Loading...

Articles

Հայաստանը փոքրիկ երկիր չէ, այլ մեծ ու հզոր ժողովուրդ է

23:31, Saturday, 09 August, 2014
Հայաստանը փոքրիկ երկիր չէ, այլ մեծ ու հզոր ժողովուրդ է
    
    
    
    
    

Իտալացի քանդակագործ և պոետ Մասսիմո Լիպպին արդեն երրորդ անգամն է լինում Հայաստանում և բառիս բուն իմաստով գերված է Հայաստան աշխարհով և հայ ժողովրդով: Պրն Լիպպին ասում էր, որ մանկությունից իրեն ինչ-որ բան էր պակասում, ու ինքը չէր հասկանում, թե ինչը… երբ ոտքը դրեց Հայաստանի հողին, հասկացավ, իրականում ինչն էր իրեն պակասում:

-Արդեն երկրորդ անգամն է, ինչ մասնակցում եք Շուշիում անցկացվող «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային սիմպոզիումին: Ինչու՞, ո՞րն է այս սիմպոզիումի խորհուրդը Ձեզ համար:

-Սիմպոզիումը նվիրված էր խաղաղությանը և արվեստագետին առաջարկել մասնակցել խաղաղությանը նվիրված սիմպոզիումին արդեն իսկ շատ հետաքրքիր է, քանի որ արվեստագետը հենց խաղաղության մարտիկն է: Աշխատում էինք քարի վրա, իսկ քարն իր մեջ ունի պատասխանը` խաղաղության: Այն, որ ես հեռու եմ իմ հայրենիքից և գտնվում եմ ձեր հայրենիքում, խաղաղության ապացույց է: Ունենալ պատկերացում, երևակայություն և զգացմունքներ և այդ ամենը ուղղել դեպի խաղաղություն արտահայտող քանդակ ստեղծելուն, խնդիրը դա է. նաև հարց է առաջանում, ի՞նչ է նշանակում խաղաղություն… (Հենց նոր անցավ մի կին իր փոքրիկ երեխայի հետ և Մասսիմո Լիպպին մատնացույց անելով ասաց) . «Ահա սա է խախաղությունը, որ Երևանի գեղեցիկ այգիներով մայրը հանգիստ կարող է քայլել իր փոքրիկ դստեր հետ»: Այս սիմպոզիումի ժամանակ մի քանդակ արեցի, որտեղ հակառակ կողմից էի ներկայացնում խաղաղության գինը. ստեղծեցի հրեշի մի կերպար, որը ցավոք գոյություն ունի, բայց մարդիկ համառորեն չեն ուզում տեսնել. բայց չտեսնելը, դեռ չի նշանակում, որ այն գոյություն չունի: Պետք է հաղթել այդ չարին` ստեղծելով ներդաշնակություն, տեսնելով գեղեցիկը և բարին…

-Ինչքանո՞վ եք ծանոթ հայկական մշակույթին, ճարտարապետությանը և ընդհանրապես հայի տեսակին:

-Մանկությունից հիշողությանս մեջ միշտ պատկերացնում էի այլ մի ժողովուրդ, ուրիշ հոգեբանություն, ուրիշ իրականություն, որը ինձ շատ հարազատ էր. միշտ մտածել եմ այդ մասին: Շատ էի ուզում շփվել մի միջավայրում, որտեղ ինձ լավ կզգայի, փորձում էի գտնել այնպիսի մարդիկ` երիտասարդ, թե տարեկից ովքեր ինձ կհասկանային: Եվ շնորհիվ Վիգեն Ավետիսի ես բացահայտեցի հայ ազգը և հայ մշակույթը. ու հանկարծ հասկացա, որ այն ինչ մանկությունից ինձ պակասում էր, ու ես դրա մասին երազում էի, դա Հայաստան աշխարհն էր: Այստեղ ինձ հասկացան, ընկալեցին ու սիրեցին:

-Ի՞նչ հայտնաբերեցիք Հայաստանում, որ ուրիշ ոչ մի տեղ այն չկա:

-Համարձակություն, և ինքնազոհաբերություն ճշմարտության համար, ուրիշ ոչ մի երկրում ես նման բանի չեմ հանդիպել: Հայը այն հին ժողովուրդն է, որ աշխարհին ուզում է հիշեցնել ընտանիքի մեծությունը, և զգացմունքների ու արվեստի գեղեցկությունը: Հայերի քրիստոնեական հավատքը տարբերվում է. այն զվարթ է ինչպես ձեր խաչերը, որ ծաղկած խաչեր են: Այդպիսին է հայ ժողովուրդը:

-Ո՞րն է Ձեր գլխավոր ասելիքն արվեստում: Այն կապ ունի՞Ձեր ապրած ժամանակաշրջանի իրադարձությունների հետ:

-Այն, ինչ ստեղծում եմ, չգիտեմ արվեստի գործեր են, թե ոչ, բայց աշխատում եմ անել այն, ինչ պետք կգա վաղվա օրվա համար: Եվ Հայաստանն է, որ ինձ օգնում է, դուրս գալ իմ բնից, թռչել, ազատություն զգալ և հասկանալ, որ երկինքը շատ ավելի կապույտ է: Արվեստը թռիչք է, պատկերացում է…նման է Հիսուսի հարությանը: Ուրիշ որտե՞ղ կգտնեի այս ամենի պատասխանը, եթե ոչ Հայաստանում:

էներգետիկ ուժը զգացե՞լ եք:

-Այո, երբ տեսա հայ քրիստոնեական ճարտարապետությունը, համոզվեցի… առաջին հերթին հայերի դեմքերին նայելով եմ համոզվում, որովհետև ապրելու ցանկությունն եմ տեսնում այդ ամենի մեջ. հավատք դեպի Աստված, իր երկիրը, իր հողը: Պոետի համար դա ամեն ինչ է: Ձեր պոետներն ինձ ուսուցանում են, լինել համարձակ, գնալ դեպի անվերջ սեր, պայքարել գեղեցկության և արդարության համար. մնացած ամեն ինչ էական չէ. մահը, չարչարանքը երկրորդական են դառնում: Հայ պոետները ինձ սովորեցրեցին, որ պետք է ապրել և մահանալ բարձր իդեալների համար, և մնալ ճշմարտության մեջ, չերկմտել: Այդ իսկ պատճառով դուք կարողացել եք պահպանել ձեր ինքնությունը, չվաճառվել և պինդ մնալ: Հայաստանը դա փոքրիկ երկիր չէ, այլ մեծ ու հզոր ազգ է, որ կարող է սովորեցնել ամբողջ աշխարհին և օրինակ լինել բոլորի համար:

-Համամի՞տ եք, որ արվեստի գերխնդիրը` մարդու մեջ մարդ արթնացնելն է, թե՞ այլ կարծիքի եք:

-Եվ այո, և ոչ, իմ կարծիքով արվեստը պետք է մարդու մեջ զարգացնի հավատը դեպի Աստված: Երբ ճշմարիտ արվեստ է, փայլում է ինչպես աստվածային ճշմարտությունը: Իհարկե, արվեստը սոցիալական հարցեր ու խնդիրներ չի լուծում, այլ ուրիշ հաղորդագրություն ունի, օգնել մարդուն բարձրացնել հոգևոր արժեքները: Արվեստը չի կարող լուծել սոցիալական անարդարությունները, այն լուսավորելու և արժեքները պահպանելու համար է, որպեսզի աշխարհը լինի ավելի սիրելի: Հիմա նայում եմ քեզ, ու տեսնելով քո ժպիտը. հասկանում եմ, որ նման դժվար ճանապարհ անցած ազգը, միևնույն է կարող է մի ժպիտով հույս ներշնչել: Օրինակ, նայենք երեխաներին, նրանց շատ խաղալիքներ, քաղցրավենիք և այլ նյութական բաներ պետք չեն, նրանց մի բան է պետք` իրենց ծնողների սերը: Սա են ուզում երեխաները:

-Իսկ մեծերը՞:

-Նույնը: Եվ փոքրերին, և մեծերին սեր է պետք. կարող ես նյութական շատ բարիքներ հավաքել շուրջդ, բայց երջանիկ չլինել: Սեր պետք է փնտրել, այլ ոչ թե նյութ, որովհետև խաղաղ մարդը ասում է այն, ինչ մտածում է: Ճշմարիտ ապրել և ճշմարիտ խոսել, դա է երջանկությունը: Ժամանակակից կյանքը ամեն ինչ անում է մարդուն հեռացնելու ճշմարտությունից, փոխում է որակներն ու արժեքները, ստիպում գնել, վաճառել, գնել, վաճառել և դրանով լցնում ու զբաղեցնում են մարդու կյանքը: Պոետը, արտիստը, դա երեխա է, որ չի փախչում այդ իրականությունից, այլ հենց դրա մեջ է, որովհոտև ուզում է համտեսել: Միշտ չէ, որ լսելի է արվեստագետի ձայնը, բայց նա չի կաող սպասել, թե երբ կգա իր հերթը, նա պետք է խոսի: Դուք Արշիլ Գորկի ունեք, որ դրսում պայքարել է, որպեսի իր անձը և արվեստը ցուցադրի և ողբերգական մահով մահացավ. ինքնասպանություն գործեց, բայց, միևնույն է, իր խոսքը ասեց: Գնաց փորձությունների, առանց վախենալու, բայց արվեստագետի առաքելությունն էլ դա է, որ անվախ գնա փորձությունների: Այստեղ էլ ունեք նման մի արվեստագետ, դա Վիգեն Ավետիսն է, որ ռիսկի է դիմում, չիմանալով, թե ինչով կավարտվի. շատերը հետագայում կասեն, թե ինչի համար էր անում…Ես էլ պակաս ռիսկերի գնացողը չեմ (ծիծաղում է): Իմ կյանքն էլ այդքան քաղցր չի ընթանում, ես էլ եմ անցնում այդ դժվարությունների միջով, բայց դա մեր ճակատագիրն է:

-Այդ դեպքում ի՞նչն է Ձեզ կյանքում վախեցնում:

-Գիտնականների ինքնավստահությունն է ինձ վախեցնում, որ իրենց թվում է, թե ամեն երևույթ կարող են բացատրել: Իսկական գիտնակաները` սրբերն են, արվեստագետները, պոետները, որոնք խենթեր են: Իսկական գիտնականները նրանք են, ովքեր հավատացին գեղեցկության ուժին, որովհետև երկինքը, տիեզերքը պատահականության արդյունք չեն, դա մտածված կառույց է, և մոռանալ ու հեռանալ այդ ճշմարտությունից հրեշավոր է: Մեծամտությունն է ծնում հրեշավորը:

-Շատերն են հայերին ու իտալացիներին նմանեցնում, Ձեր կարծիքով ո՞րն է ընդհանրությունը:

-Հայերը ջերմորեն իրար բարևում են, գրկում են, եղբայրական զգացմունքներ ունեն միմյանց հանդեպ. ցավոք ապրելու այդ ձևը այսօր Իտալիայում փոխվել է, արդեն այդպիսին չեն, փոխվել է վերաբերմունքը միմյանց հանդեպ: Անվստահությունն ու հուսահատությունը ավելի շատ է այսօրվա Իտալիայում, քան եղբայրությունը, հավատը դեպի բարեկեցիկ կյանքը ավելի շատ է, որը, որ ծնեց ժգնաժամը: Ես միշտ կրիզիսի մեջ եմ եղել, որովհետև երբեք ոչինչ չեմ ունեցել, սպասում էի դրան ու վերջապես եկավ…Հայրս ժողովրդական մարդ էր, պարզ մարդ էր, չորս տարեկան էի ու հիշում եմ մի անգամ հայրս ինձ ասաց. «Զգույշ եղիր, Մասսիմո, կգա մի ժամանակ, որ ջուրը չի հերիքի, գինի շատ կլինի, բայց ջուր, ոչ»: Այդ օրերը եկան, մենք ճշմարտության ծարավ ենք, ջրի, պարզ ու հիմնական նյութերի ծարավ ենք: Ժողովրդական մարգարեները դրա մասին ահազանգում էին, իմ ծնողները այդպիսին էին, և ես այսօր իրավունք չունեմ չխոսել ճշմարտության մասին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8180 | 0 | 0
Facebook