Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ԵՍ ԸՆԹԵՐՑԵՑԻ, ԴՈՒՔ էԼ ԸՆԹԵՐՑԵՔ /գրախոսություն/

08:14, Sunday, 10 November, 2024
ԵՍ ԸՆԹԵՐՑԵՑԻ, ԴՈՒՔ էԼ ԸՆԹԵՐՑԵՔ /գրախոսություն/

Ռազմիկ Դավոյանն է գրել 2003 թվականին․
    
    

«Արամ Հովհաննիսյանի «Խարիսխ» ժողովածուի ձեռագիրը Երկու խոսք գրելու պարտականությամբ ու պատասխանատությամբ ընթերցելուց հետո իմ մեջ բարձրացած առաջին հարցը, որն էլ առաջինը պատասխան էր պահանջում, հետևյալն էր՝ այս ժողովածուն ինձ՝ ընթերցողիս, բավարար հիմք տալի՞ս է, որ ես կարողանամ իմ խոսքի մեջ օգտագործել «Արամ Հովհաննիսյանի արձակը» տարողունակ, բազմաբովանդակ բնորոշումը։ Միանգամից ասեմ՝ այս բնորոշումը վավեր համարելու այնքա՜ն հիմքեր է տալիս, որ դառնում է համոզմունք ընթերցողիս մեջ։ Եվ ահա, այդ համոզմունքն արձանագրելուց հետո կարելի էր մանրամասներին չանդրադառնալ, սակայն բացառիկ հաճույք է արձանագրել նաև, որ ժողովածուի ստվար բաժինը մի բազմանդամ գերդաստանի պատմություն է, այդ գերդաստանի միջոցով փորձանքների, դժվարությունների, կողոպուտների ու կարոտների անընդմեջ շարահոսքում սերունդների փոխհամագործակցությամբ իրար սատարող փոքր ու մեծի պատմություն, այսինքն՝ ժողովրդի պատմություն, ստնտուին կորցրած մի մեծ ընտանիք, ուր ամեն մեկը դժվար պահին պատրաստ է մյուսի համար ստնտու դառնալ։

Նաև այն, որ անպաճույճ լեզվով պատմվող այս պատմությունները սրտառուչ մթնոլորտ են ստեղծում, թրթիռ, այսինքն՝ կյանք, ոչ մտացածին, ոչ արհեստական լարումների ու դրամատիզմի միտվող, այլ կենդանի, մեծ մասամբ կարկաչահոս, անսպառից թեկուզ մի մազանոթ, բայց կյանք՝ իրական ու առհավատչյա։ Պատումից պատում քայլելով, հաճախ նեղվելով սոցիալական դժվարություններից ու չկամ, անբարեհաճ մարդկանց շրջապատում, սակայն հայացքները միշտ լույսին ու գոյատևության հմայքին, խառնված իրենց անջուր շիկահողին, իրենց այգիներին, խոտին ու արոտներին, անվերապահ հաստատում են իրենց երկրի ուժը, արդեն ձևակերպված կամ ձևակերպում չունեցող գոյաբանության խորհուրդը։

Գրողի, մարդու նրա տեսակը՝ տարօրինակության աստիճան անկեղծ, ընթերցողի առաջ առանց երկմտելու բացում է իր աշխարհի փեղկերը այն վստահությամբ, որ արժեքները, որոնցով առաջնորդվում է ստեղծագործելիս, ստուգապես ճիշտ են ցանկացած հարթությունում․ լինի հայրենիք-անհատ, տղամարդ-կին, ծնող-զավակ, թե մարդ-բնություն փոխհարաբերություն։

Իսկ երբ անկեղծությանը գումարվում է ոչ հորինովին, կենսափաստը, շնորհիվ արձակագրի ներքին տեսողության, վերացարկվում է՝ դառնալով գեղարվեստական իրականություն և իրողություն, կերպարի հոգեբանական ընթերցումը՝ հավաստի, սյուժեի անսպասելի, այդուհանդերձ բնական հանգուցալուծումը՝ ժողովածուի հաջորդ պատումը կարդալու մղում և վերջնարդյունքում վերաճում հոգևոր առնչակցության պահանջի։

Ասելիքս ընդհանրացնելով, եթե չեմ սխալվում, մարդկությունն իր գոյության մտային ու գիտական «զարգացումների» բոլոր փուլերում լաբորատորային երազանք կամ անդիմադրելի մղում ունի․ առաջինը՝ ալքիմիայով ազնիվ մետաղ ստանալն է, երկրորդը, որ նորագույնն է՝ գիտության ճանապարհով մարդ ստեղծելը, մարդու պատճենահանումը, իրենց տերմինով՝ կլոնավորումը։ Ինչպես հայտնի է, առաջինը դեռևս արդյունք չունի։ Երկրորդը, ըստ վերջին տեղեկությունների, թվում է, ինչ-որ «հաջողություն» է արձանագրել․ մարդու բջիջից վերստեղծվել է իր նմանակը, որի կյանքը չափազանց կարճ է լինելու, միաժամանակ ահ ու սարսափ է սփռում մարդկության ամենախոշոր զանգվածների մեջ, արարչության դեմ իր բացահայտ ցինիզմով ու անկանխատեսելի հետևանքներով։ Եթե նման մի բան հաջողվի, պարզ է, համեմատության եզրեր չի կարող ունենալ նախաստեղծ կատարելության հետ և արժեզրկելու է մարդու գոյությունն ընդհանրապես։

Ո՞րն է արվեստի հրաշքը։

Արվեստի բոլոր ճյուղերն ընդհանրապես, գրականությունն առանձնահատուկ կամ համապարփակ ձևով իրագործել և շարունակում է իրագրոծել արարչագործության բոլոր տարրերի, այդ թվում՝ նաև մարդու վերստեղծման և հավերժորեն մարդկությանն ի պահ տալու հրաշքը։ Միայն թե՝ դա կատարվում է ամբողջովին ի շահ մարդկության և առանց միլիարդներ ու տրիլիոններ ծախսելու։

Արամ Հովհաննիսյանի արձակն այդ վերաստեղծման մասն է։

Ես ընթերցեցի, Դուք էլ ընթերցեք» ։
    
    

20․01․2003թ․

Ռազմիկ Դավոյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
411 | 0 | 0
Facebook