Loading...

Articles

ՆԵՐԿԱՊՆԱԿՈՒՄ` ԽԵՆԵՇ ԳՈՒՅՆԵՐ / խոհագրություն /

11:56, Tuesday, 23 February, 2016
ՆԵՐԿԱՊՆԱԿՈՒՄ` ԽԵՆԵՇ ԳՈՒՅՆԵՐ / խոհագրություն /

Պատմությունը գտել եմ հոգեբան բարեկամիս` Նարեկ Նահապետյանի գզրոցում, երբ ամսագրերից մեկի համար ակնարկ էի պատրաստում: Նամակը նրան էր հասցեագրել ոմն Վասպուրակ Արիստակեսյան: Մինչևիսկ չգիտեմ` արյան զեղումից հանկարծամահ եղած գիտնականը հասցրե՞լ էր ընթերցել այն: Որոշ պարբերություններ, բառեր ընդգծված էին, սակայն դժվար է ասել` հասցեատիրոջ կողմից, թե՞ նամակագրի: Դստեր թույլտվությամբ որոշեցի արևերես հանել` համոզմամբ, որ նյութն ուշագրավ է: Թեթևակի ոճական, լեզվային շտկումներից, ծանոթագրումներից զատ, այլ միջամտությունից ձեռնպահ եմ մնացել:

Վերնագիրը վերջին պահին դրվեց, երբ հրատարակչությունում էի:


    

Հազիվ թե դիմեի սույն քայլին, եթե չլիներ պատահաբար ընթերցածս Ձեր աշխատությունը` ենթագիտակցական ոլորտի, երազների, մասնավորապես` սեռական բնազդների մասին: Թերևս, Ձեզ հետաքրքրի իմ անձը. վաթսուհինգ տարեկան եմ, չորս զավակի հայր` երեքը տղա, մեկը` աղջիկ: Ապրում եմ միայնակ: Հեզահոգի առաջին կինս տասը տարվա համատեղ կյանքից հետո վաղաժամ գրկեց սև հողը, երկրորդից բաժանվեցի, երբ վերջնեկ որդիս` նրանից միակը, հինգ տարեկան էր: Ունեմ աշխատանք, ապահովված եմ, գործատեղում, հարևանության, բարեկամների շրջանում, թվում է, հարգված, դուռս բացողներ կան, սակայն... Ճիշտն այլևս մակերեսին եղածի մասին չգրելն է, որովհետև երկյուղ ունեմ` ձանձրանաք և դադարեցնեք ընթերցելը: Իսկ իմ խնդիրն այս պահին հոգեբանին երկրորդ կյանքիս առանձին դրվագների հաղորդակից դարձնելն է, որը, հուսամ, կօգնի Ձեզ` գիտական պրպտումների ճանապարհին: Միով բանիվ` դիմակը կողմ դնելով` առերեսվում եմ, ներկայանում ինչպես կամ` ջանալով շարադրել այն, ինչ առնչվում է Ձեր ուսումնասիրությանը:

Դուք ասում եք` ուղեղը, լինելով ինքնաշխատ կենդանի համակարգիչ, ունակ է և մտապահում է ամեն բան, ընդսմին` ոչ միայն տեսած-ապրածը, այլև` նախորդ սերունդների՞նը:

Պատմություն առաջին: Ժամանակ առ ժամանակ երազում ինձ այցի է գալիս տարիքն առած մի կին. չէի ասի` տգեղ, գեղեցիկ` նմանապես: Ցնցոտիավոր, փնթի, սմքած ստինքներով, պղնձագույն նոսր ծամերով, նկուն... Ես նրան և ճանաչում եմ և` ոչ: Չի խոսում, չի ժպտում, չի սեթևեթում, սակայն բավական է հայտնվի, և ինձ անզսպելի կիրք է համակում, նրան գամվելու, տիրանալու մոլուցք, որը մեծավ մասամբ ավարտվում է երազախաբությամբ:

Արգահատանքը, որ անգամ քնի մեջ տածում եմ նրա նկատմամբ` համբուրելիս, թե կեղտակուր բարձքին հպվելիս, խոռոչում խորանալիս, բազմապատիկ ուժգնանում է արթնությունից հետո: Խորշում, գարշում եմ ինձնից, նզովում ծնունդս, սակայն եղածն արդեն եղել է: Նա նույն կերպ, նույն ձորձերով է հայտնվել ինձ, երբ տասնամյա տղեկ էի, ու թե հիմա` առաջացած տարիքում: Ո՞վ է, իմ ո՞ր նախորդի պատահական կենակցուհին, գուցե կի՞նը, ի՞նչ է կամենում, ինչո՞ւ է անպատեհ տեսությամբ աղբում մարմինս, սթափ ժամերին` նաև հոգիս: Ի՞նչ է լինելու հետագայում, երբ մարի իմ աստղը. ախտաժետ մարմնիս հետ տանելու եմ գերեզմա՞ն, դժնի խոհերով պարուրված եղկելուս ուղեկցությամբ իջնելու է գեհե՞ն, համբառնալու է երկի՞նք, թե՞ արդեն, որպես մասնաբաժին, ժառանգել եմ զավակներիս, ու նա հիմա որդիներիս է հագուրդ տալիս:

Ինչպե՞ս կվերլուծեք սույնը: Համոզված եղեք` թերուսությունից չէ, որ հարցեր տվեցի և պիտի տամ: Առաջնորդվելու եմ Դեկարդյան սկզբունքով` cogito ergo sum1: Ընկրկում եմ փաստի առաջ, թեև ապշանքս չի անցնում, երբ յուրաքանչյուր վայրկյան բնությունը մեզ է ներկայանում ողջ կատարելությամբ, երբ մեղվից մեղու է ծնվում, նշենուց` նշենի... Ասեղնաչափ ու հազարակի փոքր սաղմնյակը (հիմա հաստատում են` անգամ մարմնի ցանկացած բջիջ) կրում է իր տեսակի բոլոր նրբագծերը` բուրմունքը, համը, արևի տակ կենալու տևողությունը, եթե մարդ-մահկանացու է` ձայներանգը, բնավորությունը, մինչևիսկ հազալու, քրքջալու, քրթմնջալու կերպը, խալը: Ուրիշ խոսքով` համակարգն անթերի գործում է` տեսակը շարունակելու, կեցության հարընթացությունն ապահովելու համար, իսկ այս պարագայո՞ւմ... Կա՞ նպատակ: Եթե նվաստս նույնպես և նույնքան ամենակարող բնության ստեղծագործությունն եմ, համակարգի ու ամբողջի մասնիկը, հանուն ինչի՞ է փորձությունը:

Պատմություն երկրորդ: Պատկից հարևանուհի ունեինք` տարրականի ուսուցչուհիս, ում բակով էր մեր, սխալ ասացի` իմ ելումուտը: Ափսոս, մեր տները վաղ քանդեցին, ու հիմա դժվարանում եմ ստույգ որոշել, թե որչափ էր երկարում ճամփաս նրանց դռնով անցուդարձելիս: Էականը, սակայն, դա չէ: Տարիք առնելուց, խնդրի շուրջ մտորելուց հետո ըմբռնեցի բնազդական քայլերիս ակունքը:

Նրանց լվացքապարանին երբեմն-երբեմն ներքնահագուստ էր լինում: Անցնելիս, իբր պատահաբար, գլխով, դեմքով խփվում էի հանդերձներին, մանավանդ` կապույտ կիսավարտիքին, մանավանդ` երբ գունաթափ էր, չոր կամ, եթե ձմեռ էր, գոնե սառած: Մնացած լվացքը` լիներ կրծկալ, գիշերանոց, անկողնային պիտույք, թե այլ բան, առանձնակի չէր գրավում: Իսկ գունաթափը, հիմա եմ գլխի, նախընտրում էի, քանզի կասկածի տեղիք չէր տալիս, թե օր առաջ ով է այն շրջազգեստի տակ կրել: Լաջվարդ լաթը ես նրա հագին տեսել էի երկու անգամ:

Քանի որ տանը տղամարդ չկար, հաճախակի կանչում էր օգնելու: Շաբաթ էր` ետամանորյա արձակուրդների շրջան, ու դասատուս առավոտյան խնդրեց խորդանոցից վառարանի համար փայտ բերել, հետո նաև` քարածուխ: Միասին ահագին չարչարվելով, նավթ վատնելով կպցրինք փայտը, այնուհետ վերևից լցրինք անտրացիտը: Ուզում էի գնալ, չթողեց: Մնա տաքացիր, - ասաց: Չէի մրսում, խոշորափաթիլ ձյունն իսկապես հափշտակիչ էր, սակայն հնազանդվեցի: Աթոռակ ուներ, մոտ քաշելով` առաջարկեց նստել: Նավթի հոտից, ծխից ազատվելու համար դուռ-պատուհան շատ բաց պահելու պատճառով նա, ըստ ամենայնի, ցրտառել էր, որովհետև մնում-մնում` շրջազգեստի քղանցքը` լայներից, կարճատև բարձրացնում էր, որպեսզի գվվացող կրակից արտածվող ջերմությունը հասնի ազդրերին: Քանի որ բարձրահասակ էր, նստած դիրքից տեսնում էի բամբակե փափուկ վարտիքը` խամրած երկնագույն, գրեթե ծնկները գրկող:

Երկրորդ դեպքը պատահեց աշնանը: Սեպտեմբերն էր կամ հոկտեմբերը` արևմտոց: Խաղողի մեծ թարմա ուներ` բարձր, այնքան, որ առանց ելարանի հնարավոր չէր ողկույզներին հասնել: Կանչեց, թե` աստիճանը կպահես, հանկարծ չփախչի, իսկ ինքը դույլն առած բարձրացավ: Նա քաղում էր, ես` զմայլված դիտում: Մի ձեռքով բռնում էր ճութը, մյուսով մկրատի օգնությամբ կտրելուց հետո դնում կեռիկով հենակից կախած դույլը: Վայելուչը հեռվից հետևելն էր, բայց որ ասել էր` պինդ կպահես, գլուխս տնկել էի, ուստի տակնիվեր բացված տեսարանը դարձավ առավել ցանկալի: Նույներանգ ամառային վարտիք էր հագին, համեմատ ձմեռայինի` թե կարճ ու թե բարակ: Ափիբերան էի մնացել այն բանից, որ ազդրերի բաց մասերը մազեղ էին, միսը` կարմիր: Գույնը գուցեև մկանունքի պրկվելուց էր, որովհետև անգամ սանդուղքի վրա ձգվում էր` հասնելու բարձրակախ ողկույզներին, կամ թե` փողքերը պահող ռեզիններն էին ամուր, հետքերը որոնց քշտվելու հետևանքով նկատելի էին:

Երբ մի քանի աստիճան իջնելով կռացավ, որպեսզի ինձ տա դույլը, փախցրի հայացքս, սակայն տեսել էր և մեղմ դիտողություն արեց` վերև չնայես, Վասպուր: Վարժուհու ասածը յոթ-ութ տարեկան մանկան համար, գիտեք, օրենք է: Խաղողն արկղը դատարկելուց հետո, առանց նրա կողմն աչք գցելու, վերադարձրի ամանը, իսկ երբ վերստին գործի անցավ, մոռացած հրահանգ, հայացքս դարձյալ բևեռեցի վրան: Դի՞րքը տեղին չէր, թե՞ պլշելուց` աչքերս սկսեցին շաղվել: Արտառոցն այն էր, կամենում էի սանդուղքն ի վեր ելնել, ելնել, մտնել մորեգույն խալաթի տակ... Այնքան էի թովվել, ուշքի եկա խիստ ձայնից` Վասպուր, չասի՞` չի կարելի: Խռովքի մեջ թողեցի աստիճանը, որն ընկավ: Նա, լավ է, իջել, հավասարվել էր ինձ, համ էլ ճարպիկ էր, հասցրեց ցատկել:

Մեր հարաբերությունները դրանից չխաթարվեցին, սակայն ինչ-որ բան այլևս այն չէր: Անգամ արևագույն, արևահամ Ոսկեհատը, որ հյուրասիրեց, անհավես կերա` մունջ, իսկ երբ կանաչ լոբաճաշ առաջարկեց, թեև դասերից հետո առանձնակի բան չէի դրել բերանս, հրաժարվեցի:

Նա դեկտեմբերին ամուսնացավ, ինչ-ինչ պատճառով մեր ընտանիքները գժտվեցին, և հայրս պատել տվեց մեր բակերն իրար կապող բացուղին, իսկ ինձ հուշը մնաց, որը մոռանալ անկարող եմ ու, եթե ասեմ, ամեն խաղող տեսնելիս բախում է դուռս, չափազանցություն չի լինի: Նույնը` վառարանի խնդրում, որ վերջերս վերստին հայտնվել է նույնիսկ բազմահարկերում` կապված շրջափակման, աղքատացումի հետ:

Ելք մատնանշեք, խնդրում եմ: Ասեք` ինչպե՞ս գտնեմ հյուսածոն անհետելու միջոցը: Վերջերս մեկը հեռուստատեսությամբ աներկբա պնդում էր, թե ենթատեսաթմբին և մակուղեղին (դյուրըմբռնելի լինելու համար օգտագործեմ նաև բժշկության ոլորտում կիրառականը` hypothalamus, hypophysis cerebri) հրամայելով հնարավոր է հասնել արդյունքի, այն է` ջնջել վնասակար տեղեկատվությունը, անհաճո տպավորությունները: Ընդսմին, նա ինքնուրույն էր հանգել այդ մտքին և նույնիսկ ինչ-ինչ չապաքինվող հիվանդություններ, եթե հավատալու լինենք, բուժում էր` առանց տեղյակ լինելու մարմինը, մտքերը, զգացմունքները կառավարելու յոգերի ուսմունքին: Սա` ի միջի այլոց: Իմ հարցն ուրիշ է` երեխան մեղավո՞ր է տեսածի համար: Եթե նա մինչևիսկ կույր լիներ, հոտոտելիքով, շոշափելիքով, մեզ անհայտ այլ զգայարանով չէ՞ր գտնի կրքի հոսանուտը հանող ճամփան, տարբերակի ամոթույքին առնչվող ինչքերը: Ուսուցչուհուն ևս չբանադրենք մանկանը պղծության խորխորատներն ընկղմվելուն նպաստելու մեջ, թեկուզև` ինքնաբերաբար: Նրան և բոլոր մեծահասակներին կարող ենք, իբրև պատմածից հետևություն, զգոնության կոչել, խորհրդի կարգով ասել` երեխաներին հեռու պահեք ձեր թաքնաշորերից, դրանք արևերես մի հանեք, խուսափեք սիրասուն զավակների ներկայությամբ զգեստափոխվելուց, շպարվելուց, հարազատներին, ինչո՞ւ չէ, նաև ծնողներին` մի գգվեք նրանց, ծոցներդ ու ծնկներիդ մի առեք և դարձյալ բաներ, սակայն կօգնի՞, հնարավո՞ր է մանրէազերծ կեցություն: Թե՞ ամենևին պետք չէ, եթե վստահելու լինենք Նիցշեին. «Կրքերի արմատին ձեռք տալ, նշանակում է ձեռք տալ կյանքի արմատին» 2:

Թողնենք մանկան վարքը, նա, ինչպես ասում են, tabula rasa3 է, մեծիս դառնանք: Չթվա` փայփայում եմ այս պատկերները, ինքնակամ եմ տրվում զգայանքին, թեև ակներև է. անցյալը բանաստեղծաբար ներկայանալու հատկություն ունի: Չշտապեք պարսավել, ցանկամոլ, հեշտասեր ու այլ պիտակներով որակել անձս: Երևույթը, ինձնից լավ գիտեք, շատ ավելի խորքային է և մարդ արարածի անտես փականքներին մոտենալու բանալիներից մեկը: Եթե փնովելով լուծելի լիներ խնդիրը, այնքան եմ այպանել ինքս ինձ, ամենազարհուրելի մեղսանք վերագրել... Ի վերջո, գիտակից կյանքս, հավատացնում եմ, գուպար էր և է` էությանս դեմ, շարունակական զրկանք` հանուն մարդավայել ապրելու, սակայն... անարգասիք: Կհաջողվի՞ գոնե այս խոստովանքից հետո խաղաղ հոգով հրեշտակների հետ զրուցել, թե՞ դեռ չի ծնվել այն սրբակյացը, որի դուռը պատրաստ եմ ծնրադիր գնալ, թե՞ պարտադրված եմ «մտքով ծառայել Աստծո օրենքին, մարմնով` մեղքի» 4:

Եվս մեկ խենեշ հյուսվածք` առավել վաղ տարիքի:
     Պատմություն երրորդ: Հյուր էինք կնքաքավորիս: Դուստրը` ինձ հասակակից, գուցե թե ավելի փոքր, որովհետև հլու ենթարկվում էր, ու խաղի նախաձեռնողը ես էի, տարավ այգի: Ամառ էր: Խոշոր, հասուն ծիրանը թափվել էր ծառերի տակ, հավաքող չկար: Խարխուլ, կավածեփ պատի ստվերում` մեկուսի անկյուն էր, զվարճանում էինք: Ես արքայազնի պես մեկնվել էի, իսկ նա, պտավոր զգեստի փեշում մեկ-երկու պտուղ, պատրաստակամ բերում էր, հրամցնում: Սրբանակը ծածկող ոչինչ չուներ հագին, ու թիկունքով դեպի ինձ կռանալիս տեսնում էի ցայլքը, որ բացված ծիրան կարծես լիներ, տուտքը բռնած գալիս` չճաքած:

Շատ ուտելո՞ւց հագեցա, թե՞ ձանձրացրեց խաղի միօրինակությունը. ձեռքիս միրգը հպեցի նրա թմբիկին, ապա երկու կես անելով` մեկը կերա, մյուսը հանդիսավոր մատուցեցի աղջնակին: Ըմբոշխնելուց հետո վազեվազ նորը բերելով` ինձ տալու փոխարեն կռացավ, նույնն արեց, և անպատկերացնելի հաճույքով ճաշակեցինք օծյալ պտուղը:

Մանկան զվարճա՞նք էր, ինչ պատմվեց, թե՞ հոռի արարք: Ի՞նչ շարունակություն, ավարտ կունենար, եթե մայրն ընթրիքի չկանչեր: Հետևությունը թողնում եմ Ձեզ:

Ի դեպ, հենց նոր, ինձ համար իսկ անսպասելի նկատեցի, որ շարագրանքս գնալով մանրագիր է դառնում` գրեթե անընթեռնելի, տողերը` խիտ, ասես թաքնվել կամենալիս լինեմ: Ումի՞ց: Այդ դեպքում մոլորյալս ինչո՞ւ եմ պեղում անցյալը, շիտա՞կ հանուն գիտության, թե՞ անգամ հիմա այլ բան է դրան մղում: Աղջնակը, ով այսօր հինգ երեխայի մայր է, թոռների, տեր, հետաքրքիր է, հիշո՞ւմ է սույն իրողությունը, մտադաջե՞լ է: Եթե երեսս բռնի պատմել, կխոստովանի՞, որ չի մոռացել, կխիզախի՞ աչքերիս նայել: Թե՞ իմ տեսակն է ուրիշ. խեղյալ հոգով, մտքերով, զգայարանքով եմ արևաշխարհ եկել: Հապա նա՞, չէ՞ որ հաշտ հեշտախաղը մանկահասակներիս միջև եղել է, որքան էլ երկնչենք, ճշմարտից խույս տանք, տքնենք սքողել իսկությունը: Անկարելի է` սատանային ոչ միայն ես եմ ի սկզբանե կրում: Վկան` մարդկության պատմությունը: Փոխվե՞լ է որևէ բան: Ֆլոբերի Անտոնիոսն5 այդքան ձաղկվելուց հետո, կասկածում եմ, թե կարողացավ մաքրվել, մեր տառապյալը` Նարեկա վանքից, որ աշխարհի մեղքն էր ուսել, թե՞ իր` այդպես էլ չխոստովանածը, ընդվզելով ի՞նչ էր կամենում, իրա՞վ ապաշխարեց: Լավ, այլևս սրբոց անուններ չեմ տա, որպեսզի չվրդովվեք, թեև amicus Plato sed magis amica ast veritas6: Բազում վառվող մոմերն ու հնչող աղոթքները, խաչհանումները, անգամ «Ավետարանի» բերանացի իմացությունը քիչ բան են փաստում, քանզի «Ուժեղ հավատի ձգտումը ուժեղ հավատի ապացույց չէ, ավելի շուտ` հակառակը» 7:

Ոչի՞նչ, որ բանվածքներս ընդմիջում եմ նման խոհերով: Թեթևանալու համար է, թեև գիտեմ, չեմ հաջողելու, ու պատճառը մեկն է. ամեն ինչ չէ, որ հանդգնել եմ և արիություն կունենամ շարագրելու:

Պատմություն չորրորդ: Բանակից արձակուրդ էի եկել: Ընդունված կարգին հավատարիմ` այցում էի քաղաքի տարբեր ծայրերում բնակվող հարազատներիս: Հորաքույրս տանը չէր: Պարզվեց, գնացել է մոտակա գյուղ` ամուսնու բարեկամներից մեկի կանչով ու, հնարավոր է, ուշանա: Դստեր հետ դեսից-դենից զրուցելուց հետո ցանկացա հրաժեշտ տալ, հրավիրեց ճաշի: Նա սկսեց խոհանոցում սեղան բացել, իսկ ես լվացվելու համար զուգարան մտա: Լոգատաշտին փոքրիկ փայտամած կար, նրանցից, որի վրա նստում են լողանալիս կամ շատ չկեռվելու համար լվացք անում, կոնքում` ճերմակեղենի կիտուկ: Հայացքս ընկավ օրիորդական նուրբ ժանեկազարդ վարտիքին: «Ուխտ չէի արել աչքերիս հետ, որ կույսի վրա չմտածեմ» 8, ուստի միտքս հանկարծորեն պղտորվեց, ու ձեռքս պարզեցի այդ կողմը: Մատներս տամկություն զգացին, նաև արյուն նշմարեցի` մուգ, սևին տվող: Էլ չգիտեմ` բարեկամուհիս գալուստիցս առա՞ջ էր հագից հանել, թե՞ թացությունը խոնավ լոգարանում երկար մնալուց էր: Աղջկական դաշտանի մասին փոքրիշատե տեղյակ էի, սակայն մտքերս այլ ուղղություն բռնեցին: Անկարող եմ բացատրել ինչո՞ւ, մտածեցի, թե նա տղամարդու հետ է ինձնից առաջ եղել, և կուսաթաղանթի պատռվածքի հետքերն եմ տեսնում:

Ժամանակն անցնում էր, փակված մնալն այլևս պարկեշտ չէր, սակայն հապաղում էի, որովհետև վրաս ձիգ նստած զինվորական տաբատի ցցվածքն անտես դարձնել չէր հաջողվում: Մի կերպ դուրս եկա և գցվեցի խոհանոցի աթոռին: Ճաշի ընթացքում ևս քասքնելի խոհը չէր լքում. կաշկանդված էի: Չօգնեց անգամ առաջին գավաթ օղին, որով հյուրասիրեց օրիորդը: Բարեկամուհիս իմ ցաքուցրիվ խոսքը, հավանաբար, արդարացնում էր աշխարհիկ կյանքից ժամանակավոր կտրվածությամբ, ուստի հոգատարության ցույցերով խրախուսում էր, փորձում հարազատության մթնոլորտ ապահովել: Երկրորդ գավաթից բացվեցի, մարդահաճություն եկավ վրաս: Իր համար ևս օղի լցնելով` առաջարկեցի խմել: Խոստովանեց, որ ըմպած չկա: Մի օր պիտի սովորես, - խրախուսեցի: Այն, որ համոզողը մերձակից է, ընդսմին` վաղը, մյուս օրը դարձյալ հեռավոր Մուրմանսկ ծառայության մեկնող բանակային, դեր խաղաց, ու նա զիջեց: Մատնոցաչափ խմիչքն ազդեց. շուտով այտերը վարդագունեցին, դարձավ առավել շոխիկ:

Ճաշելուց հետո, որ վաղահաս կաղամբով ապուր էր, վերադարձանք հյուրասենյակ, որովհետև թափանցիկ կիսավարագույրն անզոր էր կիզիչ արևի ճառագայթների դեմն առնել:

- Գնա՞մ պաղպաղակ բերեմ, - հարցրի:

- Մեծ հաճույքով կուտեմ, - աշխույժով համաձայնեց:

Մինչ կգայի, երաժշտություն էր միացրել, որպեսզի տոթ չլինի, վրա բերել թավշյա կանաչ վարագույրը, սուրճ եփել: Մեղեդին պարի էր տրամադրում: Բազկաթոռում ընկողմանած օրիորդը համաչափ տարուբերվելով` փոխնիփոխ վայելում էր պլոմբիր տեսակի պաղպաղակը, սուրճը: Չավարտած` պնակը դրեց սեղանիկին:

- Չհավանեցի՞ր, - մտահոգվեցի:

- Պարել եմ ուզում, - երազուն պատասխանեց:

Մեկնեցի ձեռքս, ու նա փութկոտ եկավ դեպի ինձ: Մենք գրկվեցինք, սակայն դա պար չէր: Ընդամենը ճոճվում էինք, և ազդրերով, մարմնի մյուս` կարևոր անդամներով, դեմքով փարել էինք մեկմեկու: Արյունակից, մերձավոր լինելը խոչընդոտում էր, այլապես կանցնեինք բացահայտ գրգանքի: Չեմ ասի` զսպեցինք, ուժ գտանք, ուղղակի երկնչեցինք անցնել սահմանը, խախտել տաբուն: Հերիք է, համոզված եմ, մեկնումեկս առաջին քայլն աներ, մյուսն ընդառաջ կգնար` կաթոգին տրվելով տարփանքին:

Պարն ավարտվեց: Չուզելով` զատվեցինք իրարից: Ձեռքս մինչև վերջին պահը շոյում, փաղաքշում էր աղվամազոտ դաստակը, չէր պոկվում մատներից:

- Գլուխս պտտվում է, - շշնջաց:

- Օղուց է, - հուսադրեցի:

- Հիմա կքնեմ, - հույլ ժպտաց:

- Որ այդպես է, գնամ, - մերժվելու ակնկալիքով` կեսբերան ասացի:

- Նամակ կգրե՞ս, - հարցրեց:

- Չգիտեմ, - տրտում արձագանքեցի:

- Կսպասեմ, - հրաժեշտի համբույրի համար նա դեմ արեց այտը:

Շուրթերով թեթևակի հպվեցի: Մագնիսն անկասելի գործում էր: Ուղղեց դեմքը, ու քանի որ շարունակում էի թեքված մնալ, պռկունքներս դիպան և կսոսնձվեին, եթե զանգը չհնչեր. շիշ հավաքողն էր:

Նամակագրության բանը չհասավ` հասցեն չունեի: Մինչ մերոնք խնդրանքս կբավարարեին, լուր առա, որ հորաքույրս դստերը նշանել է: Դեպքից հետո մեկ անգամ եմ տեսել` քրոջս հարսանիքին: Եկել էր պարսկահայ ամուսնու հետ: Սառնաշունչ այտհպանքին հետևեց որպիսության շուրջ մի քանի քաղաքավար նախադասության փոխանակում, իսկ ծանոթությունը նրա օրիորդական շուրթերի դողը տարած մարդու հետ ավարտվեց սոսկ ձեռքսեղմումով:

Ձեր դատին հանձնեցի ևս մի եղելություն: Տեղին կհնչի՞ պժգելի բառն այս պարագայում: Ինչո՞ւ այդպես եղավ: Հասարակությու նը ե՞րբ, քանի՞ հարյուր, հազար տարի առաջ հանգեց այն եզրակացության, որ արյունակիցների կենակցելը վտանգում է իր կայունությունը: Առողջ զավակունք ունենալու մտահոգությա՞մբ դրույթավորվեց սերը` չորս պորտ, հինգ, յոթ, և ինչո՞ւ բացառություն չի հանդուրժում: Արժեհամակարգի փոփոխությունը որքանո՞վ է ունկնդիր սրտի կանչին, ակնդիր` հոգու բեմելին: Քրիստոնեությո՞ւնն է ճիշտ, թե՞ իսլամը, որն առավել կենսունակ սերունդ է դիմակայության առումով ապահովում` չլինելով ազգակցության խնդրում մերինի պես խստաբարո:

Մեղադրանք, չեմ ժխտում, կա հարցադրումներիս մեջ: Կամենում եմ այլևայլ եղանակներով արդարանալ, որպեսզի ապրե՞լ կարողանամ: Գուցե: Բայց եթե նպատակս ընդամենը սոփեստելը լիներ, կանցնեի՞ Ռուբիկոնը, վերջապես` ինձնից մեծ դատավո՞ր: Իսկ եթե գագաշոտիս խնդիրն է վերջնականապես ըմբռնել, թե վարքաբանական գրյալ ու չգրյալ պատվիրաններն ինչու են հակասում զգայականի՞ն: Հաջողվե՞ց homo sapiens9-ի մեջ սպանել կենդանուն, ասունի մեջ` անասունին: Քաղաքակրթվե՞լ ենք արդյոք, թե՞ պարզապես դիմակավորվել, քողարկվել, և ընդունայն չե՞ն գործադրած ճիգերը:

Պատմություն հինգերորդ: Ավագ որդիս աշխատանք ուներ Իսպանիայում: Երկրորդ տարին էր` կինը, երկու երեխան մենակ էին մնացել Երևանում: Ոչ շուտ-շուտ` գնալ-գալ ունեի: Փականագործներ պիտի գային ջրատաքացուցիչ տեղադրելու, և հարսս խնդրել էր, որ ներկա լինեմ: Քաղաքի կենտրոնում էին ապրում. երկսենյականոց բնակարան էր: Երեխաներին մանկապարտեզ ճամփել, տունն էր հավաքում: Հետս օրաթերթեր էի տարել, կարդացի, հետո, չիմանալով զբաղմունքս, հեռուստացույց միացրի: Խմորեղեն բերեց, թեյ... Գործը պրծել էր, արհեստավորներն ուշանում էին, ի՞նչ աներ` եկավ, նստեց: Դիտարժան կինոնկար էր, բայց որ կեսն անցել էր, առանձնակի չէի հասկանում: Եղավ տեսարան, երբ ձեղնահարկում ֆիլմի հերոսն ու հերոսուհին սկսեցին կրքոտ համբուրվել: Ծղոտն անզգույշ շարժումից թափվեց նրանց վրա: Մարմինները չէին երևում, սակայն նկատելի էր, թե ինչպես են խրձերի տակ վերուվարում: Ես հարսի կողմը չէի նայում, նա` իմ, ցուցադրածին սևեռվելն էլ պատշաճ չէր:

- Իտալակա՞ն է:

- Երևի, - նեղվելով` պատասխանեցի: - Անջատե՞մ:

- Չէ` ինչո՞ւ: Եթե հետաքրքիր է, նայենք:

- Ծխեմ, - տուփը վերցնելով` անցա պատշգամբ:

Պատուհանագոգին հենված` բակն էի ուսումնասիրում, մոտեցավ:

- Վարպետները չերևացի՞ն, - կանգնելով կողքիս` գլուխը հակեց:

Լուսամուտի բացվածքը երկուսիս ազատ տեղավորել չէր կարող, ու նեղվածք էր: Խոսելու, զրույցի նյութ գրեթե չկար: Շարունակեցի ծխել:

- Կարելի՞ է` ես նույնպես, - առանց սպասելու իմ համաձայնությանը, ձեռքիցս վերցրեց ծխախոտը. նա պսակվելու օրվանից ծխում էր և թաքցնելու, ձևեր թափելու պատճառ չուներ:

- Նորը տամ, - փորձեցի բարձրացնել իմ ու հարսի միջև լռված ձեռքս, որպեսզի տուփը հանեմ:

- Պետք չէ, ընդամենը` մի բերան, - նա ծուխը խոր ներս քաշելով` վերադարձրեց ծխախոտը:

Կոթունին թեթևակի կարմրություն մնաց. շրթներկի հետքն էր: Մատը մոտեցրեց, մաքրեց:

- Հո չե՞ս զզվում:

- Ամենևին, - հաստատելու համար պռոշիս առա ծխախոտը:

- Մի անգամ ևս, - ասաց:

Փոխեփոխ ծխեցինք: Լռությունը մեղսալի էր դառնում:

- Ինչո՞ւ անջատեցիր, - հարցրի:

- Քեզ չի կարելի, ինձ կարելի՞ է:

Վերստին լռություն իջավ:

- Դժվա՞ր է առանց ամուսնու, - շարունակեցի, իբր, զրուցել:

- Իսկ առանց կնո՞ջ, - հարցը հարցով կտրեց:

Ես այդ տարիներին երկրորդ անգամ բաժանված լինելով` ամուրի էի:

- Տարիքս առած մարդ եմ, ինձ ի՞նչ:

Իրոք նեղվածք էր, ու ես, որպեսզի թեքությամբ կանգնել կարողանամ, նրա մարմինը թողեցի առաջ, իսկ ձեռքս, որ ծխատուփը հանելու համար թիկունքում էր մնացել, հոգնությունից իջավ հետույքին: Նա, անտարակույս, տաբատի տակ զգաց դա, սակայն ոչնչով ի ցույց չարեց:

- Տղամարդիկ մինչև խոր ծերություն սեռունակ են, - ասաց: -Համ էլ քո տարիքն ինչքա՞ն է որ` քառասունհինգ:

Ձեռքիս դիրքը հարմար չէր: Ուղղեցի, և այս անգամ մատներս ափակողմով գտան գոգավորությունը, անշարժացան:

- Նման նուրբ բաներին որտեղի՞ց ես հասու, - թեև ակնհայտ մեղմեխելուն` շոյվեցի:

- Բժշկականը չե՞մ ավարտել, - խնդմնդաց:

Ներքևում երկուսը գալիս էին, մեկը պայուսակ ուներ բռնած: Գործիքի կոթն իմի պես ցցվել էր:

- Արհեստավորները չէի՞ն, - հարցրեց:

- Ու՞ր են, - թեև լավ էլ տեսել էի, որ մուտքը շեմել են, ձգվելու համար ուժ տվեցի նստույքը բռնած ձեռքիս:

- Հազիվ եկան, - շնչատ ասաց:

Մենք նույն դիրքով մնացինք այնքան, մինչև զանգը տվեց:

- Հասան, - հոգոց հանեց հարսս:

Միաժամանակ շրջվեցինք, և որդուս պուրպուր վերնաշապկի տակ գրեթե չպատսպարված նրա ստինքները, տողելով լանջքս, լքեցին ինձ: Նա գնաց դուռը բացելու, իսկ ես շարունակեցի մեջքով հենված մնալ պատուհանի գոգին: Կարճ` մինչև ծնկները հասնող ջինսից շալվար էր հագին` ծոփքավոր: Անասելի սոսուն էր, անչափելի` ջերմ, անգրելի` գրավիչ, անպատմելի` պագշոտ, աննկարելի` նազկտան, անվկայելի` վայելչագեղ...

Ուշադրություն դարձրի՞ք որչափ մանրամասն եմ վրձնում: Ներկապնակից է. ես ընդամենը գույները փոխադրեցի, առա կտավին: Նույնը չէ՞, ինչ մինչև վերջ գնալը: Գուցե ճիշտն այդ օրը գործավորներին ճամփելուց հետո վերադառնա՞լն էր, հաճույքին տրվե՞լը` միջադեպը մեկնդմիշտ մոռանալու համար, որպեսզի անրջելիս շարունակությունն այլևս հազար տարբերակով չտեսնեինք երևակայության մահճում, թեև վստահ չեմ` ուր կտաներ տռփանքը, ինչ արհավրալի ավերածություն կկատարեր երկուսիս ներաշխարհում: Իսկ եթե բանը բացահայտվե՞ր, ի՞նչ կերպ կվարվեին որդիս, մյուս զավակներս, բարեկամները. անգթորեն կկացնեի՞ն: Եվ իրավացի չէի՞ն լինի: Հապա մանկիկները... Տարփանքին հանկարծ չտրվեի՞նք նրանց ներկայությամբ:

Հասարակությունը, երևի, դրա համար չի հանդուրժում շատ բաներ, որպեսզի համեմատաբար սակավակորուստ դուրս գա մոլագարության ճահճուտից, թույլ չի տալիս ընկմվենք տիղմում` այլևս ելնել չկարողանալու աստիճան: Հարկավ` ամեն ճշմարիտ չէ, որ օգտակար է:

Հիմա հարսս զավակների հետ Ավստրալիայում է, իսկ տղայիցս, կլինի տասնհինգ տարի, լուր չունեմ: Նրան գտնելու եղբայրների, իմ փնտրտուքն ապարդյուն անցավ, մինչևիսկ կասկածում եմ` կենդանի է:

Ինչ մինչ այժմ գրառել եմ, ընդսմին` չնչին մասը տեսած-ապրածիս, եզրահանգումների համար բավարար է, սակայն Ձեզ լիարժեք օգնած, անսխալ եզրահանգումներին օժանդակած չեմ լինի, եթե մարդկային բնազդներին առնչվող այլ ոլորտներ չընդգրկեմ պատումներում, մանավանդ շարահյուսածում տարասեռությունն է քննության նյութ, հանգամանք, որը, ըստ իս, մի կետում արդարացում ունի:

Պատմություն վեցերորդ: Ընդունելության քննությունների բուռն շրջան էր: Երկու արգելք հաջողությամբ հաղթահարել էի: Վերջինը հայոց լեզու էր` գրավոր: Անհանգիստ մեկ օր անցել էր, և ցերեկվա ժամը երեքի կողմերն արդյունքները պիտի հայտնեին: Սովորաբար ինձ բուհ մայրս էր ուղեկցում` սպասելով մինչև դուրս գամ, սակայն այդ ժամին խիստ զբաղված լինելով` ստուգողներ ունեին, չկարողացավ մնալ:

Համալսարանի բակում հավաքվածների մեջ ծանոթ փնտրելով թրևում էի, այս ու այն խմբի ամենաանհավանական հորինվածքներից պատառիկներ ունկնդրում կաշառքի աներևակայելի չափերի, պաշտոնյաների ամենազորության, դասախոսների անկշտության մասին, երբ բարձրախոսով մեր ֆակուլտետի անունը հնչեց, և սկսեցին ցուցակներն ընթերցել: Ցանկալի գնահատական ստացած դիմորդների ծնող-բարեկամները բուռն ցույցերով էին արտահայտում իրենց հրճվանքը` մյուսներին խանգարելով: Անհանգստանում էի` կարծելով աղմուկի մեջ չեմ որսացել անուն-ազգանունս, բայց երբ կեսից գլխի ընկա, որ խառն են կարդում, փոքր ինչ հանդարտվեցի: Իմը նախավերջինն էր, ստացածս գնահատականը` ամենաբարձրը. այն տարիներին հինգ բալանոց կարգն էր գործում: Այնքան լարված էի հետևել ցուցակներին, որ ընդամենը բռունցքս հայտնվեց օդում. ո՞ւմ հետ կիսեի ուրախությունս, ո՞ւմ գիրկը նետվեի:

- Երիտասարդ, շնորհավորում եմ, - կողքիս տղամարդը` դեմքին լայն ժպիտ, պարզեց ափը:

- Շնորհակալ եմ, - անակնկալի գալով` սեղմեցի:

- Բոլորը միասին քանի՞ միավոր հավաքեցիր, - նա, չհասկացա ինչու, շարունակեց ձեռքս չթողնել:

- Տասնչորս, - պատասխանեցի: - Բանավորներից հինգ ու չորս եմ ստացել:

- Կընդունվես, - վստահ ասաց:

- Երևի, - մի կերպ ազատեցի մատներս:

- Էլ ի՞նչ երևի: Ուրախ չե՞ս, - նա թփթփացրեց ուսիս: - Լավ է, լավ:

Ի՞նչ պատասխանեի:

- Ինչո՞ւ պիտի ուրախ չլինեմ, - արդարացա:

- Դուրս գանք այստեղից. ժխոր է:

Ակամա զգուշացա, բայց և ենթարկվեցի:

- Գնահատականը լսելիս էլ մի տեսակ էիր, - նույն հանգույն շարունակեց:

- Ո՞նց, - խնդացի:

- Միշտ այդպես կժպտաս. քեզ սազում է:

- Աղջիկ չեմ, - խոժոռված` չորեցի:

- Էլի լրջացավ... Ինձ հետաքրքրողը տղաներն են: Մի՞շտ է տրամադրությունդ ընկած. դեռ քննության օրն եմ նկատել:

- Ի՞նձ եք հետևում, - հերսոտ թափ տվի ուսս` ջանալով պոկել ձեռքը:

- Լսարանում էի` հանձնաժողովի կազմում. գրավեցիր, - նա կարողանում էր զրույցը սահուն հուն բերել:

- Դասախոսո՞ւմ եք:

- Ինձ հանձնված բոլոր գրավորները բարձր եմ գնահատել, - ուշադրություն չդարձնելով երկբայանքիս` տարօրինակ խոստովանություն արեց:

- Հա՞ որ...

- Տրամադրությունս բարձր էր` քո պատճառով. ուզում էի անպայման ընդունվես:

- Բայց ինչո՞ւ, - համառեցի:

- Սեպտեմբերին լավ ուսանողներից խումբ եմ հավաքելու:

- Դո՞ւք եք ինձ դաս տալու, - տարիքի հանդեպ պատկառանքին գումարվեց դասախոս լինելը:

- Տեսնենք, եթե քեզ տղամարդու պես պահես, - ապա փոխեց թեման: - Ու՞ր գնանք:

- Պիտի մորս զանգ տամ, - ինքնաբերաբար ձեռքս գրպանս տարա` մետաղադրամ հանելու:

Երկկոպեկանոց չկար, ու նա անմիջապես կառչեց դրանից:

- Իմ տնից կզանգես, - հասել էինք Գետառի կամրջին: - Մոտիկ եմ ապրում, - նա ցույց տվեց դասախոսների շենքը:

Չհասկանալով հանդերձ մտադրությունը` աչալրջեցի:

- Ոչինչ, մորս հիմնարկը մոտ է` քայլելով կգնամ, - դիտմամբ կռացա, իբր, կոշկաքուղն եմ կապում:

Հարկադրված` ձեռքը վերցրեց ուսիցս: Հասկացա՞վ, որ տհաճություն եմ զգում, երևի` այո: Շատ էր կպչուն. հեռանալու հնարավորություն չտալու համար մանրադրամ հանեց.

- Զանգիր:

Հեռախոսախցիկը ներկայիս տնտեսագիտական ինստիտուտի անկյունում էր: Առաջին, երկրորդ փորձերն անհաջող էին, երրորդին մի կերպ ընկա, սակայն չճշտած` ում հետ եմ խոսում, ավտոմատը դրամը կլլեց: Նորը տվեց և, օգտվելով առիթից, մտավ խցիկ:

- Թող ես քաշեմ:

Մերժեցի: Մայրս շեֆի մոտ էր: Խնդրեցի հայտնել, թե ով է զանգողը, հաղորդեցի ստացածս գնահատականը: Բաժնի աշխատակցուհին շնորհավորեց, խոստացավ անպայման փոխանցել: Ողջ զրույցի ընթացքում դասախոսը դուրս չելնելով խցից` ունկնդրում էր: Նա տասնհինգ-քսան տարով մեծ կլիներ, հանգամանք, որ կաշկանդում էր, բացի դա` հասու չէի մտադրությանը, իսկ կարճ կապելու համար փորձառությունս անբավարար էր:

Շնորհակալություն հայտնելով` կամենում էի լքել, կանխեց.

- Ի՞նչ ունես շտապելու:

- Մինչև ծնողներիս գալը պետք է տանը լինեմ, - արդարացա:

- Սա այն դեպքն է, որ արժե նշել:

- Դրա օրն էլ կգա:

- Սրանից լավ պա՞հ, - հետո թե` - մայրիկներից կտրվելու ժամանակն է, թեև քեզ դժվար կլինի` խիստ կին է:

Ընդհատել չէր լինում. անընդմեջ շաղակրատում էր, մեծի, դասախոսի իրավունքով խորհուրդներ տալիս, իսկ քայլերի ուղղությունն այգու կողմն էր, ազատ նստարանը, որ բավական ճեմելուց հետո գտանք:

- Թիկնեղ տղա ես` տեսքով: Արդեն ման գալուդ ժամանակն է: Սիրած ունե՞ս, - անակնկալ հարցրեց:

- Կհասցնեմ, - ամաչելով, որ ընկերուհի չունեմ, նաև նեղված, որ անծանոթը, այն էլ` դասախոս, նման բաներից է խոսում, դժկամ պատասխանեցի:

- Շոգ է, չէ՞, - նա շրջիկ պաղպաղակավաճառին մոտ կանչելով` երկու էսկիմո գնեց:

Չվերցնելն անկրթություն էր, համ էլ` իրոք տոթ էր: Երկար նստարանին չորս-հինգ մարդ կտեղավորվեր: Ձգտումն ինձ մոտ լինելու` նրան ակներև հանգիստ չէր տալիս, որովհետև, իբրև թե աննկատ, տեղաշարժվում էր: Ես ընկրկում էի, նա` առաջանում: Այդպես հասա նստարանի եզրին: Ընթացքում հետաքրքրվեց` ով ունեմ, ինչպես եմ անցկացնում ժամանակս, ինչ եմ մտադիր դառնալ ու դարձյալ բաներ: Իսկապես ձանձրացա: Պաղպաղակը կերել էի, այլապես շուտ կելնեի: Շրջահայաց էր, զգաց.

- Հիմա դու բեր` միայն էսկիմո: Սիրում եմ ծայրը բերանս առնելով ****:

Ի՞նչ իմանայի` ենթագիտակցաբար, թե՞ միտումով, որ վայելքն էր ակնկալում:

Փոխհատուցելու համար պաղպաղակ գնեցի, կերանք:

- Չզովացա, - դժգոհեց:

- Էլի՞ ես ուզում, - տարակուսեցի:

- Գնանք լողանալու, - առաջարկեց:

Կարկամեցի` հասուն մարդու ինչի՞ն է պետք պատանու ընկերակցությունը:

- Որտե՞ղ:

- Բաղնիք` առանձին համար կվերցնեմ, - երանավետ արտահայտություն նկարվեց դեմքին:

- Ո՞վ է շոգին բաղնիք գնում, - խնդացի: - Գոնե Զանգվի ձոր ասեք, Մոնումենտ...

- Ամառվա կայֆն ուրիշ է: Հը՞, - նա ձեռքը հպեց աճուկիս, չգոհանալով` սեղմեց:

Վերջապես միտքս ճշմարտություն հանող հունով սկսեց առաջանալ: Առանձնակի շփվող չլինելով հանդերձ, դասարանցիներից, թաղի, բակի տղաների պատմածներից մասամբ տեղյակ էի, որ նման մարդիկ ևս կան, գեղարվեստական գրքերում էի որոշ սքող պատմություններ կարդացել, ծանոթ էի հոմոսեքսուալիստ բառին: Այդքան: Արվամոլ անասուն, - մտքումս հայհոյեցի, իսկ բարձրաձայն`

- Մենակ գնացեք, ես չեմ գա, - մերժելով` փշաքաղ ոտքի ելա:

- Ինչ ամաչկոտ տղա ես, - հանդիմանեց: - Չե՞ս ուզում հաճույք ստանալ, - նա հարձակման էր անցնում: - Նեղություն չես կրի, ինքս կհանեմ քո շորերը: Չե՞ս շոգել: Ես, տես, քրտնել եմ, - ու փորձեց բռնել ձեռքս:

- Ինձ ի՞նչ...

- Ուրեմն` չես ուզում, - ձայնում ափսոսանք հայտնվեց: - Եթե համաձայնես, հետդ լրացուցիչ կպարապեմ: Հնարավոր է դիպլոմայինիդ ղեկավարը դառնամ, հետագայում ասպիրանտուրայի հարց կլինի...

Ուղեղս գործում էր: Փորձում է գայթակղել, *******, - մտորում էի, բայց և, քանի որ առաջին անգամ էի նման երևույթի, մարդու առնչվում, լրջորեն երկյուղում: Տարիքի պատճառով էր, թե՞ այլ, ճշգրիտ չեմ կարող ասել:

- Ցտեսություն, - ես քայլ արեցի:

- Սպասիր, - նրան հույսը վերջնական չէր լքել, - համարս կթողնեմ: Լավ մտածիր առաջարկիս շուրջ, երբ կորոշես, զանգիր, - նա մեքենագրված հեռախոսահամար հանեց ծոցագրպանից. հասցրի նկատել` մոտը տրցակով մնաց:

- Վրան անուն չկա, - տատամսեցի:

- Ոչինչ, դու զանգիր, ձայնիցդ կճանաչեմ, Վասպուր:

- Անո՞ւնս որտեղից գիտեք, - զարմացա, կարծես դժվար էր բարձրախոսից հնչածը մտապահել:

- Դա իմ գաղտնիքն է, - երկդիմի ծիծաղեց:

Շրջվելով` գնացի, իսկ նա շարունակեց նստած մնալ: Էլ չիմացա` անհաջող որսից հետո նոր զոհի՞ էր պատրաստվում հետամուտ լինել, թե՞ գնալու տեղ չկար: Տրամվայի կանգառում պատռեցի համարը, իսկ համալսարանում նրան այդպես էլ չտեսա: Ըստ երևույթին, ստում էր, կամ այլ մասնաշենքում դասավանդում, մասնագիտությունն էր ուրիշ: Դասախոսների բնակելիում, պիտի կարծել, իրոք ապրում էր` գուցե վարձով, որպեսզի որջն ուսանողությանը մոտ լինի, այլապես ո՞ւր էր առաջնորդում:

Ինքս ինձնից, աշխարհի բոլոր տղամարդկանցից սարսափած ու գարշելով` տեղ հասա: Ծնողներս չէին եկել: Տալիս-առնում էի կատարվածը, արդեն այլ կերպ մեկնաբանում նրա քայլերը, բացահայտ ու գողտուկ ակնարկները: Հաշվարկն արել էր` իմանալով ինչու: Հատուկ մարտավարություն ուներ մշակած, հաստատապես ինձ վաղօրոք աչքի տակ էր առել` սպասելով մորս հեռանալուն: Եթե գնացած լինեի տուն, առավել ևս` բաղնիք, հնարավոր է ուռկանը գցեր: Թերևս ճամփին խմիչք գներ, ընդունվելուս պատրվակն օգտագործելով` արբեցներ, ի՞նչ իմանամ` դարձյալ ինչեր: Այդպես եմ կարծում, որովհետև, չնայած նողկանքի առկայությանը, բորբոք էի, ականջումս իգային ձայնն էր, աչքիս առաջ` խունջիկ-մունջիկ լինելը... Ցածրոգին հազար ու հազար տարի բանտած, բնության կամեցողությամբ, հրամայականով խծուծված բնազդների ծայրանոթներում, ուղեղի գալարքում ճաքեր հայտնաբերելով` մանրիկ ասեղնազարկերով ելք էր հարթում: Քանի՜սն է նրա նմանների պատճառով ինքնասպանությամբ հրաժեշտ տվել աշխարհին:

Ասում են, յուրաքանչյուր մարդ կյանքում առնվազն մեկ անգամ նման փորձության ենթարկվում է: Աստված ինձ խելք տվեց, ձեռքը դրած ուներ գլխիս, այլապես կոչնչացնեի՞ հեռախոսահամարը: Շուշտանդամ շանորդի, էսկիմոյի սիրահար սրիկա... Հատուկ նպատակով գրպանում երկկոպեկանոցներ էր բոլ-բոլ պահում, իսկ այցեքարտին անունը չէր գրել, որպեսզի, բան է, եթե տնեցիներին տեղյակ պահելու լինեի, չբռնվեր:

Ահա այսպիսի բաներ: Դուք հոգեբան լինելուց զատ, հոգեբույժի կրթություն ունեք: Պատասխանեք հարցիս` ախտածին երևույթի հե՞տ գործ ունենք, թե՞ զգալի քանակ կազմող օրինաչափության: Ձեր հեղինակածը չի խոսում մակերեսային մտածողությամբ գիտության աճպարարի մասին ու, վստահ եմ, վկայաբերածս հատակի կյանք չեք կոչի, քանզի լավ գիտեք` կան եվրոպական երկրներ, ուր երևույթը բնական շեղում դիտելով` քրեորեն պատժելի արարք չեն համարում, հասարակական կարծիքն էլ մեղմ է, և որ սա ծերուկ հողագնդի համար նոր երևույթ չէ: Հիշենք... Չէ` ճիշտն անուններ չտալն է, քանզի անգամ մեր լավագույն արքաներից մեկի մասին զազիր հիշատակությունը, համոզմունք կա` եկեղեցու հերյուրածն է: Ի՞նչ իմանաս: Ուրեմն` ինչո՞ւ նոր մեղք ուսեմ:

Շարունակեմ, թե՞ բավական է: Հարցնում եմ, իսկ աչքիս առաջ մի տեսարան է, որի ականատեսը վերջերս եղա, և որը նոր կողմով ինձ բացեց մարդկային էության մութ ծալքերը:

Պատմություն վերջին: Բացօթյա պատշգամբում մարզվում էի, երբ աչքովս ընկավ շների ոհմակը: Կլինեին տասնի չափ: Էգը, չնայած ոտքի հաշմությանը, առաջ-առաջ գնում էր, իսկ տարատեսակ ցեղակիցներ ընկել էին ետքից: Բոլորն անտերուդուրս կենդանիներ էին, բացի մի շնիկից, որ լավ խնամած էր: Հարկերից մեկի բնակարանատիրոջն էր, կոնկրետ ումը` մինչ օրս չեմ ճշտել: Ես մեր պատշգամբից էի հետևում, դպրոցական պայուսակն ուսած մի աղջնակ` ներքևում, և դարձյալ մեկը` կաթ-մածուն ծախող գեղջկուհին: Ուրիշներն էլ էին տեսել, որը հետո իմացվեց:

Անմիջապես ետքից գնացողը հոտոտում էր, ջանում դունչը պոչատակին, որքան հնարավոր է, մերձ պահել: Մյուսները, հաշտված ոչ առաջինը լինելու մտքի հետ, համենայնդեպս` թվացյալ խաղաղ պահվածքով, մղվում էին առաջ, երբեմն փոխատեղություն կատարում, իսկ տանու շնիկը վերջապահն էր: Գեղջկուհուց փոքր ինչ հեռու մի գամփռ ևս կար, որ արևկող արած` անտարբեր ննջում էր: Մտածեցի` ծեր է, հալից ընկած, կամ պակասավոր, գուցե` էգ, այլապես այգաբացին ինչո՞ւ պիտի քներ:

Պտտվեցին ավտոտնակի շուրջը, մայրացուն ջուր լակեց ցայտաղբյուրի դեմի ջրափոսից, ոսկոր գտած մի քնձռոտ իրենից առաջ թողեց շնիկին, ապա խումբը հավասարվեց գամփռին: Հո՞տ ընկավ քիթը, թե ինչ, սա հանկարծորեն ելավ, թափ տվեց իրեն ու, մի կողմ հրելով պոչից պոկ չեկողին, ցատկեց դելի վրա: Այդպես մարդկանց աշխարհում վճռական, պահը չկորցնող կորովի այրերն են իրենց բաժինը տիրաբար վերցնում, այլոց չարչարանաց պտուղը վայելում և` իրավացիորեն:

Քոնթի էգը կանգ առավ, թեթևակի պպզեց, իսկ շալակն ելածը ջանադիր գործի անցավ: Մյուսները, ասես ոչինչ չի պատահել, որը` նստեց, որը հողդողդ հեռացավ: Պարտվածը հասավ ոսկոր կրծող շանը, խլեց ոլորքը` կարծես իր համար դույզն ինչ նշանակություն չուներ` հոտոտելիքը ծուծք է, թե՞ շեք: Միայն շնիկը ցասումով վրա պրծավ, խածնեց գամփռի ոտքը, հավանաբար` ոչ ցավ պատճառելու չափ ուժգին, որովհետև վերջինս իր բանին էր: Վերևից տիրուհին ահաբեկ` Դունկա, Դունկա կանչեց, ես երկրորդ հարկից կարտոֆիլով ռմբահարել սկսեցի զուգավորվողներին, կողքի շենքից մեկը, որ փոքրիկ պարտեզ ուներ և ծառաբների թասակներն էր լայնացնում, բահը ձեռքին առաջացավ, գեղջկուհին քար շպրտեց: Նրանք ևս, պիտի կարծել, նույն հոգեվիճակում լինելով, չէին կամենում աղջնակն անհաճո տեսարանի ականատես դառնա:

Վերջապես գամփռն իջավ էգի վրայից, շրջվեց հակառակ ուղղությամբ ու, ի զարմանս ինձ, գուցե նաև` մյուսների, մնաց կպած. առաջին անգամ էի շների կցվտուք տեսնում: Ապա նրանք քովեքով անցան ավտոտնակի թիկունքը, նրանց հետ` ոչ բոլոր ցեղակիցները: Տանու շնիկը խելահեղ` շրջան էր գծում, կամենալով բռնել իր ագին: Հեղաբեկված` մեծ սենյակ մտա: Յոգերի հորդորը` ցանկության ներուժը հատուկ վարժությունների միջոցով հոգևորի փոխարկելու մասին, այս անգամ ևս չհաստատվեց, որքան էլ ճգնում էի վերանալ իրականությունից: Անդորր ձեռք բերելուն օգնեց սառը ցնցուղը:

Քաղաքում մեծացած լինելով` անծանոթ էի կյանքի այդ երեսին: Երբ գյուղում ծնված-ապրածներից ոմանք զանազան անհավաստի բաներ էին պատմում ընտանի կենդանիների հետ հարաբերվելուց, քար էի կտրում` ինչպե՞ս են կարողանում նման քստմնելի բաներ մոգոնել. էլ խմբովի ավանակ բռնաբարել, էլ շուն, ոչխար, այծ, մինչևիսկ` հավ: Իսկ առողջարանում մի անամոթ զազրաբանում էր, թե իր համար առանձնակի հաճույք է թութակների կտղուցքին հետևելը և որ` շատը դրա համար թռչնասեր դարձավ:

Ահա այս ու պատմելու համար համարձակությունս չհերիքած այլ եղելություններ են ամենաանպատեհ ժամերի բախում կացարանս: Արթմնի պահերին մասամբ հաջողվում է դրանք քշել սրտի աննկատ անկյունները, գլորել հոգու վիհերը, իսկ մրափելիս դառնում եմ անզոր, ուժատ, կամքս` զրո: Թռուցիկ նկատեմ` երազներում հազարիցս հարուստ, արագընթաց կյանքով է ապրում մարդը, քան իրականում` գորշ, միօրինակ, շարունակաբար նույնը: Եթե նկատի առնենք, որ ամեն ներկա վայրկյան հետո անցյալ դառնալով` արդեն նույնքան աննյութեղեն է, որքան քնի մեջ կատարվածը, ուրեմն` երազ տեսնելու ունակությունը ի վերուստ, բնությունից տրված ընծա է, շնորհիվ որի վերջնահաշվում ապրում ենք շատ ավելի երկար, բուռն ու բեղուն: Դառնամ, սակայն, խոհերը, զգացումները կապանքելու անկարողության փաստին, փորձեմ եզրահանգում կատարել. մարդ դառնալու, մնալու սերունդների նկրտումների արդյունքը չնչին է, մեր շինվածքը` դյուրաբեկ: Կա՞ հաղթանակ, ավարտ կյանքը դժխեմող պայքարին, թե՞ տվայտանքի մեջ պիտի անցնեն բոլորի օրերը. և ցոփությանը տրվողը և ընդվզողը վերջում անխուսափելիորեն հաղթվելու են: Ճիշտն ավստրիացի հոգեխո՞ւյզն է իր տեսությամբ (նկատի ունեմ Զիգմունդ Ֆրեյդին), երբ հիմքերի հիմքում հաճույքն ու ուժն է դնում և բոլոր հոգիների գոց փեղկերը բացելիս նույն բանալին գործածում, գաղտնագրերն ընթերցելու մի տարբերակ ունի, թե՞ գերմանացին` Ֆրիդրիխ Նիցշեն, երբ քրիստոնեության վրա է մեղքը բարդում` նրա քարոզած բարոյականությունն անվանելով կեղծ, հիվանդագին, ըստ այնմ` հիմնովին մերժելի:

Տասնամյակներ շարունակ խորհել եմ հոգի խարշատող սույն հարցերի շուրջ` ելակետ ունենալով Դելփյան տաճարի փորագրությունը` nonce te ipsum10, ընդհանրացումներից խուսափելով` մեղքը համայնի վրա չտարածելու համար բերել հնդիկ գուրուների, պարսից մոգերի, եգիպտացի քրմերի, քրիստոնյա անապատականների, միանձնուհիների, տիբեթյան լամաների, ամերիկյան, աֆրիկյան շամանների, մերօրյա ճգնակյացների, քրիշնայականների, բազում այլոց օրինակը, սակայն նույնքան համոզչությամբ, գուցե թե ավելի` ժխտել:

Ներող եղեք` երկարաբանելու համար: Սա նամակ չէր և չդարձավ: Նախնական հղացումս` միայն փաստեր, դեպքեր շարագրելու, խախտեցի: Տվի հարցեր, որոնցից որոշների պատասխանը, մեղսակիրս եթե չունեմ էլ, գրադարակներիս տարալեզու գրքերում կա և երեք հազար տարուց ավելի Արևելքի ու Արևմուտքի իմաստասերների քննության առարկան է:

Դյուրընթեռնելի լինելու համար երկրորդ անգամ եմ արտագրելու, թեև վախ կա, կարդալու դեպքում մտքափոխվելով` պատռեմ:

Հարգանքներով և կանխավ շնորհակալությամբ`

Վասպուրակ Արիստակեսյան


    

01.07.2003

ք. Երևան


    

Ծանոթագրություններ

1. Լատ. - Մտածում եմ, ուրեմն` գոյություն ունեմ:

2. Ֆրիդրիխ Նիցշե, «Բարուց և չարից անդին, Չաստվածների մթնշաղ», Եր. 1992, էջ 198:

3. Լատ. - Անգրել տախտակ:

4. Մեջբերումը «Նոր կտակարանից» է` Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին, գլուխ Է, 25:

5. Նկատի ունի Գուստավ ֆլոբերի «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը» դրաման:

6. Լատ. - բառացի` Պլատոնը բարեկամս է, բայց ճշմարտությունն ավելի մեծ բարեկամս է:

7. Ֆրիդրիխ Նիցշե, «Բարուց և չարից անդին, Չաստվածների մթնշաղ», Եր. 1992, էջ 226:

8. Մեջբերումն «Աստվածաշնչից» է` Հոբի գիրքը, գլուխ ԼԱ, 1:

9. Լատ. - Բանական մարդ:

10. Լատ. - Ճանաչիր ինքդ քեզ:


    
    

Արամ Հովհաննիսյան, «Խոհագրություն» շարքից:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
11697 | 0 | 0
Facebook