Loading...

Articles

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2-րդ անգամ մարդասիրական օգնություն է բաշխելու կարկուտից առավել տուժած 15 համայնքներում

23:04, Monday, 20 January, 2014

Հունվարի 17-ից 24-ը Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արդեն երկրորդ անգամ մարդասիրական օգնություն է բաշխելու Արմավիրի մարզի կարկուտից առավել տուժած 15 համայնքներում: Շուրջ 1100 ընտանիք կստանա հիգիենիկ պարագաների փաթեթներ:

Մարդասիրական օգնության տրամադրումն այս անգամ իրականացվում է Դանիական Կարմիր խաչի ֆինանսական աջակցությամբ, որն այդ նպատակով հատկացրել է 49 000 եվրո:

Նշենք, որ մայիսի 12 -17-ը տեղի ունեցած աղետալի կարկուտը մեծ վնաս հասցրեց Արմավիրի մարզի 46 համայնքների: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության եւ Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետեւանքների գնահատման հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն` ամբողջովին կամ մասնակի վնասվել են 46 համայնքների գյուղատնտեսական դաշտերը եւ այգիները, տուժել է 12 800 ընտանիք, իսկ վնասի մոտավոր չափը կազմել է 25.268.56 մլրդ. ՀՀ դրամ կամ 60 մլն. ԱՄՆ դոլլար:

Աղետից հետո, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` հետեւելով իր մարդասիրական առաքելությանը եւ ելնելով Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի հիմնարար սկզբունքներից, ակտիվ գործունեություն սկսեց աղետից տուժած համայնքներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: ՀԿԽԸ Արմավիրի մարզային մասնաճյուղի հետ միասին ստեղծված Աղետներին արձագանքման թիմն իրականացրեց արագ գնահատում, որի արդյունքում հստակեցվեցին վնասների մոտավոր չափերը, անհրաժեշտ օգնության տեսակը եւ առավել խոցելի խմբերը: Այդ ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ հանդիպումներ Արմավիրի մարզային իշխանությունների, համայնքապետերի, բնակչության, ինչպես նաեւ` այլ միջազգային կառույցների հետ:

Արդյունքում, ՀԿԽԸ-ն որոշում կայացրեց դիմել Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին` կարկուտից առավել տուժած 14 գյուղական համայնքներին, որտեղ վնասը կազմում է 100 % եւ բնակվում են տուժած 7131 ընտանիք, մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Հայկական Կարմիր խաչի ընկերության դիմումն ստացավ դրական արձագանք եւ հատկացվեց մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ` 224 400 շվեյցարական ֆրանկ:

ՀԿԽԸ-ի կողմից, հաշվի առնելով միջազգային չափորոշիչները, մշակվեցին բաշխման սկզբունքները, յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը եւ շահառուների ընտրության սկզբունքները՝ առավել խոցելիներին աջակցելու համար:

Աղետից տուժածներին օգնության հասավ նաեւ Ավստրիական Կարմիր խաչը, որը, 5000 եվրոյի աջակցություն տրամադրեց Բամբակաշատ գյուղում` ՀԿԽԸ-ի միջոցով 112 սննդային փաթեթ բաշխելու համար:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5285 | 0 | 0
Facebook