Loading...

Articles

Թե ինչպես մի անգամ Լենինն ինձ փրկեց. Ավագ Հարությունյան

23:05, Saturday, 11 February, 2017
Թե ինչպես մի անգամ Լենինն ինձ փրկեց. Ավագ Հարությունյան

Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.
    
     Իսկ թե ինչպես մի անգամ Լենինն ինձ փրկեց.

Ուսանող էի Գյուղինստիտուտում: Գիշերներն աշխատում է Ֆիզկուլտ ինստիտուտում՝ պահակ: Որպեսզի պահակային ծառայության ոստիկանները թույլ տան քնել՝ ամսական 10 ռուբլի էին ուզում: Շատ դժվար էր 60-ից 10-ը դուրս տալ, ու ես որոշեցի չքնել:
     Սրանք էլ գիշերը մի քանի անգամ գալիս էին ստուգելու: Մի խոսքով հնարավոր չէր քնել՝ այն էլ պահակատան աթոռներին: Դե պահակատուն ասելը չափազանց ճոխ էր՝ ինստիտուտի բակ տանող դռան ձախ կողմում գտնվող՝ մոտ 1.5 մ քառակուսի խցի համար:
     Սկսեցի գիշերները կարդալ: Պահակատանը կախված էր նաև գրադարնի բանալին: Սպասում էի, որ ոստիկանական մեքենան հեռանա, բացում էի գրադարանի դուռը, լապտերով որոնում ուզածս գիրքը, ու մինչ լուսանալը կարդում էի:
     Սկզբում, նույն գիշերն իսկ գրքերն իրենց տեղն էի դնում: Հետո ալարեցի, վերադարձնում էի, երբ հարմար էր լինում:
     Մի անգամ, դա 1977 –ին էր, նոր բերված գրքերի մեջ տեսա այն ժամանակ շատ հազվագյուտ А.Ленинджер-ի Биохими-ան, որը գրադարանը պատվիրել էր Մոսկվայից և ստացել հենց այդ օրը երեկոյան: Վերցրեցի ու քանի որ այդ սեմեստրին բիոքիմիա էինք անցնում պահեցի մոտս:
     Հաջորդ օրը գրադարանի աշխատողները նկատեցին, իսկույն հասկացան, որ ես եմ տարել: Երեկոյան գրադարանի դռան շեմին, ներսի կողմից ցեմենտ էին շաղ տվել: Ես էլ, որ գիշերով մտա հերթական գիրքը վերցնելու՝ չնկատեցի: Առավոտյան, առաջին իսկ դասին Գյուղինստիտուտի լսարան մտան ոստիկանները, ձեռնաշթղան հագցրին ու ցուցադրաբար տարան:
     Ֆիզկուլտ ինստիտուտում սկսվեց գրադարանի գույքագրումը: Մի երկու օրից պարզվեց, որ առնվազն 11000 ռուբլու գրքի պակասորդ կա: Տարան ուղիղ Ֆիզկուլտի ռեկտորի մոտ:
     -Դու էս տարել?
     -Այո:
     -Քանի հատ?
     -13՝ բոլորն էլ քիմիայից ու բիոքիմիայից:
     -Բա մեր մոտ պակասորդը մի քանի հազար գրքի է: Լավ. տուր քո տարածների ցուցակը:
     Անգիր ասացի:
     -Հիմա հանձնաժողով կստեղծեմ, եթե համոզվեցինք, որ դրանք կարդացել ես՝ կմիրջնորդենք, որ քրեական գործ չհարուցեն, բայց եթե պարզվի, որ վաճառելու համար ես տարել՝ կնստես, էն էլ պրիմ հոդվածով՝ մինչև 15 տարի:
     Սաֆարով ազգանունով ամբիոնի վարիչ կար, ծեր, նիհար մարդ էր: Նա էր հանձնաժողովի նախագահը: Սենյակում մի երկար սեղան կար, մի ծայրում Սաֆարովն էր, մյուսում ես՝ երկու ոստիկանի արանքում, սեղանի շուրջն էլ՝ մի տաս դասախոս:
     Սկսվեց քննությունը: Հերթով կարդում էին գրքերի վերնագրերը, համապատասխան դասախոսը հարցնում էր: Ես էլ՝ գերազանցիկ, քիմիային սիրհարված, գիշեները ցերեկ արած, պատասխանում էի: Սաֆարովը վերկացավ թե՝
     -Հերիք է, - ու դարձավ ինձ, - տղա ջան, էդ գրքերը թող մնան քեզ: 28 տարի էստեղ ամբիոնի վարիչ եմ, ինձ ոչ մեկը դեռ էսպես չէր պատասխանել:
     Կողքիս ոստիկանը, որ կոչումով փոխգնդապետ էր /իրեն էին վստահել «նաղդ պրիմով գնացողին» բաժնից ֆիզկուլտ ինստիտուտ տանելը/, վեր թռավ տեղից ու թե՝
     -էդ չհասկացա, սոցիալիստական գույքը հափշտակողին ոչ միայն չեք ուզում պատժել, այլև գույքը հետ չեք ուզում: Ինձ դա չի հետաքրքրում: Պիտի դատենք:
     Ու նորից ինձ տարան բաժին:
     Մայրս Երևանում մի քեռի ուներ, Միհրան Մելքոնյանը՝ «քանաքեռցի Միրոն»: 40, 50-ականների քաղաքի գողական աշխարհից էր: Շատ հարգված մարդ էր: Պատերազմական ու հետպատերազմական տարիներին եղել էր Երևանի Յուղարդի տնօրեն, և ասում են, որ փրկել էր սովից հարյուրավոր մարդկանց:
     Կաղ էր: Քայլում էր ձեռնափայտով: Հիշում եմ, ման էր գալիս քաղաքում մերսեդեսով ու ատրճանակով: Երեկոներն էլ «Ամերիկայի ձայնի» ժամին ականջը միշտ ռադիոին էր: Ասում էր՝ «այ բալա դու էս լսի, մնացածը՝ սուտ ա»:
     Լուրը հասել էր իրեն: Եկավ ոստիկանություն: Միլպետն էլ հետն էր: Ասաց միլպետին.
     -Դու էդ քանի գլխանի էս, որ Լենինին սխալ ես հանում:
     Սա իրար խառնվեց:
     -Պրիչոմ ըստեղ Լենինը?
     -Փետը կտամ գլխիդ շան լակոտ, բա ինքը չի ասել գրքի գողը գող չի: Թող էս էրեխուն, թե չէ քո էդ հակասովետիզմի տակից դուրս չես գա:
     Բաց թողեցին: Իհարկե բացի Լենինից մեջբերումից, երևի ուրիշ բաներ էլ արեց: Բայց դրանք ոչ ոք չիմացավ: Ու միշտ, երբ հիշեցնում էին իրեն այս պատմությունն, ասում էր «էդ Լենինից երևի միակ լավ բան էր»:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
4950 | 0 | 0
Facebook
COMMENT.am