Loading...

Articles

1828 թվականին պարսիկներից խլած Արևելյան Հայաստանը ռուսներով բնակեցնելու ծրագիրը

19:13, Friday, 10 November, 2017
1828 թվականին պարսիկներից խլած Արևելյան Հայաստանը ռուսներով բնակեցնելու ծրագիրը

Քրիստոնյա հայությանը մահմեդականների լծից ազատագրելու և անկախ հայկական պետություն ստեղծելու խոստումներով մեր պապերին կերակրած ու հիմարացրած, Արևելյան Հայաստանը հայերի օգնությամբ նվաճած Ռուսական կայսրության գաղութային քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը Արևելյան Հայաստանի և առհասարակ ամբողջ Հարավային Կովկասի բնակեցումն էր կայսրության տարբեր նահանգներից բերված գաղթականներով: Այս քաղաքականությունը կայսրությունը սկսել էր կիրառել դեռ 19-րդ դարի սկզբից:


     Քաղաքական այս ծրագրի իրականացումն սկսվեց գեներալ Երմոլովի կառավարչության տարիներին, երբ Վիրտեմբերգից գերմանացիներ բերվեցին ու բնակեցվեցին Վրաստանում և ներկայիս Ադրբեջանում: Դրանից հետո ծրագրվեց Պարսկաստանից խլված Արևելյան Հայաստանում զինվորական բնակավայրեր ստեղծումը: 1827 թվականին կոմս Դիբիչը գեներալ Պասկևիչին գրում է «Պարսկաստանի սահմանագլխին ութսուն հազար մալոռուսական կոզակների բնակեցման» մասին՝ ամեն մի շնչին 25 դեսյատին հարմարավետ հողեր տրամադրելով, որը նշանակում էր շուրջ 2 միլիոն դեսյատին (մեկ դեսյատինը հավասար է 1, 09 հեկտարի) հողի առանձնացում վերոհիշյալ գաղթականության համար:

1830 թվականին Պասկևիչը պատասխանում է այս առաջարկին, և այդ պատասխանից պարզվում է, որ չնայած Պարսկաստանից և Թուրքահայաստանից հայերի ներգաղթին, հարմար բնակավայրեր են ընտրվել զինվորական գյուղերի համար, և որ այդ ժամանակ արդեն կարող են յոթ հազար հոգու անմիջապես ընդունել: Բայց, բարեբախտաբար, զինվորական բնակավայրերի ստեղծման ծրագիրը գլուխ չբերվեց, և 1850-ական թվականների վերջերին, Կովկասի փոխարքա Բարյատինսկու առաջարկով, գոյություն ունեցող մի քանի գյուղերի զինվորականները պարզապես պետական գյուղացիների վերածվեցին:

Բացի այդ, Պետական խորհուրդը 1830 թ. հոկտեմբերի 20-ին կարծիք էր հայտնել ռուս աղանդավորներին (դուխոբորներ, իկոնոբորներ, մոլոկաններ և այլն) Անդրկովկասում բնակեցնելու և դրա համար հարմարավետ վայրեր տրամադրելու մասին: Սակայն այդ նպատակի համար ազատ տարածություններ, մասնավորապես Արևելյան Հայաստանում, չկային, ուստի Ռուսաստանից վտարված աղանդավորներին հողով հնարավոր էր ապահովել միայն տեղական գյուղացիության հողաբաժինների հաշվին:

Ռուս գաղթականությանը Հարավային Կովկասում բնակեցնելու համար ռուսական իշխանությունները ստեղծում էին անհրաժեշտ բոլոր պայմանները: Եթե կայսրության մեջ գործող օրենքի համաձայն նոր վայրեր գաղթող բնակչությանը վեցամյա հարկային արտոնություն էր տրվում, այսինքն՝ այդ տարիների ընթացքում նրանք ազատվում էին հարկեր և տուրքեր վճարելու պարտականությունից, ապա Հարավային Կովկաս գաղթող աղանդավորներին ութամյա հարկային ու տուրքային արտոնություն էր շնորհվում՝ ըստ կառավարության 1848 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման, իսկ կամովին Հարավային Կովկաս գաղթած և այնտեղ ուղղափառ դավանանք ընդունած աղանդավորները պետական տուրքերից ազատվում էին 26 տարով: Ի սկզբանե ուղղափառ դանանանքի ռուս գյուղացիների հարկային արտոնության տևողությունը կազմում էր տասը տարի:

Այս առթիվ Կովկասյան կոմիտեի հաստատմանն արժանացած որոշման մեջ ասված էր.

«Մալոռուս կոզակներին, ինչպես նաև ընդհանրապես Անդրկովկաս գաղթող ուղղափառ դավանանքի բոլոր ռուսներին տասնամյա արտոնություն շնորհել՝ նկատի ունենալով, որ այնտեղ գաղթող աղանդավորներին ութամյա արտոնություն է տրված, իսկ այդ հարցում անհրաժեշտ է ուղղափառներին գերապատվություն տալ»:

Այս որոշումից ակնառու է դառնում, որ կայսրությունը ցանկացել է երկու կարևոր խնդիր լուծել. նախ՝ աղանդավորներին հեռացնել երկրի կենտրոնից և նրանց այնպիսի դրության մեջ դնել, որ նրանք վերադառնան ուղղափառության գիրկը և երկրորդ՝ արտոնություններ շնորհելով «բարձր դասին», Հարավային Կովկսում կայուն քաղաքական հենարան ստեղծել: Այս միջոցառման քաղաքական աստառն ավելի ակնառու է դառնում, երբ գաղթականներին տրվող արտոնությունները համեմատում ենք Պարսկաստանից և Թուրքիայից հայրենիքի ռուսական հատված գաղթած հայերի հետ: Թեպետ նրանք կորցրել էին իրենց ամբողջ ունեցվածքը, սակայն հարկերից ու տուրքերից ազատ լինելու ընդամենը վեց տարվա արտոնությամբ էին օժտվում:

Ռուս գաղթականներին Հարավային Կովկասում բնակեցնելու և նրանց համար առավել հարմար բնակության վայրեր ընտրելու գործը 1840-ական թվականներին ղեկավարել են Կովկասյան գլխավոր վարչության խորհրդի անդամ, երկրագործության և պետական գույքերի նախարարության կովկասյան լիազոր Ֆադեևը և Երևանի գավառապետ Բլավատսկին: Ռուս աստիճանավորները ռուս գաղթականներին Հարավային Կովկասում բնակեցնելը հրամցրել են իբրև տեղական բնակչության մշակութային զարգացմանը խթանող մի միջոց: Օրինակ՝ 1849 թվականին վերոհիշյալ Ֆադեևը գրել է.

«Ռուս գաղթականներն Անդրկովկաս են բերում…բարեկարգ գյուղերի օրինակը, նպաստում են փոստային և առևտրային հաղորդակցությանը, բերում են ցանքսերի նոր տեսակներ…նրանց մեջ շատ արհեստավորներ կան, իսկ այս երկրամասում արհեստավորները պակասում են, և ընդհանրապես ռուս գաղթականները տեղացի շինականներից ավելի ձեռներեց և գործունյա են…»:


     (շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7891 | 0 | 0
Facebook