Loading...

Articles

Հայտնիների մանկության սարսափը

13:54, Friday, 05 July, 2013
Հայտնիների մանկության սարսափը
    
    

    
    

    

Հայտնիների մանկության սարսափը

05-07-2013
    
    

Մանկության հուշերը ոչ միշտ են քաղցր լինում. մանկական հուշերում տպավորված են նաև մեր սարսափները: Հասուն տարիքում դրանք կարող են նույնիսկ ծիծաղելի թվալ, սակայն ժամանակին մեզ մեծ անհանգստություն էին պատճառում: Ես փորփրեցի հայտնիների մանկությունը, գտա նրանց սարսափներն ու այժմ ներկայացնում եմ ուշադրությանդ:)


    
    
    

Դավիթ Սեխպեյան. «Խուլիգան երեխա էի»

Դերասան, հաղորդավար Դավիթ Սեխպեյանը, հիշելով մանկության տարիները, նշեց, որ բավականին անվախ երեխա էր, սակայն ունեցել է մանկության սարսափ… դաշնամուրի դասերի գնալը:) «Շատ խուլիգան երեխա եմ եղել: Փոքր տարիքում տարբեր սպորտաձևերի էի գնում ու բավականին ինքնավստահ էի, ֆիզիկական երևույթներից չէի վախենում: Մարմնիս վրա բազմաթիվ սպիներ կան. կարիճ էի պահում, կրակի հետ խաղում, նույնիսկ գյուրզա եմ պահել, սակայն դաշնամուրի դասերն իսկական սարսափ էին ինձ համար: Դասատուին չէի սիրում, շատ էր վիրավորում երեխաներին: Բացի դրանից, այն ժամանակ երաժշտություն չէի սիրում, սպորտով էի զբաղվում ու ինձ թվում էր` կարող է վնասել ինձ, զրկել ամեն ինչից` սպորտի գնալուց, ընկերներիս հետ շփվելուց, - խոստովանեց Դավիթը: Այն ժամանակ դերասանը վեց տարեկան էր, դաշնամուրի դասընթացներին էլ մոտ մեկ ամիս է գնացել, այն էլ` տանից դուրս էր գալիս, սակայն դասի չէր հասնում:

Դավիթն ընդգծեց, որ փոքրուց վախենում էր, որ կարող են անցնել իր «ես» -ի վրայով: «Եթե մի բան չէի ցանկանում, չէի անում, ինչպես հիմա: Այսինքն` եթե դաշնամուրն իմը չէր, թույլ չէի տալիս, որ փաթաթեն վզիս: Վեց տարեկանի խելքով ինձ թվում էր` իմ անձի վրայով անցնում են: Իհարկե, հիմա այդ կարծիքին չեմ, - ասաց Դավիթն ու հավելեց, որ դաշնամուր նվագել մինչ օրս չի սովորել ու երազում է ժամանակ ունենալ և դասերի գնալ: -Գլուխս պատերին եմ տալիս, որ չեմ սովորել, թեև հիմա կիթառ եմ նվագում»:


    
    
    

Լիա Զախարյան. «Սարսափ ֆիլմեր էի դիտում»

Սերիալային դերասանուհի Լիա Զախարյանը փոքր տարիքում շատ է վախեցել մթությունից: «Եթե երեկոյան պետք է գնայի խոհանոց` ջուր խմելու, դուրս գալուց դռնից էլ էի դուրս գալիս, ձգվում, մատիս ծայրով անջատում լույսն ու արագ վազում սենյակ, - հիշեց Լիան ու պատմեց, որ անգամ քնելուց լույսը միացրած էր թողում: - Ես քնում էի, հետո սենյակի լույսն անջատում էին»:

Լիան մթությունից վախեցել է մինչև տասներորդ դասարանը: Իր վախը նա կապում է այն հանգամանքի հետ, որ փոքր տարիքում սիրել է սարսափ ֆիլմեր դիտել. «Ուշադրությամբ ու հետաքրքրությամբ դիտում էի դրանք, սակայն հետո ինձ թվում էր, թե ինչ-որ բան պետք է ինձ բռնի: Անգամ մուտքի հարկերով բարձրանալիս վազում էի: Կարծում էի` եթե չվազեմ, հետևիցս հոգի կգա ու կբռնի ինձ»:

Թեև սարսափները վերագրում ենք մանկությանը, սակայն Լիան մինչ օրս էլ վախեր ունի. նա վախենում է, որ օձը կարող է մտնել իր սենյակ և կծել իրեն: Չնայած նա բազմահարկ շենքում է բնակվում, բայց ամեն օր թափ է տալիս անկողինը, նոր պառկում քնելու:


    
    
    

Նարինե Պետրոսյան. «Ինչ-որ մոգական բան կար այդ նկարում»

Դերասանուհի Նարինե Պետրոսյանի մանկության սարսափը կաթողիկոսի լուսանկարն էր: «Մենք երկհարկանի տանն էինք ապրում. հիմնականում երկրորդ հարկում էինք լինում և գրեթե չէինք լինում առաջին հարկում: Առաջին հարկի մեր գրքերի պահարանում կաթողիկոսներից չեմ հիշում՝ ում նկարն էր` սև հագուստով, խաչերով: Հենց մտնում էի սենյակ ու տեսնում այդ լուսանկարը, վախենում էի, վազելով բարձրանում երկրորդ հարկ, - ասաց Նարինեն և նշեց, որ վախն իրեն ուղեկցել է մինչև անցումային տարիքը, երբ վերջապես հասկացել է, որ դա ընդամենը նկար է: -Մինչ այդ ինձ համար ինչ-որ մոգական բան կար այդ նկարում»:

Իսկ ծնողները` որպես Նարինեին սաստելու, ինչ-որ բանում համոզելու միջոց կիրառում էին նրա սիրելի զբաղմունքից զրկելու սպառնալիքը: «Փոքրուց տարբեր ներկայացումների, ցուցադրությունների էի մասնակցում ու երբ նորմալ չէի ուտում, իսկ ես հիմնականում շատ քիչ էի ուտում, ծնողներս սպառնում էին, որ չեմ մասնակցի սպասվելիք ցուցադրությանը», - հիշեց դերասանուհին:


    
    
    
    
    

Նաիրա Դիլանյան. «Անձրևի ժամանակ հիստերիայի մեջ էի ընկնում»

Սերիալային դերասանուհի Նաիրա Դիլանյանը մանկուց մի շարք վախեր է ունեցել, որոնց մի մասը պահպանվել է մինչ օրս: «Ինձ ճանաչողները նույնիսկ ապշում են, որ ես այդ աստիճան վախկոտ եմ», - խոստովանեց նա: Նառայի համար մանկության սարսափն են եղել գերեզմանները, հիվանդանոցները, տանը մենակ մնալը, մթությունը, կատուները և անգամ` անձրևը: ՙԱնձրևից, ամպրոպից շատ էի վախենում, ինձ թվում էր` ուր որ է աշխարհը փուլ կգա: Անձրևի ժամանակ հիստերիայի մեջ էի ընկնում, կարծում էի` ջրհեղեղ է լինելու, - ասաց նա` հավելելով, որ տանը մենակ մնալն էլ մի ուրիշ սարսափ էր, - մինչև հիմա, երբ մութն ընկնում է, ու տանը մենակ եմ լինում, դուրս եմ գալիս, դռան մոտ սպասում եմ մինչև տան անդամները հասնեն: Միայնակ էլ տեղ չեմ գնում»: Նաիրայի դեպքում գուցե զարմանալի լիներ, եթե նա նշեր մի բան, ինչից չի վախենում կամ վախեցել. փոքր տարիքում նրան սարսափեցրել է նույնիսկ քամին, իսկ այն, որ լույսը միացրած է քնել, թերևս, արդեն տրամաբանական է: Նառայի վախերը պատճառ են դարձել, որպեսզի նրանք տեղափոխվեն սեփական տուն, քանի որ, ըստ նրա, այնտեղ անձրևի, ամպրոպի, քամու ձայնն ավելի քիչ է լսվում, բացի դրանից, այդպես իրեն ապահով է զգում: «Շենքում, որտեղ ապրում էինք նախկինում, որոշակի բարձրության վրա էի գտնվում, ինչն անապահով էր թվում, իսկ սեփական տանը հողին կպած եմ ու ինձ ավելի հանգիստ եմ զգում», - ասաց Նառան:


    
    
    

Ջուս. «Երևակայական սարսափներ էի ստեղծում»

Երգչուհի Ջուսն էլ է մանկության տարիներին սարսափ ունեցել. «Бармалей» -ից, գայլերից էի վախենում: Տատիկս ասում էր` եթե չքնես, գայլը կգա, ու ես հավատում էի դրան»: Չնայած դրան` երգչուհին փոքր տարիքում սարսափ ֆիլմեր է դիտել, թեև վախենալով:)

Երգչուհին նշեց, որ ինքն աշխույժ և անվախ երեխա էր, իսկ սարսափները ձևավորվել են վառ երևակայության շնորհիվ: «Հաճախ ես ինձ համար երևակայական սարսափներ էի ստեղծում և տրամադրվում, որ դա այդպես է», - նկատեց երգչուհին: Նա վախեցել է նաև միջատներից, որոնք, իր պատկերացմամբ, վազվզում էին իր բարձի վրայով. «Չէի կարողանում գլուխս դնել բարձին: Մտնում էի վերմակիս տակ, պատկերացնում էի, թե դա տիեզերանավ է, ու վերմակիս տակ ինձ պաշտպանված էի զգում:

Source: esyes.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7902 | 2 | 0
Facebook