Այս տարվա մարտի 9-ին «Կյանքի խոսք» եկեղեցու հիմնադիր եւ ղեկավար Ուլֆ Էքմանը հայտարարեց, որ դառնում է Կաթոլիկ եկեղեցու անդամ: Դա խարխլեց նրա որոշ հավատակիցների հավատը՝ նրանց շրջանում անորոշություն բերելով: Այսօր այս թեմայով «Տեսակետ» ակումբում խոսեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանը: Հոգեւորականը իրենց եկեղեցու օրինակով փաստեց. «Կյանքի խոսքի» հիմնադրի հայտարարությունից հետո հինգ օրվա ընթացքում միայն 25 հոգի իրենց եկեղեցի է եկել: Տեր Եսային այս առիթով ինչ-ինչ մտահոգություններ ունի: Ասում է՝ «Կյանքի խոսքի» հետեւորդներից շատերը վախի մթնոլորտում ու թյուրիմացության մեջ են, քանի որ նրանց հովիվները շանտաժի մեջ են պահում «շարքային» անդամներին, որ եթե տասանորդ չվճարեն, ընտանիքի անդամները փորձության կենթարկվեն: Տեր Եսայու խոսքով, տարիների ընթացքում այդ մարդկանց ներարկել են, թե Հայ առաքելական եկեղեցու անդամները իրենց ատում են, եկեղեցին իրենց մերժում է. «Իրենցից մեկը խոստովանեց, որ չէր պատկերացնում, թե ինձ հետ կխոսի, ասում է՝ մանավանդ դուք այն հոգեւորականն եք, որ շատ եք խոսել «Կյանքի խոսքի» մասին: Ես միշտ ասում եմ, որ եկեղեցին երբեք չի մերժի նրանց: Նաեւ շեշտում ենք, որ եթե տասանորդ չտան «Կյանքի խոսքին», իրենց ընտանիքը հաստատ չի տուժի»: Տեր Եսային նշում է, որ Ավետարանական եկեղեցիներ հաճախող մարդկանց թիվը Հայաստանում շուրջ 10000 է, եւ նրա ձեւակերպմամբ, «Կյանքի խոսքը» Ավետարանական եկեղեցու հետ կապ չունի: «Ավետարանական եկեղեցին Եվրոպայում իրենց մերժել է, հայտարարելով, որ «Կյանքի խոսքը» իրենց հետ կապ չունի: Նրանք նաեւ բամբասում են, թե իրենց հովիվը Ամենայն հայոց հայրապետի օրհնությունն է ստացել, իրականում նման բան չկա», - հայտարարում է հոգեւորականը: Անդրադարձ եղավ նաեւ Արեւորդիներին: «Եթե Արեւորդիները քարոզում են Նժդեհի գաղափարախոսությունը, այդտեղ հեթանոսության քարոզ չկա, ո՞վ է ասել, որ Նժդեհը հեթանոս էր: Ինչ վերաբերում է հեթանոսական ծեսերին, որոնք տեղի են ունենում Գառնու տաճարում, ես լուրջ չեմ ընդունում: Մանավանդ հեթանոսական ծեսեր անելիս իրենք հաճախ օգտագործում են քրիստոնեական տերմիններ…Նշեմ, որ քրիստոնեությունը նույնպես հայրենասիրական կրոն է եւ չի արգելում հայրենասիրության համար պայքարը: Պարզապես ոմանց մոտ քրիստոնեական արժեքների սխալ պատկերացում կա», - նշեց տեր Եսային: