Loading...

Articles

Յոգա` առաջընթաց թե հետընթաց, առողջություն թե սատանայապաշտություն

00:44, Wednesday, 06 July, 2016
Յոգա` առաջընթաց թե հետընթաց, առողջություն թե սատանայապաշտություն

Վերջին տասնամյակում ոչ մեկիս չի զարմացնում յոգայի նոր` նախկինում խորթ և անծանոթ հնչողությամբ, այժմ այդքան էլ անսովոր չթվացող անվանումներով կենտրոնների տարածման փաստը Հայաստանում։ Եթե նախկինում այդ կենտրոնները կարելի էր տեսնել հիմնականում Երևանում, այն էլ` Կենտրոնի տարածքում, ապա այժմ յոգան սկսել է տարածվել նաև Հայաստանի շրջաններում։ Յոգան առաջարկում է մարմնի և հոգու ներդաշնակություն, ֆիզիկական, հոգեկան, հոգեբանական խնդիրների լուծում։ Զանգվածային լրատվական միջոցներով շատ անգամ կարելի է դիտել հարցազրույցներ յոգայի մասնագետների հետ, որոնք յոգայի միջոցով կատարյալ լուծում են առաջարկում կյանքի տարբեր խնդիրների համար։ Չնայած նրան, որ յոգայի կենտրոնները մեր երկրում աճում են սնկի պես, ոչ բոլորն են տիրապետում յոգայի վերաբերյալ պարզ գիտելիքների։ Եվ ինչպես հաճախ պատահում է, այն ինչ ներկայացվում է որպես իդեալական լուծում` առանց թերությունների և կողմնակի ազդեցությունների, իրականում իր մեջ շատ առավել վտանգներ է պարունակում։ Փորձենք այս անգամ դիտարկել յոգան քրիստոնեական տեսանկյունից` քանի որ շատերի մոտ հարց է առաջանում. Արդյո՞ք յոգան և քրիստոնեությունը համատեղելի են։

Յոգան սկզբնական շրջանում եվրոպական երկրներին ներկայացվեց որպես ֆիզիկական և շնչառական վարժությունների տեսակ, ռելակսացիայի և հոգետերապիայի մեթոդ։ Կաթոլիկ եկեղեցու և բողոքականության կոնֆլիկտի համապատկերում Արևմուտքն սկսեց իր ծանոթությունն այդ նոր ուսմունքի հետ, իսկ 20-րդ դարի սկզբում այդ գործընթացն ստացավ իր արագ զարգացումը և տեղափոխվեց նաև Ռուսաստան և ԱՄՆ։ Ի հայտ եկան քրիստոնեության տարրեր պարունակող յոգայի ուսմունքներ` անթրոպոսոֆիան, թեոսոֆիան, ագնի-յոգան, տրանսցենդենտալ մեդիտացիան, որոնք, ըստ Կ. Յունգի. «…իրենց քրիստոնեական գիտության տեսք են տալիս, որի պատճառով գայթաղկիչ են դառնում հենց ինտելեկտուալների միջավայրում»: Պետք է նշել, որ ըստ նույն Կ. Յունգի` այդ ուսմունքները մեծ մասամբ հետևորդներ ներգրավեցին հենց բողոքականների միջից։ Այդ ժամանակ յոգայի որոշ տարրեր ներմուծվեցին նաև հոգեբանության մեջ։

Ըստ մեկ այլ պնդման յոգան իր մեջ չի կրում որևէ կրոնական հատկություն, այլ հանդիսանում է «գիտություն», «փիլիսոփայություն», պսիխոսոմատիկ պրոցես։ Յոգան որպես կրոնական ուսմունք չդիտելուն միտված էր նաև այն, որ պարզ ֆիզիկական վարժությունները, որոնք շատ անգամ բնորոշվում են անշարժ վիճակով և իրենց կատարման մեջ դժվար չեն, թողնում են նախնական դրական ազդեցություն մարդու ֆիզիկական ինքնազգացողության վրա:

Սակայն յոգայի վարժությունները հանդիսանում են հինդուիզմի բաղկացուցիչ մասերից մեկը։ Նրանց վերջնական նպատակն ավելին է, քան ուղղակի ֆիզիկական դրական ինքնազգացողությունը։ Այն, ինչ նախորդում և հետևում է վարժություններին և ինչի մասին մեծամասնությամբ յոգայի կենտրոնների հաճախողները չեն գիտակցում, դա փոխկապվածությունն է մեդիտացիայի, կրոնա-փիլիսոփայական ուսմունքների, հինդուիզմի աքսիոմների և իհարկե` հոգիների վերամարմնավորման (ռեինկարնացիա) և կարմայի հասկացության հետ։ Յոգան` իբրև ուսմունք, ձևավորվել է դարերի ընթացքում` հարստանալով նրանով զբաղվողների յուրաքանչյուրի անհատական փորձառությամբ և բացահայտումներով։ Լուրջ ուսումնասիրության արդյունքում սակայն, ի հայտ են գալիս մի շարք հակասություններ և անհետևողականություններ։ Այժմ գոյություն ունեն յոգայի տարատեսակ ուղղություններ, ճյուղավորումներ և կիրառման բնագավառներ։

Ճշգրտորեն ասել, թե որ դարում է սկիզբ առել յոգան, թերևս հնարավոր չէ։ Յոգայի առաջին քիչ թե շատ գրավոր սիստեմատիկ շարադրանքը մեզ է հասել մ.թ.ա II դարից «Յոգասուտրա» -ի միջոցով, որի հեղինակը Փաթանջալի իմաստունն է։ Այդ դասագիրքը մեծ հեղինակություն է վայելում` որպես դասական յոգայի առաջնային դասագիրք:

Փաթանջալին իր «Յոգասուտրա» գրքում նշում է «յոգա» բառի ստուգաբանական և իմաստային երկու բացատրություն: Մի դեպքում «յոգա» բառն ուղղակիորեն կապվում է «յոկի» արմատի հետ, որը թարգմանաբար նշանակում է «կապ» կամ «միություն», այսինքն` կապ կամ միություն մարդու, բնության և տիեզերքի միջև։ Մյուս դեպքում «յոգա» բառի ծագումը կապվում է սանսկրիտի «յուջ» արմատի հետ, որը նշանակում է «մտախոկում»:

«Յոգասուտրան» բաղկացած է չորս մասից, որոնցից առաջինը նվիրված է բնության բացատրությանը և սամադհիի (ինքնաիրականացում) նպատակներին, կամ ինքն իր մեջ հայեցողական ընկղմմանը (սամադհիպադա) ։ Երկրորդ մասը սահմանում է այդ նպատակին հասնելու միջոցները (սադհանապադա) ։ Երրորդը բացահայտում է արտասովոր ընդունակությունների նշանակությունը, որոնք ձեռք են բերվում յոգայի գործնական կիրառմամբ (վիթհուտիպադա) ։ Չորրորդը ներկայացնում է ազատագրման բնույթը (կայվալյապադա) ։

Յոգան հիմնված է դուալիստական «Սանքհիա» ուսմունքի փիլիսոփայական հայացքների վրա։ «Սանքհիան» փիլիսոփայական մի ուղղություն է, որը հիմնադրվել է մ.թ.ա մոտ VIII–VII դարերում հնդիկ փիլիսոփա Կապիլայի կողմից։ Այն հիմնված է Ուպանիշադների` Հին Հնդկաստանի փիլիսոփայական գրվածքների վրա։ Ուպանիշադներ նշանակում է "նստել մոտ", այսինքն, ուսուցչի ոտքերի մոտ, կամ «գաղտնի գիտելիք»: Ուպանիշադները փիլիսոփայական տեքստեր են, որոնք հայտնվել են մ.թ. մոտ հազար տարի առաջ եւ իրենցից ներկայացնում են ուսուցիչ-իմաստունի երկխոսությունը իր աշակերտի կամ ճշմարտություն փնտրող անձնավորության հետ, որն այնուհետև դառնում է նրա աշակերտը: Ընդհանուր առմամբ հայտնի են մոտ հարյուր Ուպանիշադներ: Սրանց մեջ արծարծվում են նախապատճառի, կեցության նախասկզբի հիմնախնդիրները, որոնց օգնությամբ բացատրվում են բնության բոլոր երևույթների և մարդու առաջացման պատճառները: Հենց Ուպանիշադներում է առաջին անգամ խոսվում հոգու վերաբնակեցման մասին` մանրամասնելով որ մահվանը հաջորդում է նոր կյանք նոր ձևի մեջ։

Դուալիստական «Սանքհիա» ուսմունքը, որի մասին խոսվեց, ընդունում է աշխարհում երկու անկախ սկիզբ` պուրուշա (հոգի) և պրակրիտի (նյութ) ։ «Սանքհիա» փիլիսոփայության նպատակն է հոգու անջատումը նյութից։

Պուրուշան (հոգի) բաղկացած է հոգիների անսահմանափակ քանակությունից։ Այն գիտակցական է, սակայն իներտ է, այն ինչ պրակրիտին (նյութ) անգիտակից է, բայց տիրապետում է էներգիային։ Նրանց համագործակցումն է աշխարհի ստեղծման և գոյության պատճառը։ Անհատական հոգու նպատակն է նյութի կապանքներից ազատագրումն իր մեջ` պուրուշան պրակրիտիից տարանջատելու միջոցով։ Յոգայի նպատակը նույն է, ինչ «Սանքհիի» ուսմունքինը` հասնել ազատագրման` դուրս գալով պրակրիտիի սահմաններից և միաձուլվել պուրուշային։

Յոգան ամբողջովին ընդունում է Սանքհիա ուսմունքի 25 սկիզբները, որոնց ավելացնում է նաև հավատն առ Աստված` Աստծուն ընդունելով իբրև գերագույն «Ես», որը տարբերվում է մյուս բոլոր «Ես» -երից։ Սակայն յոգայի և «Սանքհիա» -ի մեջ կա մեկ տարբերություն` յոգան սանքհիայի փիլիսոփայական ուսմունքի գործնական կիրառումն է առօրյա կյանքում։ Յոգայում սահմանափակ են աբստրակտ փիլիսոփայական մտորումները, սակայն առկա է հստակ վարժությունների և մեթոդների համակարգ, որն ուղղված է կենցաղային մակարդակի գիտակցության վերափոխմանը Պրակրիտիի գիտակցությանը,

այնուհետև գերգիտակցությանը` այսինք Պուրուշայի գիտակցությանը։ Ըստ ուսմունքի, այդ վիճակին կարող է հասնել նա, ով կուրանա աշխարհիկ կյանքը, կդառնա խստակյաց և կզբաղվի յոգայով։

Փաթանջալին նշում է, որ յոգան մտավոր թրթիռների, շարժումների, թափառումների կայունացումն է: Նա յոգան անվանում է Աշտանգա յոգա, որը բառացիորեն թարգմանվում է յոգա` բաղկացած ութ փուլից («աշտա» - ութ, «անգա.- վերջավորություն, ճյուղ, աստիճան):

Այսպիսով, յոգայի համակարգը բաժանված է ութ աստիճանների, որանցից յուրաքանչյուր հաջորդը հիմնված է նախորդի վրա։ Այդ աստիճաններն են` 1. բարոյա-խրատական պատվիրաններ (Յամա), 2. ապրելակերպի կանոնակարգեր (Նյամա), 3. մարմնի որոշակի դիրքերի ամբողջության կիրառում (Ասանա), 4. շնչառական վարժությունների կիրառում (Պրանայամա), 5. հրաժարման կիրառում (Պրատյաhարա), 6. մտակենտրոնացման կիրառում (Դհարանա), 7. Մեդիտացիա կամ մտախորասուզում (Դհյանա), 8. իմաստնացում (Սամադհի) ։ Յուրաքանչյուր աստիճանի զարգացումը ենթադրում է անցումը հաջորդ մակարդակին։

Հաճախ յոգան անվտանգ է թվում այն բանի շնորհիվ, որ յոգայի ուսուցիչները հատուկ ուշադրություն են դարձնում այլ ուսմունքների նկատմամբ հանդուրժողական լինելու անհրաժեշտության վրա: Ըստ այդմ մեր հասարակությունը` իր մեջ դեռ ունենալով սովետական աթեիստական դաստիարակության հետևանքները, շատ հեշտ է ընդունում յոգայի ուսմունքի կողմից առաջարկվող «Աստված մեկ է բոլոր ուսմունքներում» խայծը։ Սակայն հաշվի առնելով այն փաստը, թե ինչ ջանասիրությամբ են յոգայի հետևորդներն ամբողջ աշխարհով մեկ տարածում իրենց ուսմունքը, հասկանալի է դառնում որ դա իրականում խորամանկ հանդուրժողականություն է, որը միտված է ճշմարտության խեղաթյուրմանը։ Յոգայի արդի մասնագետներն այն ներկայացնում են որպես առողջարար վարժությունների համակարգ, սակայն վերոհիշյալից պարզ է, որ այն խստակյաց ապրելակերպի ծրագիր է, որը հետապնդում է ոչ թե առողջարարական, այլ զուտ կրոնական նպատակներ, որոնցից մեկը նաև հոգիների վերաբնակեցման գաղափարի ներմուծումն է քրիստոնեական միջավայրի մեջ։ Հետմահու կյանքը շատերի համար լի է միստիկ երևույթներով և անհասկանալի։ Օգտվելով դրանից` յոգայի ուսմունքի հետևորդներին հաջողվում է ներմուծել այդ հեթանոսական պանթեիզմի գաղափարը այն մարդկանց մտքերի մեջ, որոնք իրենց անվանում են քրիստոնյաներ, սակայն տեղյակ չեն քրիստոնեական դավանաբանությանը, թե՛ Աստծճանաչողության և թե՛ հետմահու կյանքի վերաբերյալ։ Յոգայի և վերամարմնավորման (ռեինկարնացիայի) գաղափարի տարածմանը Եվրոպայում և ԱՄՆ-ում նպաստեց նաև հայտնի դերասանների կողմից,

հեռուստահաղորդումների և ֆիլմերի միջոցով ուսմունքի վերաբերյալ դրական լուսաբանումը (Մադոննա, Սթինգ և այլ աստղեր) ։ Նշենք միայն մի դեպք, երբ անգլիական «Բիթըլզ» խումբը գտնվում էր Մահարիշիի ազդեցության տակ և ակտիվ գովազդում էր տրանսցենդենտալ մեդիտացիան։ Իսկ Հայաստանում «Համայն կանայք ամբողջական գիտելիքի» ՀԿ նախագահ, Մահարիշի վեդայական կենտրոնի կրթական հիմնադրամի ղեկավար Ս. Գալստյանը իր ասուլիսում նշել է, որ արդեն պատրաստ է հայ օլիգարխների հետ յոգայի դասեր անցկացնել՝ ծանոթացնելու նրանց տրանսցենդենտալ մեդիտացիայի գաղտնիքներին: Դա, ըստ նրա, օգնում է ավելի հավասարակշռված լինել, պահպանել երկրում կայունությունը: «Եթե իրենք ցանկանան, ես պատրաստ եմ իրենց մեդիտացիա սովորեցնել»: Այս փաստի առիթով ուզում եմ միայն նշել, որ տրանսցենդենտալ մեդիտացիան ուղղակի արգելված է շատ երկրներում։

Յոգան գայթաղկիչ է նրանով նաև, որ հեշտ է ընկալման համար, մինչդեռ ուղղափառ հավատքը որոշակի հոգևոր և մտավոր նախապատրաստական ջանք է պահանջում անձից։ Արդի հասարակության կարծիքով եկեղեցի հաճախող անձը համարվում է «հետամնաց», իսկ յոգայով զբաղվողը դիտվում է որպես առաջադեմ, զարգացած և ինտելեկտուալ անձնավորություն։ Այսպիսի տեսանկյան զարգացմանը նպաստեցին նաև Ե. Բլավատսկայան, Ն.Ռերիխը և Ե. Ռերիխը։

Հոդվածի սահմաններում հնարավոր չէ անդրադառնալ յոգայի ողջ համակարգի վերլուծությանը պատմական, փիլիսոփայական և հոգևոր տեսանկյունից, սակայն կանդրադառնանք մի քանի կետերին, մասնավորապես հոգիների վերաբնակեցման գաղափարի երկու կետերի հակասությանը քրիստոնեության սկզբունքներին։

Վերամնավորումը հակասում է Աստվածաշնչյան հիմունքներին և Առաքելական դավանանքին, և որ ամենակարևորն է, իմաստազրկում է Հիսուս Քրիստոսի փրկարար Խաչելությունը և Նրա Հարությունը։ Ինչպես նշվեց վերևում, համաձայն վերամարմնավորման պանթեիկ ուսմունքի` մարդկային էությունն անսկիզբ է, իսկ մարմինը նման է տարբեր հանդերձների, որը հոգին հագնում է տարբեր վերաբնակեցումների արդյունքում։ Համաձայն քրիստոնեական դավանանքի` անսկիզբ, անստեղծ է միայն Աստված, Ով ամենի արարիչն է, այդ թվում` նաև հոգու։ Իսկ մարդն ստեղծված է` որպես մեկ հոգու և մեկ մարմնի միություն։ Մարդը կարող է մարդ լինել միայն հոգու և մարմնի միության դեպքում։ Վերամարմնավորումը հակասում է նաև Հարության գաղափարին, քանի որ, ըստ քրիստոնեության, մարդացած Աստծո Որդին միացավ է Իր միակ մարմնի հետ Հարությունից հետո. «Որով` ճշմարտապես, և ոչ կարծեցյալ կերպով առավ մարմին, հոգի և միտք և այն ամենը, որ կա մարդու մեջ: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը Հարություն առավ, նույն մարմնով բարձրացավ երկինք, նստեց Հոր աջ կողմում: Գալու է նույն մարմնով և Հոր փառքով` դատելու ողջերին և

մահացածներին: » (Նիկիական հանգանակ) ։ Այդ օրինակով նաև մարդկային հոգիները պիտի միանան իրենց միակ մարմինների հետ Դատաստանի օրը։

Հաշվի առնելով մեր հայրենակիցների սերը օտարամուտ կրոնների և ուսմունքների նկատմամբ` նշենք, որ որևէ այլ ուսմունք, թեկուզ նրա և մանր թվացող տարր, մեր կենցաղ ներմուծելուց առաջ, պետք է անդրադառնալ այդ տարրը կրող գաղափարախոսության անցած ճանապարհին և նրա ազդեցությանը ոչ միայն մարդու հոգևոր և մտավոր, այլ նաև սոցիալական զարգացման վրա։

Յոգան և վերամարմնավորման ուսմունքը, տրանսցենդենտալ մեդիտացիան շատ հարմար գործիքներ են մարդու կառավարման համար։ Յոգան ուսուցանում է աղքատ և ճնշված խավերին ընդունել իրենց աղքատությունը և չքավորությունը` որպես անցած մեղքերի հատուցում (ըստ կարմայի օրենքի), քանի որ համաձայն վերամարմնավորման և կարմայի գիտության հարուստները վաստակել են բարգավաճ կյանք, իսկ աղքատները` չքավոր։ Կաստաների համակարգը Հնդկաստանում, որը սահմանափակում է մարդուն համապատասխան դասի մեջ և արգելում նրա տեղափոխումը որևէ այլ դաս` վերամարմնավորման ուսմունքի սոցիալական հետևանքն է։ Ի հակադրություն այն բանի որ քրիստոնեությունը համայն մարդկությանը բերել է հավասարության և ողորմածության գաղափարը, վերամարմնավորման ուսմունքը ներմուծել է կաստային համակարգը և անհավասարությունը։ Այն մարդիկ, որոնք փորձում են համատեղել քրիստոնեությունը և յոգան, տրանսցենդենտալ մեդիտացիան, թեոսոֆիան, ուշ թե շուտ բախվելու են և ստիպված են լինելու ընդունել կաստային համակարգի, մարդկային անհավասարության գաղափարախոսությունը և կարմայի օրենքն իրենց կյանքում։ Առաջին հայացքից կարդալով յոգայի բարեխրատական կանոնները և հետևելով, թե ինչպիսի ջանասիրությամբ են յոգերը կատարում իրենց խստակյաց կյանքի պահանջները, կարելի է ենթադրել, որ մի ժողովուրդ այդքան երկար տարիներ հետևելով նման ուսմունքին պետք է հասած լիներ որոշակի բարոյական և մարդասիրական առաջադիմական նորմերի։ Սակայն լուրջ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հնդկաստանը շարունակում է մնալ ոչ միայն մարդու հանդեպ դաժանությամբ և անտարբերությամբ վերաբերող երկրներից մեկը, այլ անգամ խախտելով միջազգային և իր սեփական օրենքները` գաղտնի մարդկային զոհեր է մատուցում հեթանոսական տաճարներում։ Այն դաժանությունը սեփական մարմնի նկատմամբ, որով յոգերն զբոսաշրջիկների առաջ չնչին գումարի դիմաց ցուցադրում են իրենց «տաղանդները», չի կարող խոսել որևէ հոգևոր կամ բարոյական ձեռքբերումների, անձի նկատմամբ սիրո և հարգանքի մասին։

Հնդկաստանի ողջ պատմության ընթացքում, և մինչև օրերս, այն տարբերվել է իր հեթանոսական ծեսերով, տարբեր չաստվածներին մարդկային զոհաբերություններով, իր ծայրահեղ աղքատության և սոցիալական անհավասարության դրսևորումներով, որոշ կաստաների ներկայացուցիչներին կենդանիներից ցածր դասելու վերաբերմունքով, մահացու հիվանդությունների լայն տարածմամբ, կենդանիների հանդեպ պաշտամունքով։ Իրենց կենցաղավարության արդյունքում այդ հրաշալի բնական գեղեցկությամբ և պաշարներով լի երկիրը հնդիկները կարողացան վերածել մի մեծ աղբանոցի և դարձնել զանազան հիվանդությունների աղբյուր։ Համընդհանուր և միակ պարտադիր դիսպանսերիզացիան, որն իրականցվել է Հնդկաստանում 1980թ., ապացուցեց, որ յոգերը միջինում ունեն ավելի կարճ կյանք, քան սովորական մարդիկ և, ի հավելումն դրան, տառապում են ավելի շատ հիվանդություններով, ինչպիսիք են աչքի կատարակտը` որպես արևի լույսի վրա երկար ժամանակ կենտրոնանալու արդյունք, արտրիտները, արտրոզները` իբրև անբնական դիրքերում երկար ժամանակ գտնվելու արդյունք, հոդերի բորբոքումները, ինչպես նաև վերին շնչուղիների և աղեստամոքսային համակարգի հիվանդությունները։ Իսկ ամենազարմանալին այն էր, որ, չնայած յոգերը որոշակի փուլում հրաժարվում են աշխարհիկ ցանկություններից և ամուսնական կյանքից, նրանց մեծամասնությունը այնուամենայնիվ տառապում էր սեռավարակային հիվանդություններով։

Յոգայի բոլոր վարժությունները հիմնված են հեթանոսական սովորույթների վրա` չնայած նրան, որ առաջին հայացքից այդպիսին չեն ներկայացվում։ Բայց այսուամենայնիվ, այն սատանայապաշտ կրոն է, ինչից էլ գալիս է սեփական անձի նկատմամբ ատելությունը, այն որպես Աստվածային ստեղծագործություն չընդունելը` չնայած առկա հակասությանը։ Մի կողմից հպարտանալ և հանդուգն վերաբերվել այլոց` լավ կարմա ունենալու դեպքում, մյուս կողմից ատելությամբ լցվել և սեփական մարմինը տանջել` վատ կարմայի դեպքում։ Յոգան երկրպագություն է որոշակի բացասական ուժերին, որոնք ջանադրությամբ իրականացվող վարժությունների (ծեսերի) կատարման արդյունքում, ըստ յոգայի, մարդուն շնորհում են գերբնականան հատկություններ։ Անձը, որ զբաղվում է յոգայի վարժություններով, ինքն իրեն նախապատրաստում է դիվային ուժերի հետ կոնտակտի։ Այն, ինչ համապատասխան մկանների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված անվնաս վարժություն է թվում` որոշակի հնչյունների արտաբերումով, իրականում կարող է հանդիսանալ օկուլտ ծես, որ մարդը կատարելով` իրեն ակամա հանձնում է դիվային չար ուժերի ներգործությանը։ Ի տարբերություն Աստծո, Ով մարդուց ակնկալում է գիտակցական, կամովին հարաբերություն Իր հետ, սատանան մարդուց ընդունում է յուրաքանչյուր տեսակի երկրպագություն` կամովին թե ակամա, գիտակցված թե անգիտակից։

Ապշեցուցիչ է որ որոշ քրիստոնյաներ, ուրանալով Քրիստոսի լույսի արտացոլումն իրենց կյանքում, որոշում են հետևել «մոդայի» դրսևորումներին, ինչն իրականում ոչ թե առաջընթաց է մարդկության զարգացման մեջ, այլ հոգևոր և բարոյական հետընթաց։

Աստվածճանաչողության ճանապարհին քրիստոնյաներս պիտի ձգտենք Աստծո կամքի իմացության գիտակցական իրականացմանը։ Աստվածաշնչում Երեմիա մարգարեի գրքում կարդում ենք. «Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ սովորէք գնալ հեթանոսների ճանապարհներով» (Երեմիա 10) ։ Կարդալով յոգայի հետ առնչվող գրականություն` Բհագավատգիտա, Ագնի-Յոգա, Անթրոպոսոֆիա, Թեոսոֆիա և այլն, ձեր գիտակցությունը ակամայից ենթարկվում է հեթանոսական փիլիսոփայության ներազդեցությանը (սա յոգայի նպատակներից է), իսկ հրապուրվելով սկզբում հեշտ և առողջարական վարժությունների կատարմամբ` ձեզ ենթարկում եք հեթանոսական և սատանայապաշտ ծեսերին մասնակից լինելու վտանգին։ Քրիստոնեությունը ոչ միայն իր հոգևոր լույսը բերեց ողջ մարդկությանը, հանդիսացավ հասարակության մտավոր զարգացման և ֆիզիկական առողջության գրավականը, այլ նաև իր կենցաղավարության կանոնների շնորհիվ ազատագրեց մարդկությանը հոգևոր, մտավոր և ֆիզիկական մահացու հիվանդություններից։

«Ճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ» ։ (Հովհ. 8։32) ։ Քրիստոս ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» ։ (Հովհ. 14։6) ։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
7551 | 0 | 0
Facebook