Չարը գոյություն չունի
23:42, Friday, 19 July, 2013
Համալսարանում պրոֆեսորն իր ուսանողներին մի հարց տվեց. - Այն ամենը, ինչ գոյություն ունի ստեղծել է Աստվա՞ծ։ Մի ուսանող համարձակ պատասխանեց. -Այո, Աստված է ստեղծել։ -Աստվա՞ծ է ստեղծել է ամեն ինչ։ -Այո, պարո՛ն, - պատասխանեց ուսանողը։ Պրոֆեսորը հարցրեց. -Եթե Աստված է ստեղծել ամեն ինչ, ուրեմն Աստված է ստեղծել չարը, քանի որ այն գոյություն ունի։ Եվ համաձայն այն սկզբունքի, որ մեր կատարած գործերն են մեզ բնութագրում, ուրեմն՝ Աստված հենց ինքը չա՞րն է։ Ուսանողը, այդպիսի պատասխան լսելով, լռեց։ Պրոֆեսորը շատ գոհ էր ինքն իրենից։ Նա պարծեցավ ուսանողների մոտ, որ ինքը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Աստծո հանդեպ հավատը միֆ է։ Մեկ ուրիշ ուսանող ձեռք բարձրացրեց և ասաց. -Կարո՞ղ եմ ձեզ հարց տալ, պրոֆեսո՛ր։ -Իհարկե, - պատասխանեց պրոֆեսորը։ Ուսանողը վեր կացավ և հարցրեց. -Պրոֆեսո՛ր, ցուրտը գոյություն ունի՞։ -Դա ի՞նչ հարց է, իհարկե, գոյություն ունի։ Դու երբևէ չե՞ս մրսել։ Ուսանողները ծիծաղեցին երիտասարդի հարցի վրա։ Նա ասաց. -Իրականում, պարո՛ն, ցուրտը գոյություն չունի։ Ֆիզիկայի օրենքների համաձայն, այն, ինչ մենք ցուրտ ենք անվանում, ջերմության բացակայությունն է։ Ուսանողը շարունակեց. -Պրոֆեսո՛ր, խավարը գոյություն ունի՞։ -Իհա՛րկե, գոյություն ունի։ -Դուք դարձյալ սխալվում եք, պարո՛ն, խավար նույնպես գոյություն չունի։ Իրականում խավարը լույսի բացակայությունն է։ Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց ո՛չ խավարը։Դուք ինչպե՞ս կարող եք իմանալ, թե որևէ տարածություն որքանով է խավար։ Դուք չափում եք, թե որքան լույս է առկա, այնպես չէ՞։ Խավարը մի հասկացություն է, որը մարդն օգտագործում է, որպեսզի նկարագրի, թե ինչ է կատարվում, երբ բացակայում է լույսը։ Ի վերջո, երիտասարդը հարցրեց պրոֆեսորին. -Պրոֆեսոր, չարը գոյություն ունի՞։ Այս անգամ պրոֆեսորը անվստահ պատասխանեց. -Իհարկե, ինչպես արդեն ասացի։ Մենք ականատես ենք դառնում նրան ամեն օր։ Դաժանություն, բազմաթիվ հանցագործություններ, բռնություններ՝ ողջ աշխարհով մեկ։ Այս օրինակները ոչ այլ ինչ են, եթե ոչ չարի դրսևորումներ։ -Չարը գոյություն չունի, պարո՛ն, կամ, համենայնդեպս, այն գոյություն չունի Նրա համար։ Չարը պարզապես ԱՍՏԾՈ բացակայությունն է։ Այն նման է խավարին և ցրտին. բառ է, որն ստեղծվել է մարդու կողմից՝ Աստծո բացակայությունը բացատրելու համար։ Աստված չի ստեղծել չարը։ Չարը ո՛չ հավատ է, ո՛չ սեր, որոնք գոյություն ունեն, ինչպես լույսն ու ջերմությունը։ Մարդու սրտում աստվածային սիրո բացակայությունն է չարը։ Այն նման է ցրտին, որ հայտնվում է, երբ չկա ջերմություն, կամ խավարին, որ տիրում է, երբ չկա լույս։ |
Like
0
Dislike
0
5031 | 2 | 0 | 0