Հեղինակներ կան, որոնց գրական քայլերին ընթերցողը հետևել է քայլ առ քայլ: Դեռ 2012 թվականից է ընթերցողը սկսել Գրիգի՝ «Պուճուր մարդու» ու «միշտ անհանգիստ աչքերով» ծերուկի հետ քայլել Երևանի փողոցներով, նրա հետ գուցե տխրել է, գուցե տագնապել և կամ սովորել Գրիգի մանուկ հերոսի պես նայել ամպերին: Չգիտեմ՝ նրանցից որ մեկն է ընթերցողի հետ էլ ավելի ընկերացել, որ մեկը՝ավելի տխրեցրել կամ փոխել մի քիչ ավելի, բայց ընթերցողները շատերը, վստահ եմ հարազատացել են Գրիգի հերոսների հետ, որոնցից ամեն մեկը մի «Հիսուսի կատու» է: Ուստի լավ ընթերցողը հարկ է, որ իմանա՝Անտարեսը և «Հայ գիրք» գրախանութը դեկտեմբերի մեկին հրավիրում են Գրիգի «Հիսուսի կատուն» գրքի շնորհանդեսին: Լավ առիթ անձնական գրադարանում ունենալու այս հրաշալի ժողովածուն, որ հավակնում է դառնալ ձեր սեղանի գիրքը: «Հիսուսի կատուն» փնտրում է ձեզ, իսկ դու՞ք: