Գուշակ, գուշակություն
00:20, Monday, 08 August, 2016
Արևելյան ազգերը մեծապես կարևորում էին հմայությունը, գուշակությունը, մոգությունը, ոգեհարցությունը, երազահանությունը և օկուլտիզմի մյուս տեսակները: Օկուլտիզմ` լատ. occultus՝ գաղտնախորհուրդ, ծածուկ, անդրշիրիմյան. ուսմունք, սնոտիապաշտական պատկերացումների համակարգ, ըստ որի, գոյություն ունեն խորհրդավոր, գերբնական, անդրաշխարհային ուժեր, որոնք անհասանելի են բանականությանը. դրանք կարող են զգալ և ճանաչել միայն այսպես կոչված «ընտրյալները, լուսավորյալները», որոնք «հոգեբանական պատրաստվածության» երկար ճանապարհ են անցել: Ի դեպ, աստղագուշակությունն օկուլտիզմի ճյուղավորումներից մեկի` մանտիկայի (հունարեն՝ μαντική - գուշակություն բառից. գիտակցական վիճակ, երբ արտահայտվում է «մարգարեանալու շնորհը») դրսևորում է: Մանտիկան ապագայի կանխագուշակումն է տարաբնույթ միջոցներով: Անտիկ դարաշրջանում Գ.-ան ձևերը բազմաբնույթ էին` երազների միջոցով (օնիրոմանտիա), ըստ որոշ թռչունների թռիչքի (աուսպիցիա), կրակով (պիրոմանտիա), ըստ մարդու կառուցվածքի (մորֆոսկոպիա և ֆիզիոգնոմիկա), մահացածների միջոցով (նեկրոմանտիա), երկնային երևույթներով ու լուսատուների դասավորությամբ (աստրոլոգիա), կենդանիների ներքին օրգաններով, ձեռքի ափով (խիրոմանտիա) և այլն: Գուշակներն զբաղվում էին հոգեչափությամբ (psychometry), մասնակցում ոգեկանչության «արարողակարգին», անբնական ներշնչման, «պայծառատեսության» վիճակում հայտնվում, հաղորդակցվում ոգեմիջնորդների (medium) հետ: Աստվածաշունչը խստորեն դատապարտում է Գ.-ան ցանկացած դրսևորում. որը հեթանոսական «գարշելի սովորություն» է (Բ Օր. 18: 9-12): Սուրբգրային բազմաթիվ հատվածներ մերժում են կախարդությունը, Գ., ոգեհմայությունը՝ դրանք համարելով պղծություն (Ելք 22: 18, Ղևտ. 19: 26, 31), իսկ դրանցով զբաղվողներին՝ դատապարտում քարկոծման (Ղևտ. 20: 27): Հանդիմանվում և մեղադրվում են նաև նրանք, ովքեր հավատում են կախարդներին, գուշակներին, վհուկներին, ոգեհմաներին և դիմում նրանց ծառայությանը (Ես. 8: 19), նզովվում ու դաժան պատժի են արժանանում կեղծ մարգարեները, որոնք մոլորեցնում են մարդկանց, կործանում նրանց հոգիները (Ես. 47: 11-14, Եզեկ. 13: 6-9): Հեթանոսական սնոտիապաշտական այս արատավոր երևույթները առավել մեծ տարածում գտան Հուդայի վերջին արքաների՝ քաղդեացիների հետ հարաբերություններ հաստատելու և Բաբելոնի գերության ժամանակ (Դ Թագ. 21: 6, Բ Մն. 33: 6): Գ.-ներ էին կատարվում հրով, ջրով, նետով, հողով և օդով, զոհերի փորոտիքով (Եզեկ. 21: 21), ինչը Ս. Գրքում համարվում է մեծագույն մեղք: Աստվածաշունչը մերժում է նաև աստղագուշակությունը, որն իր ծագմամբ բազմաստվածային հավատալիքի դրսեւորում է: Աստղագուշակությունը պատմականորեն ձևավորվել է երկնային լուսատուների հեթանոսական պաշտամունքից: Աստղերը համարվում էին աստվածություններ, որոնք ունեին մարդկային ճակատագրերը տնօրինելու կամք և զորություն: Աստղաբանության կրոնական հիմնասյունը փաստորեն բազմաստվածությունն է, որը խստորեն արգելվում է Ս. Գրքում, քանզի բազմաստվածային հավատալիքները կամ կռապաշտությունը մոլորեցնում են մարդուն և նրան հեռացնում Տիրոջից (Բ Օր. 4: 19, Երեմ. 10: 2, 27: 9-10, Դան. 2: 1-4, 4: 7, 5: 7-9): Սուրբգրային՝ Բ Օր. 17: 2-5, Դ Թագ. 21: 3, 5, Սոփ. 1: 5, Հոբ 31: 26-28, Երեմ. 8: 1-2 հատվածները ևս մերժում, նզովում են գուշակության ցանկացած ձև ու տեսակ: Մոգությունը, կախարդությունը, Գ., ոգեհարցությունը, հմայությունը սատանայի և նրա չար ուժերի որոգայթներն են, որոնք խորտակում են մարդուն (Եփ. 6: 11-12): Հմայությունն ու Գ.-ները կատարվում են չար ուժերի օգնությամբ (Գործ. 16: 16): Օր.՝ Իսրայելի չարամիտ թագուհին՝ Հեզաբելը կախարդությամբ էր զբաղվում, որի համար պատժվում է (Դ Թագ. 9: 22): Բոլոր նրանք, որոնք Գ.-ներ են կատարում, մոգությամբ, հմայությամբ, երազահանությամբ, ոգեհարցությամբ զբաղվում, պիղծ են և մեծագույն չարիք են գործում Տիրոջ առաջ (Ելք 7: 11, Ղևտ. 20: 27, Բ Օր. 18: 10-12, Դ Թագ. 21: 6, Ես. 47: 12, Միք. 5: 10-12, Եզեկ. 13: 18, 20, Գործք 8: 11-24, Հայտ. 9: 21, 22: 15): Եփեսոսի բնակիչներից շատերը, որոնք զբաղվում էին մոգությամբ, քրիստոնյա դառնալով, գիտակցում են իրենց մեղսագործ ընթացքը, զղջում և այրում կախարդությանը վերաբերող բոլոր գրքերը (Գործք 19: 19): Ս. Գիրքը դատապարտում է նաև մեռելահարցուկներին, հոգեհմաներին (Ես. 8: 19, 44: 25, Երեմ. 27: 9, Դ Թագ. 21: 6, 23: 24): Գ. ու ոգեհարցությունը համարվում էին հեթանոսական պիղծ սովորություններ (Եզեկ. 21: 21, Ես. 19: 3, Ա Մն. 10: 13-14), իսկ դրանցով զբաղվողները մահվան էին դատապարտվում (Ղևտ. 20: 27): Արգելվում էր վհուկներին հետևել ու ոգեհմաների հետ առնչվել (Ղևտ. 19: 31): Գ. հեռացնում է մարդուն Արարչից՝ ճշմարիտ և կենդանի Աստծուց՝ հնարավորություն ստեղծելով չարի գործունեության համար: Հայտնության գիրքը զգուշացնում է. «Իսկ գալով... կախարդներին և կռապաշտներին, հմայողներին և բոլոր ստախոսներին՝ ամբարիշտներին, նրանց բաժինը ծծմբով և հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է» (21: 8): Կախարդները, մոգերն ու գուշակները չեն ժառանգելու Աստծու արքայությունը (Գաղ. 5: 20-21), քանզի նրանք անհնազանդ են Տիրոջը: |
Like
3
Dislike
0
10913 | 0 | 3 | 0