... 1988թ. դեկտեմբերի 7, ժամը 11.41 ... ու վերջ։ Կիսատ մնացին հարյուրավոր երազանքներ, լուսե երազներ, կանգ առան բաբախող սրտեր, դադարեց Գյումրիի շնչառությունը։ Լռեցին նաեվ Սպիտակում ու հարակից այլ տարածքներում։ Օգնող ձեռքն այդ օրերին օգնեց, կերակրողը կերակրեց, ահ ու սարսափից ուշքի չեկածը մնաց շիվար, անտուն մնացածը մնաց անտեր, զավակ կորցրած ծնողը դարձավ անզավակ, ծնող կորցրածն՝ անզոր։ Ասես աշխարհը փուլ էր եկել ... Սատանա կար քաղաքում... Երեխա էի։ Գյումրիի մանկապարտեզում մնացած երեխայի հիշողություններում տպավորվել ու մինչ օրս ապրում է այն ամենն, ինչ տեսան աչքերս։ Անցան երկար ու ձիգ տարիներ։ Ապրեցինք, շարունակեցինք ապրել։ Շարունակեցինք ապրել հույսով, որ ցավից կքած «դոմիկների» հառաչն այլեվս լսելի չի լինի օրերից մի օր։ Ապրեցինք, որ մի սիրուն օր մեր զավակների հետ գանք Գյումրի, պատմենք, որ ժամանակին քանդված, ավերակների տակից վեր են հառնում նոր շենք-շինություններ, որ նոր կառուցված թատրոնում նորից պիտի հնչեն ծափահարություններ, որ գյումրեցին ամեն անցորդի քյալլա ուտելու պիտի սիրով հրավիրի։ Գալու են լուսավոր ու պայծառ օրեր։ Ու դրանում յուրաքանչյուրս մեր ներդրումը պիտի ունենանք։ Գոնե հանուն մեր երեխաների, որովհետեվ մեր զավակների համար ենք կերտում այսօրը, հանուն վաղվա լուսավոր ապագայի։