Ադամանդները իջան ծովի հատակը, փրփուրները բարձրացան ծովի մակերես
Ադամանդները իջան ծովի հատակը, փրփուրները բարձրացան ծովի մակերես Սաթենիկ Ազատյան Վերջերս «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը համերգային ծրագրով հանդես եկավ Լիբանանում, որի մասին իր հույզերն ու ոգևորությունն է կիսում անսամբլի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը: -Ի՞նչ առաքելությամբ էիք մեկնել Լիբանան, պատմեք, խնդրեմ: -Մեզ հրավիրել էր Համազգային մշակութային միությունը, որը կազմակերպել էր լիբանանյան շրջանային վարչությունը՝ համագործակցությամբ Հայաստանի գրասենյակի հետ: Փետրվարի քսանյոթից մարտի հինգը Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլը համերգային շրջագայությամբ հանդես եկավ Լիբանանում: Ունեցանք չորս մեծ համերգ, որից ռաջինը տեղի ունեցավ իրենց մոտ հայտնի Էմիլ Լահուդ սրահում: Բայց ամենազարմանալի ու հետաքրքիր փաստն այն էր, որ երբ նստեցինք ինքնաթիռ, մեզ բաժանեցին հայկական «Ազդակ» թերթը, որտեղ մեր անսամբլի մասին հոդված կար, և առանձին տողով ընդգծված էր, որ համերգի տոմսերը սպառված են: Այդ փաստը անկեղծորեն մեզ շատ ոգևորեց և հուզեց, որովհետև հիմա նույնիսկ հայրենիքում շատ դժվար է համերգային տոմսերը միանգամից սպառել: Ես հյուրախաղերով բազմաթիվ երկրներում եմ եղել, բայց Լիբանանում թե ՛ես, թե՛ մեր անսամբլը առաջին անգամ էինք լինում: Դա էր պատճառը, որ պատրաստեցինք լիբանանյան ամենասիրված ազգային երգերից մեկը՝ «Նասամ ալեյ» -ը, և համերգի երկրորդ բաժինը բացեցինք հենց այդ երգով՝ մեր հարգանքի տուրքն ու երախտագիտությունը հայտնելով Լիբանանի ազնիվ ժողովրդին, որը գրկաբաց ընդունեց 1915 թվականի եղեռնից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին: Երգը մեծ ոգևորությամբ և ցնծությամբ ընդունվեց, ինչը մեզ առավել ոգևորեց: -Իսկ ի՞նչ հանդիպումներ ունեցաք: -Հենց առաջին օրը մեզ հրավիրել էին Անթիլիասի մայր տաճար՝ պատարագի, որից հետո մեզ ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը: Հաջորդ օրը հանդիպեցինք և համերգ տվեցինք Բեյրութի հայկական կրթական հաստատություների ավագ դասարաների սաների համար: Ինքս ունեցա նաև համերգ - դասախոսություն: Շրջագայությունը միայն համերգներով չսահմանափակվեց. մենք գնացինք նաև Այնճար՝ փոքրիկ մի գյուղաքաղաք, որտեղ միայն հայեր էին ապրում, հիմնականում, մուսալեռցիներ: Ասում էին, որ այդ հողատարածքը եղեռնից փրկված վեց գյուղերից գաղթած իր հայրենակիցների համար գնել է Մեծ հայ Գալուստ Գյուլբեկյանը: Ըստ այդ վեց գյուղերի՝ քաղաքապետարանը ուներ վեց թաղ՝ իր վեց թաղապետով, յուրաքանչյուր թաղ ուներ իր ոստիկանը, և բոլորն էլ հայ էին, այսինքն՝ պետական իշխանությունը հայկական էր: Կար երեք եկեղեցի, և նրանց կից՝ երեք դպրոց. այս փոքրիկ ավանը ապրում էր կազմակերպված բուռն ազգային կյանքով: Ես ուղղակի հիացած էի: -Միայն համերգներով չսահմանափակվեցիք, ունեցաք բազմաթիվ հանդիպումներ, որոնց գլխավոր նպատակը, ենթադրում եմ, հայապահպան գաղափարն էր: - Նպատակը և թիրախը մեր հայրենակիցների համար հնարավոր առավելագույնը անելն էր: -Այսօր այնտեղ հայ աշուղներ կա՞ն: -Հիմնականում, ոչ, մեկը կար Այնճար գյուղում՝ Րաֆֆի անունով: Ես նրան ասացի, որ մեզ հետ կապ պահի, և որ ամեն ինչով կաջակցենք նրան: _Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա մեր երաժշտական դաշտը: -Հայաստանի՞: -Այո: -Տխուրից մի քիչ վերև. ես գտնում եմ, որ երաժշտական առումով շատ տխուր ժամանակներ ապրեցինք, երբ գոհարները, ադամանդները իջան ծովի հատակը, փրփուրները բարձրացան ծովի մակերես: Բայց բարեբախտաբար այդ վիճակը ժամանակավոր է, որովհետև չի կարող անպետքությունը գրավել բարձրարժեքի տեղը: Մեր դահլիճներից դուրս մնացին Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Սայաթ- Նովան ու Ջիվանին, և շատ լավ գիտենք, թե ովքեր մտան այդ սրահները, և ովքեր դարձան տեր ու տիրական այդ դահլիճներում. շատ ցավոտ փաստ եմ ասում: Բայց այսօր, Փառք Աստծո, կարծես սառույցը տեղաշարժվել է, այսօր ունենք ողջամիտ երիտասարդություն, որը շատ խոստումնալից է: Ես հավատում եմ, որ նրանցով մեր հայրենիքի վաղվա ապագան պայծառ է: Այդ առումով ընկճված չեմ և լիահույս եմ, որ վաղը այսօրվանից ավելի լավ է լինելու: Այդ ամենին պետք է պետական լուծում տրվեր, արգելվեր, որ ռեստորանային երաժշտություն կոչվածը մտներ բարձր բեմ, թող գնան, իրենց ռեստորանորում այդ երգերը երգեն: -Գուցե մասնագետները՞ քայլ անեն, որ դա պետականորեն արգելվի: -Բա մեր պետությունը ինչի՞ համար է, միթե՞ մենք ազգը դաստիարակելու պետական ծրագիր չունենք: Ես կարծում եմ, որ անպայման պետք է մշակվի ծրագիր, ըստ որի՝ պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ երաժիշտները կունենան իրենց տեղն ու դերը, և ամեն մեկը հանդես կգա իր համար նախատեսված բեմում: -Ի՞նչ մակարդակում է գտնվում մերօրյա աշուղական արվեստը: -Այսօր ունենք երեսունից ավել աշուղներ, ունենք ակտիվ և գրագետ ստեղծագործողներ: Անուններ չթվարկեմ, բայց ասեմ, որ ինձ համար ամենատաղանդավորը աշուղ Լեյլին է, որն օժտված է աստվածատուր շնորհով: Ինձ մնում է «Սայաթ-Նովա» աշուղական երգի խմբին և նրա ղեկավար Թովմաս Պողոսյանին, որն կոմիտասյան սկզբունքներին հավատարիմ արվեստագետ է, մաղթել ստեղծագործական նորանոր վերելքներ և նոր ջերմ հանդիպումներ: |