Քրիստոսի` Աստված լինելու փաստերն ըստ Աստվածաշնչի
«Նա ճիշտ հոր պատկերն է» ։ Այս արտահայտությունը գործածում են` նկարագրելու երեխայի` իր ծնողին նման լինելու համար։ Քրիստոնեության առանցքը Հոր և Որդի փոխհարաբերություններն են։ Որդին աշխարհ եկավ, որպեսզի ցույց տա, թե ինչպիսին է Հայր Աստվածը։ Հովհաննես 1: 18-ում ասվում է, որ Որդին եկավ, որ հայտնի մեզ անտեսանելի Աստծուն։ Հետևաբար, մենք Հորը ճանաչում ենք բացառապես Որդու լուսաբանմամբ և հայտնությամբ։ Այս առումով Հիսուսը բացառիկ և անփոխարինելի է։ Աստվածչանաչողությունը հնարավոր չէ այլ կերպ, եթե ոչ միայն Որդու միջոցով։ Իսլամի գլխավոր կարգախոսներից մեկը հետևյալն է. «Աստված որդի չունի» ։ Բացառելով Որդուն, մենք բացառում ենք Աստծուն ճանաչելու մեր հնարավորությունը։ Հովհաննես ավետարանի 14: 6-ում Հիսուսն իրեն վերագրում է մի բացառիկ դեր` հայտնելով, որ Նա է միակ ճանապարհը դեպի Հայրը։ Հետևաբար, Հիսուսից դուրս գտնվող ցանկացած ճանապարհ, տանում է մոլորության։ Քրիստոնեության պատմության մեջ թերևս չի եղել այնպիսի ճշմարտություն, որն այդքան շատ հարձակման ենթարկված լինի և կասկածի տակ դրվի, որքան Քրիստոսի աստվածությանը վերաբերող ճշմարտությունը։ Ես չեմ փորձի աստվածաբանական խորը վերլուծություն կատարել և խորասուզվել տարբեր տեսությունների մեջ, քանի որ բազմաթիվ աստվածաբանների և Աստվածաշնչի ուսուցիչների կողմից սա արդեն լուսաբանված և ուսումնասիրված թեմա է։ Ինձ համար Քրիստոսի աստվածության ճշմարտությունը չի քննարկվում, քանի որ այն բացարձակ ճշմարտություն է։ Սակայն ես բազմաթիվ քրիստոնյաների կողմից հարցեր եմ ստանում, որտեղ մարդկանց անկեղծ հետաքրքրում է սուրբգրային այն հատվածներն ու համարները, որտեղ հստակորեն գրված է Քրիստոսի աստվածության մասին։ Շատերին լրջորեն հուզում է այն հարցը, թե Աստվածաշնչում կա՞ արդյոք որևէ համար, որտեղ ուղղակիորեն գրված լինի, թե Քրիստոսն Աստված է։ Իմ պատասխանը նման մարդկանց հետևյալն է. Աստվածաշունչը լի է նման համարներով։ Ահա Աստվածաշնչից մի շարք համարներ, որոնք բացահայտ խոսում են Հիսուսի աստվածության մասին. 1. Հովհաննես 1: 1 «Սկզբում էր Բանը. և Բանն Աստծո մոտ էր և Բանն աստված էր» ։ Հետագայում պիտի հայտնի դառնար, որ այդ Բանը` Լոգոսը, Խոսքը, Գիտությունը, Բանականությունը, հենց Հիսուս Քրիստոսն էր, որի մասին ուղիղ և անմիջական կերպով գրված է, որ Նա Աստված էր։ Հեղինակը պիտի շարունակեր և ասեր, որ ամեն ինչ Նրանով եղավ, առանց Նրա ոչինչ չեղավ, և Նա է մարդկանց կյանքը։ 2. Հովհաննես 20: 28 «Եվ Թովմասը պատասխանեց և Նրան ասաց. -Իմ Տե՛ր և իմ Աստվա՛ծ» ։ Հիսուսի և Թովմասի այս հուզիչ հանդիպման մասին հայտնի է մեզ։ Արդյունքում թերահավատ Թովմասը, համոզվելով Հիսուսի հարության մեջ, Նրան դավանում է որպես իր Տեր և իր Աստված։ Հիսուսն ամենևին չի հակառակվում այս խոսքերին, այլ հաջորդ համարում քաջալերում է նրան և հաստատում է վերջինիս խոսքերը։ Մի՞թե մեզ որևէ բան խանգարում է Հիսուսին Թովմասի պես դիմելուն. «Իմ Տե՛ր և իմ Աստվա՛ծ» ։ 3. Եսայա 7: 14 «Ահա կույսը կհղիանա և մի որդի կծնի և նրա անունը կկոչի Էմմանուել» ։ Անշուշտ խոսքը Հիսուսի կուսական ծննդի մասին է։ Իսկ այն անունը, որ կրելու էր մանուկը եբրայերենից բառացի թարգմանությամբ պիտի նշանակեր` Աստված մեզ հետ։ Այսպիսով, ըստ Եսայա մարգարեի, ծնվողը Հիսուսն է, ով Աստված է` մեզ հետ։ 4. Եսայա 9: 6 «Քանզի մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց. և իշխանությունը նրա ուսերի վրա է լինելու. և նրա անունը կոչվելու է Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենական Հայր, Խաղաղության Իշխան» ։ Ուշադրությամբ կարդալով նշված կոչումները` կհասկանանք, որ սրանք բացառապես աստվածային մենաշնորհ են։ Միայն Աստված է արժանի կրելու այս կոչումները։ Սակայն կարդալով այս համարի սկիզբը` հասկանում ենք, որ այս կոչումները պատկանում են բացառապես Հիսուս Քրիստոսին։ 5. Գործք Առաքելոց 20: 28 «Արդ զգույշ կացեք ձեր անձերին և բոլոր հոտին, որի մեջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրեց, որ արածեցնեք Աստծո եկեղեցին, որ Իր արյունով ստացավ» ։ Այս խոսքում Պողոս առաքյալը հորդորում է եկեղեցու երեցներին, որ ուշադիր լինեն Աստծո եկեղեցու հանդեպ, քանի որ Աստված եկեղեցին Իր արյունով է ստացել։ Ակնհայտ է, որ խոսքը գնում է Տեր Հիսուսի մասին, ով խաչի վրա Իր արյունը հեղեց` եկեղեցու համար։ Հետևաբար «Աստված Իր արյունով ստացավ» արտահայտությունն աներկբա վերաբերում է Տեր Հիսուսին։ 6. 1-ին Տիմոթեոս 3։16 «Եվ հայտնապես մեծ է Աստվածպաշտության խորհուրդը. Աստված հայտնվեց մարմնում, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսներին, հավատացվեցավ աշխարհում և վերացավ փառքով» ։ Աստվածապաշտության խորհուրդը, ըստ Պողոս առաքյալի, վեց սյուների վրա է հենվում. ա. Աստված հայտնվեց մարմնում։ Այս խոսքը միանշանակ վերաբերում է Քրիստոսի մարմնացմանն ու ծնունդին։ Քրիստոսը մարդկանց մարմնով հայտնված Աստվածն էր։ Անտեսանելի Աստված տեսանելի դարձավ մարմնավոր մարդկանց` ի դեմ Քրիստոսի։ բ. Արդարացավ Հոգով Քրիստոսն Իր հնազանդությամբ Իր մարմնի մեջ քավեց մարդկային բնությունը` փրկագնելով այն Իր արյամբ և արդարացնելով այն Իր մահվամբ ու հարությամբ։ գ. Երևաց հրեշտակներին Հրեշտակները Հիսուսի ծառայության անբաժան մասն են եղել։ Սկսած Իր ծնունդից, այնուհետև անապատում և հարության օրը` գերեզմանում, Նա հայտնի է եղել հրեշտակներին։ դ. Քարոզվեց հեթանոսներին Գործք Առաքելոցում տեսնում ենք, որ հեթանոսներին քարոզվում էր հենց Քրիստոս անձը։ Եթե Նա հրեաներին ներկայացվում էր որպես խոստացված Մեսիա, ապա առաքյալները հեթանոսների առաջ Քրիստոսին ներկայացնում էին որպես Աստված, Փրկիչ, որից դուրս փրկություն գոյություն ունենալ չի կարող։ ե. Հավատացվեցավ աշխարհում Նա հավատացվեցավ որպես Աստված։ զ. Վերացավ կամ համբարձվեց փառքով Ավետարաններից մեզ հայտնի է, որ հարությունից հետո Քրիստոսը համբարձվեց Երկինք։ Նույն այդ համբարձվողը կամ վեր բարձրացողը հենց Աստված էր։ Նշված կետերը բացառապես հաստատում են Քրիստոսի աստվածությունը, որն առաջին դարի քրիստոնյաների համար եղել է անհերքելի և անքննարկելի փաստ։ 7. Տիտոս 2: 13 «Սպասելով այն երանելի հույսին և մեծ Աստծուն և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը» ։ Այստեղ Պողոս առաքյալը Քրիստոսին ներկայացնում է որպես երանելի հույս, մեծ Աստված և մեր Փրկիչ։ 8. 1-ին Հովհաննես 5: 20 «Եվ գիտենք, որ Աստծո Որդին եկավ և մեզ միտք տվեց, որ ճշմարիտը ճանաչենք. և ճշմարիտի մեջ ենք, այսինքն Նրա Որդի Հիսուս Քրիստոսում. Նա է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը» ։ Հովհաննեսի` Հիսուսի ամենամտերիմ աշակերտի խոսքերը, առավել քան պարզ են։ Բազմաթիվ կեղծ աստվածներ և կուռքեր կան աշխարհում, սակայն ճշմարիտ Աստվածը` միակ և եզակի թվով, Հիսուս Քրիստոսն է։ Սրանք այն պարզ և ակնհայտ խոսքերն են, որոնք միանշանակ հաստատում են Քրիստոսի` Աստված լինելու փաստը։ Աստվածաշունչը լի է նման խոսքերով և հայտնություններով, և վերը մեջբերված խոսքերը պարզապես մի փոքր մասն են այն բազմաթիվ խոսքերից, որոնք հայտնում են մեզ Քրիստոսի աստվածության մասին։ |