Loading...

Articles

ՄԻԱՅՆԱԿ ԶԻՆՎՈՐ /պատմվածք/

12:10, Thursday, 21 May, 2015
ՄԻԱՅՆԱԿ ԶԻՆՎՈՐ /պատմվածք/
    
Վրույրը տնքալով բացեց դուռը: Կինը՝ Մանեն, տանը չէր: Ավելի լավ. բացատրություն տալու հավես չունի: Շորերն այս ու այն կողմ շպրտելով՝ հանվեց: Մարմինը սարսռում էր: Դողն սկսվեց առավոտյան: Նոր էր գործի գնացել: Երկու ժամի չափ նստեց, հետո տեսավ, չէ՝ դրությունը լրջանում է, վեր կացավ ու հայդե՝ տուն:
Ահա և անկողինը: Հո, տեղաշոր չէ՝ սառույց: Կծկվեց, գլուխը թաղեց վերմակի տակ՝ շնչել-արտաշնչել, շնչել-արտաշնչել, շնչել-արտաշնչել: Գնալով օդը խեղդող էր դառնում, շունչը քիչ էր մնում կտրվի: Հարկավոր է մի քիչ էլ դիմանալ: Հիմա կտաքանա: Կարծես քրտնում է: Լավ նշան չէ, թե քրտնեց, հիվանդ է, էն էլ՝ տեղը տեղին: Մյուս կողմից՝ ավելի լավ. քրտնելը կփրկի: Այ, եթե ջերմաչափ լիներ: Տո, կա, իր տանն ամեն բան կա, ջերմաչափն ի՞նչ է, որ չլինի: Մենակ թե ո՞վ գիտի, կինը որ պուճախն է խցկել:
Տեսնես ե՞րբ տուն կգա: Աշխատանքը վեցին է պրծնում, բայց էդքան չի մնա. այլապես մանկապարտեզից երեխաներին ո՞վ վերցնի: Ուզի-չուզի՝ մի ժամ շուտ պիտի դուրս գա: Նկատողություն կանե՞ն: Էհ, կարծես վախեցող կա: Էնքան են արե՜լ: Հո տրաքվելու՞ չէ: Մանկապարտեզը նույնպես վեցին է փակվում: Մի քանի անգամ էլ ինքն է վերցրել: Հինգն անց կեսին արդեն մարդ չի լինում: Մնացածին հավաքում են մի անկյունում, պահակին ասում՝ աչքդ վրաները պահիր, ու գնում են: Մեղադրելու չէ. նրանք էլ տուն-տեղ, ամուսին ունեն, ճաշ եփել է պետք, մարդավարի սեղան նստել: Չէ, իր կնոջ պես: Մի օր չեղավ տաք ճաշ ուտեն: Վեցին գալիս է, մինչ դես-դեն, դառնում է ութ-ինը: Իսկ բժիշկներն ասում են, իբր, երեկոյան ժամերին կերածը վնաս է: Ի՞նչ անի, չուտի՞, սովա՞ծ մնա:
Բժիշկների հերն էլ անիծած, չեն թողնում մարդ միտքն ավարտի: Ու՞ր հասավ: Հա՛, կինը հինգն անց կեսին երեխաներին կվերցնի, մոտ վեցին կլինի տանը: Որ եկավ, ի՞նչ: Մեկ է, իրար հետ չեն խոսում: Խռով են: Այսինքն՝ խռովը մենակ ինքն է՝ երեկվանից: Պատճա՞ռը: Շատ հասարակ բան: Հարյուր անգամ ասել, բացատրել է: Չի ըմբռնում ու՝ վերջ: Երեկ էլ՝ գործի բերումով ուշ տուն եկավ: Սոված-սոված էր: Մտավ, հանվեց, հագավ հողաթափերը, օրինավոր մարդու նման գնաց լվացվեց: Ասա՝ ինչու՞: Պարզ չէ՞, որ գա մարդավայել նստի, մի աման ճաշ ուտի: իսկ Մանեն էդքանը չհասկացավ: Տարավ-բերեց ու ի՞նչ ասի, որ լավ լինի: Բա թե՝ սովա՞ծ ես, ճաշը տաքացնե՞մ: Հո տրամադրությունը չընկա՜վ: Լավ էլ անոթի էր, բայց ասաց՝ չէ, կերել եմ: Կինն ավելի փչացրեց փչացրածը. իր պատասխանից հետո անմիջապես վրա բերեց՝ քո քեֆին ուտում-խմում, ման ես գալիս: Ու՜ր էր, թե կերած-խմած լիներ:
Ի՞նչ կատակ: Սովածի հետ կատակ են անու՞մ, կամ՝ այդպիսի կատակ կլինի՞: Հարյուր անգամ ասել-բացատրել է, որ ինքն զգայուն մարդ է, անգամ աննշան բաներից վիրավորվում է: Չի հասկանում, թե չհասկանալու ի՞նչ կա: Կնեղանա՞ր, եթե մտներ տուն, տեսներ սեղանը բացած, ճաշը՝ պատրաստ, կինը՝ պատրաստակամ: Ժպիտը, քաղցր խոսքն իրեն մնային: Թող ճաշը լցներ, դներ սեղանին: Անգամ կուշտ կերած տղամարդը նման վերաբերմունքի դեպքում չի հրաժարվի ստամոքսը վնասել: Եվ հետո՝ կուտեր, չէր ուտի՝ իր գործն է: Գդալ չէ՞ր տանի բերանը, թող ետ ածեր ամանը: Եղածը մի ափսե չէ՞ր, կես րոպեում կլվանար: Թե չէ... Հարգելիս, դու լցրու, դիր սեղանին, երբ չկերավ, նոր ասա՝ կերած-խմածդ հարամ: Քանի՜ անգամ է բացատրել: Մի բան էլ պարտական է մնում: Վրույր, երեխա, հո, չե՞ս: Հենց լավ էլ երեխա եմ, բա ի՞նչ եմ: Հենց ինքը՝ երեխա չէ՞: Մյուսները, բոլորը երեխա չե՞ն: Մարդը, որ մեծացավ, վե՞րջ մանկությանը: Հակառակ, բոլոր տարիքում էլ մարդիկ գուրգուրանքի, օգնության, ջերմ խոսքի կարիք են զգում, ավելի՝ քան մանուկը: Այ, դա է, որ կինը չի ըմբռնում: Թե չէ՝ տաքացնե՞մ: Ոնց որ քարով գլխին տան: Կարծես հենց այնպես, ձևի համար է հարցնում: Էլ ի՞նչ կարծես: Այդպես էլ կա, այլապես ինչու՞ կեսբերան հրաժարականից հետո մոռացավ իր ուտել կամենալ-չկամենալու մասին:
Առավոտն էլ, հո, ավելի վատ՝ ես ուշանում եմ, ձվերը կրակին են, տեր կլինես: Տաթև, Նանե, ես գնացի... Ինքը գնում է, փորձանքն ու հոգսը՝ մնում: Ձվերն այնտեղ են ճաք տալիս, ամանը՝ սևանում, Տաթևն ու Նանեն՝ մանկապարտեզից ուշանում, ինքը՝ գործից:
Հիմա էլ, որ հիվանդ պառկած է, կնոջ մեղքով է, միմիայն՝ նրա: Ո՞նց: Շատ պարզ: Մանեի էդ խոսքի վրա ինքը խռովեց ու, այլևս ոչինչ չասելով, մեկնվեց բազմոցին: Փորձեց հաղորդում նայել - չկարողացավ: Ձայնը մի տեսակ խռպոտ է, կենտրոնանալ չի լինում, կադրերն էլ, հո, մի գլուխ փախչում են, մանավանդ ֆուտբոլի ժամանակ: Արդեն հինգերորդ տարին է: Կնոջ պատճառով վարպետ չի կանչում: Գնելու օրվանից նույնն է ասում՝ ինչ առնում ես, փչանում է: Դե արի ու մի նեղսրտիր: Կարծես ինքն է մեղավոր: Ի՞նչ, դարձյա՞լ կատակ է անում: Կատա՜կ... Նա ամուսնու անճարակությունն է աչք խոթում:
Լավ, ընդունենք հումոր է: Առաջին օրն ասաց, վերջացավ, էլ ու՞ր է առիթ-անառիթ կրկնում: Իր տրամադրությունն ու էդ անլրջությունը: Հո, մեկ-երկու ռուբլու հաշի՞վ չէ: Ողջ կյանքդ հավաքես, ինչ է թե մի երկու անպետքություն գցես տունը, էն էլ չաշխատի: Կատա՜կ: Գուցե գործարանում նույնպե՞ս կատակում են: Իսկ որ մրսեց, ու՞մ մեղքով էր, իր, թե՞ կնոջ: Տեսա՞վ ամուսինը պառկած է, շորից-մորից, մի բան գցեր թիկունքին: Կամ ասեր՝ վեր կաց, գնա անկողնում պառկիր, կմրսես: Սիրով ասեր, սրտով ասեր, անհանգստանար: Թե չէ մի գլուխ՝ արդուկ, արդուկ: Օրը մի բան կգտնի: Ամուսինն իրեն է այնտեղ ուտում, դատարկ ստամոքսը՝ իրեն, միջանցիկ քամին իր հերթին, իսկ կինը՝ հեչ, բռնել է արդուկի պոչը: Շատ լավ էլ գիտեր, որ վտանգավոր է առանց հանվելու մի վերնաշապկով քնելը, բայց քնեց: Դիտմամբ: Դիտմամբ էլ հիվանդացավ: Թող հլա գա՞: Թող ջերմաչափը գտնե՞ն: Եթե տաքություն ունեցավ, վերջ: Ինչ կանի՞: Կբաժանվի: Էդ՝ մեկ: Հետո՞: Հետո կմեռնի: Հա՛, հա՛: Նորից դիտմամբ: Հենց այդպես: Այսինքն՝ դեռ ծանրութեթև կանի: Մեռնելը գուցե հետաձգի /չարժե նման հաճույք պարգևել կնոջը/, բայց ապահարզանը կա ու կա:
Դռան զանգը տվեցին: Հանկարծակիի եկած՝ Վրույրը կտրուկ դեն շպրտեց վերմակը: Խեղդվել մնացել էր: Վերնաշապիկը ջուր-ջուր էր, մազերը տամկել, կպել էին գլխին: Զանգը վերստին հնչեցրին՝ ընդհատ-ընդհատ, ապա՝ երկար: Մանեն է միշտ այդ կերպ զանգում: Լռություն: Մանեն բանալին խցկեց անցքը: Նորից զանգի ձայն: Սա արդեն երեխաներից մեկնումեկն է: Խաղ են անում: Դուռը բացվեց: Վրույրը մասամբ ամոթից, նաև հուզմունքից գլուխը խոթեց վերմակի տակ: Այժմ միայն քիթն ու աչքերն էին երևում: Մանեն /թե թվաց Վրույրին/ նկատեց անկողնում պառկած ամուսնուն:
Աչքերը փակ տեսնում էր, ինչ է կատարվում միջանցքում: Հարյուրավոր անգամներ կրկնվել է: Հիմա Մանեն կհանի երեխաների կոշիկները, կտանի լողասենյակ, որպեսզի հետո, երբ բոլորը քնած լինեն, լվանա: Անձրև օրերին՝ ցեխ, մնացած ժամանակ՝ փոշի: Ասում են՝ նոր թաղամաս է, հետո լավ կլինի: Իրեն ի՞նչ կա, ինքը կսպասի: Մանեն է մեղք: Ամեն օր չորս զույգ կոշի՞կ լվանալ կլինի: Այսինքն՝ նրան տեղն է: Թող մի լավանա՜մ: Կբաժանվեմ՝ անկասկած:
Առաջինը փոքրերը նկատեցին հորը:
-Մա, հայրիկը պառկած է: Քունդ տանու՞մ է, հայրիկ…
Աղմկում են, մեկմեկու բերանից խոսք խլում: Վրույրն ուզեց խտտել երեխաներին, կատակ անել, բայց մտածելով, որ կինը կնկատի, թույլբերան ասաց.
-Մանեին ասեք ջերմաչափը տա:
Ի՜նչ լավ ստացվեց, իսկը՝ հիվանդի ձայնով: Դերասան է ինքը, պատրաստի դերասան: Վրույր, չեղավ, չափն անցար։ Բայց ինչու՞, երբ իրականում ևս հիվանդ է: Ամենաիսկական հիվանդ: Մնում է փաստն արձանագրել: Ըհըն, կնոջ ոտնաձայնն է: Վերջապես բարեհաճեց:
-Վրու՞յր, ի՞նչ է եղել, -ու պարզեց ջերմաչափը:
Ամուսինը վերմակի տակից երկարեց ձեռքը:
-Վա՞տ ես զգում:
Հիմա ի՞նչ անի. կամ պիտի պատասխանի, կամ ցուցադրաբար շրջի գլուխը: Երկու տարբերակն էլ սրտով չէ: Որ չի խոսում և չի խոսելու, մեկընդմիշտ որոշված է, բայց իրագործող է պետք: Մինչդեռ կյանքն ու՜ր, ցանկությունն ու նպատակն ուր: Եվ հետո՝ զավեշտալի վիճակ է: Թե հիվանդ ես, Վրույր տղա, քեզ հիվանդի պես պահիր, խռովե՞լս որն է: Իսկ եթե կինդ էլ բռնի ու իսկականից քիթ-մռութ անի, ու դու էլ իրոք հիվանդ դուրս գա՞ս:
Դրությունը փրկեցին զավակները.
-Հա, մամ, հիվանդ է: Տե՛ս, տաքություն ունի: Հայրիկիս ծածկենք, չմրսի: Տաթ, թող, ես եմ ծածկելու, իմ հայրիկն է:
Շտապում են, խանգարում իրար, փորձում ելնել անկողնուն: Աղմուկ բարձրացնելու համար որքա՜ն քիչ բան է պետք փոքրերին:
-Անցեք մյուս սենյակ, շու՛տ: Հլա մի շորերդ փոխեք:
Երեխաները դիմադրում են: Մայրը ձեռքերից բռնած դուրս է տանում: Վրույրը հուզվել է, խղճում է իրեն, զավակներին: Ի՜նչ անգութ մայր ունեն Տաթևն ու Նանեն, որքա՜ն անհոգի կին ունի ինքը: Չէ, փոխում է որոշումը՝ կմեռնի: Միակ ճշմարիտ ելքն է:
Նա իրեն պատկերացրեց մահացած: Բարեկամները հավաքվել են դագաղի շուրջը: Մանեն ևս նրանց մեջ է: Շատերն են լալիս, առանձնապես՝ մեծ քույրը: Ահա նրա դեմքը, աչքերը՝ վշտահար, կարմրած: Պատկերները հաջորդում էին մեկմեկու, ինչպես կինոնկարում: Ետ էր տալիս երևակայական ժապավենն ու զգայացունց պահերը վերապրում: Փորձեց որոշել, թե ովքեր կգան: Չէ, ահագին մարդ կհավաքվի: Պատահական անցորդները չեն ասի՝ անտեր մեռել է: Ու հանկարծ երեխաներին տեսավ: Նստած են հուղարկավորողները: Ներս են մտնում Տաթևն ու Նանեն, մոտենում դագաղին: Իրական լինելու չափ ինչ-որ մեկի փղձկոցը լսեց: Նրան ձայնակցեցին մյուսները: Լալիս էին բոլորը՝ հարազատները, ընկերները, հարևանները: Լալիս էին որբ մնացած զավակների համար, իրենց կորստի, մենակության, չգիտակցված մեղքերի համար, լալիս էին առանց պատճառի:
Վրույրի աչքերից արցունքներ թափվեցին: Չէ, հիմարի մեկն է ինքը: Մեծ մարդ է, երկու զավակի հայր, պառկել ինչ է տալիս-առնում: Կինը՝ Մանեն է մեղավոր, ուրիշ ոչ ոք: Հիմա ևս, տես, ամուսինը հեկեկում է, իսկ նա գիտի՞ որ:
Միջանցքից հողաթափերի քստքստոց եկավ: Նա հապճեպորեն վերմակի ծայրով սրբեց արտասուքները. Թող չտեսնեն: Կինն էր: Քիչ առաջ Վրույրն ամեն բան կտար, որ նա ննջարան չմտնի, չտեսնի լալիս: Բայց երբ Մանե անցավ խոհանոց, վիրավորվեց: Այդպես էլ կա. ամենևին պետքը չէ: Տասը րոպե կլինի ջերմաչափը թևի տակ դրած է, չի մոտենում, հարցնում՝ տաքություն ունի՞, չունի՞: Շուն, գել, ամուսինն է:
Հանեց ջերմաչափը: Եվ ուզում էր ջերմություն ունենա և չէր ուզում: Օհո, երեսունինն աստիճան: Սա, հո, լուրջ բան է: Դեռ երկու գիծ էլ այն կողմ է՝ երեսունին ու երկու: Կա, չկա՝ անգինա է, թարախային: Նախկինում էլ է եղել: Գիտեր, է, գիտեր: Չէ՞ երեկվանից է կոկորդը քերվում:
Նա տնքալու բնական պահանջ զգաց: Հարկավոր է շուտափույթ եղբորը՝ Լևոնին կանչել: Իրենց շտապ օգնությունն է: Նաև՝ քրոջը: Լավ է, բժիշկն ու բուժքույրը տնից են: Թող գան, տեր կանգնեն իրենց անտեր հարազատին: Գոնե տանը հեռախոս լիներ: Չէ, ուզի, չուզի՝ կնոջ հետ խոսելու է: Ուրիշ ո՞վ կգնա ավտոմատից զանգ տալու: Հո չի՞ հագնվի, գնա զանգի, թե՝ ախպերս, հալ-հեքիաթ՝ հիվանդացել, ջերմում եմ, հասիր: Չի՞ ասի՝ ի՞նչ հիվանդ ես, որ քո ոտքով ելել ես դուրս:
-Տաթևիկ…
Խոհանոցում աղմուկը դադարեց: Հավանաբար ընթրում են: Տեսնես ի՞նչ են ուտում՝ երշի՞կ, թթվասե՞ր: Ուտելու ցանկություն չուներ:
Դուռը բացվեց. աղջիկն էր:
-Տաթևիկ, մորդ ասա, թող զանգի Լևոն հոպարին:
Դուստրը դռներին խփվելով վազեց: Մոտենում էր վճռական պահը: Կամ դես, կամ՝ դեն: Մանեն մտավ սենյակ և, մոտենալով մահճակալին, աթոռի վրայից անխոս վերցրեց ջերմաչափը: Սնդիկի սյունն աղոտացող օրվա մեջ լավ չէր երևում: Նա ջերմաչափը դեսուսեն թեքեց, ապա, չհավատալով աչքերին, վառեց լույսը: Վրույրը գողունի հետևում էր կնոջ շարժումներին, հետն էլ տնքում ծանր հիվանդի պես: Մանեն չէր երևում, թե վշտացած է: Երեսունինն ու երկուսը նրա համար, իհարկե, ջերմություն չէ: Նա կցանկանար, որ միանգամից քառասուներկու աստիճան լիներ: Հա, հա՛. նա իր մահն է կամենում:
Մանեն մի քանի անգամ թափահարեց ջերմաչափը, համոզվելու համար, որ իջել է, ուշադիր նայեց սնդիկի սյանը, վերստին պարզեց ամուսնուն: Վրույրը հարցական նայեց կնոջը: Մանեն ձեռքը հպեց ճակատին: Մի հատիկ շփումը բավական էր, որպեսզի մոռանար հիվանդությունը: Ներսից բարձրացող տաք հոսանքը պատրաստ էր արցունքի տեսքով լույս աշխարհ գալ, սակայն կինն անզգույշ խոսքով խառնեց խաղաթղթերը:
-Տեսքդ հիվանդի չէ: Ջերմաչափը, երևի, լավ թափ չես տվել:
Վրույրը դարձյալ իրեն որբ, անօգնական զգաց: Միշտ, միշտ այդպես է եղել կինը: Նրան պակասել է պահը, ակնթարթն զգալու կարողությունը: Տասը տարի միասին են, բայց չի հիշում դեպք, որ ամբողջությամբ հասկանա իրեն: Ինքը տղամարդ հալով պատրաստ է եղել լիովին տրվել նրան, ընտանիքին, փորձել է մոռանալ արժանապատվությունը, զիջումներ է արել, սակայն ի՞նչ օգուտ: Ամեն անգամ կինը խոսքով, արարքով հաստատել է, որ այր ու կին բնավ մի մարմին չեն:
Դժվար կողակից իրեն բաժի ընկավ, ինչ ուզում ես՝ ասա: Դրսից թվում է, ամեն բան լավ է՝ և տունն է մաքուր, և տաբատն է արդուկած, և հյուրեր ընդունել ու ճանապարհել գիտի, և հավատարիմ է: Բայց դա քիչ է, քի՛չ: Վրույրն ավելին է ուզում: Նա անմնացորդ սեր է ցանկանում: Նրան անթերի, իդեալական կին է պետք: Վրույրն ուզում է, որ լծակիցը բոլոր նյարդերով, զգայարաններով ընկալի իրեն, չունենա այլ զգացմունքներ, հետաքրքրություններ: Վրույրն այդպես է հասկանում սերը, ու ինքն էլ պատրաստ է նման կերպ սիրել: Նա համոզված է, որ դա եսասիրություն չէ, այլ՝ ամենամեծ մարդասիրությունը: Այդպես վարվողը պատրաստ է սիրել բոլորին ու բարի լինել բոլորի նկատմամբ: Բայց, ինչպես երևում է, անհնար բան է ցանկացածը, անիրագործելի: Տասնամյա ամուսնական կյանքը դա է վկայում: Որքա՜ն են վիճել, կռվել, դատարկ բանի պատճառով նեղացել իրարից, թունավորել մեկմեկու կյանք: Եվ սիրել են միմյանց: Վրույրը հավատացած է, որ Մանեն էլ իրեն է սիրում, թերևս, ավելի ուժգին: Բնավորությունների անհամապատասխանություն, անհամատեղելիություն, -կորակեին հոգեբանները: Ո՜վ գիտի:
Հիմա էլ... Փոխանակ գուրգուրի ամուսնուն, ժպտա, հուսադրող խոսք ասի, տարավ-բերեց ու՝ տեսքդ հիվանդի չէ: Ի՞նչ, մահվան դալկություն պիտի լինե՞ր, որ հավատար: Դուրս է գալիս, ինքը խաբեբա է, օրը ցերեկով վեր է ընկել՝ զուր տեղը, հաճույքի համար: Ուրեմն՝ ջերմաչափը նույնպե՞ս խաբում է: Միայն ինքն ճիշտ: Լավ է, խոսք չունի: Դե եկ ու նման կնոջը սիրիր, եկ ու մի նեղացիր: Բաժանվելու է, էլ բավական է: Սեր: Ի՞նչ սեր: Սիրող կինն այդպե՞ս կվարվի: Մի անհանգստացիր, դես-դեն ընկիր, հարցրու՝ Վրույր, սիրտդ ուտել ուզու՞մ է: Բա ուրիշների կանայք այդպե՞ս են: Մի հոնի մուրաբա, մեղր հանիր, կաթ եռացրու: Թե չե՝ երևում է, ջերմաչափը լավ թափ չես տվել: Այլոց կանայք առիթ են փնտրում, որպեսզի իրենց ամուսիններին գգվեն, պահեն, փայփայեն, իսկ սա... Որ դիտողություն անի, դարձյալ մեղավոր դուրս կգա: Միշտ պատրաստի պատասխան ունի՝ Վրույր, ախր, դու քաղցր չես սիրում: Որ չեմ սիրում, ի՞նչ, ուրեմն՝ չպիտի՞ դնես: Թող չուտեմ, թող մնա, փչանա: Կարևորը ոչ թե կաթն ու մեղրն են, այլ վերաբերմունքը: Դա էլ իրեն կլավացնի, հազար անգամ լավ, քան դեղը:
Դռան զանգը հնչեց: Երեխաները վազեցին բացելու: Կինն էր.
-Լյովան քիչ հետո կգա: Զանգեցի:
Կգա, իհարկե, կգա: Իր եղբայրն է, նույն արյունն ունեն: Չէ, քեզ պես՝ տեսքդ հիվանդի չէ: Հիմա կճշտենք, հիվա՞նդ եմ, թե չէ: Հիմա մեկ անգամ ևս կհամոզվես, որ դու ընդհանրապես սխալ ես:
Վրույրը ձեռքը թևի տակ տարավ: Ջերմաչափը կողք էր սահել: Գտավ: Ահա: Ի՞նչ: Երեսունվեց ու վեց: Չի կարող պատահել: Հենց նոր, տասը րոպե առաջ երեսունին ու երկու էր: Իջա՞վ, այդքան շու՞տ: Ախ, հա՜, թևի տակ չէր: Ինքն էլ զարմացավ, քիչ մնաց տեղի տա:
Չափիչը վերստին անութի տակ դրեց, պինդ-պինդ սեղմած սկսեց սպասել: Մի պահ թվաց, դարձյալ փախել է: Շոշափեց: Չէ, տեղում էր: Համբերությունն սպառվեց: Որոշեց հենց այնպես նայել: Ոչինչ հետո նորից կդնի, միայն տեսնի՝ գիծը առաջ շարժվե՞լ է: Սնդիկի սյունը նույնն էր ցույց տալիս՝ երեսունվեց ու վեց և չէր երևում, թե բարձրանալու մտադրություն ունի:
Նա ջերմաչափն արդեն անվստահ դարձյալ թևքի տակ դրեց: Եղբայրը, հավանաբար, կես ժամից կհասնի: Վերջին անգամ տեսել է ֆուտբոլի օրը: Միասին են դաշտ գնում: Այդ հաճույքից իրենց չեն զրկի, թեկուզև կանայք տրաքվեն: Երբեք: Բայց զարմանալի էակներ են կանայք, ճիշտ են ասում՝ բոլորը մի սանրի կտավ: Ասա ֆուտբոլն ի՞նչ է, դրա համար նախանձում են: Մեղադրելու չէ, կինն ու՜ր, ֆուտբոլն ուր: Ինչու՞ միայն կանայք: Քի՞չ տղամարդիկ կան, որ ամենևին դաշտ չեն գնում, անգամ հեռուստացույցով չեն հետևում: Իբր, արածները լավ բան է, արհամարհում են խաղով հետաքրքրվողներին: Ի՞նչ մեղադրես: Դա ևս քաղքենիության մի տեսակ է: Զարմանալ կարելի է. չեն ըմբռնում, որ ֆուտբոլը միայն խաղ չէ, այլ շատ ավելի կարևոր երևույթ: Ֆուտբոլը... Արվեստը, արվեստն անգամ չի կարող անել այն, ինչ սպորտը: Տասը տաղանդավոր նկարիչ ու երգահան ի վիճակի չեն այնպիսի ճանաչում բերել ազգին, որքան ֆուտբոլի մեկ առաջնակարգ թիմը: Հա, հա՛, ժամանակները փոխվել են: Մի եկեք, տեսեք, թե դաշտում ինչպես են գնդակի համար զինվորի պես մարտնչում մարզիկները, որպեսզի դուք ևս ձեզ մարտիկ զգաք:
Ոգևորությունը Վրույրին ավելի հեռուները տարավ: Սկսեց քննադատել նաև մարզադաշտ գնացողներից նրանց, ովքեր սիրած թիմի պարտության պահին առաջինն են հուսալքվում, սսկվում, կուչ գալիս՝ հաշտվելով ճակատագրի հետ: Վրույրը համոզված էր, որ դա դավաճանություն է, թիկունք անել, որ նման հոգեբանություն ունեցող մարզասերը հարկավոր պահին լավ զինվոր չի լինի նաև մարտադաշտում: Իսկ այդպիսիք շատ են: Ու նորից մեղավորը կանայք են: Մեռցնում են տղամարդու մեջ ամեն այրական հատկանիշ, բնավորություն: Եվ տղամարդիկ դառնում են մեծամիտ, պարծենկոտ: Միմյանց առաջ աքլորանում են, հազար ու մի սուտ-փուտ պատմություններ մոգոնում՝ ապացուցելու իրենց այր լինելը: Եթե դրանց հավատաս, աշխարհի բոլոր կանայք դավաճանում են իրենց ամուսիններին, իսկ բոլոր նորապսակներն ամուսնական առագաստ են մտնում կուսությունն այլ անկողիններում կորցրած: Իրենք էլ, հո, անառակի ծնունդ են: Հորինում են, ինսունինն ու ինը տոկոսով ստում՝ մոռանալով, որ այդ նույն կանայք իրենց մայրերն են, քույրերը, դուստրերն ու լծակիցները: Այդ առումով, ինչ ճիշտ է՝ ճիշտ, կանայք հարյուրապատիկ գերադասելի են տղամարդկանցից. թե ավելի հավատարիմ են ու թե սակավ են բամբասում:
Վրույրն զգալով, որ շատ է անկեղծանում, և ոգևորությունը կարող է հեռուն տանել, որոշեց դադար տալ: Հարկավոր է ուշքը ջերմաչափի վրա պահել: Մեկ էլ տեսար, դարձյալ ներքև սահեց: Եվ հետո՝ ո՞վ է հասկանում կանանց: Մտաբերեց հանրահայտ խոսքը՝ առանց կնոջ կյանք չկա, կնոջ հետ էլ կյանք չկա: Դրանում Վրույրը վաղուց է համոզվել: Քանի՜ անգամ է վճռել բաժանվել: Թվացել է՝ վերջ: Եղել են պահեր՝ ատել է կնոջը, նրա մահը կամեցել: Պատահել է, թողել և տնից հեռացել է՝ այլևս չվերադառնալու որոշում կայացրած: Թափառել է քաղաքում, մտել կինո, սրճարան, այցել բարեկամներին, սակայն ժամ առ ժամ կարոտը սաստկացել է: Դուրս է եկել փողոց, մենակ, հալածված գայլի պես կանգնել՝ չիմանալով անելիքը: Ու ամեն անգամ կարոտը վերստին տուն է քշել: Հաշտվել են, խաղաղվել, որպեսզի մի օր, մի շաբաթ, ամիս անց նույնը կրկնեն: Որքան Մանեն հեռու է գտնվել, այնքան ցանկալի է եղել, հրապուրիչ: Ձգել է, կանչել: Հեռու հեռվում՝ Վրույրին ներկայացել է լուսավոր, տեսիլքի պես՝ աննյութեղեն, բացարձակ անթերի: Սակայն բավական է հանդիպեին, մեկ-երկու խոսք փոխանակեին, որպեսզի կրկին դառնա առօրեական, երկրային: Այդ զգացողությունը Վրույրն առանձնապես ունեցել է այն տարիներին, երբ Մանեն ուսանողուհի էր, իսկ ինքը համասարանն ավարտելուց հետո մեկնեց շրջան:
Շատերը չգնացին՝ առանց հիմնավոր պատճառի: Պարզապես գրավում էր քաղաքը՝ առանձնապես գյուղից եկածներին. երկյուղում էին դեմ-դիմաց կանգնել իրենց կենսագրությանը: Ոմանց համար հինգ տարին բավական էր եղել անցյալը մոռանալու, ուղեղի ամենավերջին գալարում թաքցնելու համար: Քաղաքի տղա երևալու, մայրաքաղաքում ծնված-մեծացածների աչքին ընկած-ելած ներկայանալու նպատակով նրանցից ոմանք հրաժարվել էին անգամ անունից, ծննդավայրից, բարբառից, հիշողություններից և մնացել առանց արմատների՝ դափ-դատարկ: Չուզենալով հանդերձ, քրքջացել էին անիմաստ պատմություններ լսելիս, չսիրած աղջիկների հետ պարել, ժամադրվել ու համբուրվել, որպեսզի ժամանակակից ներկայանան:
-Ի՞նչ ես գտել գյուղում, -տարակուսում էին: -Ձանձրույթից կմեռնես:
Իսկ Վրույրը չլսեց ու չորս տարի լավից-վատից աշխատեց: Դիմացավ, չմեռավ: Սիրով դարձյալ նույնքան կմնար /այնտեղ գոնե իր կարիքն զգացողներ կային/, սակայն Մանեի հուսակտուր նամակները, լռելյայն հայացքը, արցունքներն իրենցն արին:
-Վրույր, չես լսու՞մ: Ջերմաչափը տուր:
Նոր տեսավ գլխավերևում կանգնած կնոջը: Մաների աչքերում ժպիտ կար: Չլինի՞ համոզված է, որ հիվանդ չեմ: Արդեն ինքն էլ էր կասկածում: Կարծես, իրոք, չէր թափահարել: Հապա առավոտվա դո՞ղը, քիչ առաջվա քրտի՞նքը: Մի՞թե ողջը ներշնչանքի արդյունք է: Գուցե ճի՞շտ է կինը, գուցե այնքան էլ վատ չէ նա, պարզապես ի՞նքն է բկլիկ, մանրախնդիր:
Սնդիկի սյունը երեսունվեց ու յոթից չէր անցել: Վրույրը շփոթված նայեց կնոջը: Մանեն փռթկաց: Վրույրի շուրթերը ևս ետ-ետ գնացին:
-Տուր, տուր տեսնեմ: Ասի, չէ՞, հիվանդ չես: Տաթևիկ, Նանե, եկեք, հայրիկը լավացել է:
Խաղով տարված՝ զավակները չլսեցին մոր կանչը: Մանեն ձեռքը երկարեց, որպեսզի վերցնի ջերմաչափը: Վրույրն այն մի կողմ դնելով՝ բռնեց կնոջ դաստակից: Մանեի աչքերում ծնոթ ցոլքեր հայտնվեցին: Նա կտրուկ դեպի իրեն ձգեց կնոջը:
-Վրույր, պետք չէ, հիմա երեխաները կգան:
Նա համբուրում էր կնոջ տաք, խոնավ շրթունքները: Համբուրում էր կրքով, սիրով, ինչպես տարիներ առաջ, երբ դեռ ուսանող էին: Համբուրում էր ու հիշում. անձրևը հեղեղի պես թափվում էր: Զբոսայգում ոչ ոք չկար: Պատսպարվել էին հովանոցի տակ: Անզգույշ շարժումից անձրևանոցը մի կողմ թռավ, սակայն շարունակեցին համբուրվել: Ոչինչ չի փոխվել. նույն շուրթերն են, նույն ցանկությունը, նույն դողը: Վրույրն այդ պահը բազմիցս էր ապրել: Շատ անգամ էր այդպես կորցրել կնոջն ու վերստին գտել իր գրկում:
Զանգը հնչեց: Բժիշկ եղբայրն էր՝ Լևոնը: Եկել էր բուժելու հիվանդ Վրույրին:

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7350 | 1 | 0
Facebook