Դիզայներ Ֆաինա Հարությունյանը երեկ "Ֆեյսբուք"-ի իր էջում տեղադրել էր Անդրեի` բուժզննման ընթացքում արված լուսանկար եւ առողջություն մաղթել նրան: Գրառումը մեծ իրարանցում էր առաջացրել օգտատերերի շրջանակում, որոնք փորձում էին պարզել` ինչ է պատահել երգչին
"Այս պահին գտնվում եմ բժիշկների հսկողության ներքո, բայց, փառք Աստծո, համեմատաբար լավ եմ. կարողանում եմ քայլել, շնչել…Ինքնազգացողությունս վատացավ օրեր առաջ, երբ ճամպրուկներս էի հավաքում` Յուրմալա մեկնելու համար: Մեկ ժամվա մեջ երկու շտապօգնություն կանչեցին, արդյունքում արգելեցին ինքնաթիռ նստել, ընկերներս էլ` Սոֆին, Նազենին եւ Ավետը, ասացին` ինձ այս վիճակում չեն թողնի, բայց ես "հրամայեցի", որ գնան, քանի որ "Նոր ալիք"-ում մեր մասնակիցն ուժեղ պատվիրակության եւ աջակցության կարիք ունի: Վերջին ամիսների ընթացքում աշխատել եմ գերծանրաբեռնված գրաֆիկով, հանգստին տրամադրելու ժամանակ գրեթե չեմ ունեցել, բացի այդ, սրտիս ազդել են տեղի ունեցող անարդարությունները, որոնց մասին լռում էի, ներս գցում, ինչի պատճառով էլ այս օրին հասա: Շատ ազդված եմ այս դեպքերից: Ազգս պայքարում է անարդարության դեմ: Շատ կուզեի լինել ձեր կողքին: Թեեւ ֆիզիկապես ի վիճակի չեմ, բայց հոգեպես եւ գաղափարապես ձեզ հետ եմ: Դեմ եմ, որ քաղաքացիներին այսքան անմարդկայնորեն կողոպտեն: Ամոթ այն հայերին, որոնք PR-ի համար մասնակցում են ակցիաին, այն դեպքում, երբ կարող են շատ հանգիստ գնալ հանդիպել գլխավոր մեղավորներին եւ պահանջել հարցի լուծումը: Ավելի մեծ խնդիրներ էլ ունենք. շուտով, ըստ սցենարի, կփորձեն փակել մեր աչքերը` հասարակական տրանսպորտի ուղեվարձը թողնելով 100 դրամ":
Երեւանում հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ հանդես եկող ակտիվիստներին երգիչը հորդորում է շարունակել պայքարը."Հերիք է ստրուկի մտածելակերպ ունենաք եւ վախի մեջ ապրենք, Աստված միշտ արդարների հետ է: Իմանանք մեր իրավունքները, չճնշվենք եւ միջոցներ ձեռնարկենք կաշառակերների եւ այլ անամոթների դեմ: Եղել ենք եւ պետք է լինենք հպարտ ու հաղթող: Նաեւ մի քայքայեք ձեր նյարդերը, հավատացեք, մեզ պետք են առողջ երիտասարդներ. ինձ նայեք եւ պահպանեք ձեր ուժերը, որ կարողանանք միասնաբար հասնել մեր նպատակներին":
Առողջություն մեր սիրելի երգչին: