Loading...

Articles

Նոր ուսումնական տարվանից ՀՊՏՀ-ն իր ուսանողների համար կիրականացնի մի շարք սոցիալական ծրագրեր

19:18, Thursday, 29 August, 2013

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նոր ուսումնական տարվանից իր ուսանողների համար կսկսի մի շարք սոցիալական ծրագրերի իրագործումը: Այդ ծրագրերը կլինեն մի քանի ուղղություններով, որոնց բոլորի նպատակը լավ սովորող, բայց սոցիալապես անապահով երեխաներին իրենց կրթության իրավունքն իրացնելու հնարավորության ընձեռումն է:

Խնդիրների այս համալիրն այսօր քննարկվել է ՀՊՏՀ ռեկտորատի նիստում՝ այդպիսով հավանության արժանացնելով այս ուսումնական տարվանից առաջին կուրս ընդունված ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու, նրանց խիստ մատչելի գներով հանրակացարանով ապահովելու, նվազագույն գներով համալսարանի ճաշարանի սպասարկումն իրականացնելու մասին հարցերը:

Այսպիսով, այս ուսումնական տարվանից ՀՊՏՀ առաջին կուրս ընդունված լավ սովորող (4- շեմից սկսած) երեխաները կստանան ամսական կրթաթոշակներ, որոնք կտրվեն երկրորդ կիսամյակից, սակայն ամբողջ տարվա համար՝ փոխհատուցելով նաև առաջին կիսամյակի ամիսները: Սահմանվել է 5-20 հազար ամսական կրթաթոշակ: Ռեկտորատի նիստում հավանության արժանացած նախագիծը շուտով կներկայացվի ՀՊՏՀ գիտխորհրդին, որից հետո ամբողջությամբ կհրապարակվի ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ asue.am հասցեով: «Լավ սովորող, բայց սոցիալապես անապահով երեխաներին մենք պետք է խրախուսենք: Այսպիսով մենք ոչ միայն սոցիալական խնդիր ենք լուծում, այլև խրախուսում լավ սովորողին», - հայտարարել է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ խնդիրը հնարավորինս լավ կազմակերպելու համար հանձնարարականներ տալով ռեկտորատի անդամներին: Նա նաև ընդգծել է, որ կրթաթոշակների այս կարգը գործողության մեջ է դրվելու, միաժամանակ պահպանվելու է ուսման վարձերի զեղչման նախկին համակարգը:

Ուսանողների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հաջորդ քայլը նրանց խիստ մատչելի գներով հանրակացարանով ապահովելու ծրագիրն է: Բուհը նորոգված և նոր կահավորված հանրակացարանով է պատրաստվում ընդունել իր բոլոր ուսանողներին: Ուսանողների սոցիալական խնդիրների թեթևացմանն է ուղղված նաև համալսարանի ամբողջությամբ նորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխան կահավորված ճաշարանի գործարկումը, որտեղ սնունդի գները պետք է լինեն խիստ մատչելի: «Ճաշարանը պետք է աշխատի նվազագույն շահույթով, ընդամենը ինքնածախսածածկում պիտի ապահովի», - շեշտել է ռեկտորը:

Ներկայացվել է նաև, որ ՀՊՏՀ ղեկավարությունը հասարակական ակտիվություն և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների հանգստի կազմակերպման համար արդեն մի քանի տարի, այս տարի ամռանը ևս «Տնտեսագետ» մարզաառողջարանի 50 անվճար ուղեգիր է հատկացրել:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը շարունակելու է գործի դնել ուսանողների սոցիալական խնդիրների լուծմանը միտված նորանոր միջոցներ: Այս ամենը վավերացնող փաստաթղթերն ու կանոնակարգերը ամբողջությամբ համալսարանը կհրապարակի առաջիկայում, իսկ նոր ուսումնական տարվա հենց առաջին օրերին բուհի ղեկավարությունն ուսանողներին դրանք կներկայացնի ամենայն մանրամասնությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4608 | 0 | 0
Facebook