Loading...

Articles

Մեր ամենամեծ հանցանքը փոքր լինելն է

17:11, Wednesday, 08 January, 2014
    

Մեր ամենամեծ հանցանքը փոքր լինելն է


    
    

Սաթենիկ Ազատյան


    

Մերօրյա մեծագույն արվեստագետներից մեկը` ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը ոչ միայն հետաքրքիր զրուցակից էր, այլ նաև առանձնանում էր իր մտքի խորաթափանցությամբ և մարդկային համեստությամբ: Նրա վերջին հարցազրույցը:


    

-Ձեր նկարչությունը կարելի է բնորոշել լռության և հանդարտության աշխարհ, բայց կարմիր թելի նման մի անսահման թախիծ է անցնում ձեր բոլոր աշխատանքներում: Ինչու՞, որտեղից՞ է գալիս այդ թախիծը:

-Մանկությունս և պատանեկությունս շատ դժվար է անցել, յոթ տարեկանից կորցրեցի հորս. երեխայի, մանավանդ տղայի համար ամենամեծ փորձը իր հայրն է: Այսքան տարիներ են անցել, բայց ես դեռ սգում եմ հորս մահը. երբ արդեն տասնմեկ տարեկան էի` ուղարկեցին Կիպռոսի` Մելքոնյան հաստատության գիշերօթիկ դպրոցը, հիմա էլ հեռացա մորիցս, հարազատներիցս: Մի խոսքով մանկությունս, պատանեկությունս անցավ շատ տխուր ու դա տարիների ընթացքում մնացել է մեջս…բայց հետո, հիմա, կյանքիս վերջին տարիներին շատ հարստացա, որովհետև ունեմ շատ ընկերներ, որոնց հետ շփվում եմ, և ընդհանրապես շատ եմ կարևորում և գնահատում ընկերությունը: Եթե մանկությունս սկսվեց տխրությամբ, ապա ծերությանս ժամանակ ես ուրախ եմ:

-Թող վերամբարձ չհնչի, բայց այսօրվա մեր ունեցած մշակութային արժեքներից մեկն էլ ձեր արվեստն է, ինչպես՞ եք գնահատում մերօրյա մշակութային դաշտը:

-Անկեղծ ասած, ես չեմ անդրադառնում և մտածում, թե ինչ տեղ եմ զբաղեցնում. Ես նկարիչ եմ և իմ գործն եմ անում, ու իմ գործը ես առանձին պետք է անեմ, ոչ ուրիշի միջամտությամբ կամ պետության ու որևէ բարերարի օգնությամբ: Երբ գործդ սիրով ես անում ու ավարտում, ուզում ես անպայման մարդկանց ցույց տալ: Սպասում ես, որ նրանք հասկանան, գնահատեն, որովհետև դա ուժ է տալիս: Երբեք որևէ ամբիցիա չեմ ունեցել:

Ես մտածում եմ, որ պետությունը պետք է զբաղվի իր քաղաքացիների վիճակով. Այսօր մեր երկիրը գտնվում է շատ ծանր վիճակում: Քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց զբաղվում եմ ժողովրդիս կյանքով, որովհետև այն ինձ հետաքրքրում է: Հայաստանում այսօր շատ մեծ գործազրկություն կա, դա ծանր երևույթ է: Ցանկացած քաղաքակիրթ երկրի առաջին մտահոգությունն այն է, թե իր ժողովրդի քանի տոկոսն է զբաղված, որովհետև եթե մարդը աշխատանք չունի և գումար չի վաստակում` նա ազատ մարդ չէ: Իսկ, եթե մեկը ազատ չէ, նա չի կարող ազատ պետություն ստեղծել: Վերջիվերջո պետությունը ստեղծվում է ազատ մարդկանցով: Այսօր, ցավոք հազարավոր մարդիկ լքում են նաև իրենց տունը: Ես միշտ մտածել եմ, որ մենք դարերով երազել ենք պետականություն, բայց իրականում այդպես չէ. պատմությունը ցույց է տալիս, որ հայերը այնքան էլ չեն շտապել վերականգնելու իրենց անկախ պետականությունը, այլ զբաղված են եղել տիրոջը փոխելու, ավելի լավ տիրոջ ձեռքի տակ ապրելու գործով: Հարատևել ենք, որովհետև աշխատասեր և ստեղծարար ժողովուրդ ենք: Հերոդոտոսի պատմության մեջ մի քանի տող կա հայերի մասին, և այդ մի քանի տողոմ երևում է հայ ժողովրդի ամբողջ պատմությունը, եղել ենք` հողագործ, արհեստավոր և վաճառական: Հայ ժողովուրդը այդ երեք պատվավոր գործով զբաղվել է մինչև քսաներորդ դարի սկիզբ: Դժբախտաբար սովետական իշխանությունը փոխեց հայերին` դարձրեց պրոլետարիատ, պրոլետարիատ չկար հայերի մեջ: Արհեստավորն ուրիշ մակարդակ է, բանվորն ուրիշ: Առևտուրն էլ արդեն չգիտես ինչու հակաժողովրդական զբաղմունք էր համարվում: Խորհրդային տարիներին մենք կորցրինք մեր հիմնական զբաղմունքը, երբ անկախացանք, արդեն չկային ոչ’ արհեստավորներ, ոչ էլ առևտրականներ: Հիմա նորից ենք սկսում:

-Ազգի հարատևման գաղտնիքը ո՞րն է, ազգային գաղափարախոսությունը, թե՞ մշակույթը:

-Գտնում եմ, որ ազգային գաղափարախոսությունը շատ հստակ բան չէ, բայց ես դրա տեղը կդնեի հայոց լեզուն: Մենք մեզ համար ստեղծել ենք մի բացարձակ արժեք, դա մեր լեզուն է: Եթե մենք պահենք և պաշտպանենք մեր լեզուն, ինքնաբերաբար կպահենք նաև մեր բուն էությունը: Ըստ իս հայոց լեզուն հայի ստեղծած բարձրագույն նվաճումն է, ու այն պետք է մաքուր պահենք: Դրանով հայը հաստատեց իր գոյությունը և տեղը երկրագնդի վրա:

-Հիշու՞մ եք Վ. Սարոյանի այն միտքը, որ ինչ որ մի տեղ, ինչ որ մի բան այնպես չէ: Մեզ մոտ, մեր երկրում ինչը՞ այնպես չէ:

-Համոզված եմ, որ մեր ամենամեծ հանցանքը փոքր լինելն է, փոքրին չեն սիրում, խփում են, ուզում են ոչնչացնել: Եթե մենք փոխանակ երկու միլիոնի, քսան միլիոն լինեինք, հո՞ թուրքերը չէին կարող մեզ Դեր- Զոր տանել մորթելու: Մենք պետք է մտածենք, որ այդ պատճառով նորից մեր գլխին փորձանք չգա:

-Առօրյա կյանքում և մենության մեջ ձեր երկու «ես» -երը շա՞տ են տարբերվում:

-Նկարչությունը կյանքիս մի մասն է կազմում և անբաժան վիճակն է: Չեմ պատկերացնում, որ մի օր չզբաղվեմ իմ գործով: Իմ մեջ մեկ ես է ապրում:

-Հայերը առանձնակի տարբերվում են իրենց գունազգացողությամբ: Ինչո՞վ կբացատրեք դա:

-Չգիտեմ: Դա երևի մեր բախտավորությունն է, մենք նկարիչ ժողովուրդ ենք և գույնը նկարչության մեջ շատ կարևոր դեր ունի: Գույնը այն երևույթն է, որ չես կարող սովորել ուրիշներից, կամ դա ունես կամ չունես: Եվ ամեն նկարիչ ունի իր որոշ գունային գամման. ամեն մեկը ընտրում է այն գույնը, որը գալիս է իր էությունից, օրինակ, ես այդ առումով գունանկարիչ չեմ, շատ սահմանափակ գույններ ունեմ` օխրա, սև, սպիտակ, գորշ: Կարմիրը, կապույտը ինձ համար չեն:

-Հայաստանյան իրականության մեջ ի՞նչն է ձեզ ամենից շատ զայրացնում:

-Զայրացնու՞մ: Գիտեք, ես սիրում եմ իմ ժողովրդին, մեր ժողովուրդը շատ տխուր պատմություն է ունեցել, մենք շուտ ենք կորցրել մեր պետականությունը, և դա իր որոշակի ազդեցությունն է թողել ժողովրդի նկարագրի վրա: Ուզում ես մարդկանց վստահել, հավատալ: Շատ կարևոր բան է, որ մարդիկ իրար չխաբեն, միմյանց հետ անկեղծ լինեն: Ամենակարևորը` մարդը պետք է իր խոսքը հարգի և իր ասածը կատարի:


    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7329 | 0 | 0
Facebook