Loading...

Articles

ԻՆՉՊԵՍ ՍԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՍԵՐԸ /պատմվածք/

11:37, Thursday, 31 July, 2014
ԻՆՉՊԵՍ ՍԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՍԵՐԸ /պատմվածք/

Խաղողի ամեն մի հենաձողի քաշը տասնութ կիլոգրամ է, Պարույրինը կլինի, երևի, քառասունհինգ, ամենաշատը՝ հիսուն: Հասակով ընկերն ավելի կարճ է, սակայն սնունդը տեղն է եղել՝ մկանուտ է, կարմրայտ, ձայնն ու պահվածքը՝ հանդարտ, ինքնավստահ: Նա օրվա պլանը՝ հարյուր ձող, միշտ տալիս-անցնում է, ինքը՝ չէ: Պիտի ջանա մինչև ընդմիջում գոնե յոթանասունը կլորել, այլապես հետո կդժվարանա, որովհետև, գիտի՝ կգա պահ, երբ արևը կնեղի, հոգնությունն զգացնել կտա, ծնկները կսկսեն երերալ, կամքը կթուլանա, ու ամեն անգամվա պես գլուխ կբարձրացնի տուն փախչելու ցանկությունը: Իսկ տուն ասածը քսան կիլոմետր այն կողմ է՝ մշուշոտ լեռան գոգավորություններից մեկում, ուղիղ գծով՝ այգիներով, ամեն քայլափոխի հանդիպող լարափակոցները, ջրանցքները կտրելու, կուտակ-կուտակ քարաբլուրները, մացառուտները չշրջանցելով գնալու դեպքում անգամ, չորս-հինգ ժամվա ճանապարհ:

Այնտեղ հիմա խաղաղ-խաղաղ է, կով ու ոչխար գնացել են, օճորքներից ծուխ է ելնում, սառնություն կա օդում, որը գյուղամեջ դուրս եկող ծերունիներին ստիպում է փողոցի արևերես կողմով քայլել, երեխաների՝ Սլլան քարում լողանալու ցանկությունն է զսպում, մեղուներին պահում փեթակում: Քիչ անց հայրը կելնի, թեթևակի ետ կտա արկանոցներն ու, բաճկոնն ուսերին կգնա-կգա բակի անստվեր հատվածում, հորեղբոր կինը՝ Պրաքսին, թարմ, նոր եռացրած կաթ խմելու առաջարկ կանի՝ գիտենալով հանդերձ, որ մերժում կստանա, պատկից հարևանուհին՝ Ազգուշը, բարի լույս կտա և, իր իսկ արարքից ամաչելով, շփոթահար կսկսի կսկսի անեծքների տարափը կարտոֆիլի մարգերը չմտած հավերի հասցեին: Օրը քիչ-քիր կջերմանա, պատշգամբը, բանջարանոցն ու այգին կլցվեն մեղուների բզզյունով, եղբայրները հացի մեջ ցողը վրան կանաչ սոխ, կոտեմ՝ կվազեն Նախիր-գնա, Անուշ տատը ջրի շատը թափթփելով տուն կդառնա աղբյուրից, ու էլի բաներ, դարձյալ բաներ, որոնցով սիրուն, խորոտ է Աստծո առավոտը:

Հենասյուները տանելու երկու եղանակ կա: Առաջինը հասարակ է. երկու ձեռքով կտրելով գետնից՝ թեթևակի հպում է փորին, կողքանց գնում: Մյուսը չափուկ շարժումներ է պարտադրում: Դեռ հեռվից՝ նախքան կիտուկին հասնելն ընտրում է հարկավոր սյունը, հարթ ուղղությամբ հենում կրծքին՝ աստիճանաբար տեղաշարժելով վեր, այն հաշվով, որ պոչուկը փոքր-ինչ կախ ընկնի ու այդ կերպ ուսած՝ անկտիի պես տանում: Տեղ հասնելով՝ բետոնաձողի գլուխը կախում է փոսը, զգուշորեն դուրս գալիս տակից: Կրկնակի շարժում չկատարելու համար նախօրոք՝ մինչև ուսելը որոշում է հողում թաղվելիք ծայրը, այլապես կեռիկները երկինք չեն նայի, ու հետագայում մետաղալարը ծանության տակ կսահի ցած: Նրան այդ մասին ոչ ոք չի զգուշացրել, բայց լարից ընկած վազեր շատ է տեսել, գիտի՝ հենասյուներն ամրացնողները դրան կարևորություն չեն տալիս՝ տնկելով ինչպես պատահի: Ավիկն էլ, օրինակ, փոխադրում է ըստ հարմարության․ տեղ հասցնելով՝ շրմփացնում է հողին, ինչի պատճառով, պատահում է, սյունը ճաք է տալիս, թույլ տեղից կես լինում, որովհետև կաղապարողներն էլ իրենց հերթին ցեմենտն են պակաս արել: Ջարդվածը հետո այգուց հանողն ո՞վ է, երբ ստիպող, ստուգող չկա, խիղճ ասածն էլ ներսից չէ:

Այս էլ քանի~ շաբաթ Պարույրի օրն այդպես է անցնում: Ուսում է, հասնում այգու ծայրը, ետ գալիս: Ուրիշ օրեր գործն սկսելուց մի ժամ անց տարբերությունը հասած է լինում տասը-տասներկուսի, բայց այս առավոտ… Ավիկը հերսոտել, բացատրություն չի գտնում, մինչդեռ ինքը պատճառը գիտի:

Քիչ այն կողմ մեծերը փոս են փորում, ձեռքերը ռիթմիկ ելնում-իջնում են, լսելի է բահի չանգռոցը քարի առնելիս: Ուշադիր լինելու դեպքում ձայնից կարելի է տարբերել՝ սալը շարժվո՞ղ է, թե մարդը զուր տեղը չարչարվում է ու շեղբը ծռելուց, բթացնելուց հետո է մտաբերելու կողքին ընկած լինգի գոյությունը:

Խաղողի առանձին տեսակներ քաղցրացել, ուտվում են: Դարձյալ մի շաբաթ, և Փոքր Մասսի կատարին ձյուն չի մնա, ու կսկսվի վաղահաս քիշմիշի քաղը: Բերքատու այգիներում ջրվորներից բացի ոչ ոք չկա: Կանանց հանել են, որպեսզի պարապ չմնան, բերել երկտարեկան այգին, որը մի առու հեռու է: Նրանք առաջին շարքը քաղհանելով եկել, դեմ են առել ջրին, հիմա շուրջանակի նստած շունչ են առնում: Պարույրն ուսի պլոկված մաշկի ցավը մոռացած՝ սյուն-սյան ետքից տանում է: Ծանրություն չի զգում, ուսինը ոչ թե բետոնե հենակ է՝ կոպիտ, սուր-սուր անկյուններով, այլ թեթև մի բան: Աղջիկների կողմը չի նայում, մինչիսկ տեղյակ չէ՝ նկատե՞լ են իրեն: Չհանի՞ վերնաշապիկը, չորս տակ ծալած դնի ուսին. համ հարած տեղը չի ցավի, համ ել, ամենագլխավորը, կտեսնեն արևառ մարմինը: Քաղենցի Սողոյի մաշկը, հրեն, փայլթփում է շեղությամբ խփող շողերի տակ. մկանների ի~նչ խաղ է: Այ թե ինքը ևս կարենար լցվել:

Ուտելու մասին միտքը նրա տրամադրությունը գցեց: Լրագրում փաթաթածն ընդամենը մի մեծ կտոր հաց է: Խմորոտ մասը դեն տանելուց հետո մեջն աղած կարագի համեմատաբար մաքուր կտոր է դրել ու միջուկով վերստին գոցել: Տանն այլ հարմար բան չկար՝ ոչ պանիր, ոչ ձու: Քույրը մածուն առաջարկեց, սակայն բերողն ո՞վ էր, հավե՞ս կար աման վերցնելու: Մենակ թե համատեղ հացի չնստեն, բոլորի ներկայությամբ խայտառակ կլինի: Առանց այդ էլ Ավիկի մոտ միշտ ամոթով է մնում: Միասին են ընդմիջում անում: Նա լիքը տոպրակն է մեջտեղ հանում, ինքը… Գոնե լավաշ լիներ: Միակ ելքը ընդմիջման ժամին լողալու պատրվակով ջրանցք գնալն է:

Կանայք ոտքի ելել, մի-մի շարք բռնած հետ են գնում: Պարույրը դադար է տալիս, նայում թիկունքներին: Ցողիկը ծայրից երկրորդն է: Համեմատաբար մաքուր շարք է բաժին ընկել: Հողը կավային է, իշխողը դառնափուշն ու օշինդրն են, որտեղ ջուր շատ է դիպել՝ խոզանուկը, արվանտակն ու պատատուկը, անանուն այլ բույսեր: Անհույս, անիմաստ կռիվ է: Բրիչը երեսանց կտրում է արմատը, իսկ դրանք երկու-երեք օր անց վերստին գլուխ են բարձրացնում, աճում առավել թափով, կատաղի: Ցողոն կավի կարծր գուղձի հետ երկար ճակատ է տալիս, ի վերջո երկու կես անում, պոչուկով փշուրների վերածելուց հետո առաջանում: Հագինը կապտավուն պտավոր խալաթ է, գլխին՝ նույն ամառային լայնեզր գլխարկը, առանց որի առաջին իսկ օրը չէր տարբերվի, առանձնանա մյուսներից:

Պարույրը նրա հետ բառ, նախադասություն չի փոխանակել, նույնիսկ հայացքն աչքերի մեջ թաղած չկա, բարև չի տալիս: Եվ ջանք չի թափում ծանոթանալու: Անորոշության մեջ սպասում է հարմար առիթի, ինչը չի գալիս: Իսկ արձակուրդներին քիչ է մնացել՝ երկու շաբաթից պակաս:

Գրավվե՞լ: Գիտի միայն, որ կամավոր տաժանակրության եկավ մասամբ աղջկա պատճառով: Ամառ էր, արձակուրդ: Եղբայրների, ընկերների հետ իր համար օր էր սպանում. աշխատանքի ուղարկող, պարտադրող չկար: Ամեն բան ինքնաբերաբար ստացվեց: Կովը վաղ էր նախիր տարել: Վերադարձին տեսավ Ավոյենց դարպասի մոտ կանգնած բեռնատարը: Թափքում նստածներից ոչ բոլորին էր ճանաչում: Ձորի թաղից էին: Լսել էր, որ ներքևի ավանից ամեն առավոտ մեքենա է գալիս մարդկանց տանելու. այգեգործական տնտեսությունն աշխատող ձեռքի պակաս ուներ: Եթե Ավիկի հայրը գերանդին մոռացած չլիեր, ավտոն նրանց թաղը չէր մտնի, ու նա բեռնատարի ետնակողին նստած համադասարանցու տղայական պահվածքից գայթակղված՝ ամենավերջին պահին չէր ելնի թափքը: Ասֆալտապատ ճանապարհ դուրս գալուց հետո մեքենան արագություն հավաքեց, ու այլևս զուր էր իջնելու մասին մտածելը: Իր հերթին Ավոն համոզել էր, խելքն առել ուրիշ, անծանոթ վայր տեսնելու, ջրանցքն ի վար լողալու հեռանկարով: Նստածներն էլ չհարցրին՝ ու՞ր է գալիս: Ճամփին մեքենան միայն մի տեղ կանգնեց՝ Քաղենիում: Թափքի ազատ տախտակները նոր մարդիկ բռնեցին, նրանց հետ և Ցողիկը, այլ աղջիկներ: Գլխարկի, թե՞ ճերմակ մաշկի պատճառով նրանից գրքերում կարդացած, կինոներում տեսած անձկալի աշխարհի շունչ էր գալիս: Պարույրն ակամա ձգվեց: Աղջիկների համար, պիտի կարծել, տղայի ներկայությունը ևս անակնկալ էր, որովհետև սկսեցին քչփչալ, գողտուկ հայացքներ գցել: Ծանոթացնող չեղավ, գեղջկական ամոթխածությունը խանգարեց, ու ժամանակի ընթացքում առավել բարդացավ խոսք տալ-առնելը:

Օրը կիսվում էր, իսկ ջրի ավտոն չկար: Տղամարդկանցից ոմանք սկսեցին դժգոհել, քրթմնջալ: Բրիգադավարը, որ անցյալ տարվա կիսավեր պահակետն էր կարգի բերում, առաջարկեց երեխաներից մեկնումեկին ճամփել հարևան բրիգադի հոլիկը:

-Դու գնա, Պարույրին առաջարկեց Ավոն, -ինձնից շատ ես տարել. հիսունս չի լրացել, -ընկերոջ ձայնում պարտադրող, ստիպողական շեշտ կար, բայց ոչ այն աստիճան վիրավորական, որպեսզի կռիվ սարքեր, ընդդիմանար:

Դաշտամիջյան փոշոտ ճամփի փոխարեն Պարույրը գերադասեց գնալ այգիների միջով: Նոր էր առուն անցել, երբ կանանց օղակավարուհին ձայնեց Ցողոյին, ով շարքը պրծնելուց հետո վերջին վազի մոտ շրջվել, սպասում էր մյուսներին:

-Միջներիս թեթևն ես, հետը գնա:

Հասնելով նրանց՝ Պարույրը ոտքը կախ գցեց: Ցողիկը ճյուղատ ուռենու տակ կիտած հագուստն էր խառնշտում:

-Ծառի վրա է, ծառի:

Հուշելը չօգնեց: Նա պտտվում էր ուռենու շուրջը, մտնում տակը, ելնում, մինչդեռ ջրամանը՝ բավական մեծ, գլխի վերևում էր, ճյուղն ի կախ:

-Քա վույ, -զարմացավ մի կին:

Շատերն էին հիմա ուղղել թիկունքները: Ծիծաղում էին, կար որ ջղայնացել էր, նեղսրտել: Մերուժը պոկվեց տեղից, բայց նույն պահին Ցողիկը տեսավ ալյումինե տարողությունը՝ քրքջալով ցած բերեց:

-Այգու միջով գնանք, -հասնելով՝ առաջարկեց տղան, հետո, որպեսզի աղջիկը չխրտնի, իբրև բացատրություն հավելեց: -Ավելի կարճ է, -ու Ցողիկին թողեց առաջ:

Գնում էին տարբեր շարքերով, բաժանողը վազերի հոծ պատն էր, սյունից սյուն ձգվող մետաղալարը: Ավելի մոտ չէր էլ ցանկանա գտնվել. գետնատարած ճյուղերը տեղ-տեղ փակում էին ճամփան, ու քով-քովի քայլելու հնար չկար, իսկ հետևից գնալը, որքան էլ անփորձ, գիտեր՝ հաճելի չէ և ոչ իսկ բարեկիրթ: Լռում էին ու, որքան հեռանում մարդկանցից, խոսելն այնքան բարդ էր դառնում:

-Լեզուներս չորացավ, չուշանաք, -կերկեր կանչեցին:

Ով էր, չիմացվեց, սակայն դա բավական էր, որպեսզի կարողանան մեկմկեկու նայել: Երկուսն էլ ժպտացին, հետո վախվորած՝ փախցրին հայացքները:

Վազերի միջակա շերտը նեղիրան տրակտորով վարել էին, ու դյուրին չէր անսայթաք քայլելը, ինչը մասամբ արդարացնում էր ետուառաջ ընկնելը, րոպեն մեկ մետաղալարից, հենասյուներից տեղի-անտեղի բռնվելը, կակուղ ընձյուղներն անիմաստ քաշքշելը:

Այգու այդ հատվածը ավարտվեց, ու գրեթե անմիջապես սկսվեց մյուսը: Սա պակաս փարթամ էր, և քաղհանը ձեռքով էր արված: Մնում էին խոտի, փշի խրձերը, որոնք ինչ-որ մեկը խնամքով խմբել էր՝ տուն տանելու ակնհայտ մտադարանքով: «Ամռան փուշ, ձմռան անուշ», -հիշեց Պարույրն ու մտաժապավենին տեսավ հարևանուհուն՝ Անուշ տատին, խաչքարերից գլդոր-մլդոր տուն դառնալիս՝ թևի տակ մի փունջ խոտ, որ կալ տանող ճամփին էր նկատել:

Որթատունկերի շարքերին նայելով կարելի էր գուշակել, թե քաղհանողներից ով՝ ինչ բնավորություն ունի: Մարդ կար՝ վրավազուկ էր արել, կար որ, չգոհանալով քաղհանով, մանրակրկիտ փխրեցրել էր հողը, երրորդը բավարարավել վազերի բուկը թուլացնելով:

-Քոնը ո՞ր շարքն է:

Ցողիկը հարցը չըմռնեց, ու տղան իր ասածից դժգոհ՝ այս անգամ փոքր-ինչ անբնական կրկնեց.

-Ասում եմ՝ ո՞ր շարքն ես դու քաղհանել:

Հարցն առավել հմար թվաց, մանավանդ աղջկա պատասխանը չոր էր, չտրամադրող:

-Ի՞նչ իմանամ:

-Տարածս բոլոր սյուները ճանաչում եմ, -պարծեցավ:

Բայց դա Պարույրը չէր ու ոչ նրա սրտին-մտքինը, այլ շաղված ուղեղով մյուս պատանին, ով իրար էր անցել, կորցրել գլուխը՝ օրիորդի մերձությունից, կրծքավանդակի ներսում եղողի խփոցից:

-Սա, օրինակ, իմ բերածն է, սա էլ, այս մեկն էլ…

Շարքն ավարտվեց, վերջին ձողը մեջտեղից ճաք ուներ, ու միայն բետոնի երկայնքով անցնող ամրանների շնորհիվ էր կանգուն:

-Բա դա՞, -Ցողիկի աչքերում հազիվ նկատելի ցոլքեր կային:

Հումոր ունենալու դեպքում Պարույրը կծիծաղեր, սակայն դժվար կյանքն իրենն արել էր:

-Լարը շատ են ձգել, -ասաց, -համ էլ միջի ցեմենտն է քիչ, թույլ:

Մտան վերջին՝ երրորդ այգին, որից այն կողմ բանավանից եկող ճանապարհն էր, զուգահեռ՝ Մայր առուն, այնուհետ սկսվում էին մյուս բրիգադի հողերը:

-Խաղող ուտե՞նք, -Պարույրը հետ տարավ վազը: -Չէ, սա հասած չէ, -նա անցավ հաջորդ թփին:

-Բիգադիրը կտեսնի, գործ չունես:

Տղան շրջվեց: Բանվորներ չկային, տեսադաշտում պահակակետի ցից գերաններից և դիմացը ծավալվող կանաչ զանգվածից զատ ոչինչ չկար: Պարույրը դույլը մեկնեց Ցողիկին, սկսեց բացել վազերը:

-Տես, ինչ ճթեր են:

Այգին թմբավոր եղանակով էր, և, մինչև չբարձրացնեիր ճյուղը, տակը չնայեիր, ողկույզ չէր երևա: Փարթամորեն աճած որթատունկի տակ, բնի մերձակա հատվածում տերևներ գրեթե չկային, խաղող էր ու խաղող՝ կծիկ-կծիկ: Թեև տակից խչմար էին տվել, սակայն առանձին ճթեր էլի պառկած էին հողին, որոշ մասի վրա ջրի ներծծվելուց հետո մնում էր կավաշերտը:

-Ափսոս, չի հասել, -Պարույրը մի հատիկ բերանը տարավ և նույն պահին գցեց: -Նոր-նոր փափկում է:

Հաջորդ վազը սև խաղող էր՝ գույնը կիսով չափ փոխած, ջրալի թանաք հիշեցնող:

-Ուտել կլինի, - պոկելով ամենահասուն ողկույզը՝ մեկնեց Ցողիկին:

-Հո շատ թթու չէ՞:

-Եթե մկները կերել են, մեզ ևս կարելի է:

Ցողիկը, որ ճութը շրթունքներին էր մոտեցրել, ետ տարավ.

-Ճի՞շտ ես ասում:

Պոչի մի քանի հատիկ իսկապես կրծած էր, կար՝ լրիվ, կար՝ կեսը:

-Հանաքի չես դիմանում: Ոզնիների արածն է, -տեղնուտեղը հորինեց: -Ինձ նման արա, տես, -նա կիսակեր ողկույզի վնասված հատիկը նետեց, մնացածը բերանը տարավ:

Ճերմակավուն քարերի թիկունքում երևաց հոլիկը, ու նրանք արագ քայլքի անցան: Որքան էլ ջանում էին զգույշ փոխել ոտքերը, փոշու ցայտերը լցվում էին ոտնամաններից ներս, վեր ելնելով՝ դժվարացնում շնչելը: Գուռը հյուսիս նայող պատի տակ էր: Սեղանի տեղ ծառայող սալքարը բոլորած մարդիկ շրջվել, նրանց էին նայում:

-Ցիստեռնը չի երեևացել, -երբ մոտեցան, ասաց մեկն ու հրավիրեց հացի:

Սալին, լրագրերի վրա անկանոն կիտած լավաշ կար, բոքոն, մի քանի տեղ՝ պանիր, կլպած ձու ու շատ-շատ լոլիկ:

-Չէ, անոթի չենք, - հրաժարվեց Պարույրը, թեև զովանալու համար կուզենար պոմիդորներից մեկն ատամով ծակելով **** հյութը:

Ցողիկն իրեն հեռու էր պահում, նույնիսկ հյուղի կարճոտ ստվերի տակ չմտավ:

-Գոնե խմելու…-նա ընթացքում մոտենալով ՝ քարե խուփի բացվածքից նայեց:

Գուռն իսկապես դատարկ էր, անգամ պատերը խոնավ չէին: Աչքով ընկավ անկյունում կուչ եկած փոքրիկ սարդը. տնավորվում էր:

-Մի-մի պոմիդոր վերցրեք, ծարավներդ կկոտրի, -առաջարկեցին նստածները:

Պարույրը նայեց Ցողիկին: Վերջինս տարուբերելով գլուխը՝ շրջվեց: Տղան ևս, չկարողանալով կողմնորոշվել, հետևեց աղջկան՝ մոռանալով մինչևիսկ շնորհակալություն հայտնել:

-Արմենակի բրիգադից են, -հասավ ականջին, -Քաղենիից:

Նույն փոշեպատ ճանապարհն էր, ճամփեզրին՝ նույն փոշեթաթախ ուղտափշերը, հրաշքով դիմացող փշատենիները: Ճառագայթները վերևից էին շամփրում, սաստիկ տոթ էր, շիկացած քարերից, կավահողից ելնող շոգին ծորում էր օդում՝ նախքան տարալուծվելը: Արև՞ն էր մեղավոր, հեղձու՞կը՝ մտածել չէր լինում: Թմրություն կար, որ այգիների կանաչ պարագծից դուրս ամենուր էր:

-Շա՞տ ես ծարավ, -հոգածու հարցրեց Պարույրը:

Ցողիկը նազանքով թեքեց պարանոցը, ու տղան մտքում թարգմանեց՝ ի՞նչ արած, պիտի դիմանալ:

-Դու՞, -անհանգստություն կար և աղջկա պահվածքում: -Գլխարկ էլ չես դնում:

-Ի՞նչն է շատ՝ խաղողը: Հրես, հասնում ենք:

-Ես էլ չեմ ուտելու, ատամներս առնվել են:

-Էս էլ իմ փափախը, -տղան դույլը կործեց գլխին, սակայն այդ կերպ թե խեղդող էր և թե քայլելն էր դժվար:

Անվավոր տրակտոր էր գալիս, ու նրանք դուրս եկան ճանապարհից: Խոտերին նստած փոշին մինչև ծնկներն օծեց նրանց: Պարույրը թափ տալուց հետո քշտեց տաբատի փողքերը:

-Հինգ րոպե կսպասե՞ս, ուզում եմ լողանալ, - և աղջկան մտածելու ժամանակ չտալով՝ արձակեց վերնաշապկի կոճակները:

-Մեզ սպասում են, -թույլ առարկեց օրիորդը:

-Սպասեն-չսպասեն, մեկ է, ջուր չկա:

Պատասխանը համոզիչ էր, և աղջիկը հետևեց նրան:

Ցողիկի կողքին լինելու գիտակցությունից, լողանալու մոտալուտ հաճույքը վայելելու մտքից եռանդ էր իջել վրան. ցատկում էր քարեքար, փոսերը շրջանցելու փոխարեն թռչում վրայով: Աղջիկը, հակառակ, խեղճացել էր. կաշկանդողը խառնակ զգացումներն էին, անվանարկվելու վախը, բնածին ամոթխածությունն ու զգուշավորությթունը, որ գլուխ էին բարձրացրել:

Փշերը, խանդակները, մայր առվի կառուցումից մնացած քարակույտերը հաղթահարելը, երևի, մեկ-երկու րոպե տևեց: Պարույրն ընթացքում հանեց վերնաշապիկը, արձակեց գոտին, կոշկաքուղերը:

-Դու այստեղ մնա, իսկ ես վերևից լողալով կգամ: Հենց ինձ տեսար, գոտիս կկախես ջուրը, -տղան ծայրը թեքությամբ իջնող պատով սահեցրեց ցած, -այ, այսպես:

-Կկարողանա՞մ:

-Էնքան, որ բռնվեմ:

Պարույրը ջրանցքի եզրով գնաց վեր: Առաջին պահ տհաճ էր անհարթ, ծակծկող բետոնի վրայով բոբիկ քայլելը, սակայն շուտով ընտելացավ:

Առժամանակ գնալուց հետո շրջվեց: Աղջիկը կռացել, ոտքի տեղն էր ամրացնում: Գոտին կախել էր ջուրը:

-Մի վռազի, վաղ է: Դույլը կործիր, նստիր վրան:

Արևն ուսերն այրում էր, ճողփյուն չկար: Թե լողացող փայտի կտորտանքները չլինեին, կթվար ջուրը կանգնած է: Ժամանակ առ ժամանակ մոխրագույն մորեխներ էին աննպատակ ցատկով կտրում ճանապարհը՝ անհետանալով աղբակոտեմի գանգուրներում, քարերի մեջ: Ջրանցքի պռնկին առատորեն աճած կաղշնակի ցից-ցից փնջերը բաց սրունքներով շրջանցել հնարավոր չէր, և պատանին դադար առավ: Ցողիկը չէր երևում:

Ջուրը պղտոր էր, տիղմաշատ: Զգուշանում էր մազերը թրջելուց. հետո սանրը չէր մտնի: Ոտքերը հատակին հազիվ էին հասնում, սակայն, միևնույն է, ջանում էր որքան հնարավոր է երեսանց լողալ. Գիտեր, տակը քար, ծառի կոճղեր կարող էին լինել, ու խփվելով քերծվածքներ կստանար:

-Գալի~ս եմ, -աղջկան տեսնելով՝ հեռվից գոչեց, հետո զգուշություն-բան թողած՝ անցավ թևալողի, ապա սուզվեց ու երկար չէր ելնում: Ցողիկը շփոթահար՝ ծնկած հետևում էր հեռացող տղային:

-Ինձնից առաջ ընկիր, նույն ձևով կկախես, -կարգադրեց:

Աղջիկը թեթևաքայլ վազեց, սակայն մինչ կգցեր գոտին, տղան հավասարվեց, ու միայն մատների ծայրերն առան ճարմանդին:

-Մի շտապիր, առաջ գնա, -Պարույրը փորձեց ընթացքում կանգնել, թեև գրեթե վստահ էր՝ չի կարողանա:

Այդպես էլ կար. ջուրն ալիք տվեց կրծքի մոտ, ոտքերը կտրվեցին հատակից ու հոսանքից տարվելով՝ նա վերստին շուռ եկավ: Աղջիկը պատրաստ՝ իրեն էր սպասում: Լողալով՝ հետզհետե մոտեցավ ջրանցքի պատին, մարմինը թեթևակի հանելով ջրից՝ ճարպիկ ցատկով կախվեց գոտուց: Կատարվեց, սակայն, անսպասելին, չնախատեսվածը. գոտու ծայրը դուրս պրծավ Ցողիկի ձեռքից, և Պարույրն ընկմվեց ջուրը: Ծունկը թեթևակի դիպավ շեղությամբ իջնող պատին, այդուհանդերձ գոտին չթողեց: Շունչ քաշելուց հետո ետ տարավ աչքերին իջած մազափունջը, ժպտաց աղջկան:

-Հակառակ ծայրից պիտի բռնեիր՝ պինդ:

Ցողիկը մեղավոր կախեց գլուխը:

-Հետ մի մնա, հրես գցում եմ:

Շպրտելու պահին էլ զգաց, որ սխալ թույլ տվեց. հանգույց անելուց հետո նետելու փոխարեն գոտին ընդամենն իրար վրա բերեց ու դեռ օդում այն բացվեց և, ընկնելով թեք բետոնին, սլլաց ջուրը: Ծայրն առպահ մնաց ջրից դուրս, սակայն մինչ կհասներ, ճարմանդի ծանրության տակ սուզվեց: Պարույրը նայեց Ցողիկին, ժպտաց, բայց դա այն ժպիտը չէր:

Այս մի ամսում քսան, երևի ավելի անգամ մտել էր Մայր առուն, ինքն էր գոտիով քաշել Ավիկին, սակայն նման բան չէր պատահել: Եթե պռնկեպռունկ ջուր լիներ, ձեռքերը հասնեին գոնե եզրին, գոտու կարիք ընդհանրապես չէր զգացվի:

-Տես ծառի ճյուղ, փայտի կտոր… Մի բան գտիր, -Պարույրն աչքը գցեց շուրջը, բայց ներքևից առանձնապես բան չէր երևում:

Աղջիկը շարունակում էր քայլել ջրանցքի պռնկով՝ չկամենալով մենակ թողնել տղային:

-Դուրս արի ճանապարհը: Եթե գտնես, վազ տուր կամրջի մյուս երեսը: Շորերը, ամանները, ոչինչ, թող մնան: Հետո հետ կգնանք:

Խշրտոցը, ոտնաձայները մարեցին, և նա մենակ մնաց: Հոգնություն չէր զգում, բայց թե լողալն էլ արդեն հաճելի չէր: Թեթև վախ, անհանգստություն էր իջել վրան, որն աղջկա գնալուց հետո սաստկացավ: Հիմա գլխում պտտվողը հիմար մտքեր էին. հանկարծ ու բան պատահի, աղջիկը կորցնի իրեն, մոռանա, լքի: Որքա՞ն կդիմանա, կկարողանա՞ միայնակ դուրս պրծնել յուրատեսակ բանտից, որի պատերը թեև ոչ բարձր, գնալով դառնում են ճնշող, ավելի ու ավելի ճնշող, սահմռկեցուցիչ:

Առաջինն աչքերը հոգնեցին: Հայացքի առջև անընդհատ նույն պատկերն էր՝ ջրի անծայր ժապավեն, ցեմենտակուռ պատեր… Վերջապես, ահա և կամուրջը: Մի փոքր ցածր լիներ՝ գոնե մի մետր՝ կախվելով դուրս կգար: Բայց, ոչինչ, Ցողիկն այնտեղ է, հրեն, կռացել նայում է:

-Եկա~…

Ձայն արձագանքվեց, ու լույսի պակասից, աղմուկին հաջորդած լռությունից փշաքաղ՝ նա ակամա մտաբերեց գյուղի լողատեղին՝ Դևնոցը. երեք կողմից ուղղաձիգ ժայռեր, գարնանային հեղեղներից բնական սանդում մնացած, նույնիսկ օգոստոսին չգոլորշացող, կտրելու աստիճան պաղ ջուր և արձագանք՝ մանկան ճիչերի, թևաբախյուն տատրակների:

Աղջկա ձեռքինը կաղշնակի չորացած կոթուն էր, որը հազիվ թե դիմանար: Այդպես էլ եղավ՝ ամբողջ ծանրությամբ չէր էլ կախվել, երբ այն փշրվեց:

-Բան չեմ գտնում, -մեղավոր խոստովանեց Ցողիկը:

Պարույրը փորձեց ինքնուրույն գլխի ճարը տեսնել: Բետոնի եզրաքարերը նույն ողորկություն չունեին: Նա մատների ծայրով կառչեց խորդուբորդերից: Թե ջուրը կանգնած լիներ, սողեսող, մի կերպ կառաջանար, մինչև ձեռքը հասներ պռնկին, աղջիկը կարողանար օգնել, սակայն հոսանքը նույն պահին ջրում մնացած մարմինը քշելով՝ ներքևի կողմից դեմ արեց մամռակալած, լպրծուն պատին: Ոտքերով ուժ տալ հնարավոր չէր:

-Ձեռքդ, ձեռքդ կարո՞ղ ես հասցնել, -աղջիկը պառկել հողերին, թևը երկարել էր:

Տղան գիտեր՝ անհնար է. բավական է մատները մի վայրկյան թողնի, ջուրը կքշի:

-Զգույշ, դու էլ չընկնես, -նա վերստին լողաց հոսանքն ի վար:

Այդպես ավելի հանգիստ էր, գոնե մկանունքի լարում չկար:

-Պիտի շալվարս հետդ վերցրած լինեիր, տոտը կարելի էր կախել:

-Վազե՞մ, -աղջկա դեմքին տագնապ կար, որն այլևս չէր սքողում:

-Չէ, շատ է հեռու: Տես, մարդ-մուրդ չկա՞:

Աղջկա տագանպը փոխարկվեց սարսափի: Նոր-նոր հասկանում էր, որ առանց դրսի օգնության տղան ելնել ի վիճակի չէ, և ուժերն անսպառ չեն, ու նա շուտով տեղի կտա:

-Իմը կհանեմ, -վճռական ասաց:

-Չէ, -տղան առաջ էր ընկել, ու խոսքը գոռոցի պես հնչեց, մի տեսակ՝ աղեխարշ:

-Հանվելու եմ, մեկ է, -աղջիկն արձակեց խալաթի առաջին կոճակը:

Ստինքները մի վայրկյանի չափ դուրս պրծան հագուստի տակից, հետո վերստին թաքնվեցին: Անիրական լինելու չափ ճերմակ էին, և լույսն ասես ներսից լիներ, միջից:

Նա վազում էր, ընթացքի հետ քանդում կոճակները: Պարույրն ուզում էր լաց լինել, կամենում էր տրվել հոսանքին, հայացքը երկնքին՝ գնալ /թևերին հանգիստ տալու համար անցել էր մեջքալողի/, թող լուռ լիներ շուրջը, ինքը մենակ՝ իր մտքերի, սիրո, երազի հետ…

-Հե~յ հե~յ…

Անակնկալի գալով՝ նա գլուխկոնծի տվեց ջրում, շրջվեց փորի: Հիսուն-հարյուր մետր ներքևում մեկը բահի պոչը կախել, իրեն էր սպասում: Ցողիկը, կոպերի տակ արցունք ծրարած, նույն տենդով հիմա կոճկում էր խալաթը:

-Հիմա, քիչ էլ, հիմա…

Աղջկա շշունջը հասնում էր տղային, ուժ տալիս: Նույնն էր, թե թևերի տակ նեցուկ դնեին: Մոտիկ գտնվեին, կերկարեր ձեռքը, կշոյեր վարսերը, կգուրգուրեր, կառներ թևի տակ:

-Ցողո~…-մնացածը մտքում ասաց:

Մինչ մարդը ութ-տասը մետր էր մնում: Պարույրը փոխադրվեց ջրանցքի ձախակողմը, ու երբ տարածությունը կարճվեց, կախ ընկավ բահի կոթից և, գրեթե չհպվելով մամռած պատին, մանրաքայլ ելավ: Ամեն ինչ հեշտ ստացվեց. հոսքի ուժը մի կողմից, բահվորինը՝ մյուս, նրան վեր թռցրին: Փորձեց առույգ ներկայանալ, բայց երբ մարդը ձեռքը թողեց, երերաց, չընկնելու համար նստեց, ավելի ճիշտ, փլվեց ջրանցքի եզրին: Շունչը տեղը չէր գալիս: Ջուրն այտերն ի վար ծորում, բերանի անկյուններից լցվում էր ներս:

-Փորձանքի էիր գալու: Ես էի ու գլուխս չբարձացնեի, չտեսնեի վազող աղջկան: Քույր ու ախպեր ե՞ք, -հարցը Ցողիկին էր ուղղված:

-Հա, -կանխեց Պարույրը:

Աղջիկը ևս գլխով հաստատեց, ապա անսպասելիորեն հեծկլտաց՝ ազատություն տալով արտասուքներին: Պարույրը խռովքի մեջ ելավ, մղվեց նրա կողմը:

-Ծիրանի այգուց դենը շլյուզներն են: Սարն իջնող տրուբեքից երկուսի բերանին ցանց է քաշած, բայց ջուրը, մեկ է, տակը կկոխեր: Էդ տեղին Պտտան ենք ասում: Որտեղի՞ց ես մտել:

-Պողոսենց հոլիկից:

-Կիլոմետրից շատ քշվել ես: Էս տեղերը վտանգավոր են: Չզգացի՞ր հոսքն ինչքան ուժեղ է:

Պարույրը նոր նկատեց ջրի պարան-պարան ալիքվելը, ականջին հասավ խոխոջը, որը վերևներում չկար: Մարդն ուսեց բահը:

-Հարամին էի փակում: Առավոտից կապել եմ շարքին, չի լցվում: Թե չէ էս կողմերը, եսիմ, գայի՞, -փոքր ինչ առավ: -Անտակ անտերը, որ թողնես, վիշապի պես օրերով կքաշի:

Նա բահն իբրև հենակ գործածելով՝ թռավ ջրբաժան առուն, անցավ որձախոտի բուսուտները: Քառասուն հազիվ լիներ, բայց տարիքից ավելի մեծ էր երևում: Ոտքերին ռետինե երկար ճտքերով կոշիկներ էին, մազերն առել էր ծայրերն ագուցած թաշկինակի մեջ:

- Շնորհակալություն, - ուշացումով բղավեց Պարույրը:

Մարդը շրջվեց, մի տեսակ զարմանքով նայեց զույգի կողմը, ասես կամենալիս լիներ հասկանալ քաղաքավարական այդ պարզագույն խոսքի կապը անապատի դեմ իր ու մյուսների ամենօրյա կռվի, արևի տակ շատ բանելուց անփայլ մգմաշկ տխրաչ տղայի հետ:

- Աղջկան լավ կպահե՜ս:

Ցողիկը կռացավ, իշկաթնուկի սերմեր պոկելով, սկսեց մեկիկ-մեկիկ շպրտել ջուրը:

- Գնա՞նք, - տղան պարզեց ձեռքը, սակայն մինչ աղջիկը շուռ կգար, ետ քաշեց:

Քայլում էին իրար ետևից: Ջրանցքի նեղլիկ բետոնաշերտի վրայով այլ կերպ հնարավոր չէր: Երկուսն էլ խոսելու, միաժամանակ կատարվածը մինակուկ տալու-առնելու կարիք ունեին: Զրուցում էին ամեն ինչից, սակայն ոչ ամենակարևորից: Պահն անցել էր, ու նրանք դարձյալ կապանքված էին հազար ու մի պայմանականություններով, որոնցից ձերբազատված ապրել քչերը կարող են, եթե դեմ չառնեն դիպվածին, ինչը վճռորոշ կարող է լինել, ունակ՝ շրջելու հոգին, ի ցույց հանելու լավն ու վատը, ինչ կա:

Կամրջի մոտ Պարույրը դարձավ Ցողոյին.

- Դու հանգստացիր, իսկ ես վազելով կգամ: Ջրին շատ չնայես, աչքերդ կշաղվեն:

- Դու էլ՝ աչքդ վրադ պահիր:

Դիտողությու՞ն էր, թե մտերիմի համար անհանգստություն: Տղայի հոգում մեղքի զգացողություն կար, ու նա չարձագանքեց:

Վերադառնալիս դեռ հեռվից տեսավ պոչից փոշի կապած մեքենան, որը հասնելով ջրանցքին, արգելակեց: Ջրի ավտոն էր: Սիրտը ողողվեց ուրախությամբ, ինչը, սակայն, շուտով տեղի տվեց խանդին: Վարորդը գլուխը դռնակից հանել, ինչ-որ բան էր ասում: Կամուրջը բարձր էր, ու Պարույրը տեսում էր Ցողիկի՝ ճաղաշարը բռնած ձեռքերը, հետևի կողմից թեթևակի փոթ ընկած խալաթը, կոշիկի կրունկը, որով ինքնաբերաբար խփում էր ուղղահայաց ձողին: Նա մի քանի անգամ շրջվեց, նայեց տղային, իսկ երբ վերջինս մոտեցավ, ընդառաջ գնաց, և Պարույրն զգացվեց, մտքում շնորհակալ եղավ նրբանկատության համար:

- Ի՞նչ է ուզում:

Ցողիկն ուսերը թոթվեց: Տղան չար նայեց վարորդին: Սա պատասխանի չարժանացրեց, փոխարենը ձեռքը տարավ, խորշից հանեց ծխատուփն ու մեկը լոթիաբար բերանը դնելով, չրթացրեց վառիչը:

- Շարժվիր, ի՞նչ ես կանգնել:

Խոսքի տոնն այնպիսին էր, որ ուրիշ մեկը կռիվ կսարքեր, մանավանդ դիմացինը խակ բան էր՝ հազիվ տասնչորս-տասնհինգ տարեկան, օտար գյուղից, մենակ:

- Ջուր տանելու չե՞ք եկել: Սառն է, ձեր գեղի աղբյուրից հենց նոր՝ մի ժամ առաջ եմ լցրել:

- Ճամփադ գնա, մեզ ջուր պետք չէ, - հետո չբավարարվեց: -Դու էլ քաղաքից չես:

- Քեզ պետք չէ, աղջկան է պետք, նոր խնդրում էր:

Նա իջավ, բացեց ծորակը: Ջուրն ուժգին շիթով գցեց: Թափված տեղից առպահ փոշի ելավ:

- Լցրեք:

Պարույրը քայլ չփոխեց: Ցողիկը մոտ եկավ, ու տղան ակամա դույլը քաշեց, սակայն երբ տաք մատները դիպան ձեռքին, վայրկյանի չափով հուշիկ սեղմած մնացին, իսկ կոպերը, իբրև խնդրանքի, միաժամանակ երախտագիտության նշան, նրբորեն վար եկան, զիջեց: Ապա աղջիկը դույլը, նեղբերան ամանը դրեց ջրի տակ, թափեթափ լցրեց:

- Դե, շտապեք: Ձերոնք ծարավից կոտորվեցին, - ու վարորդը՝ քթի տակ ծաղրալից ժպիտ, պնդեց ծորակը:

Պարույրը կանգնել, չէր շարժվում:

- Գնա, գնա վերցրու ձեռքից: Խաթր արի, չիմանաս…

- Ու՞մ… - տղան ուզեց սուր պատասխան գտնել, չկարողացավ:

Դրությունը փրկեց Ցողիկը: Նա, ջրերը ճամփի մեջտեղը դնելով, ետ եկավ:

- Գնանք, - նույն հեզիկ ձայնն էր, ջերմ հայացքը, ձեռքի սիրավետ հպումը:

Մեքենան կորավ ոլորանի ետևում, և նրանք կրկին մնացին երկուսով:

- Խմենք, - աղջիկն ամանը դեմ արեց Պարույրին:

- Չէ, ես դրա ջրին բերան չեմ տա:

- Դե լավ, սա իմն է, ես եմ աղբյուրից լցրել քեզ համար, -Ցողիկը նազանքով հանեց գլխարկը, մոտեցնելով Պարույրի դեմքին, զով արեց: -Քրտնել ես, բռնիր:

Ապա աղջիկը ըմպեց: Պարույրն ուշադրություն դարձրեց՝ նույն տեղից, որտեղ վայրկյան առաջ իր շուրթերն էին:

- Տուր, էլի եմ ուզում, - և հայացքն աղջկանից չկտրելով՝ խմեց: Հետո՝ նորից, նորից…

- Չեղավ, որ թողնեմ, լրիվ կկրճես:

- Ես քեզ էի…-ուզում էր ասել՝ համբուրում, բայց չհանդնգնեց, -շրթունքներիդ համը վրան էր:

Ցողիկը շիկնեց, սակայն կարողացավ տիրապետել.

- Շատ ուշացանք:

- Թող, ես կվերցնեմ:

- Սա թեթև է, ինձ տուր:

- Չէ, մենակս կտանեմ, -հետո կատակի տվեց: -Ջրվորը չասա՞ց՝ աղջկան լավ կպահես:

Լռեցին, ու երկուսին էլ նույն երազը եկավ՝ ձեռք ձեռքի, պսակի հագուստ-կապուստով, հարսանեկան մեքենայից իջնելիս…

- Գոնե դույլի կողքից բռնեմ:

Մտան այգի, բայց ոչ դուրս եկած տեղից ու անմիջապես էլ մինչև կոճերը թաղվեցին: Ջուրը, երևում է, վաղուց էին կապել, որովհետ պղտոր չէր, թե՞ մոռացել էին կտրել, անտառապաշտպան շերտով անցնող առվից էր ճոթ տվել, ծծվել: Համենայնդեպս, կանաչը տեղ-տեղ դեղնել էր, աճել էր սկսել եղեգը, մոծակներ կային ու զույգի աղմուկից խրտնած գորտեր, որոնք չլմփոցով ջուրը գցվել, հիմա միայն գլուխները դրսում՝ պլշտորած նայում էին:

- Ետ գնանք, -աղջիկը, չգիտես ինչու, անցավ շշունջի:

- Էս կողմից միակ ճամփան վերևով է, որտեղից մեքենաներն են մտնում:

- Սպասիր, -Ցողիկն ականջ դրեց: -Ձայներ լսու՞մ ես:

- Մերոնք են: Հրեն պահակնոցը:

- Պարույրը վերցրեց դույլը, ամանը թողեց Ցողիկին, հետո այն մտքից, որ շուտով հասնելու են, տրտմեց, բայց և դարձավ վճռական: Ոտքի տեղը պնդելով՝ շուռ եկավ, բռնեց աղջկա ձեռքը:

- Զոռն այս մի քանի մետրն է: Շարքերի մեջ չոր կլինի:

Նույն պահին էլ զգաց՝ ձայնը խզվում է: Հաջորդ վայրկյանին ուղեղը պղտորվեց, սրտից ելած մի պղտոր ալիք հորձանք տալով՝ ողողեց մարմինը: Գետին չկար, մշուշ էր ու մշուշ, իրական չէին ծառերը, արևը, մժղուկների պարսը, շերեփուկների պոչալողը՝ ոտքի տակ, գորտի միալարր կռռոցը՝ խոտի բարդոցից այն կողմ: Ով ում էր տանում, հայտնի չէր: Երբ մտան այգի՝ նույնպես: Գնում էին գայթելով՝ աչք աչքի, շունչ շնչի, էլեկտրանականացված: Դույլն իջավ գետնին, կանթը զնգաց, մեքենաբար նույնն արեց աղջիկը, ապա ծնկի եկան, և վազերը թաքցրին զույգին օտար աչքից, հովանի եղան նրանց սիրուն: Չէին խոսում, չէին շարժվում, կարգին չգիտեին էլ շարունակությունը, պարզապես գրկվել, սեղմվել էին մեկմեկու՝ պինդ նվաղելու աստիճան: Մի ճանկ ստվերն էլ հերիք էր, շատ էր, միայն թե պահը երկարեր, երկարեր, ավարտ չունենար: Ծվարեին այդպես անխոս, անշարժ, մեքենաները դաշտ բերած բանվորներին տանեին, լռեր վերջին տրակտորը, շոգը մեղմվեր, թանձրանար մութը, տաք ակոսը դառնար փռոց, երկինքը՝ նախշկեն վերմակ, ու մնային մենակ՝ հողի, տերևի, պտղի, բնության բոլոր-բոլոր շշուկների հետ:

Երկու շարք այն կողմ գլխաշոր երևաց, խշրտոց լսվեց, ու մեկը պպզեց վազի տակ: Ցողիկն ընդոստ ոտքի ելավ: Պարույրը հետևեց նրան: Խուճապ կար երկուսի դեմքերին էր, սակայն ոչ պակաս վախեցած էր կինը: Նա փեշերն ուղղելով՝ մեղավոր ժպտաց.

- Ասի՝ խաղող ուտեմ:

Անչար սուտ էր, տվյալ պարագայում՝ փրկարար: Մեղքի զգացումը տիրել էր և Ցողիկին, ու նա նույնպես բացատրություն տալու պահանջ զգաց.

- Ահագին սպասեցինք: Ջուր չկար:

Կինը պատահածը մտքից հանելով՝ քրքջաց.

- Տուններդ շինվի, ցիստեռնը երբ է եկե՜լ:

Պարույրի համար նոր պարզվեց վարորդի երկիմաստ ժպիտը:

- Էդ, հո, տաքացած կլինի: Թափեք-թափեք, գուռը բերնեբերան պաղ ջուր է:

Նա գնաց: Տղայի ու աղջկա սիրագորով հայացքները դարձյալ առան իրար:

- Հա՞:

Ցողիկը գլխով արեց:

Պարույրը վազերից մեկի բնի շուրջը փոսելուց հետո դույլն զգույշ շրջեց այնտեղ: Լսելի էր, թե հողն ինչպես է կլլում կենարար հեղուկը:

- Ես քեզ, հենց դասերն սկսվեն, նամակ կգրեմ՝ ամեն օր:

- Ու ի՞նչ հասցեով՝ Երևանի տա՞ն:

Պարույրը շփոթվեց:

- Ձեր դպրոցի: Քաղենիից չե՞ս:

- Քեռիս է այդ գյուղից: Եկող շաբաթ մերոնք գալու են ինձ տանեն:

- Դու նամակիս կպատասխանե՞ս, -տխրամած հարցրեց տղան:

- Անպայման:

- Ես քեզ չեմ մոռանա: Երբեք չեմ մոռանա: Ինչ էլ պատահի, չեմ մոռանա: Երբ մեծանամ ու դպրոցն ավարտեմ, կգամ հետևիցդ: Կտեսնես: Այ, կտեսնես:

Ջուր չկար, խշշյունը հողի տակ էր, արմատներում, ապա պիտի բունն ի վեր ելներ, խառնվեր տերևներին, դառնար կանաչ սոսափ, կաթիլվեր ողկույզներում ու օրերի հետ քաղցրանար, լցվեր կյանքով, արևով:

Ինչպես սերը, ինչպես սերը…


    

Արամ Հովհաննիսյան, «Երկարող ստվերներ» շարքից:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
4012 | 0 | 0
Facebook