Loading...

Articles

«Անտառ չլինելու պատճառով մենք ստիպված էինք վառելափայտի համար քանդել և օգտագործել շինությունների փայտը. երկամսյա պաշարման ընթացքում բնակատեղի մոտակայքում եղած գրեթե բոլոր տներն ավերվեցին»

21:16, Thursday, 08 June, 2023
«Անտառ չլինելու պատճառով մենք ստիպված էինք վառելափայտի համար քանդել և օգտագործել շինությունների փայտը. երկամսյա պաշարման ընթացքում բնակատեղի մոտակայքում եղած գրեթե բոլոր տներն ավերվեցին»

«...Առաջին գումարտակը, գրավելով Երևան քաղաքը, տեղավորվեց մահմեդական վանքում, քարվանսարայում և մի քանի տներում, իսկ երկրորդ գումարտակը՝ մեծ մասամբ բալագաններում՝ ոչ թե բնակարանների պակասության պատճառով, այլ ռազմական նկատառումներով: Մեր դասավորությունը բոլոր տեսակետներից շահավետ էր: Շինությունները քողարկում էին մեր փոխադարձ հաղորդակցությունը, պաշտպանում մեր գաղտնաջոկատներին ու հրաձիգներին, որոնք հետևում էին թշնամու շարժմանը և, նկատելով չափազանց համարձակներին, կրակոցներով հիշեցնում էին նրանց սպառնացող վտանգի մասին և դրանով իսկ կաշկանդում նրանց դաշտ դուրս գալը. ոմանք նույնիսկ արյամբ հատուցեցին իրենց համարձակության համար, մինչդեռ պաշարվածների գնդակները սուլոցով անցնում էին պատնեշների միջով, մեր գլխավերևով, առանց որևէ վնաս պատճառելու մեզ...Հաճախ պատահում էր, որ փոխհրաձգություն էր սկսվում նաև նրանց գաղտնաջոկատների հետ այն տեղերում, որտեղ նրանք կարողանում էին դուրս գալ ամրություններից, բայց այդ փոխհրաձգությունները նույնպես ավարտվում էին առանց կորուստների: Գիշերը նկատելի էր դառնում այն մեծ զգուշավորությունը, որ ցուցաբերում էին պաշարվածները.մի քանի անգամ դետքը ջահերով շրջում էր պարիսպները: Ավելին, փոսի մեջ և գլասիսի վրա էին նետվում վառած ջահեր, որոնց ցոլքերը տարածվում էին հեռու արվարձաններում: Մեր անձնակազմերը դուրս էին գալիս շրջակայք՝ խոտ և ցորեն հնձելու, որն աղում էինք ձեռքի երկանքով: Անտառ չլինելու պատճառով մենք ստիպված էինք վառելափայտի համար քանդել և օգտագործել շինությունների փայտը. դրա հետևանքով երկամսյա պաշարման ընթացքում բնակատեղի մոտակայքում եղած գրեթե բոլոր տներն ավերվեցին, մեծ չափով վնասվեցին նաև այգիների ծառերը. բայց ե՞րբ է լինում պատերազմ առանց ավերածության»:

«Տիֆլիսսկիե վեդոմոստի» լրագրի 1829 թվականի փետրվարի համարներում տպագրվել է Լաչինովի 1828 թվականի դեկտեմբերի 2-ի նամակը Կարսից: Այդ նամակում մանրամասնորեն նկարագրված է Կարսը, Կարսի ամրոցը և միջնաբերդը: Նա գրում է. «Քաղաքի փողոցները նեղ են, ծուռ, հատկապես ամրոցում, որտեղ հանդիպող երկու սայլերը ոչ մի կերպ չեն կարողանում ճանապարհ տալ իրար...Մայթերը մի մարդու անցնելու համար են, սարքված են մեծ, ամուր քարերից, որոնց պակասությունն այստեղ չի զգացվում: Տները քարից են և շատերը երկհարկանի՝ փայտյա պատշգամբներով: Ճարտարապետությունը շատ ողորմելի է...Բնակիչների թվում՝ հայերից, թուրքերից ու ու թաթարներից բացի, կան գնչուներ, նրանք հարյուրից պակաս են»:

Կարսի փաշայությունը և ընդհանրապես թուրքական տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանը շատ տխուր տպավորություն է թողել Լաչինովի վրա:

«Անցնելով կովկասյան սահմանագիծը, - գրում է նա, - դուք համարյա ոչ մի տեղ չեք հանդիպի մշտական բնակչության...Գյուղերն ավելի շատ նման են երկարաձիգ ճամբարների, քան դարավոր բնակության: Անհրաժեշտությունը վաղուց ի վեր սովորություն է դարձրել թաքցնել ունևորությունը: Սովորելով իրարից վախենալ, մեկը մյուսին թալանել, այս դժբախտ երկրների բնակիչները դրա համաձայն էլ դասավորում են իրենց տնտեսությունը: Հողը ծառայում է որպես պահեստ նրանց բոլոր գանձերի համար. փոսերը պատրաստ են, ավելորդ իրերը միշտ պահվում են այնտեղ: Փոքրագույն վտանգի դեպքում մնացյալն էլ թաղվում է այնտեղ, և ընտանիքները, վերցնելով միայն անհրաժեշտը, անմատչելի սարերը, կիրճերն ու անանցանելի անտառներն են տանում իրենց և՛ կյանքը, և՛ վախը: ...Բացի իրենց տիրակալների ճնշումներից, նրանք անընդհատ ենթակա են ավազակների հարձակումներին, երբեք չունեն կատարյալ հանգստություն, համոզված չեն, որ կարող են լինել կատարյալ անվտանգության մեջ»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
638 | 0 | 0
Facebook