Loading...

Articles

Մի կոտրեք երեխային

Nan Zeynalyan
20:21, Thursday, 09 February, 2017
Մի կոտրեք երեխային

Վերջին տարիներին ուսուցչի պարտականությունները մի տեսակ շատացել են: Անիմաստ թղթավարություններից զատ, նա անընդհատ հրահանգվում է ուշադիր լինել աշակերտի նկատմամբ, չկոտրել նրա պատկերացումները, չարհամարհել նրա ներաշխարհը, չվիրավորել, չվրիպել, զգույշ լինել բառերում, մոտեցման և ուսուցման ձևերից ընտրել ու կիրառել պարզագույնը: Շարքը կարող եմ երկար թվարկել: Համենայն դեպս, իսկական ուսուցիչ-նվիրյալին, կարծում եմ, հրահանգելու կարիք չկա: Ինչևէ, այսօր ճկուն մտածելակերպով, ճիշտ ու արագ կողմնորոշվող, կյանքին բաց աչքերով նայող ու կյանքը պարզ դիտել կարողացող հրաշալի սերունդ ունենք: Սակայն գաղտնիք չէ, որ աշակերտն այսօր չի կարդում, գրականություն ասվածը քչերին է սիրելի ու հասու: Եվ ահա սիրաշահում ես, համոզում, օրինակ հանդիսանում ու տանում դեպի գրականության աշխարհ, ավելին՝ մասնակից դարձնում ասմունքի փառատոնին: Երբ նա բեմ է բարձրանում, դու էլ նրա հետ լարվում ես, հուզվում, մտովի ասմունքում: Եվ քեզ այդ նիրվանայից կտրում է հանձնաժողովի ներկայացուցչի խիստ ու հատու ընդհատումը, որն ուղեկցվում է շտկումներով և նկատողություններով: Նույնը կրկնվում է գրեթե բոլոր մասնակիցների հետ: Այդ պահին քաղաքավարությունից ելնելով հազիվ ես քեզ զսպում, որ չառճակատես: Հարգելի՛ հանձնաժողով, որ տեղն է ընկնում, ուսուցչին հեշտորեն քննադատում եք, բայց ինքներդ մի քանի ժամ չեք կարողանում լինել ուսուցչի դերում, չեք համբերում լսել նրանց մինչև վերջ: Ի վերջո, ձեր դիմաց 11-17 տարեկան երեխաներ են, հիշեք ձեզ նրանց տարիքում: Ինչքան էլ պատկառանք ունեմ ձեր հանդեպ, այնուամենայնիվ, կարող եմ ասել՝ ձեր գործը գնահատելն է, թերությունները հաշվի առնելով՝ գնահատեք ցածր, բայց մի ընդհատեք, մի նեղացրեք երեխային, մի կոտրեք նրան, նրանց դեռատի աչքերում արցունքներ մի առաջացրեք: Ձեր առաջին բեմելները անթերի՞ են եղել: Մի փոքր հանդուրժողական եղեք, համբերատար և նկատի ունեցեք, որ ձեր արարքից հետո ուսուցչից վերստին երկար ժամանակ է պահանջվում, որ այդ նույն երեխային նորից կյանքի կոչի, նորից գրականություն բերի և հասկացնի, որ նմանատիպ ապտակներով պիտի ամրանա…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5604 | 0 | 0
Facebook