Loading...

Articles

Հայերի գաղթը դեպի Ռումինիա եւ գաղթօջախների հիմնումը

22:44, Thursday, 14 September, 2017
Հայերի գաղթը դեպի Ռումինիա եւ գաղթօջախների հիմնումը

Ռումինիայի պետական սահմանները միջին դարերում փոփոխվել են. եղել են ժամանակներ, երբ նրանք լայնացել են՝ իրենց մեջ ընդգրկելով հարեւան երկրներից որոշ գավառներ եւ, հակառակը, եղել է, որ նրանք զգալի չափով նեղացել են: Մինչեւ ԺԸ դ. երկրորդ կեսը Ռումինիան բաժանված է եղել վարչական մի քանի իրարից անկախ երկրամասերի: Նրա հիմնական մասն կազմել է Մունթենիան կամ Վալախիան, որը գտնվում է Ռումինիայի հարավային մասում: Հնագույն շրջանում նա կոչվել է նաեւ Ցարա Ռոմընեասկը (Ռումինական երկիր): Որոշ դարերում Վալախիայի մասն է կազմել իրենից արեւմուտք գտնվող Օլտենիա նահանգը: Հայ մատնեագրության մեջ Մունթենիան անվանված է Մունթանաց կամ Օլախաց երկիր: Կան նաեւ հայ մատենագիրներ, որոնք Օլախաց երկիր են անվանում նաեւ Մոլդավիան:
     Ռումինիայի տարածքի վարչական խոշոր երկրամասերից է հանդիսացել Մոլդավիան, որը գտնվում է Ռումինիայի արեւելյան մասում: Այն կոչվել է նաեւ Բոգդանիա, որը հայ մատենագրության մեջ հիշվում է Բուղդանաց երկիր անունով: Պատմական Ռումինիայի մեջ մտել են նաեւ Բուկովինիան՝ Ռումինիայի հյուսիս-արեւելքում, Դոբրուջան՝ Ռումինիայի հարավ-արեւելքում, Մոլդավիայում եւ Սեւ ծովի միջեւ եւ Տրանսիլվանիան՝ Ռումինիայի հյուսիսում:
     Հայ գաղթականները Ռումինիա են մտել տարբեր ժամանակներում մի քանի հոսանքներով: Հայերը Ռումինիայում միջին դարերում մի քանի անգամ գաղթօջախներ են հիմնել, դարեր շարունակ վառ լույսով փայլել ռումինական երկնամասի վրա եւ ասուպի նման արագ մարել՝ իրենց հետեւից թողնելով միայն կցկտուր պատմական հիշատակություններ:
     Առաջին գաղթականությունը Ռումինիա է եկել Ժ-ԺԱ դդ.: Այս գաղթականության մասին, դժբախտաբար, շատ քիչ բան գիտենք: Ռումինիայի հայկական առաջին գաղթօջախների մասին հավաստի տեղեկություններ սկսում են երեւալ միայն ԺԴ դ.: Այս դարաշրջանից պահվել են տեղեկություններ ինչպես հայկական, այնպես էլ ռումինական աղբյուրներում:
     Վալախիայում հաստատված հայկական գաղթօջախների մասին մեզ հասած տեղեկությունները վերաբերում են ԺԴ դ. կեսերին: Հունգարական տարեգրությունների մեջ տեղեկություններ կան «բազմաթիվ բարեկեցիկ հայերի» մասին Տըրգովիշտեում:
     Վալախիայում հաստատված հայ առաջին գաղթօջախները, ինչպես երեւում է, երկար կյանք չեն ունեցել. բնակություն հաստատելով մեծ մասամբ գյուղական վայրերում, եւ գաղթականական նոր հոսանք չընդունելով իրենց հայրենակիցներից, արագ ասիմիլյացիայի են ենթարկվել ռումին ժողովրդի մեջ եւ անհետացել պատմության ասպարեզից: Անհետացող այդ գաղթօջախներից մնացել են միայն հայկական մի շարք բնակավայրերի անուններ:
     Վալախիայում նոր գաղթօջախներ են սկսում ստեղծվել ԺԵ դ.: Բանասեր Հ. Անդրեասյանը պատմական տեղեկություններ է բերել այն մասին, որ 1400-1435 թթ. Մունթենիայում բազմաթիվ լուսավորչական եւ կաթոլիկ դավանանքին պատկանող հայեր էին ապրում:
     Ավելի ուշ, 1506 թ. վերաբերյալ, Բուխարեստի պատմիչ Յոնեսկու-Ջիոն տեղեկություններ է հաղորդում Բուխարեստում, Տրոգովիշտում եւ Ռըմնիկում ապրող հայ բնակչության մասին:
     Ռումինահայերի մոտ հյուսված ավանդություն կա, որ իբրեւ թե Բուխարեստ քաղաքի առաջին հիմնադիրը հանդիսացել է Հաբեթ Բակուրի անունով մի հայ: Ըստ այդ առասպելի, Հաբեթ Բակուրը առասպելական հարստություն ունեցող անձնավորություն է եղել, ապրել Բուլղարիայի Վառնա քաղաքում: Նա ունեցել է մի աղջիկ, որը ցանկացել է ամուսնանալ իր ծառաներից մեկի հետ: Հայրը դեմ է եղել այդ ամուսնությանը: Աղջիկն իր սիրահարի հետ փախել է Ռումինիա եւ Դըմբովիցա գետի ափին, գեղատեսիլ մի վայրում, բնակություն հաստատել: Հայրը երկար փնտրել է իր աղջկան եւ գտնելուց հետո հաշտվել նրա հետ ու նրա ապրած վայրում գեղեցիկ շենքեր է կառուցել, որը եւ հիմք է հանդիսացել Բուխարեստ քաղաքի հիմնադրման: Այս ավանդությունը չնայած պատմական ոչ մի հիմք չունի, նույնիսկ ենթադրվում է, որ Հաբեթ Բակուրը շփոթված է Գրիգոր Բակուրյանի հետ, սակայն այդ առասպելը կարեւոր է այն տեսակետից, որ նրա հեղինակները ցանկացել են Բուխարեստի կառուցումների մեջ հայ մարդկանց մասնակցությունը տեսնել:
     ԺԴ դ. են հիմնվել հայկական գաղթօջախները նաեւ Մոլդավիայում՝ այն տարբերությամբ միայն, որ այստեղ հաստատված հայ գաղթօջախները ավելի երկար են կյանք ունեցել եւ հասարակական, քաղաքական եւ մշակութային ավելի գործուն դեր կատարել:
     Ըստ տեղեկությունների, հայ գաղթականության առաջին խումբը Մոլդավիա է եկել Ղրիմից: Նրանք եղել են Հայաստանից դուրս եկած այն գաղթականներից, որոնք հյուսիսային երկրներն էին եկել Չարմաղանի վայրագությունների եւ Անիում տեղի ունեցած երկրաշարժի ավերումների հետեւանքով: Մոլդավիայի հայերի մոտ մինչեւ ուշ ժամանակները պահված է եղել վաղեմի մի ավանդություն, ըստ որի իրենց նախահայրերը Հայաստանի մայրաքաղաք Անիի երբեմնի բնակիչներն են հանդիսացել:
     Ղրիմից Մոլդավիա եկող հայ գաղթականության առաջին հիմնակետը Ակկերմանը նավահանգստային քաղաքն է հանդիսացել, որը հին ժամանակ կոչվել է նաեւ Մանքաստրա: Ակկերմանը փաստորեն Մոլդավիա եկող հայ գաղթականության համար մուտքի դարբաս է հանդիսացել:
     Ղրիմի եւ Կիլիկիայի հայ վաճառականները Ակկերման քաղաքը ճանաչում էին շատ վաղուց. ԺԳ դ. սկսած նրանք հաճախ էին գալիս այնտեղ առեւտուր անելու ուր եւ, հավանական է, ունեին իրենց մշտական ներկայացուցիչները: Այդտեղ գտնվել են Կիլիկյան հայ թագավորների դրամներ, որոնք ապացուցում են հայ-մոլդավական ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող հնագույն հարաբերությունների մասին:
     Ակկերմանը ԺԵ դ., ինչպես պարզվում է, ունեցել է հայ գրչության օջախ: Մեզ է հասել «Ճաշոց» մի ձեռագիր, որը գրվել է այնտեղ Տ. Նիկողայոս եպիսկոպոսի կողմից եւ նվիրվել Յաշի Ս.Աստվածածին եկեղեցուն: Ձեռագրի գրչության թվականը 1460 թ.:
     Սսի կաթողիկոս Թեոդորոսը (1382-1392) Տ. Հովհաննես արքեպիսկոպոսին հաստատելով Լեհաստանի հոգեւոր առաջնորդ, 1383 թ. նրա տված կոնդակում թեմին ենթակա հայաշատ գաղթօջախներից հիշում է Լվովը, Լուցկը եւ Մանկաստրան: Ռումինիայի հայ գաղթավայրերի պատմության ուսումնասիրողները սովորաբար Մանկաստրա ասելով հասկանում էին Ակկերմանը: Սակայն նշանավոր հայագետ Լ. Խաչիկյանը, հայ-ուկրաինական պատմական կապերին նվիրված գիտական սեսիայում փորձեց ցույց տալ, որ Մանքերմանը Կիեւ քաղաքն է: Նրա եզրակացության համար իսկ հիմք ծառայած պատմական սզբնաղբյուրում՝ «Կամենեցում», Մանքերմանը հիշված է Վլախաց երկրում. «Մանքերման ի Վլախաց երկիրն»: Վլախաց երկիր հայերն անվանել էին Վալախիային՝ Ռումինիայի հարավային երկրամասին, իսկ Կիեւը երբեք Ռումինիայի սահմանի մեջ չի գտնվել: Մանքերմանը՝ իտալական աղբյուրներում հիշված Մանկաստրան է եւ պետք է նշել, որ թարգմանաբար «կաստրա» նշանակում է բերդ: Նույն իմաստն ունի նաեւ «կերմանը» ղփչաղերենում, ուստի զարմանալի չէ, որ նույն քաղաքը իտալացիների մոտ կարող էր հիշվել Մանկաստրա անունով, իսկ ղփչաղների մոտ՝ Մանքերման: Լ. Խաչիկյանի այն փաստարկը, որ ԺԷ դ. վավերագրերում Լվովի թեմի ենթակա քաղաքների շարքում հիշված Կիեւը Մանքերմանն է, ընդունելի չէ, որովհետեւ այդ տեղեկությունը բոլորովին տարբեր ժամանակաշրջանին է վերաբերում:
     ԺԶ-ԺԷ դդ. ռումինական թեմը բաժանվել էր լեհահայոց թեմից եւ, բնական է, Ակկերմանը հիշվեր չէր կարող: Մեր կարծիքով, ստուգելի է նաեւ Ռաշիդ-Էդդինի տեղեկությունը՝ մոնղոլների կողմից Մանքերմանը գրավելու մասին, որովհետեւ հեղինակի բնագրում հիշված է ոչ թե Մանքերմանը, այլ Մանքերքան:
     Պրոֆ. Վ.Բընըցեանուի կարծիքով, ԺԴ-ԺԵ դդ. հայկական գաղթօջախներ են եղել Մոլդավիայի գրեթե բոլոր աչքի ընկնող առեւտրաշատ քաղաքներում՝ Սուչավայում, Յաշում, Բոտոշանում, Դորոհոյում, Ֆոկշանում, Սիրեթում, Ռոմանում, Գալացում, Վասլույում, Տըրկ-Օկնայում, Բաքեուում, Բիրլադում եւ ներկայիս Մոլդավիայի Խոտին, Քիլի եւ Բենդեր քաղաքներում: Ըստ որում, պրոֆ. Վ. Բընըցեանուն գտնում է, որ Մոլդավիա եկող հայ բնակչության զգալի հատվածը հաստատվել է գյուղական վայրերում: Նա դրա անհերքելի ապացույցն է համարում մոլդավական մի շարք գյուղերի եւ ավանների անունների հայկական ծագումը: Մոլդավիայում հայկական տեղանուններից նա մատնացույց է անում «Արմանուլ» անունով երեք գյուղերը՝ Բոտոշանի, Դարաբանի եւ Հըրլեուի շրջաններում, «Արմյանկա» գյուղը՝ Բոտոշանի շրջանում, «Արյանուլույ» գյուղը՝ Մոյնիշտի շրջանում, «Գուրա Արմենլուի» ՝ Միչինի շրջանում: Պրոֆ. Բենեցիանուն հայկական ծագում է վերագրում Տրանսիլվանիայի «Արմենի» գյուղին՝ Սիբիուի շրջանում, «Արմենիշ» ավանին՝ Կարանսեբեշի շրջանում, «Դեյալույ Արմանուլույ» ՝ Սին Ջորջու դե Պիդուրեի շրջանում եւ այլն:
     Մոլդավիայի հայկական ամենից խոշար գաղթօջախները ԺԴ-ԺԵ դդ. գտնվել են Ակկերմանում, Սուչավայում եւ Սերեթում: Մեզ է հասել Էջմիածնի Թեոդոս կաթողիկոսի 1388 թ. օգոստոսի 18-ի կոնդակը, որով Լեհաստանի թեմի առաջնորդի իշխանության տակ գտնվող մոլդավական քաղաքներից հիշվում են Սերաթը (Սիրեթը), Չիչովը (Սուչավան) Մանքերմանը (Ակկերմանը):
     Ռումինական պատմական աղբյուրներում տեղեկություններ կան, որ Մոլդավիայի պետության հիմնադիր Տրակոշ Վոտայի ժամանակ (1352-1353) բազմաթիվ հայեր էին ապրում Մոլդավիայում: Ըստ այդ աղբյուրներում եղած հավաստիացումների, հայերը ճանաչված էին որպես լավ քաղաքացիներ Մոլդավիայում եւ վայելում էին պետության հովանավորությունը:
    
    

Տ․Հեթում քահանա Թարվերդյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
10421 | 0 | 0
Facebook