Ողջու~յն հարգելի խմբակիցներ։ Ձեզ ողջունում է "Հյուրասրահ" նախագիծը
Նախագծի հյուրն է սիրված ստեղծագործող և չքնաղ գեղեցկուհի Հայուհի Սուսաննա Ղազարյանը։
1. Ո°վ է Հայուհի Սուսաննա Ղազարյան ստեղծագործողը։
Մարդ, ով ոչ միայն իր զգացողություններն է արտահայտում ստեղծագործությունների միջոցով, այլև փորձում է զգալ դիմացինի ցավը, հայրենիքում տիրող մտահոգիչ երևույթներն ու դարի արատավոր կողմերը...
Իսկ թե որքանով է դա ինձ հաջողվում, ավելի ճիշտ կասի ընթերցողը:
2. Ի°նչ է մուսայի թռիչքը Ձեզ համար, եթերային ճախրանք, թե° ապրելակերպ:
Ես հոգով թռչուն եմ...
Ահա իմ կարգախոսներից մեկը.
Հեյ, թռչնասպաննե'ր, բաց արեք բոլոր վանդակները. թռչունները ճախրելու համար են...
3. Ո°րն է գրողի գլխավոր սկզբունքը։
Գրողի սկզբունքներից մեկը նոր ասելիք, նոր խոսք, նոր գաղափարներ հանդես բերելն է:
Ներկայացնել կյանքն ինչպես որ է` ցույց տալով ոչ միայն կյանքի խնդիրները, այլև լուծումներ առաջարկել:
Իսկ գլխավոր սկզբունքը` ծառայել հայրենիքին ու ժողովրդին` անձնվիրաբար:
4. Ե°րբ եք գրել Ձեր առաջին բանաստեղծությունը։ Ո°ր ոճերում եք ստեղծագործում ։ Ունե°ք տպագրված գրքեր։
Առաջին ոտանավորս գրել եմ տասներեք տարեկանում:
Իմ ստեղծագործությունների թեմատիկան բազմազան է. հայրենասիրություն, սիրերգություն, խոհափիլիսոփայական, թախծի ու տառապանքի, պանդխտության, ազատության ու արևային երգեր, որոնք տեղ են գտել իմ, , Վերադարձ դեպի արևը, , (2009), և, , Վաղը կգա..., , (2015) գրքերում:
5. Եթե մի 10 տարի առաջ հանդիպեիք Ձեզ, ի°նչ խորհուրդ կտայիք ինքներդ Ձեզ....
Ապրել ոչ միայն ինքս ինձ համար, այլև ՀԱՅՐԵՆԻՔԻՍ, մերձավորներիս ու համայն մարդկության համար:
Չգիտեմ քանի տարի առաջ էր, բայց երբ հասկացա գրիչ բռնելու լրջությունը, այս խորհրդով սկսեցի առաջնորդվել:
6. Ո°վ է Ձեր առաջին քննադատը և ինչպե°ս եք վերաբերվում քննադատությանը։
Քննադատությանը, իհարկե առողջ, վերաբերվում եմ շատ դրական: Այն օգնում է գրողի ստեղծագործական առաջընթացին:
Թումանյանի դուստրը` Նվարդը, հիշում է Թումանյանի կարծիքը քննադատության մասին. «Մեր գրականության մեջ թյուրիմացություններ շատ կան: Մի լավ քննադատի մեծ կարիք ունենք, որ ամեն մեկին իր տեղը ցույց տա, ամեն մեկին իր տեղը դնի»:
Այո, վերջնական կարծիքը պրոֆեսիոնալ գրականագետինն է, որից հետո ես լրջորեն աշխատում եմ բանաստեղծություններիս վրա:
Կարևորում եմ նաև գրողների և ընթերցողների կարծիքը:
7. Ըստ Ձեզ, ինչպե°ս կարելի է գտնել երջանկության բանալին։
Երջանկության բանալին մարդու սրտում է: Ինչպես կասեր Մայր Թերեզան` ուզում ես երջանիկ լինել, եղիր...
8. Դասականներից ու°մ ստեղագործություններն են Ձեզ ավելի հոգեհարազատ։
Գաղտնիք չէ, որ իմ ստեղծագործություններում թևածում են ՉԱՐԵՆՑՅԱՆ ՈԳԻՆ ու ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՇՈւՆՉԸ:
Բայց ինձ շատ հոգեհարազատ են նաև Նարեկացին, Քուչակը, Աբովյանը, Սայաթ-Նովան, Մեծն Թումանյանը, Բակունցը, Մահարին, Մեծարենցը, Դուրյանը, Վարուժանը, Թեքեյանը, Սևակը, Սահյանը, Վահագն Դավթյանը և այլք...
Շատ հոգեհարազատ է դասականների և ժամանակակիցների խաչմերուկում կանգնած իմ Հրաչյա Սարուխանը:
9. Սիրու°մ եք ընթերցել, եթե այո, ո°ր գիրքն է հիմա իր մտքերով ներխուժել Ձեր հոգին։
Մանկուց սիրել եմ գրքերի աշխարհը...
Մասնագիտությամբ բանասեր եմ: Գիրքն իմ անբաժան ուղեկիցն է: Այժմ վերընթերցում եմ Համո Սահյանի, , Ինձ բացակա չդնեք, , գիրքը:
10.Ի°նչ հարցի շուրջ կցանկանայիք բարցրաձայնել, որը ցավոք ես չեմ հնչեցրել։
Այսօր ինչպիսի խնդիրներ ունի մեր հայրենիքը, և ովքեր պետք է զբաղվեն դրանցով...
Խնդիրները բազմազան են. աղքատություն, արտագաղթ, կրթամակարդակի նվազեցում, ցածր աշխատավարձեր, մշակութային կյանքի անկում, գրական դաշտի ամայացում, թեպետ հիանալի գրողներ ունենք, բայց ասպարեզը տրված է օտարամոլ, ապազգային չգրողներին: Կոչումների արժեզրկում, տնտեսության անկում, անմիաբանություն, կաշառակերություն, համատարած անտարբերություն, որոնց մեծագույն պատճառը հիմնականում ոչ մասնագետներն են, ովքեր պաշտոններ են զբաղեցնում` ոլորտից ոչինչ չհասկանալով:
Ղեկը տանք մասնագետներին և ճշմարիտ մտավորականներին, մեր երկիրը կարճ ժամանակահատվածում ծաղկում կապրի:
Ահա ինձ մտահոգող հարցը և հարցի պատասխանը:
11. Խոսեք Ձեր հոգու ներկապնակի մասին։
Հոգուս գույները աշնանային են. երբեմն վառ են ու արևային... երբեմն մթագնում են այդ գույները... երբեմն բացվում...
Նրանք համահունչ են հոգուս տրամադրություններին:
12. Եթե հնարավորություն ունենայիք տպագրել մի գիրք, որտեղ պետք է ներկայացնեք արդի ստեղծագործողներին։ Ու° մ ստեղծագործությունները կտպագրեիք...
Ի°նչ խորհուրդ կտայիք արդի երիտասարդ ստեղծագործողներին ։
Մենք այսօր և' ավագ և' երիտասարդ սերնդի շատ տաղանդավոր ու հրաշալի գրողներ ունենք, որոնց ստեղծագործություններից մի հիանալի ժողովածու կկազմվի: Անվանական չնշեմ:
Նոր ստեղծագործողներին խորհուրդ կտամ շատ կարդալ մեր դասականներին և միշտ ցուցամատը պահել ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈւԹՅԱՆ զարկերակին:
Շարունակել դասականների ավանդույթները...
13. Ո°ր տողից է սկսվում Ձեր վաղվա օրը։
Վաղվա օրը գրեթե միշտ նախապես պլանավորում եմ, բայց տնօրինում է Աստված:
14. Եթե հրաշագործ լինեիք...
Իմ Հայրենի օրրանը կվերածեի դրախտի: Մեր Ընտրյալ ժողովուրդն արժանի է ապրել դրախտավայրում:
15. Համամիտ եք Մեծն Սևակի "Նորից չեն սիրում, սիրում են կրկին" արտահայտության հետ։
Միանշանակ: Կարող ես կրկին սիրել և շատ ավելի ուժգին:
16. Որպես վերջաբան ներկայացրեք Ձեր ստեղծագործություններից ամենասիրվածը...
Ցողե կաթիլը արցունքի նման
Դանդաղ հոսում է վարդի այտերից,
Ծագող արևը ձյունառատ ձմռան
Ծաղկի բույրեր է ցողում երկնքից:
Ու խնդությամբ է լցվում կյանքը մեր,
Օվկիան է դառնում մի կաթիլ ցողը,
Ու ջերմանում է մեր հոգին անսեր,
Նորից ճաքում է օրհնված հողը:
Բացե'նք դռները պաղ հոգիների,
Թող հրավառվեն արևի բոցով,
Մեր թոնիրներից թող աղոթք բուրի,
Ու մեր ամբարը լիանա հացով:
Հարցազրույցը վարեց Լուսինե Նազարեթյանը