ՀՀ մշակույթի նախարարության և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ, մայիսի 17- ին, Ժամը 19: 00 -ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկայանա Վանաձորի «Հորեվել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը` Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների մասնակցությամբ:
Դեռեւս գյուղաքաղաք Ղարաքիլիսայում գործող դուդուկահարների ոչ մեծ խմբերի հիման վրա ձեւավորված «Հորովել» համույթը կազմավորվել է 1958 թվականին` Ղուկաս Ղուկասյանի անվան թիվ 1 մշակույթի տան վոկալ-պարային համույթի բազայի վրա: Համույթում աշխատել են՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Վանուշ Խանամիրյանը, Վիլեն Գալստյանը, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վաղարշակ Կոտոյանը, Ազատ Ղարիբյանը, բեմադրություններ է արել ՀՀ վաստակավոր արտիստ Արտյուշա Կարապետյանը: 1972թ-ին հաշվի առնելով անսամբլի բարձր կատարողականությունը եւ արտիստների վարպետությունը, նրան շնորհվել է պետականի կոչում եւ վերանվանվել՝ «Հորովել» երգի-պարի պետական անսամբլ:
2013 թվականին «Հորովել» երգի-պարի անսամբլի տնօրեն և գեղ. ղեկավար է նշանակվել Արմեն Ներսիսյանը, որը երկար տարիներ անսամբլում աշխատել է որպես մեներգիչ: Երաժշտական մասի ղեկավարը Էլմիրա Կռոյանն է, գլխավոր բալետամայստերը` Արայիկ Գեվորգյանը:
Մայիսի –17-ին կայանալիք թատերականացված համերգ –ներկայացման բեմադրիչներն են Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը: Համերգ-ներկայացումը վանաձորյան պրեմիերայից հետո կցուցադրվի Ստեփանակերտում, իսկ սեպտեմբեր ամսին` Գյումրիում: Սկսած ապրիլի 11–ից, վեց շաբաթ շարունակ, «Արմ նյուզ», «ֆորտունա», «Ցայգ» հեռուստաընկերությունների եթերում կցուցադրվի համերգի նախապատրաստական ընթացքի մասին պատմող ֆիլմեր, որոնք կունենան «Հորովելյան շաբաթ» վերնագիրը -, մեզ հետ զրույցում ասաց համերգի գործադիր պրոդյուսեր Արամ Կարապետյանը: