Loading...

Articles

Գագիկ Հարությունյան. Իրավունք չունեմ չհավատալ Կիպրոսի դատախազին

00:09, Thursday, 04 July, 2013
Գագիկ Հարությունյան. Իրավունք չունեմ չհավատալ Կիպրոսի դատախազին

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր՝ հուլիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օֆշորային սկանդալին, նշելով, որ իրավունք չունի չհավատալ Կիպրոսի գլխավոր դատախազի այն հայտարարությանը, թե հնարավոր չէ առանց տվյալ անձի ներկայության կամ լիազորության օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել:

«Իրավունք չունեմ չհավատալ: Ինքը ավելի լավ գիտի իրենց օրենսդրությունը, քան ես՝ ինչպե՞ս կարող եմ չհավատալ», -ասել է Գագիկ Հարությունյանը:

Անդրադառնալով այդ պատմությանը, նա նաեւ նշել է. «Այդ հարցի մասնագետը ես չեմ, չեմ կարող ասել՝ թեմայով չեմ զբաղվել: Իրավունք չունեմ կարծիք հայտնել մի բանի մասին, որը չեմ ուսումնասիրել: Ինձնից մի փորձեք քաղաքական կամ այլ եզրահագումներ մի սպասել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը բացառել էր առանց տվյալ անձի թույլտվության օֆշորային ընկերության բաժնետեր գրանցելը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին` հնարավո՞ր է արդյոք որեւէ մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության, Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանեց․ «Ոչ: Բայց ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ մինչեւ չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար»: Հարցին՝ «այսինքն հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության», Կլերիդեսը պատասխանեց. «Անհնար է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձեւով»:

Հիշեցնենք, որ ըստ Hetq.am կայքի, Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Օֆշորային այդ կազմակերպության գրանցման համար «Ամերիա» բանկից խոշոր վարկ է վերցվել: Հրապարակումից հետո թե Նավասարդ Կճոյանը, թե Տիգրան Սարգսյանը հերքել էին, թե ընկերություն ունեն գրանցած օֆշորային գոտում, իսկ գործարար Աշոտ Սուքիասյանը գլխավո դատախազին մի նամակ էր ուղարկել, որում ասել էր, թե ինքն է վարչապետի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի անունով ընկերություն գրանցել առանց վերջիններիս գիտության:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5177 | 0 | 0
Facebook