Հուլիսի 20 -ին, Համազգային թատրոնում տեղի ունեցած «Ձմռան վերջին օրը» վեպի շնորհանդեսից հետո, հայ ամենասկանդալային երիտասարդ արձակագիր Էգդար Կոստանդյանը հանդիպեց գյումրեցի ընթերցասեր հասարակության հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Գյումրու Ջազ ակումբում: Բացման խոսքով ներկայացավ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, ով ներկայացրեց գրքի հեղինակին, որից հետո արձակագիրը պատասխանեց ներկաների հարցերին և պատմեց գրքի ստեղծման պատմությունը: «Երբ գնացել էի «Որբանոց» գիրքը երրորդ անգամ տպագրելու, հրատարակչությունում ծանոթացա մի կնոջ հետ ում ամուսինը զոհվել էր մարտի 1-ի դեպքերի ժամանակ: Նա ինձ 40 վայրկյանների ընթացքում պատմեց մի պատմություն, որով ես ոգեշնչվեցի և գրեցի: Գրելուց հետո առաջին անգամ կարդաց Կարոն (Կարո ասելով հեղինակը նկատի ուներ գյումրեցի դերասան Կարապետ Եղոյանին), ով ասում էր, որ վատ է, գրածիս մեջ շատ եմ խոսում մարտի 1 –ի դեպքերի մասին: Հետո կրճատեցի այդ թեմաները և ստացվեց այն, ինչ ստացվեց: Մարտի -1 ին զոհված տղայի ընտանիքի պատմություն՝ սիրո պատմության հետ զուգահեռլ»:
Գյումրեցիների ու արձակագրի հետ հանդիպումը անցավ ընկերական ու ջերմ մթնոլորտում, հումորով, հետաքրքիր հարց ու պատասխաններով: Հյուրերի շարքում էր նաև դերասանուհի Անի Պետրոսյանը: