Առաջին սխալն արդեն այն է, որ ոմանք Ավետարանական կազմակերպությունը և հոգեգալստականների աղանդը եկեղեցի են անվանում: Ոչ, դրանք եկեղեցի չեն և չեն էլ կարող այդպես կոչվել:
Հայ Առաքելական Եկեղեցու տեսանկյունից աղանդավորական է համարվում այն կառույցը, որը շեղված է պաշտոնապես ընդունված դավանությունից: Դավանաբանության մեջ մտնում է ոչ միայն Հավատո հանգանակը և Ս. Երրորդությունը: Եկեղեցու դավանաբանությունն իր մեջ ներառում է նաև սրբերի բարեխոսությունը, բարեպաշտական սովորույթները, արարողակարգերի, խորհուրդների հստակ և վարդապետորեն ապացուցված կատարումը և, ամենակարևորը, առաքելահիմն լինելը, այլ ոչ թե ժամանակի ընթացքում ինչ-որ մի տեղից ծագելը: Ճշմարիտ Առաքելական Եկեղեցին, Քրիստոսի սուրբ Առաքյալներից ժառանգած լինելով սարկավագական, քահանայական ու եպիսկոպոսական ձեռնադրության իրավունքն ու իշխանությունը, ունի յոթ Սուրբ Խորհուրդներ, որոնք կատարվում են միայն առաքելական օրենքով ձեռնադրված հոգևորականի ձեռքով: Այլ կերպ «երեց» դարձածները նման իրավունքը չունեն: Եթե իրենք չեն մերժում եկեղեցին, ապա ինչո՞ւ եկեղեցու մեջ չեն ներգրավվում: Ինչո՞ւ են իրենք իրենց զատված պահում` փորձելով նաև ուրիշների աչքին միասնական համարվել Հայ եկեղեցու հետ:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան