահն էր, Հարավ-արեւելյան Եվրոպայի ուսմանց խորհրդի տնօրենը, Ֆրանսիայի ռումինական դպրոցի տնօրենը, Բյուզանդագիտական ինստիտուտի տնօրենը, Համաշխարհային պատմության ուսումնասիրության ինստիտուտի տնօրենը եւ այլն: Նա Ռումինիան ներկայացրել է համաշխարհային բազմաթիվ գիտական ժողովներում: 1924 թ. Բուխարեստում նախաձեռնել է բյուզանդագետների առաջին համաշխարհային համաժողովը եւ ընտրվել նրա նախագահը: Շուտով Փարիզի վիմագրության ակադեմիան Յորգային է վստահում Բելգրադի բյուզանդագետների համաշխարհային համաժողովում իրենց ներկայացնելու պատիվը: Օժտված լինելով նաեւ հռետորի բացառիկ տաղանդով, Յորգան հաճախ է հրավիրվել դասախոսություններ կարդալու Եվրոպայի գրեթե բոլոր երկրների գիտական հաստատություններում:
     Յորգան մեծապես նպաստել է ռումեն ժողովրդի վերաարթնացմանը եւ դարձել նրա վերամիավորման հույզերի եւ մտորումների մեծ արտահայտիչներից մեկը: Նա միաժամանակ մեծ դեր է խաղացել ռումեն ժողովրդին մարդկությանը ճանաչելի դարձնելու գործում:
     Ն. Յորգայի անունը սերտորեն կապված է նաեւ ռումինական լրագրության պատմության հետ: Նա 1910-1940 թթ. հրատարակել է «Ռումինական ժողովուրդը» օրաթերթը, եւ գրական մի շարք պարբերականներ: Յորգան միաժամանակ բանաստեղծ էր, արձակագիր, հայտնի պարսավագրող (պամֆլետիստ), նա հեղինակ է նաեւ 40-ից ավելի պատմական թատերախաղերի: Նա թողել է նաեւ հուշագրությունների հատորներ, որոնք արժեքավոր են մարդկության նորագույն պատմության ուսումնասիրման համար:
     Յորգան բազմաթիվ թարգմանություններ է կատարել Կոլտոնիից, Էսքիլլեսից, ինչպես նաեւ բանաստեղծություններ եւ պատմվածքներ՝ զանազան լեզուներից:
     Ն. Յորգան նաեւ քաղաքական եւ պետական գործից էր: Նա ընտրվել է ծերակուտական, պատգամավորների պալատի նախագահ, եղել է լուսավորության եւ մշակույթի նախարար եւ կարճ ժամանակով նաեւ երկրի վարչապետ (1931-1932 թթ.): Ն. Յորգան միշտ մնաց իր ժողովրդի կողքին, դարձավ նրա մեծ լուսավորիչը: Ռումեն գյուղացուն նա ճանաչեց ամենուրեք եւ ոգեւորեց նրան: 1907 թ. ռումեն գյուղացիության նկատմամբ երկրում տիրող բուրժուա-կալվածատիրական կարգերի կողմից կազմակերպված ավելի հնչեց Յորգայի բողոքի ձայնը իշխող կարգերի դեմ: 1910 թ. սկսում է հրատարակել նաեւ «Ռումինական ժողովուրդը ժողովուրդի համար» թերթը եւ օրացույցների շարքը:
     Մեծ է Ն. Յորգայի դերը Ռումինիայի վերամիավորներից առաջ երկրի տարբեր մասերի ռումինացիներին եւ այլ ժողովուրդներին միմյանց հետ բարեկամացնելու գործում: Բավական է այս առթիվ միայն հիշատակել նրա հիմնադրած Վրլեն դե Մունտեի ժողովրդական համալսարանը, որը այնուհետեւ կոչվեց նրա անվամբ, ուր նա իր, ինչպես նաեւ իր հրավիրած ռումինացի եւ օտար անվանի գիտնականների դասախոսությունների շնորհիվ նոր լիցք հաղորդեց մանկավարժներին: Դարձյալ Յորգան էր, որ գյուղը լուսավորելու մտադրությամբ հիմնադրեց Մշակութային լիգան, «Սերմնացան» ժողովրդական-գրական հանդեսն ու գրադարանը՝ վերջինս նվիրելով իր անձնական հավաքածուներից տասը հազար հատորներ եւ այլն:
     1940 թ. նոյեմբերի 26-ին ֆաշիստական ուժերը ներս են մտնում իր աշխատանքային սենյակ առեւանգում են նրան եւ սպանում: Ն.Յորգայի չարանենգ սպանությունից հետո նրա գրասեղանի վրայից գտնում են մի օր առաջ իր կողմից գրված մի քերթված՝ «Ծեր եղեւնին» խորագրով, ուր նախազգալով իր մոտալուտ վախճանը մեծանուն գիտնականը դառնորեն նշում էր ծեր եղեւնու արմատից կտրվելու մասին, որի միակ մեղքը այն էր, որ կյանքի տաժանքի օրերին պատսպարվել էին նրա հովանու տակ: Ն. Յորգայի սպանության պաճառը նա է, որ նա իր հրատարակած մեծ թվով հոդվածներով զգուշացնում էր իր ժողովրդին՝ նրան սպառնացող վտանգի մասին: Նա միաժամանակ ազդարարում էր, որ ֆաշիզմը ոչ մի ապագա չի կարող ունենալ «մարդկությունը չի հանդուրժելու այդ ռեժիմը»:
     Մեծ մտածողը խոր հարգանք էր տածում դեպի փոքր ժողովուրդները: Ըստ նրա՝ մի ժողովրդի արժանիքը ոչ մի կապ չէր կարող ունենալ նրա բնակչության թվի, երկրի մեծության եւ կամ միջազգային ասպարեզում գրաված դիրքի հետ: Այս հարցում Յորգայի համար որոշիչը ու մնայունը տվյալ ժողովրդի ստեղծած հոգեկան արժանիքներն էին եւ նրա մատուցած ծառայությունները համաշխարհային մշակույթի գանձարանը հարստացնելու գործում: Յորգան այդ առումով ամենից առաջ մեծագույն հայասեր էր: Նրա ծննդավայր Բոտոշան քաղաքը դեռեւս ԺԴ դ. հայկական խոշոր կենտրոն էր, հայերը կարեւոր դեր էին խաղում քաղաքի զարգացման գործում: Յորգայի մանկության եւ ուսումնառության ընկերներից շատերը հայեր են եղել: Հետագայում, Յորգան աղբյուրագիտական տիտանական գործունեությամբ ի հայտ բերեց վեց դար շարունակ ռումինահայերի ծավալած գործունեության լուսավոր հետքերը, իսկ համաշխարհային պատմության ստեղծման ուղղությամբ իր կատարած հետազոտությունների ընթացքում զբաղվեց նաեւ հայ ժողովրդի, նրա մշակույթի պատմության հարցերով:
     Ռումինիան, ինչպես հայտնի է, հայագիտական ուսումնասիրությունների բնագավառում ունի հարուստ ավանդույթներ: Յորգայից առաջ եւ հետո եղել են ռումեն եւ հայազգի գիտնականներ, որոնք մեծ սիրով ուսումնասիրել են հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը: Սակայն Յորգայի մեծագույն առավելությունը այն էր, որ նա հիմնովին ճանաչեց մեր ժողովրդին: Նա ոչ միայն մեր պատմական անցյալի հիանալի գիտակ էր, այլ նաեւ մոտիկից հաղորդակից եղավ ներկային: Առաջին համաշխարհային պատերազմի օրերին, երբ Ռումինիայի հարավային մասը թշնամին գրավել էր եւ ժողովուրդը ապաստանել էր Յաշ քաղաքում, այդտեղ էլ Յորգան լսեց հայ ժողովրդին վիճակված ողբերգության մասին եւ իր ժողովրդի համար այդ ծանր օրերին մամուլում պարսավեց հայ ժողովրդի դահիճներին: Նա իր գիտական շրջագայությունների ժամանակ մոտիկից հաղորդակից եղավ նաեւ հայ ժողովրդի աստանդական բեկորներին եւ պաշտպան կանգնեց Եվրոպական խարդախ դիվանագիտության անիրաված հայկական դատին եւ հավատք ներշնչեց հայոց լավագույն ապագայի նկատմամբ: Յորգան չբավարարվեց միայն ինքն ուսումնասիրելով մեր ժողովրդի պատմությունը, այլեւ ոգեւորեց եւ մղում տվեց իր ընկերներին ու աշակերտներին՝ զբաղվելու հայագիտությամբ: Չպետք է մոռանալ անեւ այն հանգամանքը, որ Յորգան իր հեղինակությամբ եւ դիրքով մեծ համակրություն ստեղծեց ռումեն եւ օտար մտավորականության մեջ՝ ի նպաստ հայ ժողովրդի:
     Յորգայի առաջին հայագիտական աշխատությունը «Հայերը եւ ռումիները. պատմական մի զուգակշիռ» գործն է, որը լույս է տեսել ռումիներեն (1913 եւ 1914) եւ ֆրանսերեն (1913): Այստեղ է, որ հեղինակը նախ նմանություններ է գտնում հայ եւ ռումեն ժողովրդի պատմական ճակատագրում եւ ապա ուրվագծում Հայաստանի տարբեր ժամանակաշրջանների, հայ գաղթավայրերի կազմավորման եւ հատկապես ռումինահայ գաղութի հակիրճ պատմությունը: Յորգան հատկապես կանգ է առնում Ռումինիայի տնտեսական եւ մշակութային կյանքում հայերի խաղացած դերի վրա: Այն գրված է ավելի քան 300 աղբյուրների եւ գրականության հիման վրա եւ իր ժամանակի համար եզակի գործ է:
     1929 թ. Բուխարեստում լույս տեսած Յորգայի մի այլ գրքում ամփոփված են նրա երկու հայագիտական աշխատությունները: Դրանցից առաջինը՝ «Չորս դասախոսություններ Հայաստանի մասին» հրատարակվել է ռումիներեն: Դրանք Յորգայի ելույթներն են Բուխարեստի Ազգային թատրոնի բեմից հայ հողի, ցեղի, պատմության, գրականության եւ արվեստի մասին: Այդ գրքույկը իրականում հայ ժողովրդի սեղմ պատմությունն էր հին ժամանակներից մինչեւ նորագույն շրջանը: Յորգան Եղեռնը համարում էր «ժամանակակից քաղաքական կյանքի ամենասեւ արատը»: Հայ ժողովրդի նկատմամբ ցույց տրված անտարբերությունը նկատի ունենալով նա նշում էր, որ «դեռ հավակնություն ունենք, ասելու, թե քաղաքակիրթ մի դարում ենք ապրում»: Ի վերջո՝ Յորգան նկատի ունենալով հայ ժողովրդի ստեղծած հոգեկան արժեքներն ու ապրելու անխորտակելի կամքը՝ եզրակացնում էր. «Մի դժբախտ ժողովուրդ, մի ժողովուրդ, որը շատ է տառապել, շատ սպասելիքներ ունի ապագայից: Մաղթում ենք հայ ժողովրդին պսակումը իր իղձերին, որին նա արժանի է այն նպաստին համար, որ նա բերեց մարդկության քաղաքակրթությանը»: Վերոնշյալ գրքում ամփոփված նրա երկրորդ հայագիտական աշխատությունը՝ «Հայերը Ռումինիայում» Նուպարյան մատենադարանում իր պատվին կազմակերպված ընդունելության առթիվ հեղինակի ելույթն է, Սորբոնում Կիլիկյան Հայաստանի պատմության շուրջ իր կարդացած դասախոսություններից անմիջապես հետո: Այս լույս է տեսել ֆրանսերեն: Ռումինահայերի սեղմ պատմությունը տալուց հետո նա կատարում է շատ կարեւոր եզրահանգումներ, որոնցից մեկը Մոլդավիա հաստատված առաջին հայ գաղթականների ճանապարհի որոշումն էր: Մինչ այդ ենթադրվում էր, որ այժմյան Ռումինիայի առաջին հայերը գաղթել են ուղղակի Լվովից, այնինչ Յորգան պարզեց, որ առաջին հայերը Մոլդավիայում ոտք էին դրել դեռեւս իշխանապետության ստեղծումից էլ առաջ եւ հետեւաբար նրանք հրավիրված գաղթականներ չէին, այլ Մոլդավիայի ազգային պետության ստեղծման մասնակիցներ: Բոտոշանի մասին իր հուշերում նա նշում էր հայերի խաղացած կարեւոր դերը այն փոքր ավանից քաղաքի վերածելու գործում: Միաժամանակ նա իր հիացմունքն էր հայտնում դեռեւս ԺԵ դ. այնտեղ ապրող հայ գերդաստանների մասին, որոնք սրբությամբ պահպանում էին իրենց հայրենի «զմայլելի սովորույթները»: «Ռումինիայի հայերը կարողացան մեծ հմտությամբ զուգակցել երկու դժվարին պարտականություններ՝ մեկը հավատարմությունը դեպի իրենց հյուրընկալող երկիրն ու ժողովուրդը: Մեր ազնիվ եղբայրները լինելով հանդերձ, հայերը միաժամանակ մնացին իրենց հնագույն հայրենիքի ընտրյալ որդիները» [13]:
     1930 թ. Փարիզում ֆրանսերեն լույս տեսած Յորգայի հայագիտական մեկ այլ կարեւոր աշխատությունը «Փոքր Հայաստանի համառոտ պատմությունը» կամ «Կիլիկյան Հայաստան», ուր ամփոփված էին 1929 թ. հունվարին Սորբոնում կարդացած երեք դասախոսությունները եւ այլ հավելումներ: Նրա մասին ֆրանսիական քննադատությունը ափսոսանք էր հայտնում, որ այն տաս տարով ուշ է լույս տեսել, անկասկած ակնարկելով այն իրողությունը, որ նրա ընթերցումը գուցե ազդեցություն ունենար հայկական դատը վճռողների վրա: Այստեղ ցույց էր տրվում, որ Բյուզանդիան ոչ մի դեր չի ունեցել Կիլիկյան հայկական պետության սեղծման գործում եւ որ հայկական պետությունը կարեւոր դեր է խաղացել խաչակիրների կյանքում:
     Յորգայի հայագիտական աշխատություններից է 1935 թ. Բուխարեստում հրատարակված «Հայ արվեստի առարկաներ Ռումինիայում» գործը (ֆրանսերեն), ուր ամփոփված են 1934 թ. մայիսին Յորգայի կարդացած դասախոսությունը Փարիզի Մուրատյան վարժարանում: Կարեւոր են նաեւ Յորգայի հայագիտական հոդվածներն ու գրախոսությունները, ինչպես նաեւ հրապարակային զեկուցումները: Ահա դրանցից մի քանիսը. «Թուրքիայի հայերի ջարդը» (1916), «Հայկական հարցը» (1919), «Հայ գրականությունը» (1922), «Հայաստանը, նրա երգերն ու ժողովրդական բանաստեղծությունը» (1925), «Մոլդավիայի հայերի ծագման մասին» (1927), «Հայ մի հյուր» (Արշակ Չոպանյանի Ռումինիա կատարած այցելության առթիվ) (1935), «Հայ ժողովրդի անցյալի եւ նրա ապագայի մասին» (1935), «Բոտոշանի հայկական եկեղեցիների արձանագրությունները» (1925), «Հայ ֆոլկլորը» (1933), եւ այլն: Յորգան կարողանում է նաեւ թարգմանել հայ միջնադարյան եւ ժամանակակից քնարական բանաստեղծության ընտիր հատվածները. Կոստանդին Երզնկացի, Ֆրիկ, Խաչատուր Կեչառեցի, Հովհաննես Թումանյան, Մկրտիչ Պեշիկթաշյան, Վահան Տերյան, Սիպիլ, Վահան Թեքեյան, Անայիս եւ այլն: Մեծ թիվ են կազմում Յորգայի այն աշխատությունները, որոնցում ուսումնասիրողը կարող է հարուստ նյութ գտնել՝ կապված հայ ժողովրդի ընդհանուր պատմության տարբեր հարցերի հետ: Ռումինահայերի հետ առնչվող արժեքավոր փաստաթղթեր կան Յորգայի «Ակտեր եւ պատառիկներ», «Ուսումնասիրություններ եւ փաստաթղթեր», Հուրմուզաքիի փաստաթղթերում բազմաթիվ հատորներում, «Կալիմաքի գերդաստանի փաստաթղթերում», «Ռումինական եւ մի քանի հունական ակտեր Բրաշովի արեւելյան առեւտրի կոմպանիայի արխիվներից» ժողովածուներում:
     Հայերի տնտեսական եւ մշակութային կյանքի հետ աղերս ունեն Յորգայի բազմաթիվ մենագրություններ, ինչպես օրինակ. «Ռումինական ժողովուրդ Բուկովինայում» (1905), «Ավստրիական գրավման մասին 1789-1791 թթ.», «Քիլիայի եւ Աքքերմանի մասին պատմական ուսումնասիրություններ» (1900), «Ռումինական առեւտրի պատմություն» (1915 եւ 1925), «Առեւտուրը եւ արհեստները ռումինացիների անցյալում» (1906), «Մեր երկրների առեւտրական կապերը Լվովի հետ» (1900), «Բոտոշանի առեւտրի պատմությունը» (1906), եւ այլ գործերում Հայերի եւ խաչակիրների պատմության հետ են առնչվում «Ֆիլիպ դ՛ Մեզիեր» (1896), «Նոթեր եւ քաղվածքներ խաչակիրների պատմության համար» (Ա-Գ հատորներում) եւ այլն:
     Ն. Յորգան քաջալերեց «Նավասարդ» գրականության եւ արվեստի պարբերականի հրատարակումը Բուխարեստում 1923 թ. Հ. Ճ. Սիրունու կողմից, նա հովանավորեց եւ աշխատակցեց «Անի» ռումիներեն հայագիտական եռամսյա հանդեսին (խմբագիր-հրատարակիչ Հ. Ճ. Սիրունի): Յորգայի խմբագրության շնորհիվ էր, որ ռումինական «Ունիվերսուլ լիտերար» գրական հանդեսը մի ամբողջ համար նվիրեց հայ գրականությանն ու արվեստին (1925): Յորգայի թելադրությամբ եւ նրա անմիջական միջամտության շնորհիվ էր, որ ուսումնասիրություններ եւ դասախոսություններ կարդալու համար Ռումինիա հրավիրվեցին ֆրանսիացի նշանավոր հայագետ Ֆրեդերի Մակլերը (1923), անվանի բյուզանդագետ պրոֆ. Սիրարփի Տեր-Ներսիսյանը (1929) եւ ապա նաեւ հայ մշակույթի մեծ երախտավոր Արշակ Չոպանյանը (1932): Յորգայի հովանավորության շնորհիվ էր, որ մեծ հաջողություն ունեցավ «Հայ արվեստի ցուցահանդեսը» Բուխարեստում (1930): Յորգան «Ռումինահայ կեդրոնական Մատենադարանի» հիմնադրման (1927) ոգեշնչողներից մեկն էր: Նա առաջին նախագահն էր 1930 թ. ստեղծված հայ մշակութային ընկերության, որը հայ եւ ռումինացի մտավորականության միջեւ փոխադարփ ճանաչման կարեւոր օղակ էր: Անմոռանալի են «Հայկական օրերը» Յորգայի հիմնադրած Վրլեն դե Մունտեի ամառային համալսարանում, ոևր կարդացվում էին հայագիտական զեկուցումներ, ելույթներ էր ունենում հայկական պարախումբը, կատարվում էին ընթերցումներ հայ հեղինակներից: Յորգայի շնորհիվ էր, որ իրականացավ Ռումինահայոց թեմը պետականորեն ճանաչելու կարեւոր գործը (1931): Նա բարձր էր գնահատում «Վենետիկի Ս. Ղազար հայկական ակադեմիայի թղթակից-անդամի» իրեն տրված տիտղոսը:
     Հ. Ճ. Սիրունին 1941 թ. «Անի» հայ մշակույթի տարեգիրքը (ռումիներեն) նվիրեց հայ-ռումինական բարեկամության մեծ խորհրդանիշ Յորգայի հիշատակին, այդ առթիվ աշխատակցությունն ապահովելով նաեւ հանգուցյալի հայասեր ընկերների համար: Հայ ժողովուրդը իր առաջին հրապարակային հարգանքը մատուցեց 1945 թ. նոյեմբերին՝ Յորգայի չարանենգ սպանության 5-րդ տարելիցի առթիվ Բուխարեստի «Հայ մշակույթի տան» սրահում կազմակերպված հուշ-ցերեկույթում: Սուրեն Քոլանջյանը այդ առթիվ կարդացած իր «Նիկոլա Յորգան իբրեւ ռումինահայության պատմագետ» զեկուցումը ավարտում է հետեւյալով. «Նրա հիշատակը միշտ թարմ է մնալու մեր մեջ, երբ պետք լինի խոսել հայ եւ ռումեն եղբայրական կապերի մասին, նա ներկա է լինելու մեր մեջ երբ պետք լինի պատմելու մեր թափած ճիգն ու եռանդը մարդկության քաղաքակրթության մեջ եւ դարձյալ Յորգան մեր մեջ է լինելու այլեւս գոհ իր մարգարեաշունչ խոսքերով, երբ արժանի լինենք համբուրելու հայրենի հողտ ու տեսնելու Արարատն ու նրա կատարներից շողացող արեւը…»:
     Նիկոլա Յորգայի հայագիտական մատենագիտության ցանկը ռումիներեն հրատարակելու փորձ է կատարել մեծանուն գիտնականի անձնական քարտուղար եւ կեսագիր՝ Բարբու Թեոդորեսկուն (Barbu Theodorescu. Nicolae iorga si armenii, Ani, anuar de cultura armeana, Bucuresti, 1941, էջ XVII-XVIII) Յորգայի հայագիտական երկերի թիվը հասցնելով 24-ի: Իսկ Հ. Ճ. Սիունին իր հրատարակած «Նիկոլա Յորգա» ծավալուն ուսումնասիրության մեջ նրա հայագիտական գործերի թիվը հասցրեց 34-ի: Ռումինահայ համայնքի վերաբերյալ նրա ուսումնասիրությունները ներկայացնելու համար օգտվել ենք նաեւ Բարբու Թեոդորեսկուի կազմած «Ն. Յորգայի 1890-1934 թթ. պատմական եւ գրական երկերի մատենագիտությունից»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8429 | 0 | 0
Facebook