Loading...

Articles

Ամեն վատը սիրո պակասից է լինում

09:25, Wednesday, 21 May, 2014
    
    
    
    
    
    

Վերջերս «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ գեղանկարիչ Արմեն-Թորոսի Բոյախչյանի առաջին անհատական ցուցահանդեսը` «Ներշնչանք» խորագրով, որտեղ ներկայացված էր նրա վերջին իննը ամիսների աշխատանքները: Շնորհավորում ենք նկարչին և մաղթում ստեղծագործական բեղուն կյանք:


    

-Ձեր առաջին անհատական ցուցահանդեսն էր, որը կրում էր «Ներշնչանք» խորագիրը և դատելով ցուցադրված նկարներից` ներշնչանքի գլխավոր աղբյուրը ձեզ համար կինն է: Ինչքանո ՞վ եք բացահայտել կնոջ առեղծվածը:

- Նման նպատակ` անպայման բացահայտել կնոջը, չեմ հետապնդում. պարզապես կանանց պետք է սիրել, փայփայել, և դրանով գուցե արդեն շատ բան կարողանաս բացահայտել…Համամի՞տ եք ինձ հետ (ժպտում է):

Նկարչության մեջ էլ կան բազմաթիվ գաղտնիքներ, որոնք յուրաքանչյուր նկարիչ փորձում է բացահայտել իր համար: Երբ նվիրվում ես նկարչությանը, սիրում ես գործդ ու տրվում այդ ամենին, ի պատասխան դրա` բազմաթիվ գաղտնիքներ ես բացահայտում: Դու տրվում ես արվեստին, արվեստը` քեզ… երկկողմանի սիրո միաձուլում…Առանց սիրո ամեն ինչը շատ տխուր ու անհետաքրքիր է, և ամեն վատը սիրո պակասի հետևանքն է:

-Ի՞նչ է գեղեցիկը: Ունե՞ք գեղեցիկի Ձեր սահմանը:

-Ըստ իս` գեղեցիկը շատ սուբյեկտիվ հասկացողություն է: Ես փորձում եմ գեղեցիկը տեսնել ամենուր` կյանքում, բնության մեջ, մարդկային փոխհարաբերություններում… կյանքը արդեն շատ գեղեցիկ է, ուղղակի պետք է տեսնել այդ գեղեցկությունը:

-Պետք է գեղեցիկը ընկալելու աչք ունենալ:

-Այո, իհարկե, դա շատ կարևոր հատկանիշ է:

-Նկարիչը պետք է անի այն, ինչը լուսանկարչությունը չի կարող անել, գտնի այն շտրիխը, ինչը բացում է մարդուն: Դուք այդ սկզբունքո՞վ եք առաջնորդվում:

-Իհարկե, մարդու աչքը ավելին է, քան օբյեկտիվը. այստեղ նայելու և տեսնելու խնդիր կա: Կարող ես նայել և չտեսնել, իսկ նկարչի աչքը շատ սուբյեկտիվ է, և կարևոր չէ ձեռքին վրձին է, թե լուսանկարչական ապարատ: Մարդը կարող է տարիներ շարունակ նույն փողոցով անցնել և որևէ բան չնկատել, բայց նկարիչը կարող է նույն տեսարանը այնպես բացել ու ներկայացնել, որ դառնա արվեստի գործ:

-Գույնը ինչ-որ նշանակություն, իմաստ ունի՞ Ձեզ համար:

-Անպայման, գույնը և ազդեցություն ունի, և իմաստ, և խորհուրդ, և տրամադրություն: Որևէ գույնի նախապատվություն չեմ տալիս, բոլոր գույները անխտիր սիրում եմ, որովհետև գտնում եմ, որ ներդաշնակ կոլորիտ ստեղծելու համար բոլոր գույներն էլ անհրաժեշտ են: Օրինակ` սևը համարվում է տխուր գույն, բայց եթե ճիշտ և գրագետ օգտագործվի, կարող է նկարը շատ ավելի հնչեղ դարձնել:

-Ինքնադիմանկարի ժանրին ե՞րբ եք դիմում. ե՞րբ ներսում ամեն ինչ խաղաղ է, թե՞ հակառակը, ինքնապայքար կա:

-Դա կարծում եմ տրամադրության խնդիր է. եթե գտնվում եմ ներքին անհանգիստ վիճակում, ընդհանրապես վրձին չեմ վերցնում և երբեք չեմ նկարում: Ինձ համար նկարելու ստարտային վիճակը խաղաղությունն է. ալեկոծ վիճակում չեմ կարող նկարել:

-Արվեստի գերխնդիրը մարդու մեջ մարդ արթնացնելն է: Համամի՞տ եք:

-Այո, համամիտ եմ: Արվեստը շատ տարբեր խնդիրներ ունի լուծելու, բայց գերխնդիրը մարդուն դեպի հոգևորը մղելն է: Մեր այսօրվա իրականությունը կարծես միտված է մարդուն ուղղորդելու դեպի նյութականը` հետևում թողնելով հոգևորը, սերը, զգացմունքը, որը շատ վտանգավոր է: Եվ ճշմարիտ արվեստը պիտի մարդուն

Հիշեցնի իր` հոգևոր էակ լինելու մասին: Ես ամենևվին դեմ չեմ, երբ մարդը հարգանքով է վերաբերվում նյութին, բայց պետք չէ գերի դառնալ նյութականին: Ամեն ինչում պետք է ոսկե միջինը պահել: Այս աշխարհի ուզածն էլ հոգու կորուստն է, պետք չէ կուլ գնալ… մարդը միշտ պետք է հիշի, որ ինքը հոգի ունի Աստծուց ստացած:

-Ո՞րն է լինելու 21-րդ դարի հայ մտավորականի առաքելությունը:

-Մտավորականը պիտի ունենա ազատ հոգի և չպետք է մանիպուլացիայի ենթարկվի որևէ մեկի կողմից. դա կլինի իշխանական լծակներ, թե այլ բաներ…Մտավորականը պիտի առաջնորդի շարքային քաղաքացուն իր բարոյական նկարագրով և իր ազնիվ կեցվածքով: Ես չէի ուզենա առանձնացնել հայ մտավորականին: Օրինակ` երբ Բախի երաժշտությունն եմ լսում, չեմ մտածում նրա ազգության մասին. մտավորականի առաքելությունն է մարդուն դարձնել դեպի հոգևորը:

-Ըստ Ձեզ` ո՞րն է ազգի հարատևման գաղտնիքը:

-Նախ ինքներս մեզ պետք է ընտրենք որպես ազգ, որպես տեսակ, ոչ թե սպասենք, որ մեզ ընտրի ռուսը, եվրոպացին կամ մեկ ուրիշը…Երբ մենք գիտակցենք մեր ով լինելը, այն ժամանակ հպարտությամբ կշտկենք մեր մեջքը և աշխարհին կներկայանանք ավելի արժանապատիվ կեցվածքով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7327 | 0 | 0
Facebook