Loading...

Articles

Դուրս գանք «Որտեղ հաց, այնտեղ կաց» վիճակից

19:58, Tuesday, 20 August, 2013

Վերջերս Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր դահլիճում տեղի ունեցավ երաժիշտ` Մարտին Ահարոնյանի «Երգեր» ալբոմի շնորհանդեսը: Երաժիշտ, որն առանց բարձրաձայնելու անում է իր գործը և իր կոչման տերն է:


    

-Շնորհավորում եմ ձեզ «Երգեր» ալբոմի շնորհանդեսի առիթով: Գրեթե համերգներով հանդես չեք գալիս Հայաստանում, բայց կարծեք թե բեղուն ստեղծագործական կյանքով եք ապրում: Ի՞նչ կասեք:

-Շնորհակալություն շնորհավորանքի համար, ինձ համար շատ կարևոր և հաճելի երևույթ էր այս ալբոմի հրատարակումը, շուտով կլինի նաև վաճառքում: Երկու սիդի է, բաղկացած` հայրենասիրական և քնարական երգերով: Իհարկե, շնորհակալ եմ հովանավորներին` Պիեռ և Տիրան Բաղդատյաններին, ովքեր սիրելով իմ երաժշտությունը, իրենք են ինձ գտել և օգնել: Իսկ համերգներով, իրավացի եք, ավելի շատ դրսում եմ հանդես գալիս: Հայաստանում մենահամերգ կազմակերպելը մեծ ծախսերի հետ է կապված:

-Քրիստոնեության 1700 ամյակին նվիրված ձեր լայնածավալ ստեղծագործությունը մի քանի տարի է ինչ պատրաստ է, բայց չեք կարող ներկայացնել, որովհետև հովանավոր չէր գտնվում: Հիմա գտել եք: Սովորաբար դուք եք հովանավորին գտնու՞մ, թե՞ հովանավորը ձեզ, որովհետև ցավոք Հայաստանում արվեստ հովանավորողները այնքան էլ շատ չեն:

-Այո, իրավացի եք. բայց կան մարդիկ, ովքեր հովանավորվում են…Այդ գործը, որը գրված է Նոր Կտակարանի հիման վրա և կոչվում է «Լուսո ճանապարհ» արդեն յոթ տարի է ինչ պատրաստ է: Դա պետական պատվեր էր, որը 2001-ին պետք է պատրաստ լիներ, բայց գումար չլինելու պատճառով դադարեցվեց: Եվ ինքս իմ սեփական միջոցներով այն ավարտեցի: Փառք Աստծո սայլը տեղից շարժվեց, և այս տարի ես հնարավորություն կունենամ այդ գործը` ռոք օրատորիան ներկայացնել հանրությանը:

- Ինչու՞ մեր փողատերերը արվեստ չեն հովանավորում:

-Չգիտեմ: Երևի ճաշակի խնդիր է. կամ էլ այնքան են իրենց գլուխը տանում նման խնդիրներով, որ գուցե հոգնել են…

_Քչերը գիտեն, որ դուք նաև նկարում եք: Երբ զգացողություններն ու ասելիքը չեք կարող արտահայտել երաժշտությամբ, դիմու՞մ եք գունային մտածողությանը:

-Այո, նկարում եմ, բայց ցավոք հիմա ավելի քիչ: Ոգևորվում եմ, եթե հանկարծ ինչ որ բան խանգարում է, էլ չեմ կարողանում շարունակել: Նկարչությունը ի տարբերություն երաժշտությանը, առավելություն ունի, որովհոտև ինքդ ես և՛, ռեժիսորը, և՛, սցենարիստը, և՛ կատարողը. այսինքն որևէ մեկից կախման մեջ չես: Իսկ երաժշտությունը շատ դժվարությունների առջև է կանգնեցնում, որովհետև միայնակ չես կարող, գործդ առնչվում է նաև ուրիշների հետ: Նկարչությունը այդ առումով համամատած արվեստի մյուս տեսակների հետ, ունի մեծ առավելություն, դու ես ու վրձինը:

-Իսկ որտե՞ղ եք ձեզ ավելի ամբողջական զգում` երաժշտության, թե՞ նկարչության մեջ:

-Ինձ մոտ առաջնայինը երաժշտությունն է: Եթե, շատ անգամ նկարելու համար ինձ անպայման մուսա է պետք, երժշտության դեպքում կարող է պատվեր լինել և դա արդեն ստիպում է, առանց նայելու մուսա կա չկա, գործը անել (ծիծաղում է): Այ, դա է տարբերությունը:

-Այսօր հայ մարդը կարծեք քաղաքացիական նոր որակ է ձեռք բերում: Ինչի՞ հետ եք դա պայմանավորում և ունե՞ք ձեր դիրքորոշումը այդ հարցում:

-Անկեծ ասած ինձ թվում էր, թե մեր ժողովուրդը արդեն հոգնել էր այս հոգսերից, այս սոցիալական խնդիրների անվերջ շարանից: Ցավոք շատերը լքեցին հայրենիքը, որոնց թվում` նաև իմ բազմաթիվ ընկերները: Մարդիկ հեռանում են հայրենիքից, որովհետև ուզում են ապրել իրավական երկրում, որտեղ օրենքը բոլորի համար հավասար կգործի: Կան կենցաղային շատ տարբեր խնդիրներ, բայց դա էլ մի կողմ թողնենք: Ինձ մտահոգող առաջնային խնդիրը այն է, որ որոշ մարդիկ մյուսներից առավելություն չունենան օրենքի առջև: Եվ ինչու՞ ունենան, թող լինի ինչպես քաղաքակիրթ երկրներում` նախագահը և հասարակ քաղաքացին նույն օրենքով են շարժվում: Դա շատ կարևոր է: Հիմա մեր ժողովրդի համբերության բաժակը լցվել է, և ուզում են, որ իրենց երեխաները արժանավայել ապրեն:

-Ի՞նչ է ձեզ համար հայրենասիրությունը:

-Հայրենիքը ինձ համար ամեն ինչ է: Ես հենց այսօր էլ կարող եմ ապրել որտեղ, որ ուզեմ և առանց դժվարության, բայց ես այդ քայլին չեմ գնում, որովհետև անկախ ամեն ինչից ես սիրում եմ հայրենիքս: Որպես հայ մարդ կուզեի, որ հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին ապրի մարդավայել, իրեն նսեմացած և նվացտացած չզգա: Աստված ոչ անի, որ ուրիշ ափերում երջանկություն փնտրեն, առաջնորդվելով` «որտեղ հաց, այնտեղ կաց» կործանարար առածով:


    
    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4827 | 0 | 0
Facebook