Loading...

Articles

Հարություն Հովնաթան, «Զրույցներ. Հովհաննես Շիրազ» գրքից)

19:42, Wednesday, 09 July, 2014

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Բոլորն էին ձգտում Շիրազին: Շիրազին էր գալիս նա, ով մի կաթիլ ուրախություն ուներ. կաթիլը կծովանար, ծով ուրախության մեջ կփառավորվեր: Շիրազին էր գտնում, ով վշտի ծով ուներ. ծովից մի կաթիլ կմնար: Մեղավորները հանդիպում էին Շիրազին՝ մեղքերը քավելու զգացումով: Ով խավարի մեջ էր, հաղորդվելով Շիրազին, լույսի մեջ էր հայտնվում: Անհույսը հույսի էր գալիս, անպաշտանը պաշտպանված էր զգում Շիրազի կողքին: Շիրազը բոլորինն էր, և բոլորն էին Շիրազինը:
     Շիրազն ասում էր՝ բառը պիտի բերնից դուրս գա այնպես, ինչպես թռչունն իր բնից: Ինքն այդպիսին էր, նրա բառն այդպես էր. թևավոր էր աշխարհ մտնում: Իր խոսքը պիտի ասեր, բայց դրա համար պիտի անջատվեր այս աշխարհից ու գնար դեպի Գալաքտիոնի աշխարհը: Հիմա էլ տեսնում եմ մագաղաթյա ձեռքը՝ մատներն իրար բերած, տեսնում եմ դեպի իր հոգու խորքը տարած աչքերը, կնճիռ դառած, մռայլված հանճարաբույր ճակատը: Ձեռքը քունքին էր տանում, կարծես մատներով պիտի հաներ միտքը:
     Չէր սիրում օգտվել ճոխ սեղաններից. հացը քիչ պիտի լիներ, մի կտոր, բայց Քրիստոսի հացի նման՝ որքան կտրեիր, չվերջանար: Սոված կմնար, բայց անարժանի հետ պատառ չէր կտրի: Համտես չէր անի մի պատառ խորոված, եթե գառանը իր աչքի առաջ էին մորթել: Շիրազը նա էր, որին ոչ ոք չէր կարող վիրավորել, ոչ ոք չէր կարող դիպչել նրա արժանապատվությանը, որովհետև անարժանից պովում, հեռանում էր այնպես ու այնքան, ինչքան երկինքը՝ հողից:
     Միտքը փայլատակում էր ակնթարթում: Շիրազը միշտ էր գտնում պատասխանը: Երբ խոսք էր լինում մեծերի մասին, առանձնացնում էր միշտ Մաշտոցին: Մի անգամ էլ հերթով ներկայացնում է պատին փակցված մեծերին: «Բա Մաշտո՞ցը», _ հարցնում են:
     _ Էդ բոլորին դնես կշեռքի մի թաթին, իսկ մյուսին՝ Մաշտոցին, էլի նժար նժարի չի գա Մաշտոցինը ծանր կլինի:
     Դերասան Ազատ Գասպարյանը թե՝ Շիրա՛զ, քեզ էլ որ դրած լինենք...
     _ Ո՛չ, ո՛չ, ես կշեռքը բռնողն եմ, _ հումորի ծուղակից հանճարեղորեն իրեն դուրս բերեց հանճարեղը:
     Երբեմն-երբեմն մտածել եմ՝ Շիրազը որ կար, բնություն էր, բնությունն էլ՝ Շիրազ: Նա հավասար էր նայում դաշտ ու սարին, պտղին ու տերևին, ծաղկին ու փշին, խոսողին ու համրին: Բոլորին տեսնում էր, բոլորին լսում, բոլորի հետ բոլորի լեզվով խոսում էր: Նրա խոսելը հաղորդում էր: Հաղորդվում էր նա: Նրա համար վերն ու վարը բանաստեղծություն էին՝ մեկը մեկին շարունակող, մեկը մեկին լրացնող...

Հարություն Հովնաթան
     («Զրույցներ. Հովհաննես Շիրազ» գրքից)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4475 | 0 | 0
Facebook