Loading...

Articles

ԿՈՒՊԵՈՒՄ՝ ԳՈՂԵՐԻ ՀԵՏ /պատմվածք/

10:09, Monday, 23 January, 2017
ԿՈՒՊԵՈՒՄ՝ ԳՈՂԵՐԻ ՀԵՏ /պատմվածք/
    
    

Յոթ վագոն անցնելով՝ Աշխենեք վերջապես գտան իրենց տեղը: Մնացածը հեշտ էր, ու հիմա քափ-քրտինք մտած՝ կանգնել էին կուպեի դռանը: Ուղեկցորդը չէր երևում: Առաջինն Աշխենը բացեց դուռը: Դեմքին զարնեց ծխախոտի, քրտինքի, խմիչքի գոլ, սրտխառնուք պատճառող հոտը: Ներսում երկուսն էին: Հասցրեց նկատել վերևում պառկածի մազոտ կուրծքը և թավ հոնքերը: Երկրորդը ներքնավարտիքով և անթև շապիկով, յոգի կեցվածք ընդունած՝ ճմռթված անկողնում ծխում էր:

Աշխենը փակեց դուռը՝ հույսով, որ ներսում եղողներն իրենց կարգի կբերեն:

-Հը՞, ի՞նչ կա, -հարցրեց Հասմիկը:

-Տկլոր մեզ են սպասում:

-Տղանե՞ր են:

-Հա, աչքդ լույս:

Այգը նոր էր բացվում: Լույսերն արդեն հանգցրել էին, ու միջանցքում կիսախավար էր: Հայտնվեց ուղեկցորդուհին:

-Ձերը ո՞ր տեղերն են:

-Տասնյոթն ու տասնութը:

Կինը հրեց կուպեի դուռը:

-Աղջիկներ են ձեզ մոտ գալիս, չնեղացնեք:

Նա տեղ տվեց, որպեսզի Աշխենենք անցնեն, հետո, գործն ավարտած համարելով` գնաց:

-Բարև ձեզ:

-Բարև, քիրա, -պատասխանեց վերևում պառկածը:

-Բարի լույս, -ծխախոտից աչքերը կկոցելով՝ արձագանքեց մյուսը: Նա տաբատը մի կերպ վրան քաշած նստել էր՝ բարձը մեջքին հենած:

Հասմիկը, որ Ռուսաստանում էր ամուսնացած և հայերեն վարժ չէր խոսում, ռուսերեն ողջունեց:

Կուպեի ծակուծուկերը նրանց իրերն էին զբաղեցրել: Աշխենի հայացքն ապարդյուն փնտրտուքից հոգնած՝ կանգ առավ ներքևում նստածի վրա: Վերջինս վարպետորեն ծխի օղակներ էր բաց թողնում՝ անտարբեր նայելով պատուհանից դուրս: Նրա ինքնավստահությունը վիրավորական էր:

-Կուպեում չծխեք:

-Օհո՛, Սուրո, լսա՞ր, -դարձավ նա ընկերոջը, հետո կտրուկ շրջվեց դեպի Աշխենը -Էդ խի՞:

-Չի կարելի: Հետո չե՞ք տեսնում, երեխա կա:

-Հա՜, -բառն արտիստիկ երկարելով՝ նա լռեց:

-Ձեր իրերն էլ մի կողմ տարեք՝ ճամպրուկը դնելու տեղ չկա:

-Ինչ ասի՞ր՝ ճամպրու՞կ: Սուրո, ճամպրուկը ո՞րն է:

Վերևում պառկածը չպատասխանեց: Ներքևինն զգալով, որ կատակն արձագանք չգտավ, ցուցադրաբար, բառերը հատ-հատ շեշտելով՝ ասաց.

-Հիմա, քուր ջան, քո ճամպրուկին արժանավայել տեղ կտանք: Տե՛ս, մենք էլ հայերեն գիտենք:

Արագորեն բարձրանալով՝ նա մի քանի զամյուղ այս ու այն կողմ տարավ և, Աշխենի ձեռքից պայուսակը գրեթե խլելով, խցկեց բացվածքը:

-Խնդրեմ, մենակ թե կռիվ չսարքես:

Նա ակնհայտորեն դիտողությունից վիրավորվել էր: Հասմիկը գնաց սպիտակեղեն բերելու: Կուպեում անհարմար լռություն տիրեց, անգամ երեքամյա Ներսիկն էր սսկվել: Վերջապես Հասմիկը վերադարձավ, և լռության մեջ սկսեցին անկողինը պատրաստել: Աշխենը որոշեց վերևի հարթակն զբաղեցնել. ավելի լավ է գործ չունենա ցածում պառկած հետ, բացի դա եղբոր աղջկան փոքրի հետ դժվար կլիներ:

Ընդհանուր մթնոլորտն առաջինը ներքևինի ջղերի վրա ազդեց: Ընդոստ շարժումով վերցնելով ծխախոտը, լուցկին՝ գնաց: Վերևինը, դեմքը պատի կողմն արած, լռում էր: Աշխենը համոզված էր, որ սուտ քուն է տվել: Էհ, իրենց գործն է, միայն թե չանհանգստացնեն: Ընդամենը մեկ օր են միասին ճամփա գնալու:

Գնացքին հասնելու համար ժամը հինգին էին արթնացել, ու հիմա քունը տանում էր: Դուրս նայեց: Ոչինչ չէր երևում: Ապակիները վաղուց չէին մաքրել: Երևի քսանհինգ աստիճան լինի, - որոշեց նա: Կուպեում ևս ցուրտ էր: Չմրսելու համար միայն վերարկուն և սապոգները ներքևում թողած՝ մտավ անկողին:

-Հա՛ս...

Ցածից չպատասխանեցին: Աշխենը գլուխը կախեց: Մայր ու տղա գրկված՝ քնել էին: Ներսիկի այտերին կարմրություն էր հայտնվել: Նայեց դիմացի հարթակին մեկնվածի կողմը: Վերջինս քնի մեջ շարժվեց: Վախեցած՝ Աշխենը փակեց աչքերն ու քնած ձևացավ: Տղամարդն արթնանալու նշաններ ցույց չէր տալիս: Աշխենի քունը փախավ: Տաղտուկը ցրելու նպատակով պայուսակից հանեց գիրքը, որ հատուկ ճամփի համար էր վերցրել: Առաջին էջը չշրջած՝ դուռը բացվեց, և ներս մտավ ներքևի տղան: Աշենը շարունակեց ընթերցել:

-Լա՞վ գիրք է, -հարցը խաղաղ հնչեց: Նա, ըստ երևևույթին, վիրավորանքը կուլ էր տվել:

-Ոչինչ, կարդացվում է, -հաշտ պատասխանեց Աշխենը:

-Ինչի՞ մասին է:

-Ժամանակակից կյանքի:

-Կյանք կա՞ որ:

Աշխենը չարձագանքեց:

-Իմ անունը Գևո է, Գև, ընկերոջս՝ Սուրո:

-Ուրախ եմ՝ Աշխեն: Եղբորս աղջկա անունը Հասմիկ է:

-Տնաշեն, չծանոթացած կռվում ես:

-Տեղիք տվողը դուք էիք:

-Ճի՞շտ, ախպորդ աղջի՞կն է:

Սուրոն էր՝ Սուրենը: Շրջվել, դաստակը գլխի տակ, քննախույզ նայում էր:

-Ի՞նչ կա չհավատալու:

-Հայի նման չէ: Խի՞ ռուսերեն բարևեց:

Աշխենը ժպտաց:

-Ռուսաստանում է ամուսնացած:

-Ռուսի հե՞տ:

-Ի՞նչ կա որ: Ինչու՞ մեր տղաները հազարներով կարող են ամուսնանալ, աղջիկները՝ ոչ:

-Լավ չէ:

-Հիանալի ամուսին ունի՝ ոչ խմում է, ոչ ծխում:

-Դեռ հարց է:

Թե ինչն էր հարց, Աշխենը չըմբռնեց: Այ քեզ փորձանք, արի ու սրանից գլուխ հանիր: Որոշեց զգույշ լինել: Այս երկրորդը, կարծես, ավելի չոր բնավորություն ունի:

-Դե լավ, եկեք գնանք վագոն-ռեստորան: Հաց կուտենք, կծանոթանանք, -Գևորգն էր:

-Շնորհակալություն, ես ուզում եմ մի քիչ քնել:

-Ամբողջ օրը դեմներդ է, էնքան քնե՜ք:

-Չէ, շնորհակալ եմ, դուք գնացեք:

-Քու՛ր, - դարձավ նա Հասմիկին, -գնանք մի կտոր հաց ուտենք, էրեխուն էլ վերցրու:

-Շնորհակալություն, սոված չենք, -ներքևից լսվեց Հասմիկի անբնական երկչոտ ձայնը:

-Դուք գիտեք:

Նրանք դժգոհ գնացին: Աշխենը դռան փակվելուց հետո անմիջապես գլուխը հակեց: Հասմիկը ներքևի շրթունքն ատամների տակ՝ վախեցած նայեց հորաքրոջը:

-Լավ է հայերեն պատասխանեցիր, -կեսլուրջ-կեսկատակ գովաբանեց Աշխենը:

-Աչքերս փակ լսում էի:

-Ոնց ասիի՞ր՝ սոված չենք:

-Էլ դու սուս՝ անոթությունից ուշքս գնում է:

-Ուզու՞մ ես հաց ուտենք:

-Չէ, բա որ գա՞ն, -նորից շրթունքը կծեց Հասմիկը:

-Թող Ներսիկն արթնանա, նոր: Ես կարդամ:

Կես ժամ անց տղաները վերադարձան: Նրանց հետ մեկը ևս կար: Երկուսի տրամադրությունն էլ բարձր էր. գլուխները տաքացրել էին:

-Լյով, ախպեր, սրանք մեր քիրիկներն են: Հանկարծ ծուռ աչքով չնայես: Ճիշտ չե՞մ ասում, քիրա, -դարձավ Աշխենին Սուրենը:

Աշխենը գլխով հաստատեց:

-Տեսա՞ր, դե հիմի էն արաղը բաց:

Նորեկը՝ Լևոնը անութի տակից հանեց օղու շիշը: Նրանք նույն բաժակով հերթով խմեցին:

-Ուզու՞մ եք ուտել: Տապակած հավ ունենք, -խղճաց Աշխենը:

-Ոչ մի դեպքում: Դու մեզ հետ ռեստորան չեկար: Լավ չարեցիր, բայց էլի իմ քուրն ես: Ախպեր, -խոսքը Լևոնին ուղղեց, - կուպեում չծխես, եղա՞վ:

-Եղավ, Սուրո ջան:

-Գիտես, չէ՞, ինձ կյանքով ես պարտական:

-Հա, իմ ախպեր:

-Գիտես, չէ՞, Մոսկվայում վրա չհասնեինք, հիմի ուր էիր:

-Գիտեմ:

Նորեկը պատասխանում էր անվստահ: Ակնհայտորեն միայն մի բանով էր մտահոգ՝ հանկարծ դիմացինին չզայրացնի: Ինչ-որ մութ պատմություն կար կապված Մոսկվայի հետ, թե ինչ՝ Աշխենը գլխի չէր: Նրանք շիշը վերջացրել էին և սկսել բացահայտ խոսել:

-Չէ, ինձ ասա, մի հինգ տարի կտայի՞ն:

-Առաջին դեպքն է, պատահական ստացվեց: Բայց որ դու ասում ես...

-Ի՞նչ նշանակություն ունի: Ավել գնո՞վ էիր տալիս՝ վերջ, ուրեմն՝ սպեկուլյացիա է՝ վե-րա-վա-ճառք:

-Դե, դու ինձնից լավ գիտես:

-Հենց հասանք, կբերես: Ժամը տասին, ինչքան որ պայմանավորվեցինք:

-Խնայբանկը տասին է բացվում, կարող է էդքան փող չունենան:

-Լավ, տասնմեկին: Տես, հետո չնեղանաս:

Խոսակցությունը միջանցքում բարձրացած աղմուկի պատճառով ընդհատվեց: Գևորգը կիսաբացեց դուռը: Օրը մթամած չէր, և մարդկանց մի մասը ձանձրոյթը փարատելու համար ելել էր միջանցք:

-Հը, ի՞նչ կա, -զգաստացած՝ հարցրեց Սուրենը:

-Ինչ-որ ժամացույց են թռցրել՝ սալդատի:

-Էլ ի՞նչ է շուխուռ դնում: Թող լավ պահեր, չտանեին:

Առժամանակ լռություն տիրեց: Սուրենի դեմքը շարունակում էր լարված մնալ:

-Հլա սալդատին կանչի:

Գևորգը քիչ անց վերադարձավ զինվորի հետ: Նրա շփոթված դեմքից Աշխենը գլխի ընկավ, որ անփորձ է ու խեղճ, թեև զինվորական հագուստով հասուն տղամարդու տեսք ուներ: Ծնոտին բավական մեծ պզուկ կար, շեկին տվող բեղերը հազիվ էին նկատվում:

-Նստիր, -հայերեն կարգադրեց Սուրենը:

Զինվորը ետ տանելով սավանի եզրը՝ նստեց Գևորգի անկողնուն: Մատներն ինքնաբերաբար շոշափեցին ծնոտի պզուկը:

Ցավում է: Խեղճը հայելու առաջ նոր է պայթեցրել: Օդեկոլոնով էլ մաքրել է, որպեսզի վարակ չանցնի: Զորացրվելուց հետո կամենում է պատշաճ, արժանավայել տեսքով գյուղ մտնել, սիրածին ներկայանալ: Չէ, հարսնացու դժվար ունենա:

-Դե հիմա պատմիր: Ո՞նց եղավ, -արդեն ռուսերենով զինվորին դիմեց Սուրենը:

Վերջինս կցկտուր ներկայացրեց եղելությունը՝ քնած ժամանակ թևից հանել էին:

-Բա սալդատը պոստում կքնի՞:

Տղան չարձագանքեց:

-Կորցրել ես, կամ տանը թողել:

-Իրիկունը թևիս էր, -առարկեց զինվորը:

-Կորցրել ես, գողություն-մողություն մտքիցդ հանիր:

Զինվորը գրպանից ծխախոտ հանեց:

-Հլա դիր տեղը: Էն աղջկան տեսնու՞մ ես, -ու մատնացույց արեց վերևում կռթնած Աշխենին:

Տղան ծխախոտը մատների արանքում հանգցնելով՝ հնազանդ նայեց վերև:

-Տեսա՞ր:

Զինվորը գլխով արեց:

-Նա անգամ ինձ ու ընկերոջս արգելեց: Ելանք, համ կծխենք, համ զրույց կանենք:

-Քուր ջան, զգույշ, всесоюзный Սուրոյի հետ ես ճամփա գնում, -Լևոն կոչվածը ևս դուրս գնաց:

Աշխենն այդպես էլ բան չհասկացավ: Թիթիզ, անպետք տղաներ են, -որոշեց:

Կեսօրին, երբ ճաշել էին, Սուրենը ետ եկավ: Առանց խոսքի բարձրանալով մեկնվեց անկողնուն և հայացքն առաստաղին՝ լռեց: Քիչ անց մյուս երկուսը մտան: Գևորգը կաշվե բաճկոնի ներսի գրպանից մի բուռ տասնոցներ հանելով՝ տվեց Սուրենին: Վերջինս բարձրացնելով ներքնակը՝ վայրկենաբար դրամը թաքցրեց: Հետո Լևոնը գնաց: Գևորգը նույնպես պառկեց: Երկուսի դեմքն էլ ներքին լարումից գունատ էր: Կես ժամի չափ այդպես լուռ մնացին: Աշխենն ու Հասմիկը ևս սսկվել էին:

Տեսնես ի՞նչ է պատահել, չլինի՞ կռիվ: Դրանից ամեն բան հավատալու է: Մեղք է զինվորը, գոնե նրան ծեծած չլինեն: Գրողի տարածները հիմա էլ, տես, ոնց են մաղձոտել:

Որոշեց կուպեի կենվորների վրա այլևս ուշադրություն չբևեռել: Լավագույն օգնականը գիրքն է: Խորացել էր ընթերցանության մեջ, երբ կողքից խշրտոց լսեց: Նայեց ձայնի ուղղությամբ: Սուրենի ձեռքին հաբեր կային, ու նա ատամներով փորձում էր պատռել պատիճը: Շարունակեց հետևել: Նա հանածները տեղավորելով բռում՝ վարպետորեն բոլորը նետեց բերանը, ապա, նկատելով կողքի քննախույզ հայացքը, մատը շրթունքներին տարավ և ժպտալով «սը՜ս» արեց: Ժպիտի ետևում Աշխենը լռելու դաժան հրաման տեսավ: Մնացյալը շպրտեց ներքև.

-Գև, բռնի:

Այս անգամ փայլաթղթի անդուր ճռճռոցը ցածից լսվեց: Թմրեցնող, քնաբեր հաբեր են, -գլխի ընկավ Աշխենը:

Քիչ անց նրանք սկսեցին զրուցել. Ներքին խռովքն անցել էր:

-Լյովին բաժին տալու՞ ենք, -հարցրեց Գևորգը:

-Չէ մի, -անտարբեր՝ ատամների արանքից նետեց Սուրենը:

-Ահագին գործ արեց:

-Հլա պետք չէ, հետո կտեսնենք:

Կուպեի դուռը բացվեց:

-Пирожки, сосиски горячие, -երգեցիկ՝ ներսում գտնվողներին դիմեց շրջիկ բուֆետապանը:

Աշխենը վճռեց նրբերշիկ գնել: Պատրաստվում էր վճարել, Սուրենը մի ոտյունով հայտնվեց հատակին:

-Ստացիր փողը:

Նպարավաճառը դժկամորեն նայեց պարզած հիսունանոցին:

-Մանր չունեմ, ուրիշ փող տվեք:

-Իմ ի՞նչ գործն է: Չունես, առևտուր մի արա:

-Ինձ մոտ կա, ես կտամ, -մեջ ընկավ Աշխենը:

-Հլա դու սու՛ս, -սաստեց Սուրենը:

-Մանր չունեմ, հո զոռով չէ՞:

-Բա որ չունես, երեկ խի՞ վերասյա արաղ չտվիր, -նողկալի, արհամարհալից տոնով հարցրեց Գևորգը:

Բուֆետապանն ակամա ետ-ետ գնալով՝ ելավ միջանցք:

-Լավ, լավ, տակդ մի լցրու, -նրա ետքից գնաց Սուրենը:

Աղմուկի վրա ինչ-որ մեկը մոտեցավ: Բաց դռնից լսվում էր խոսակցությունը:

-Սպասեք, ի՞նչ է պատահել, -բուֆետպանին պաշտպան կանգնեց նորեկը:

Տղաները հարցն անպատասխան թողին:

-Ի՞նչ է եղել, իմ բարեկամն է, -շարունակեց նույն ձայնը:

-Ես հարցերի չեմ պատասխանում:

Սուրենի ձայնը տիրաբար հնչեց: Աշխենը մտաբերեց հանրահայտ խոսքը՝ Սուվորովը հարցերի չի պատասխանում, նա միայն հարցեր է տալիս: Այ քեզ մեր օրերի զորավար:

-Ինչու դու ո՞վ ես, -համառեց ձայնը:

-Ես՝ ես եմ, բա դու՞ ով ես: Դե գնացեք, թե չէ կջղայնանամ:

Հետո ձայները խառնվեցին իրար: Աղմուկը մեջ առանձնանում էր ուղեկցորդուհունը.

-Հերիք եղավ, -բղավում էր, -ոստիկան կկանչեմ: Ինչ մարդիկ դուրս եկաք: Հագած-կապած մտաք վագոն, ես էլ ասի լուրջ տղաներ են...

Նրանք ուղեկցորդուհու հարձակումից ընկրկած մտան կուպե՝ ետքից գոցելով դուռը:

-Դե թող հիմի գնա հարիֆը:

Սուրենը գրպանից մի քանի թղթադրամ հանեց:

-Արաղ չտալը քթից եկավ, -իրենց արարքից գոհ՝ մարմինը կոտրատելով ընկերոջ ուրախությունը կիսեց Գևորգը:

-Քիրիկ, չնեղանաս, -Սուրենն էր:

-էլ ոնց չնեղանամ: Չի կարելի, չէ՞, անմեղ մարդկանց անպատվել, -համարձակ մարտահրավեր նետեց Աշխենը:

Սուրենը զարմանալիորեն շպրտած ձեռնոցը չվերցրեց:

-Դու չգիտես, -կարճ կապելով՝ նա դիմեց Գևորգին: -Դուրս գանք:

Հագնելով կաշվե բաճկոնները՝ նրանք ելան վագոնից:

Աշխենը կիսվելու պահանջ էր զգում: Զայրացած էր, վիրավորված: Փաստորեն աղմուկն իր պատճառով էր: Թվում էր, ինքն էլ է մասնակից տղաների քստմնելի արարքին:

-Հը, ո՞նց եք:

-Խնդրենք, թող փոխեն: Սրանց հետ ես գիշերը կուպեում չեմ մնա:

-Մի վախեցիր: Եթե երկյուղելու բան կա, թող իրենք մտածեն: Տեսա՞ր, հենց ոստիկանի անուն լսեցին, պոչները քաշած ետ եկան:

-Հլա չվախենա՞մ: Տեսա՞ր փողերը:

Երկուսի հայացքը միաժամանակ ուղղվեց Սուրենի անկողնուն:

-Տեսնես ինչքա՞ն է, -չսպասելով պատասխանի՝ Աշխենը ներսից փակեց դուռը և ձգվելով՝ բարձրացրեց ներքնակի ծայրը:

-Ը՜հ, -ծոր տալով՝ նա արագ վրա բերեց ներքնակը:

-Ի՞նչ էր, -վախեցած հայացքը հորաքրոջը հառեց Հասմիկը:

-Տասնոցներ, քսանհինգնոցներ, ռուբլիանոցներ: Ինչ փող ուզես, կա:

-Որտեղի՞ց:

Աշխենը չկամեցավ վախեցնել եղբոր աղջկան: Մանավանդ երեխայի հետ է, սրտաճաք կլինի: հիմա գլխի էր, որ գողերի հետ են ճանապարհ գնում:

-Ա՛հ, ձայնին թեթևություն հաղորդելով՝ թոթվեց ուսերը, -ո՞վ գիտի, հերներն ինչ պաշտոնի են:

Աշխենը ելավ միջանցք: Անկյունում մեկը ծխում էր՝ թախծոտ հայացքը պատուհանից դուրս հառած: Անցնում էին արևածաղկի մերկ դաշտերով: Համատարած ճերմակության մեջ հատուկենտ չորացած ղողուններ էին երևում: Գծերի երկայնքով տնկած անտառաշերտը ձյան տակ կուչ էր եկել: Այնուհետ տեսարանը փոխվեց: Շինություններ հայտնվեցին: Մոտենում էին մեծ բնակավայրի:

- Ի՞նչ քաղաք, -հարցրեց Աշխենը միայնակ տղամարդուն, ով ծխելը վերջացրել, շարունակում էր անկենդան հայացքով դուրս նայել:

-Ռոստովը, -չկամ պատասխանեց մարդը:

Չես ուզում, մի խոսիր, -մտովի նեղսրտեց Աշխենը: -Այնքան նայես, հոգիդ դուրս գա:

Կարմիր կղմինդրով առաձնատների մոտով էին անցնում: Կոկիկ, հավաք շինություններ էին՝ փայտից ցանկապատերով, պարտեզներում՝ մերկ ծառեր: Անցորդներ գրեթե չէին նկատվում: Մի կին լվացք էր փռում: Մոտենում էին բնակավայրի կենտրոնին: Սեփական տներին այժմ փոխարինում էին բազմահարկ բնակելիներ, գորշ, անհրապույր ապակիներով գործարաններ՝ հազար ու մի անպետքություններով խճող բակերով:

Վերադարձավ կուպե:

-Գնամ հանքային ջուր առնեմ:

-Շուտ կգաս, -Հասմիկը լրջորեն վախեցած էր:

Վագոն-ռեստորանը, պարզվեց, բավական հեռու էր: Հոգնեց դռները բացել-փակելով: ամենատհաճը մի վագոնից մյուսն ընկած տարածքն անցնելն էր: Միացման տեղում բացվածքներից նկատվում էին տակից փախչող կոճղերը: Թվում էր, ուր որ է վագոններն իրարից կանջատվեն, և չի հասցնի անցնել սատանի կամուրջը: Սիրտը տեղն էր ընկնում, երբ շրխկոցով փակվում էր դուռը, և ցուրտն ու աղմուկը մնում էին թիկունքում:

Ջուր գնելուց հետո վերադարձավ: Մինչ այդ գնացքը ցնցվելով կանգնել էր: Նոր ուղևորներ էին բարձրանում: Լսվեց Գևորգի ձայնը.

-Յոթերորդը մերն է:

Նրանց հետ երկուսը ևս կային: Վերջիններս եկար թիկնոցներով էին: Մեկի ձեռքին «դիպլոմատ» տեսակի պայուսակ կար: Բարևելով աղջիկներին՝ նստեցին Սուրենի մատնացույց արած անկողնուն:

-Մեր քիրիկներն են, առանց քաշվելու, -տնավարի ներկայացրեց Սուրենը:

Նորեկներից մեկը պայուսակից հարյուր ռուբլիանոցի կապուկ հանեց: Սուրենը վերցնելով փողը՝ քանդեց ծրարը, աչքաչափով ծրարի մեծ մասն առանձնացնելով՝ մնացածը վերադարձրեց: Տղան գոցեց պայուսակը, և նրանք ոտքի կանգնեցին:

-Ե՞րբ կգաք, -հարցը Սուրենին էր ուղղված:

-Երևի գարնանը: Հաստատ խոսք տալ չեմ կարող:

-Նույն հասցեի տակ ենք: Դե, մենք գնացինք: Ցտեսություն, աղջիկներ, -բարեկրթորեն դարձան Աշխենին ու Հասմիկին, այնուհետ սեղմելով Սուրենի ձեռքը՝ ելան: Գևորգը գնաց ուղեկցելու: Աղմուկից Ներսիկն արթանցել էր: Շշմած շուրջն էր դիտում՝ կամենալով ճշտել որտեղ լինելը:

-Զարթնեց, տեսեք ո՞վ ելավ, -ձայնին քնքշանք հաղորդելով՝ Ներսիկին խոսքն ուղղեց Սուրենը:

Նրա տրամադրությունը բարձր էր: Գործերը հաջող էին ընթանում: Երեխան մեկ մորն էր ուղղում հայացքը, մեկ՝ Սուրենին:

-Հը, հեքիաթ կարո՞ղ ես պատմել, -շարունակեց Սուրենը:

-Կարող եմ, -լուրջ-լուրջ պատասխանեց Ներսիկը:

-Ի՜նչ ես ասում: Ո՞րը:

-Երեք խոզուկները, Կարմիր...

Սուրենը չթողեց շարունակի.

-Անունդ ասում ես, ի՞նչ է:

-Ներսիկ:

Սուրենը մի պահ հապաղեց, ապա՝

-Ներսո, քո անունը Ներսո է: Եղա՞վ: սկսիր:

Տղան հարցական նայեց մորը. թույլտվության էր սպասում:

-Պատմիր, -շշնջաց Հասմիկը:

-Լինում է, չի լինում՝ երեք խոզուկ: Մեկի անունը՝ Նիֆ-Նիֆ, երկրորդինը՝ Նուֆ-Նուֆ, երրոդինը՝ Նաֆ-Նաֆ: Նրանք ապրում էին անտառում: ...

-Կարմիր գլխարկի տատիկի մո՞տ:

Փոքրիկը հարցից հանկարծակիի եկավ, սակայն չկորցրեց իրեն.

-Ո՛չ, նրանք ուրիշ անտառում էին ապրում:

-Ո՞ր անտառում:

-Հեռու անտառում:

-Ինչքա՞ն հեռու:

_Շա՜տ: Ներսեսի հայացքը դարձյալ մորն առավ: Խոսակցությունն անբնական հունով էր ընթանում, և որդին մորից ուղղություն, քաջալերանք էր ակնկալում:

-Հետո՞:

-Մի անգամ մեծ եղբայրն ասում է...

-Стоп, մեծ եղբոր անունն ի՞նչ է:

-Նաֆ-Նաֆ, -զարմացավ երեխան:

-Միջնեկի՞նը:

-Նուֆ-Նուֆ:

-Փոքրի՞նը:

-Նիֆ-նիֆ:

-Քո՞նը:

-Ներսիկ:

-Չեղավ, չեղավ: Ներսո: Ասի՝ Ներ-սո, - հատ-հատ արտասանեց վանկերը: -Սրանից հետո քո անունը Ներսո է:

-Նրա անունը Ներսես է, -այլևս չհամբերեց Աշխենը:

Լռություն իջավ: Սուրենն սկզբում ապուշ կտրեց. այնքան անսպասելի էր դիմացինի զայրույթը: Հետո դեմքը փոխվեց, այտերի մկանունքը լարվեց: Աշխենը տեսնում էր խնձորակի վերուվարելը: Ատամները սեղմել էր իրար և անընդհատ ներքին խռովքից բերանում կուտակվող թուքն էր կուլ տալիս: Աշխենը երկյուղեց: Հանկարծ ու ապտակի, -անցավ մտքով: Այդպիսիններին ի՞նչ կա: Ինքն ո՞վ է նրա համար: Իսկ նա գող է: Ով գիտե, գուցե հենց նոր է բանտից ազատվել: Սովորական գող էլ չի երևում: Այդպես էլ կա՝ մեծավոր է: Բոլորը հետն զգույշ են, պատրաստակամ, զիջող: Բայց ինքը թքած ունի, ինչու՞ պիտի վախենա: Շատ որ բանի տեղ դնես, չափը լրիվ կանցնի:

Աշխենը խռով տեսք ընդունած՝ բարձրացավ: Զայրույթն անցել էր, բացի դա խղճում էր անզորությունից ատամները կրճտացնող տղամարդուն:

-Խի՞ նեղացար, -կիսաշշուկով հարցրեց վերջինս:

-Ձայնը սիրագորով էր, ներողություն հայցող:

Աշխենը հնչերանգից հուզվեց:

-Չեմ նեղացել:

Երկուսն էլ լռեցին: Աշխենը մեքենաբար ձեռքն առավ գիրքը: Էջերը խառնվել էին, չէր կարողանում տեղը գտնել: Որ գտներ էլ, միևնույն է, ընթերցածից բան չէր ըմբռնի:

Հասմիկն անկողինն ուղղելուց հետո բացեց դուռը:

-Ու՞ր, -հարցրեց Աշխենը:

-Երեխան ծարավ է, տեսնեմ սովորական ջուր կա՞:

Նրանք գնացին: Կուպեում մնացին երկուսով: Մութը կամաց-կամաց ընկնում էր: Աչքերն այլևս չէին ջոկում տառերը, բայց շարունակում էր գիրքը բացած պահել:

-Տխուր է:

Աշխենը նայեց Սուրենի կողմը: Վերջինս անթարթ՝ առաստաղին էր նայում:

-Արի խոսենք, -քիչ անց թմբիրից ելած՝ նրա կողմը շրջվեց Սուրենը:

-Ինչի՞ մասին:

-Ուրիշ ինչի՞:

Աշխենը չհասկանալու տալով՝ թոթվեց ուսերը:

-Տղան ու աղջիկը, որ մենակ ճամփա են գնում, ինչի՞ մասին են խոսում, -համառեց նա:

-Դե, նայած ում հետ՝ արվեստի, գրականության, հայրենիքի, քաղաքականության, -միամտի տեղ իրեն դրած՝ թվեց Աշխենը:

-Քեզ որ նայում եմ, տաքությունս բարձրանում է, -նա մեկից հարձակման անցավ:

-Գնա սառը ջուրը մտիր, -կատակի տվեց աշխենը, հետո լրջացավ: -Սուրեն, պետք չէ: Ես ամուսնացած եմ, երկու երեխա ունեմ: Վատ մտքերը գլխիցդ հանիր:

Տղան նեղն ընկած՝ լռեց. բացճակատ գրոհը զինաթափել էր:

-Կներես, քուրս, հաշվիր այս խոսակցությունը չէր եղել: Անունդ էլ եմ մոռացել:

-Աշխեն:

-Ես էլ եմ ամուսնացած, երկու աղջիկ ունեմ:

-Կարոտե՞լ ես, -սիրալիր հարցրեց Աշխենը:

-Շա՜տ: Հինգ ամիս չեմ տեսել:

-Մե՞ծ են:

-Մեկն այս տարի դպրոց կգնա: Էն չամադանը տեսնու՞մ ես, -մատնացույց արեց կանաչ գույնի հսկայական ճամպրուկը, -ամբողջը աղջիկներիս համար է: Դպրոցական շորեր են, պայուսակ, տետրեր, ինչ հարմար եմ տեսել: Դաշնամուր էլ եմ առել, ճամփին է:

Լռեց: Դեմքին երազկոտ արտահայտություն էր իջել. մտովի երեխաների հետ էր:

-Խոպանի՞ց եք գալիս, -շարունակեց հարցուփորձը:

Սուրենը հարցն անպատասխան թողեց: Կուպե մտան Հասմիկն ու Ներսեսը, ետքից՝ Գևորգը երկու անծանոթ անձանց հետ: Մեկը սպիտակ մազերով վաթսունին մոտ մարդ էր, հագին՝ հնամաշ վերարկու: Նրանք ձեռքով բարևելով Սուրենին՝ երկու շիշ օղի, երշիկ, պանիր, հաց, մի քանի սառած կոտլետ և չորս խնձոր դրեցին սեղանին:

-Եկեք միասին ուտենք, -առաջարկեց Սուրենը:

-Շնորհակալություն, ես միայն խնձոր կվերցնեմ, -չնեղացնելու համար չմերժեց Աշխենը:

Սուրենը դանակի ծայրով վերցնելով ամենալավը՝ մեկնեց Աշխենին, ապա դարձավ Ներսիկին ու Հասմիկին:

-Ձեզ ի՞նչ հյուրասիրեմ:

-Ես... շփոթվեց Հասմիկը, -ես բան չեմ ուտում:

-Չէ, էդ մեկը չեղավ, -առարկություն չընդունող տոնով նկատեց Սուրենն ու երշիկի մի մեծ պատառ կտրելով՝ հացի հետ մեկնեց Հասմիկին:

-Ներսիկ, ուզու՞մ ես, -ուտեստը որդուն պարզեց մայրը:

Տղան տարուբերեց գլուխը:

-Հիմա ես Ներսիկին լավ բան տամ: Գև, շոկոլադները որտե՞ղ են:

Ընկերն իջեցրեց զամբյուղը: Սուրենը երկու լիքը բուռ կոնֆետ լցրեց սեղանին:

-Ներսես, վերցրու՝ քո ձեռքով:

Տղան երկյուղած երկարելով ձեռքը՝ շոկոլադ վերցրեց: Այնքան թույլ էր բռնել թղթի ծայրից, որ կոնֆետը ձեռքից ընկավ: Փոքրիկը շփոթված՝ կռացավ, որ վերցնի:

-Թո՛ղ, -շոկոլադը ոտքով մի կողմ հրեց Սուրենը: -Առ նորը:

Նա չորս-հինգ կոնֆետ նետեց երեխայի գոգը, ապա դարձավ տարեցին.

-Պախան, ի՞նչ ես բերանդ ջուր առել, բաց:

Հյուրը վարպետորեն թռցնելով շշի փականը՝ բերնեբերան լցրեց հետը բերած բաժակները:

-Մենք Թիֆլիսում ենք իջնելու, հետո մեքենայով Երևան կգնանք: Պախան, չլինեմ-չիմանամ աղջիկներին բան ասող լինի: Պատասխանը դու ես տալու, լսեցի՞ր, -ըմպանակը ափում բռնեց Սուրենը:

Պախան կոչեցյալը լուռ՝ ձեռքը ճակառին տարավ:

Երկրորդ շիշը ևս դատարկեցին:

-Գնամ նորը բերեմ, -ոտքի ելավ մյուսը, որ չորուկ-մորուկ երեսունին մոտ տղա էր:

-Չէ, էլ պըրծ, -դանակի ծայրով մանանեխը հացին քսելով՝ արգելեց Սուրենը: Պախանն ու ուղեկիցը սուսիկ, առանց բարի գիշեր մաղթելու գնացին:

-Զգույշ, չքաշվեք, -ետքից բղավեց Սուրենը:

Լռություն տիրեց:

-Տեսա՞ր Պախանին:

Ընկերը գլխով հաստատեց:

-Տասը տարի կլինի ճանաչում եմ: Մի գործով քիչ մնաց փչացնեի:

-Չես պատմել, -սեղանն արագ-արագ մաքրելով՝ ասաց Գևորգը:

-Օդեսայում էինք: Մոտներս քսան հազար կար՝ էն փողով: Մեկի տանն էինք մնում: Փողը, ուրեմն՝ Պախանի մոտ էր: Գիշերը, քեզ ասեմ, լավ խմանք: Առավոտը Պախանը, թե՝ փողը չկա: Ո՞նց, -հարցնում եմ: Բա՝ հա: Կանչեցինք տանտիրոջը: Սա թե՝ տեղյակ չեմ: Վերջը՝ գիշերը տեղի տղերքից երեքին առած եկա: Դրանք Պախանին՝ դու էլ զակոննի գող չես: Պախանը, բա՝ ինձ հինգ րոպե ժամանակ տվեք: Գնաց խոհանոց, ուր տանտերը խմած քնել էր: Ականջներիս ուժեղ թրխկոց եկավ, հետո ձայնը կտրվեց: Բացինք դուռը: Տեսնեմ Պախանս թախտը շուռ է տվել ու դանակը դեմ արել գետնին ընկած տանտիրոջ բկին: Փողերը բեր, թե չէ կմորթեմ, -ասում էր, բացած դանակի ծայրը սեղմում խնձորակի փոսիկին: Վերջը, պարզվեց, տանտերն էր գիշերը հանել:

-Տանտիրոջն ի՞նչ արիք:

-Կարևոր չէ, -կարճեց Սուրենը:

Աշխենը քնած ձևացավ: Չէր կամենում այլևս խոսք փոխանակել հետը: Ի՞նչ ասեր: Քիչ առաջ հետը խոսողը սիրող, երազուն հայր էր, ով խորտակված իղձերը դուստրերի մեջ էր ուզում կատարված տեսնել: Նրա հետ կարելի էր զրուցել, կիսվել, կարելի էր անգամ սիրել, գթալ: Բայց նույն մարդը րոպե անց փոխվեց՝ ցուցանելով երկրորդ, ավելի շատ տեսանելի դեմքն ու կրկին դարձավ ստոր կրքերի, մտքերի, արարքների տեր՝ ունակ ամեն բանի: Մեղքը զավակներն էին, որ մի օր անպատճառ շիկնելու են հոր արարքների համար, խղճում էր այդ ամուր, առնական անձնավորությանը, ով խրվել էր ճահիճը՝ ելնել չկամենալով: Հարցերի պատասխանը՝ թե ինչու՞, Աշխենը չէր ուզում ստանալ, չէր ցանկանում խրվել ինչ-որ տեղ անպայման ողբերգական, գուցե և զավեշտալի անցյալի մեջ...

Քնկոտություն էր իջել վրան, աչքերը փակվում էին: Գնացքը ռիթմիկ տատանվում էր, նինջ բերում: Ուղեղը ջանում էր կառչել որևէ խոհից, սակայն թմբիրը հետզհետե տիրում էր, և Աշխենը քնեց:

Գնացքի ուժգին ցնցումից արթնացավ միայն առավոտյան: Դրսում գրեթե բան չէր երևում: Ներքևից հասնում էր Ներսեսի թույլ ֆսֆսոցը: Տեսնես ժամը քանի՞սն է: Դաստակը դրսից եկող աղոտ լույսի կողմը մեկնեց՝ որոշելու ժամը: Ժամացույցը թևին չէր: Ինչպես թե...

Համոզվելու համար շոշափեց երկու դաստակը: Չկար: Նստելով անկողնում՝ խառնշտորեց գրպանները: Չկար ու չկար: Պատրաստվում էր իջնել, երբ սեղանիկին նկատեց ժամացույցն ու ականջօղերը. իրենն էին: Աշխենը ձգվեց ներքև: Այ քեզ հանելուկ: Տարակուսած՝ շուրջը նայեց, և միայն այդ պահին նկատեց, որ Սուրենն ու Գևորգը գնացել են: Անկողիններն անհանձնել մնում էին: Ճամպրուկներից, զանազան տուփերից ազատ կուպեն մասամբ լքյալ տան տպավորություն էր թողնում: Սուրենի արածն է, -որոշեց Աշխենը: Դա սկզբում միայն ենթադրութւթյուն էր, որ հետզհետե դարձավ համոզմունք: Այդպես էլ կար: Ինչ-որ բան էր դրանով նա կամենում ապացուցել:

Իսկ ի՞նչ:


    
    
    
    
    
    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8140 | 0 | 0
Facebook